Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
16.12.2016 | 10:56

(սկիզբը՝ այստեղ)

Մենք դեռ երկար կհիշենք այն պահը, երբ Միխայիլ Գորբաչովն ընդհատեց «перестройка»-ին նվիրած իր կարևոր ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովում ու շտապ կարգով Նյու Յորքից վերադարձավ Մոսկվա։ Հաջորդ օրը նա արդեն Սպիտակի աղետի գոտում էր: Նրա կատարած հապճեպ քայլերն ու անհասկանալի շփոթված վիճակը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեցին: Լուրեր տարածվեցին, թե Սպիտակի երկրաշարժը կազմակերպել էր Գորբաչովը, բերվում էին տարբեր տիպի փաստարկներ ու հիմնավորումներ: Այս խոսակցություններն ավելի սաստկացան, երբ Հայաստանից ընտրված ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Գալինա Ստարովոյտովան համագումարի նիստերից մեկում ուղղակի հարց տվեց Խորհրդային Միության պաշտպանության նախարար, ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովին.
-Ասացեք՝ ինչե՞ր եք պայթեցրել Սպիտակում, և որքա՞ն պայթուցիկ եք օգտագործել:
-Չորս վագոն,- իրեն ուղղված հարցին նույնքան անմիջական և ուղղամիտ պատասխան տվեց Դմիտրի Յազովը:


Սպիտակի երկրաշարժի գորբաչովյան վարկածի կողմնակիցների համար այդ ամենն ընդունվեց որպես «արժանահավատ» ու բարձր ամբիոնից հնչեցված «միամիտ» խոստովանություն: Դժվար է պատկերացնել, որ պաշտպանության նախարարն ու Խորհրդային Միության մարշալը կարող է այնքան պարզամիտ գտնվել, չդիմանալ ստարովոյտովյան սադրիչ հարցադրմանը, շփոթվել ու միանգամից «ծակվել»՝ ընդունելով Մոսկվա-Կրեմլի իրականացրած սարսափելի «հանցանքի» ողջ պատասխանատվությունը: Պատմությանը հայտնի է, որ կրեմլյան իշխող վերնախավը, Ստալինից մինչև Գորբաչով ընկած ժամանակահատվածում, երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս մշտապես կատարել է տարբեր տիպի հանցավոր գործողություններ, որոնք, սակայն, մշտապես թաքցվել ու գաղտնի են պահվել հանրությունից՝ ամեն ինչ ներկայացնելով գլխիվայր շուռ տված ու մեկնաբանելով որպես վառ ապացույց՝ ինտերնացիոնալիստական նվիրվածության ու համայն մարդկության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի: Այդպես էր, երբ Ստալինը 37 թիվ էր կազմակերպում՝ գլխատելով միլիոնավոր ազնիվ ու անմեղ մարդկանց, երբ Նովոչերկասկում Խրուշչովը գնդակահարում էր խաղաղ ցույցի ելած բանվորներին, երբ Բրեժնևը, խորհրդային ժողովրդի անունից, «ինտերնացիոնալիստական» հերթական պարտքն էր կատարում Աֆղանստանում, երբ, խորհրդային հասարակությունից թաքուն, Գորբաչովն իր ազգադավ «перестройка» ծրագիրն էր առաջ տանում և այլն, և այլն:


ԽՍՀՄ փլուզումից արդեն անցել է քառորդ դար, բայց մարդիկ դեռևս չեն կարողանում հասկանալ, թե իրենց երկրում ինչ է կատարվել. հակահեղափոխությո՞ւն, էվոլյուցիա՞ էր, թե՞ կապիտուլյացիա, ոչ ոք չի կարողանում հասկանալ, ամեն ինչ միանգամից փոխվեց, և մարդիկ հայտնվեցին անելանելի դրության մեջ, ամեն ինչ հազար տակով քողարկված էր, և խնդրեմ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի բարձր ամբիոնից, համաշխարհային ու խորհրդային հանրության առաջ մարշալ Յազովը, Գորբաչովի ներկայությամբ, տալիս է իր «խոստովանական» ցուցմունքները:
Հայ հասարակության մեջ նման «խոստովանությունները» է՛լ ավելի են խճճում Սպիտակի երկրաշարժի շուրջ ընթացող քննարկումները: Սպիտակի երկրաշարժի բնակա՞ն, թե՞ արհեստածին լինելու մասին կարելի է անվերջ խոսել, բայց պարզ է նաև մի ուրիշ բան. ժամանակն է վերջ դնելու նման խոսակցություններին ու գործի անցնելու, պետք է սկսել ու ավարտին հասցնել աղետի գոտու վերականգնման աշխատանքները, վերականգնել բնակարանային ֆոնդը, ստեղծել բավարար աշխատատեղեր ու երկրաշարժից տուժած մարդկանց համար ապահովել կյանքի ընդունելի պայմաններ:


Հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք աղետի գոտու խնդիրներին, որովհետև այստեղ ավելի պարզորոշ են ուրվագծվում Խորհրդային Միությունում ձևավորված տնտեսական համակարգի բացերը։ Երկրաշարժի հարցերում ևս ամեն ինչ քաղաքականացվում է՝ տնտեսական ու սոցիալական դժվարամարս խնդիրները չտեսնելու տալու և հետին պլան մղելու նպատակով, և գիտե՞ք՝ ինչու. պատճառը մեկն է. աղետի գոտում իշխանական հետաքրքրությունները վաղուց արդեն մարել են, գողանալու բան չի մնացել, ինչ հնարավոր էր գողանալ ու թալանել, աղետի գոտուց հասցրել են գողանալ ու թալանել մինչև 1995-ը:
Ալեքսան Կիրակոսյանը մեծ ատելություն ուներ Սպիտակի երկրաշարժի հաշվին հարստացած օլիգարխների նկատմամբ.
-Բա երկրաշարժից կարելի է՞ գողանալ, դա անբարոյականություն է, մեծ դավաճանություն է հայրենիքի ու սեփական ժողովրդի նկատմամբ:
Հետագայում կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ մեր հին ու նոր իշխանավորների համար բարոյականության ու հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը բացակայում է, չկա՛, ընդհանրապես չի եղել, երբ օրակարգ է մտնում սեփական գրպանները լցնելու խնդիրը: Երկրաշարժածին օլիգարխներն իրենց վեհ գաղափարների վրա հիմնված բարոյախոսական ու հայրենասիրական ելույթները սիրում են հնչունավորել միայն խաշի ու խորովածի սեղանների շուրջ ծավալված բուռն բանավեճերի ու քննարկումների ժամանակ, դրանց առիթները շատ են՝ գրեթե ամեն օր: Բայց երկրաշարժին առնչվող հարցերը՝ հերթականությամբ:


1988-ի դեկտեմբերի 7-ին Լենինգրադի մեր ինստիտուտում առանձնակի ուշադրություն չդարձրին Սպիտակի երկրաշարժի մասին լուրերին, բայց օրվա վերջում Սմոլնիից հրաման իջեցվեց. պաշտոնական ցավակցություն հայտնել և նյութական օգնություն ցույց տալ Հայաստանին: Դեկտեմբերի 8-ին դժվարությամբ վերադարձա Երևան, «Զվարթնոց» օդանավակայանը փակ էր, ինքնաթիռներ չէր ընդունում, վայրէջք կատարեցինք Թբիլիսիում ու վրացիների տրամադրած «Իկարուսներով» հասանք Երևան։ Ճանապարհներին կիլոմետրերով ձգվող խցանումներ էին։ ՈՒշադրություն էր գրավում բեռներով բարձած վրացական անթիվ-անհամար մեքենաների հոսքը դեպի Հայաստան: Տուժածներին օգնության շտապող վրացիները աղետի մեջ հայտնված իրենց հայ բարեկամների համար անգամ վառելափայտ էին բերում: Նշենք, որ Սպիտակի երկրաշարժից երկու տարի անց մի մեծ աղետ էլ Վրաստանում տեղի ունեցավ, դա Թբիլիսիի ջրհեղեղն էր: Սպիտակցիները, մեկ մարդու նման, առանց հատուկ հրահանգներ ստանալու, սեփական միջոցներով անմիջապես մեկնեցին Թբիլիսի՝ տուժածներին օգնելու և իրենց սրտից բխող, զուլալ մարդկային շնորհակալությունը հայտնելու:


Դեկտեմբերի 9-ի առավոտյան արդեն Սպիտակում էի, մասնակցում էի փրկարարական աշխատանքներին: Երկրաշարժի մասին կարելի է անվերջ խոսել, խոսել 25 հազար զոհերի, բազմաթիվ վիրավորների մասին ու նույնքան էլ ողբերգական պատմություններ գրել։ Պատմություններ՝ մեկը մյուսից ծանր, մեկը մյուսից՝ ողբալի։ Հայ ժողովուրդը, սակայն, մեկ անգամ ևս, աշխարհին ցույց տվեց իր մարդկային բարձր արժանիքներն ու նման արհավիրքների ժամանակ իր մարդկային արժանապատվությունը պահելու, իր քրիստոնեական դեմքը չկորցնելու ունակությունը: Այդ օրերին մենք բոլորս փրկարարներ էինք՝ միշտ պատրաստ օգնության հասնելու ծանր դրության մեջ հայտնված մարդկանց, նրանց ընտանիքներին, երեխաներին: Պետք է մտաբերեմ մի քանի հայտնի ու անհայտ դեպքեր, որոնք, թերևս, կարող են պատահել միայն հայերի հետ:
Արթիկի բանտապետի որոշմամբ բոլոր կալանավորներին երեք օրով ազատ էին արձակել՝ իրենց հարազատներին օգնության հասնելու համար: Երեք օր հետո բոլորը վերադարձել էին իրենց բանտախցերը, աշխարհում նման դեպք նախկինում չի արձանագրվել: Մեկ ուրիշ դեպք, որը լսել եմ աշխարհահռչակ սրտաբան, Բրեժնևի անձնական բժիշկ, ակադեմիկոս Եվգենի Չազովի շուրթերից. Մոսկվայում հեռուստաելույթի ժամանակ ակադեմիկոսը պատմում էր երկրաշարժի օրերին Լենինականում իր տեսածն ու չէր կարողանում զսպել արցունքները, պատմում ու լաց էր լինում:


Լենինականում Չազովի մոտ բուժզննման էին բերել փլատակների տակից դուրս բերված մի երիտասարդ կնոջ՝ ծծկեր երեխայի հետ: Չազովը պատմում էր, որ կնոջ բոլոր մատները ասեղով ծակված էին: Կինը, առանց սննդի ու ջրի, երեք օր մնացել էր փլատակների տակ, բնականաբար մայրական կաթը կտրվել էր ու, մինչ փրկարարների գալը կարողացել էր կերակրել երեխային... իր արյամբ, ասեղով ծակծկել էր մատներից մեկը ու դրել երեխայի բերանը, երբ այդ մատից այլևս արյունը դուրս չէր եկել, ծակել էր հաջորդ մատն ու այդպես շարունակ՝ մինչև վերջ, բոլոր մատները ծակելով ու ծակծկելով կարողացել էր արյամբ կերակրել ու փրկել երեխայի կյանքը: Մատներ ծակելը ինքնին շատ ցավոտ է, ու, սովորաբար, արվում է մարդկանց կտտանքների ենթարկելու ժամանակ։ Հայ կինը, հանուն երեխայի, իր մեջ ուժ էր գտել ու...


Նման մի դեպք ինձ պատմել է Հայաստանի հայտնի քաղաքական ու տնտեսական գործիչ, հելիոֆիկացիայի իմ ծրագրի մեծ ջատագով Ալեքսան Մատվեևիչ Կիրակոսյանը: 1918 թվին թուրք զինվորները շրջանցել են հայկական զորքերին ու մտել Ալեքսան Մատվեևիչի գյուղը, որտեղ կռվին մասնակցող տղամարդիկ փակել էին իրենց տների դռներն ու թաքցրել կանանց և երեխաներին: Թուրքերը երդիկից նայում և տեսնում են, որ ներսում կին կա, մեկին պարանով կախում են երդիկից, որ մտնի տուն: Ներսում էին Ալեքսան Մատվեևիչի մայրը, 6 տարեկան քույրը և ինքը՝ վեցամսյա ծծկեր մի տղա: Մայրն իրեն չի կորցնում, վերցնում է գերանդին ու կտրում իջնող թուրքի ոտքը: Վիրավոր թուրքին պարանով մի կերպ հետ են քաշում ու վերևից հրացանով սպանում Ալեքսան Մատվեևիչի մորը: Չազովի պատմածի պես, վեցամյա քույրը կարողանում է երկու օր պահել եղբորը՝ մինչև գյուղի ազատագրումը թուրքերից:


-Իմացի՛ր, վախենալու իրավունք մեզ ոչ ոք չի տվել, ես արյունոտ բարուրի մեջ եմ մեծացել, ծառայիր քո հայրենիքին, գործդ արա, չվախենաս,- ամեն անգամ հորդորում էր Ալեքսան Մատվեևիչը:
Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց հայերի մեծ նվիրվածությունն իրենց սերունդներին. ծնողներից զրկված ոչ մի երեխա չորբացավ, անտեր չմնաց, որբանոցներ չուղարկվեցին, ապրեցին ողջ մնացած բարեկամների կամ հարևանների ընտանիքներում: Մարդկանց միջև առաջացած այդ հարազատ մթնոլորտը, բարեկամությունն ու մտերմությունը մինչ օրս պահպանվում են սպիտակցիների մեջ: Սրանք մեր ազգին բնորոշ այն գծերն են, որոնցով մենք կարող ենք միայն հպարտանալ, այդ իրավունքը մենք վաստակել ենք՝ հավատարիմ մնալով մեր աստվածային-մարդկային կերպարին:


Սպիտակում կատարած իմ փրկարարական աշխատանքները վերածվեցին ընկերներիս ընտանիքների կորած անդամների որոնման ու զոհվածների հուղարկավորության միջոցառումների: Միայն երրորդ օրը կարողացանք գտնել մանկությանս ընկեր Համլետ Եդիգարյանի առաջնեկ աղջկան՝ Աննային. մի հպարտ գեղեցկուհի ու գերազանցիկ աղջիկ, որով ողջ Սպիտակն էր պարծենում: Երկրաշարժի ժամանակ Համլետը եղել է իր աշխատասենյակում, պանելը ընկել է գրասեղանի վրա՝ գամելով ոտքերը։ Մի կերպ ոտքերը դուրս է հանել կոշիկներից ու ոտաբոբիկ շտապել տուն, ամեն ինչ քանդված ու ավերված է տեսել, երկու փոքրահասակ աղջիկները ողջ էին մնացել, պանելն ընկել էր պահարանի վրա, երեխաներին չէր կպել: Երկրաշարժի պահին Աննան երաժշտական դպրոցում սոլֆեջոյի դասի էր եղել:
-Դասատուն ինձ գրկեց ու միասին վայր ընկանք,- արդեն Մոսկվայի մանկական հիվանդանոցում պատմում էր Աննան:
-Ոչինչ, Աննա ջան, չվախենաս, երկրաշարժ էր, բնության մեջ այդպես էլ է լինում, մարդիկ կգան, քեզ կգտնեն:
-Դասատուն պատմեց, պատմեց ու... քնեց:
Աննան ջարդվածքներ չուներ, ուսուցիչը իր մարմնով պահել էր աղջկան, բայց երեք օր մնալով փլատակների տակ՝ ուսուցչի գրկում գամված վիճակում, մարմնի մի մասը ցրտահարվել էր: Աննային տեղափոխեցին Երևան, հետո Մոսկվա՝ կենտրոնական մանկական հիվանդանոց, այնտեղից էլ Մյունխեն, 12-ամյա աղջկան բարդ վիրահատություն էր սպասում: Օպերացիան իրականացնող գերմանացի վիրաբույժը, որն իր բնագավառում համաշխարհային դեմք էր, հաջորդ տարի հատուկ եկավ Սպիտակ՝ Աննայի վիճակը ստուգելու: Բոլորի ներկայությամբ բացեց վիրահատված տեղն ու աչքերին չէր հավատում։
-Սա հնարավոր բան չէ, այսպիսի հաջող օպերացիա անել ես, իհարկե, չէի կարող, սա Աստծո ձեռքի գործն է:
Իսկապես Աստծո գործը կար մեր Աննայի ու երկրաշարժից տուժած բազմաթիվ հայ երեխաների փրկության հարցում: Սրանում ես համոզվեցի, երբ Աննային պետք է ուղարկեինք Մյունխեն: Իսկապես, երբ կյանքի դուռը փակվում է մարդու կամ ժողովրդի առաջ, Աստված մեկ այլ դուռ է բացում:


Լենինգրադից պետք է գամ Մոսկվա՝ Աննային Մյունխեն ճանապարհելու համար, աղջիկը շարժվել չէր կարող, պետք է գրկած տանեի մինչև շտապօգնության մեքենան ու մինչև «Շերեմետևո» օդանավակայանի գրանցման բաժինը, հետո չգիտեի ինչ անել, օդանավին մոտենալ ինձ թույլ չէին տա, պետք էր մեկնումեկին խնդրել, բայց ո՞ւմ: Չնախատեսված պատճառներով չուշանալու համար որոշեցի Մոսկվա մեկնել առաջին գնացքով այնպես, որ առավոտյան ժամը 5-ին լինեմ Մոսկվայում: Բարձրացա վագոն, իմ կուպեի դիմաց տղամարդ ու կին էին կանգնած, ներս չէին մտնում, ինչ-որ խնդիրներ ունեին, դիմեցին ինձ.
-Չէի՞ք համաձայնի, որ մեր տոմսերը փոխանակվեն, ամուսիններ ենք, ուզում ենք մի կուպեում լինել, բայց տոմսերը տարբեր տեղերի վրա են տրված:
Մեծ սիրով համաձայնեցի, պարզվեց՝ լոնդոնաբնակ Ջոնսոն ամուսիններն աշխատում են «Նեմեցկայա վոլնա» ռադիոկայանում։ Մոսկվայից Մյունխեն էին մեկնելու մեր Աննայի չվերթով: Ա՜յ քեզ զուգադիպություն... Հետագայում ես հաշվեցի մեր այդ պատահական հանդիպման հավանականությունը՝ հաշվի առնելով Լենինգրադ-Մոսկվա գնացքների թիվը, օրը, ժամը, տեղերի թիվը և այլն: Ստացվեց 10-14 աստիճանի մի անհավանական թիվ: Ջոնսոն ամուսիններին խնդրեցի, որ օդանավում ուշադրություն դարձնեն մեր Աննային (Մյունխենում դիմավորողներ ունեինք), նրանք սիրով համաձայնեցին ու կատարեցին իրենց խոստումը: Աննայի երկրաշարժյան պատմությունը տեղ է գտել ամերիկացի լրագրողուհի Լուիզ Ֆիշերի «Սպիտակի իմ հայ երեխաները» գրքում, որտեղ շատ հուզիչ պատմություններ կան մահվան դուռը հասած ու ողջ մնացած մեր երեխաների մասին:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ