Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բոռերի խրախճանքը (նվիրում` հայոց տունը ելուզակող խավիարաբերան խավարասերներին)

Բոռերի խրախճանքը  (նվիրում` հայոց տունը ելուզակող խավիարաբերան խավարասերներին)
16.12.2016 | 10:51

ՀՈՂՄ N 1. ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ


Կռահեցի՞ք, թե ովքեր են ներկա օրվա խավիարաբերան խավարասերները: Այո՜, այո՜, դա վարչական վերնակույտն է, դատաիրավական ընտրախավը և նրանք, որոնց ներքին մղիչ ուժը ազգային և հանրային հարստության ինքնամոռաց հարստահարումն է՝ հանուն սեփական բոռային իշխանության վայելչանքի և խավարասերային ասպատակությունների հաղթարշավի: Կռահեցիք նաև, որ խավարասերների բերանները զօր ու գիշեր լի են ոչ բադրիջանի ժողովրդավարական խավիարով: Ձկնկիթ, ոսկեգույն-դեղին և էբենոսի պես սևաթույր: Ձկնկիթ, թառափ, նմուշային կոնյակների շքեղ տեսականի, կոկորդիլոսի ապուխտ, Վանա թարմ տառեխ և ամանորյա հանգիստ՝ հանդերձ ընտանյոք 7-աստղանի հյուրատանը, հեռո՜ւ-հեռու մի չնաշխարհիկ կանաչ-նարնջագույն կղզում և ամենօրյա գերառատ ճաշը՝ մերձգերատեսչական պանդոկում: Նշյալ ճաշի (կալորիաների քանակը մի փոքր գերազանցում է մի ողջ ծերանոցի մեկամյսա սննդի կալորիականությունը): Խավարասեր-խավիարաբերաններին սնում-երկրի պարանոցին են ագուցում քրեաքաղաքական բոռերը, նրանք, որոնք թխպոտ օրենքներով և քմայքոտ որոշումներով կերտել-կոփել են պետականակործան այս ձևաչափը: (Եվ բոռերը հիացմունքից գրեթե շնչահեղձ զեկույցներ են հղում առ վարկատու շնագայլերի և դրամաշնորհային աղվեսախոզերի վերին օթյակներ՝ գերառաջադրանքը կատարված է լիուլի, հաջողությունները ակնբախ են՝ Հայաստանի Հանրապետության հանրությունը օրըստօրե բոմժացվում է՝ զուգահեռաբար վարկասնունդ վերնախավը օրնիբուն հղփանում է, հետևաբար, սպասում ենք հաջորդ վարկին): Լավ, փորձենք ըմբռնել, թե 1 միավոր չինովնիկ-բյուրոկրատը որքան է կլանում համաժողովրդական ամբարից (այն է՝ պետական բյուջեից) և ինչ է տալիս դրա դիմաց: Կայք, գույք, աշխատակազմ, ծառայողական շարժակազմ, պարտադիր գործուղում, և որպես այս ամենից հետևություն՝ անպարտելի լկտի քմծիծաղը՝ հանդեպ հանրային անզոր ցասման: Կասկած կա՞, միթե, որ նա երկրից ամսական կեղեքում է առնվազն 50 հազար դոլար, սահմանամերձ-սահմանաբերդ գյուղի ճիշտ 2 տարվա շրջանառու միջոցները:

Խավիարակեր-խավիարասերները խաչասերվեցին և դրության լիակատար տերը դարձան դեռ 1992-1993 թվականներից, երբ դարչնագույն բարոն Բագրատյանը բոսոր մեսիր Տեր-Պետրոսյանի խնդումներես խրախուսանքով կերտեց-կոփեց այս աղետաբեր վերնադասը, և այն 25 տարի անց էլ անմահ է, կարիճի պես հաճախ խածում է սեփական պոչը, սակայն չի սատկում, բարգավաճում է: Դարչնագույն-բոսոր վերոնշյալ «բարոն-մեսիր» երկխոսությունը աներեր էր, հավատավոր-հացկատակ էր և այսօր բարոյական պահանջատեր է, կներեք, սակայն մի՞թե երկխոսությունը ներկա 6 մլրդ պետական պարտքի կնքահայրը չէ, ուրեմն հապշտապ տեղ ազատենք նրանց համար գալիք դահլիճում օվալաձև: Առաջարկս ահա սա է. բարոն Բագրատյանից աջ պետք է կքանստի թաղային թափթփված թափթփուկը, ձախ կողմում էլ պիտի բազմի եվրակրտված և վարկասուն թուլամիտ-թուլայամիտը: Մեսիր Տեր-Պետրոսյանին ցանկալի է, որ շրջապատեն «լևոնյան ավազակապետության» խորհրդանիշները՝ աջից թեկուզ Արարքցյան Բաբիկը, ձախից, ինչու չէ, Սիրադեղյան Վանիկը: Մի խոսքով, կռահեցիք, որ բարոնն ու մեսիրը շարքային խավիարաբերան խավարասերներ չեն: (Իսկ թե ինչ են, թող որ դատի ընթերցողս քաջակորով և արթնամիտ): Եթե ներկա բարեփոխումները հպանցիկ-եթերային ձևաչափում են մնալու, ապա, ինչ խոսք, գալիք խորհրդարանը կդառնա ապազգային տարրերի համար տարանցիկ ճանապարհ: Եվ այն ուղղակի կլցոնվի դեռ 1-ին նախագահի օրոք բուծված խավարասեր-խավիարակերներով: Եվ այստեղ պետք է հատկանշել, որ եթե մեսիր Տեր-Պետրոսյանն է 3-րդ հանրապետության բոռական համակարգի խորհրդավոր կնքահայրը, ապա ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գահակալության ժամանակ խավիարաբերանները վերընձյուղվեցին, յուրացրին համաշխարհային վարչական բյուրոկրատիայի բոլոր առաքինությունները, ի վերջո դարձան հանրային կործանիչ մի դաս, որն իր առաջընթացի ճանապարհին սրբում է ոտքերը անգամ երկրի սրբությունների վրա: Սակայն թե ինչու է նա վերստին հայտավորվում քաղաքական դաշտում, այլ քննարկման առիթ է: Կանդրադառնանք Կարմիր աքաղաղի տարում:

Պաշտոնանկված աներեր այրը՝ Գագիկ Խաչատրյանը, հարկավ բոռ չէ: Նա պարզապես հանրապետության գլխավոր խավիարաբերան-խավիարասերն էր: Տարիներ առաջ, երբ հանրապետության տնտեսությունը տառացիորեն պատեպատ էր խփվում Գ. Խ.-ի սանձազերծած հարկային ահաբեկչության հեղեղումներից, բառացիորեն երկիրը ցնցվեց անզոր ցասման երկրաշարժից, զի հանկարծ պարզվեց, որ Գ. Խ.-ն «Մոցարտ» շոկոլադային համաշխարհային կայսրության 15 տոկոսի «հալալ-զուլալ» բաժնետերն է: Իսկ Դիլիջանում վերջինիս «երկնած» դժոխային հանգստավայրը, ի հաշիվ պետական միջոցների, ընդամենը հետևանք է, հիմնադրույթ չէ: Եվ, խնդրեմ, բոռային համակարգը հերթական դավն է նյութում, հերթական դարանն է կառուցում և մատուցում հանրությանը, ինչպես մխիթարական ծխամորճն են խցկում մահապարտի բերանը: Լուրեր են շրջանառվում մամուլում, որ Գ. Խ.-ի դիլիջանյան բաբելոնածին շինությունը պետականացվել է և պետք է վաճառվի աճուրդով: Լուրերը շրջանառվում են, շրջագծելով քրեաքաղաքական դավի սահմանները, Գ. Խ.-ից վերցրել-խլել են ավտոդողերի ներկրման քվոտաները, և հուսանք, որ շուտով նա կուղևորվի դեպի ուղղիչ աշխատանքային որևէ հաստատություն: Լավ, ասենք թե Գագիկ Խաչատրյանի 2 մլրդ դոլարով չափվող գողոնը փոշիացավ, հանրությունն էլ թեթևացած, քիչ էլ արբեցած շունչ քաշեց, է՞, մի՞թե մեր երկրի տնտեսության քառանիվ սայլը, թեկուզ և լծված թուջեսրունք և կայծակաշունչ եզներով առաջ կշարժվի: Ամենևին: Զի սայլի բոլոր չորս անիվներն էլ անհավասարակողմ եռանկյուններ են: Այնպես որ, անտանելի Գ. Խ.-ի փոխարեն ասպարեզում կհայտնվի տանելի այլ մեկը՝ դիցուք Խ. Գ.-ն: Բայց սայլը, հարկավ, առաջ չի ընթանա: Ասել է՝ պետք է ուղղակի ամորձատել հայոց ներկա պետականության խոց վարչաբյուրոկրատական համակարգը: Ամորձատել է պետք, և զարգացումն ու առաջընթացը վաղ թե ուշ կթակեն մեր դուռն ու պատուհանը:

ՀՈՂՄ N 2. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ


Ահա թե ինչպես է պատկերում այս օրվա նյութի երեսն ու դարձերեսը իմաստասեր Մանասեն. «Անձնական տուրքս, որ կարող եմ առանց ամոթի զգացման վճարել իմ քաղաքացիությանը, այն է՝ տարին սկսեմ աղբը ճիշտ նետելուց աղբամանի մեջ, որովհետև դրան հետևելու է իմ ընտրաթերթը քվեատուփի մեջ ճիշտ նետելը»:

Վարչապետին սատարում են երկրիս առողջ ուժերը: Սատարում են, սպասելով հիմնարար փոփոխությունների, հիմնարար, արմատական, բայց և այնպես՝ առանց արյան: (Զի արյունը արյուն է բերում, և մեր արյունը հայկազուն շատ է թափվում անտեղի):
Վարչապետին, այո՛, սատարում ենք, սպասելով շրջադարձի: Այնինչ տարին փակվում է, և առայժմ հանրային սպասելիքների աճին հակընթաց աճում է հիասթափությունը: Քանի որ էական ոչինչ չի փոխվում և մեր խիստ համակրելի վարչապետը յուր անհայտ-հայտնի թիմով մեկը մյուսի հետևից ամրոցներ է նվաճում, առայժմ ըստերևութական տիրույթներում: Բնականաբար, վերջնափուլի շեփորը կհնչի Ամանորից օրեր անց, երբ ասպարեզ կիջնեն և 3-րդ հանրապետության վաղվա օրվա տեսլականները՝ որպես մի նոր տրագիֆարս, կբեմականացնեն երկու հզոր բեմադրիչները՝ գերօլիգարխներ արգո Գագիկը Ծառուկյան և մեծարգո Սամվելը Կարապետյան: Բայց սայլը, ինչ խոսք, առաջ չի շարժվի: (Եվ ԱԶԳ-ԲԱՆԱԿ զրահագնացքը կժանգոտի ինչ-որ անհայտ կիսակայարանում և ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցը կվերածվի գրավյալ քաղաքի, ուր ամեն օր երկնքից երեք վառ կարմիր, բայց և այնպես, խակ խնձոր կընկնի վար. մեկը` ՀՀԿ-ի նվիրաբերմամբ, մյուսը՝ արգո Գագիկի, և երրորդ խնձորը՝ Սամվել Տաշիրցու):

Այնինչ մեր աննահանջ հողմաղացը մի հուսալիցք հողմ է հղում դեպի տունը կառավարական և առաջարկում է 14-րդ վարչապետին գտնել ելքը, այն է՝ սկսել երկրի տնտեսության ազգայնացումը և բյուրոկրատիայի ոչնչացումը: Այս ամենը, իհարկե, փուլ առ փուլ, հենվելով հայ հանրության և սփյուռքահայության ամենալայն աջակցության վրա: Դուք սկսեք, մենք կաջակցենք: Թե չէ, ապազգային, հակապետական և առհասարակ, հակահայկական երկու խավը՝ օլիգարխիան ու բյուրոկրատիան է՛լ ավելի ամրապնդվելով, գալիք տարի գրաստի պես քշելու են երկիրը դեպի անհայտը: Եվ բացարձակապես անկարևոր է, թե որ քաղկառույցը կիշխի խորհրդարանում: ՈՒ մի՞թե կարևոր է, թե հաջորդ վարչապետը Դուք կլինեք, պատվարժան ներկա վարչապետ, ներկա գործող նախագա՞հը, թե՞ մեկ այլ ուրիշը:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Հարգարժան վարչապետ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը որպես պատվիրան հնչեցրեց իշխող կուսակցությանը նոր ոգի հաղորդելու Ձեր առաքելությունը: Նոր ոգին համառորեն փնտրում, սակայն չենք գտնում: «Նոր ոգին», այնուամենայնիվ, զգացվում է. ՀՀԿ-ն մայրաքաղաքում սրբատաշ տուֆով երեսպատված առանձնատուն-գրասենյակներ է կառուցում: Սակայն այսպես շարունակել անհնար է, զի համաժողովրդական համբերության թասը վաղուց է լցվել պռնկեպռունկ: Գուցե կառավարության գալիք բոլոր նիստերն անցկացնեք Երևանի կայարանամերձ հրապարակում, ընդ որում՝ հոտնկայս, դեմքով կանգնած դեպի Սասունցի Դավթի ձիարձանը, որի սմբակի տակ շուռ եկած համբերության թասն է: Իսկ առայժմ օրակարգը վերահսկող օտար բոռերի խրախճանքն է հայ վերնախավի քաղաքական նշանադրություններում:
Առակն այս զի՞նչ ցուցանեց:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ