Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ահա այսպիսի ուրախ շաբաթ, սակայն հարցով՝ հիմա փուլայի՞ն, թե՞ փաթեթային եղանակով

Ահա այսպիսի ուրախ շաբաթ, սակայն հարցով՝  հիմա փուլայի՞ն, թե՞ փաթեթային եղանակով
16.12.2016 | 10:47

Ասվել էր՝ անկախ առողջական վիճակից, պարտադիր բուժզննություն պիտի անցնել պոլիկլինիկայում, այլապես սոցփաթեթի շարունակականությունը կդադարեցվի: Որպես օրենքը հարգող, սեփական մարդկային ռեսուրսի համար պետության հոգատարությունից ոչ միայն շոյված, այլև խորապես ցնցված մարդ, գնացի այդ պարտադիրն անցնելու: Դա եղավ Ք.ծ. այս տարվա դեկտեմբերի 5-ին, երկուշաբթի օրը: ՈՒ քանի որ երկրի հիմնական օրենքով մարդուս օրինականորեն հասնող արձակուրդում էի, ունեի գործից չկտրվելու և իմ հիմնարկի ղեկավարից թույլտվություն չխնդրելու բոլոր իրավունքները (տանը եղած վարչապետը՝ հեչ), ինձ թույլ տվեցի դեպքի վայր ներկայանալ առավոտյան ժամը 10.30-ին՝ մտածելով, որ բոլոր կաբինետները կանցնեմ մի 3-4, քարը տրաքի՝ 4-5 ժամում:

Ո՛չ բարով գնայի:
Ի պատասխան բարևիս, մի ամբողջ հավերժություն տևած ուշացումով ստանալով ընդունարանի աշխատակցի մուննաթախառն «ասե՜ք» թույլատրականը, փորձեցի ամբողջ չորս անգամ բացատրել, թե ինչու եմ համարձակվել անհանգստացնել իրեն ու չորս անգամ էլ խոսքս կեսբերան մնաց, որովհետև աղջնակի համար ակնհայտորեն շատ ավելի կենսական էր սենյակում գտնվող խալաթավորի հետ զրույցից չկտրվելը: Եղածից արդեն օրեր են անցել, ու ես հաստատ համոզված եմ, որ նրա դժգոհությունը միայն դրանով էր պայմանավորված, թե չէ, ի դեմս ինձ, ի՞նչ պիտի իմանար իր պապին իմ պապի ունեցած հնարավոր պարտքի մասին, որ նման արհամարհանքով փորձեր մուռ հանել:


Համբերությունս զսպանակած, սպասելով, որ աղջնակն ինքնակամ կգա բարեկիրթ մարդու վիճակին, հինգերորդեցի ասելիքս ու իմացա, որ սոցփաթեթի առնչությամբ պիտի դիմեմ իմ տեղամասային թերապևտին (հուշողը աղջնակի տարիքավոր զրուցակիցն էր, քանզի աղջիկն այդպես էլ դուրս չեկավ անձիս նկատմամբ տածած զգացումների ճնշող բեռան տակից): Այստեղ էլ արդեն տեղի տվեցին նրա նյարդերը, որ համարձակություն ունեմ չիմանալու թերապևտիս ազգանունը: Մի խոսքով, ուղարկեցին թիվ 24 սենյակ:
Չգիտես ի՞նչ հանցավոր դիտավորությամբ հիվանդանալու լկտիություն ունեցած մի 6-7 հոգի սպասում էին իրենց հերթին: Մեղսավորների այդ շարքում ես եղա հերթականը: Մոտ քառասուն րոպեից սենյակ մտնելու բախտ վիճակվեց: Հասցես ճշտելով՝ ասացին, որ իրենք չեն ինձ սպասարկողը: Ես, որ սպասման քառասուն րոպեների ընթացքում արդեն հասցրել էի ոսկորներիս մեջ ամբողջությամբ ճաշակել պոլիկլինիկայի միջանցքի ցրտի ողջ զորությունը, ի պատասխան ինձ ընդունարան ուղարկելուն, ասացի, որ իրենց հուշած տեղի ցուցումով եմ իրենց դռանը չոքել:


Բարեբախտաբար, աշխատակիցներից մեկը բարեգութ էր և բարեկամաբար հուշեց հիշել՝ անցած տարի աստիճանների ա՞ջ կողմի սենյակում են ինձ սպասարկել, թե՞ ձախ: Պատասխանս՝ «կյանքում ձախը երբեմն ավելի արդարացված է, քան աջը», բժշկուհու դեմքին ժպիտ բերեց ու, որ շատ չչարչարվեմ, անկետայիս որոնման ոդիսականում ինձ ուղղորդեց համակարգչային տեղեկատվական բաժին:
Այստեղ աշխատանքներն ավելի կազմակերպված էին կառուցված: Դուռը փակ էր, սակայն վրան եղած երկտողն ուղղորդում էր տնօրենի ընդունարան: Այստեղի աղջնակը բարեհամբույր էր, ընտանեկան դաստիարակության կնիքով: Անհրաժեշտ պարզումներից հետ ես կրկին հայտնվեցի այնտեղ, որտեղից սկսել էի պոլիկլինիկական առավոտս: Ճիշտ է, մինչ այդ մեկ ուզում էի մտնել տնօրենի մոտ, պատմել եղածը, մեկ էլ մտածեցի՝ դե լավ, է, հերն էլ անիծած, ամենակարևորը՝ ընկել եմ անկետայիս հետքի վրա:
Այստեղի նվաղկուն ձայնով աղջկան թեթև հանդիմանության կարգով դիտողություն արեցի իր անփույթ աշխատանքի առնչությամբ, սակայն խոսքին խառնվեց այն նույն խալաթավորը, ում ցուցումով արդեն իսկ հասցրել էի Պարոնյանի հերոսի հանգույն պտույտ մը տալ «Պոլսո թաղերուն մեջ»: Սակայն, եթե ոչ անհեթեթությունը, գոնե զավեշտը նրա մուննաթն էր՝ բա մի բերան ինձ դիմեիր:


Գիտակցելով, որ սույնի հետ զրույցի մեջ մտնելով պոլիկլինիկայից կարող եմ տուն դառնալ ոչ թե սոցփաթեթի տեղեկանքով, այլ ավելի շուտ ինձ հիվանդանոց կտեղափոխեն շտապօգնության մեքենայով, հարկադրված լռեցի, որովհետև այս մեղսավոր աշխարհում ամեն մեկի համար էլ իր կյանքը թանկ է:
Ինչևէ: Անկետան ձեռքիս էր, ես՝ աշխարհի եթե ոչ ամենաերջանիկ, գոնե նման մարդկանցից մեկը: Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, պոլիկլինիկայից դուրս եկա ժամը չորսի կողմերը ոչ թե նրա համար, որ ինձ էր այդպես հաճելի, այլ այն պատճառով, որ ամեն դռան առաջ սպասումների մի ողջ դարաշրջան էր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով (սուբյեկտիվի մասով, կարծում եմ, գլխի ընկնում եք): Հաջորդ օրն էլ անցա բաց թողած մյուս կաբինետները (գիտակցաբար բաց եմ թողնում արյուն վերցնելու համար երկու ձեռքերս քրքրելը) ու ամեն ինչով կազմ ու պատրաստ կանգնեցի թերապևտիս (նրա հետ դեպք էր պատահել) փոխարինողի առաջ:


Տեղեկանքը ստանալու համար բարետես, կիրթ պահվածքով բժշկուհիս (էստեղ են ասել՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի) խնդրեց ներկայանալ ուրբաթ: Սոսկալով, որ եթե արձակուրդ վերցրած չլինեի, տնօրենիս ի՞նչ բացատրություն պիտի տայի աշխատանքից բացակայելուս այս օրերի համար, խնդրեցի անելիքը հնարավորինս արագացնել, թեպետ դրանից երեք օրվա մեջ փոփոխություն չէր մտնելու: Հաստատապես հավաստիանալով, որ հինգշաբթի ժամը երեքին կստանամ տեղեկանքը, Աստծուց ու աշխարհից միանգամայն գոհ վերադարձա տուն:
Շվեյցարական ժամացույցի պես հինգշաբթի ուղիղ երեքին մեխեցի թերապևտիս մոտ: Հինգհոգանոց հերթն այնքան էլ սարսափելի չթվաց: Մասամբ անհանգստացնողը պոլիկլինիկայի սառնամանիքն էր լոկ, որ առողջ մարդուն կարող է հիվանդ դարձնել, բայց հո առաջին փորձս չէ՞ր, որ թեթև հագած լինեի: Հերթիս սպասման մեջ մեր Դավթաշեն թաղամասի ողջ վերջին լուրերին տեղեկացա, ամեն մեկի առողջականին մասնագիտական ամենաբարձր որակով ըստ պահանջվածի իրազեկվեցի, սակայն չիմանաք, թե իմացածս հերթում եղած հինգի մակարդակով էր լոկ: Արանքում պարզվեց, որ նվազագույնն էլի մի հինգը կային, որոնք միանգամից մի քանի տեղում հերթ պահելու ողջամտություն էին ունեցել: Ինչևէ, այս արգելքն էլ հերոսաբար հաղթահարեցի ու մտա ներս: Սակայն ինձ սպասում էր բժշկի հետ հանդիպման վերջում դարանակալած հուսահատությունը: Թղթերի մեջ խորանալով՝ թերապևտս գոհ մնաց, որ ինձ մոտ ամեն ինչ նորմայի սահմաններում է ու, նայելով ձեռքի ժամացույցին, ասաց, որ չորս անց է կես, բաժնի վարիչը, որը պիտի տրամադրի տեղեկանքը, տուն է գնացել:


-Բա ես ի՞նչ անեմ,- հուսահատ հարցրի ես:
-Բա ե՞ս ինչ անեմ,- հարցս երկրորդեց թերապևտս:- Մնում է վաղը ժամը տասին գաս:
Մոռանալով գնալ-գալուս հետ կապված քաշքշուկները, դրանց անխուսափելիորեն հետևած հարակից ծախսերը, ժամանակիս անիմաստ մսխումը՝ ես նորից արդեն համարյա սկսում էի դառնալ այն մտքին, որ եթե արձակուրդում չլինեի ու աշխատանքի մեջ լինեի, օրեր շարունակ աշխատավայրս լքելու համար ի՞նչ պիտի պատասխանեի տնօրենիս, սակայն այդ պահին ուղեղս փայլուն միտք հուշեց՝ գնալ ու գլխիս եկածը պատմել պոլիկլինիկայի տնօրենին՝ ինձ վերապահված ճակատագրից հետագայում գոնե այլոց մարդասիրաբար փրկելու ազնիվ դրդումով:
Շնորհակալ եմ: Մարդն ուշադիր լսեց՝ ընթացքում թղթերս նայելով ու սրտիս հետ կապված տագնապեցնող պրոբլեմների մասին նշելով (թե էլ ի՞նչն էր թերապևտիս ասած նորմայի սահմաններում, այդպես էլ անպարզ մնաց), հընթացս ինչ-որ կերպ տեղեկանքս ստանալու հարցը լուծել փորձելով, սակայն, հավարտ ու ի հետևություն պատմածիս ու հավանաբար նաև հետքայլիս՝ «դե, լավ, վաղը կգամ» (ի՞նչ անեի՝ մարդն անպտուղ չարչարվում էր), մեր զրույցն այսպես ավարտեց՝ եթե դժգոհ եմ իրենց պոլիկլինիկայի սպասարկումից, ազատ եմ մեկ ուրիշն ընտրելու մեջ ու որ այս ամենի մասին ազատ կարող եմ պատմել նախարարին (ենթադրում եմ՝ առողջապահության), վարչապետին, երկրի նախագահին:
Ճիշտն ասած, մինչ այդ նրա ունեցած թեպետև սառը, սակայն ընդգծված բարեկիրթ պահվածքի կողքին առաջարկն այնքան անկեղծ ու անսպասելի էր, իր բնույթով էլ չասեմ, թե ինչապետական, որ ես այդպես էլ գլխի չընկա՝ հիշատակված երեքին կարող եմ դիմել փուլայի՞ն, թե՞ փաթեթային եղանակով:


Սակայն այստեղ կա մի խոշոր բայց՝ եթե պոլիկլինիկայի տնօրենը վերջնահաշվում «փաթթած» ունի իր ղեկավարած անձնակազմի «փաթթած» աշխատաոճն ու նույն «փաթթած» տարբերակով ինձ փաթթում ու ուղարկում է իր փաթթած հասցեներով, ես, անկեղծ ասած, ոչ թե այդպես վարվելու համարձակությունը, այլ սանձարձակությունը չունեմ:
Ահա այսպիսի ուրախ շաբաթ:


Շաբաթն ուրախ անցկացրած՝
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Գուցե թե պատմածս անհարկի մանրամասն ստացվեց, սակայն, հավատացեք, մեղքն իմը՝ բառի արժեքն իմացողինը չէ: Իրավիճակի լրջությունն է այդպես թելադրողը: ՈՒ, որ ցավալի է, այս պոլիկլինիկան իր տեսակի մեջ եզակի չէ, և ես, ճիշտն ասած, մինչ այդ այնքան էլ չէի հավատում սոցփաթեթների հետ կապված իմ ծանոթների ոդիսականին: ՈՒ որ տպավորություն չստեղծվի, թե ասելիքիս մեջ ամբողջական չեղա, ավելացնեմ՝ ուրբաթ օրը խոստացված ժամը 10-ի փոխարեն տեղեկանքի հետևից գնացի 12-ի կողմերը՝ մարդկանց տալով իրենց անելիքը մինչև վերջ ավարտին հասցնելու ժամանակ: Էլի շնորհակալ եմ, որ տեղեկանքը պատրաստել էին՝ միայն մեկ՝ այնքան էլ ոչ կարևոր թերացումով: Ինչպես ասում են՝ տվեցին ձեռքս՝ դրա տակ կնիք դնող մարդու հետ հանդիպելու վայելքն անձամբ զգալու համար, ինչից ես այդպես էլ ողջամտորեն չօգտվեցի (առողջությունը կատակ բան չէ)՝ խնդրելով դա անել քարտուղարուհուն, ում մեծահոգաբար շնորհակալ եմ:

Դիտվել է՝ 4876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ