Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այն օրից, ինչ անցավ եպիսկոպոսության, ո՛չ իր կերակուրը փոխեց, ո՛չ հանդերձները

Այն օրից, ինչ անցավ եպիսկոպոսության, ո՛չ իր կերակուրը փոխեց, ո՛չ հանդերձները
16.12.2016 | 08:05

Հայոց եկեղեցական տոնացույցում մեկը մեկից ընտիր սրբեր կան, որոնց հիշատակությունները կատարվում են մեծ շուքով, բայց այդ երանելիների մեջ կան սրբեր, որոնց հանդեպ մեր ժողովուրդը առանձնակի հարգանք է տածում։ Օրինակ, մեր ժողովրդի մեծարանքը սուրբ Սարգսի և սուրբ Գևորգի հանդեպ իսկապես յուրահատուկ է, նրանց շարքում կարելի է դասել նաև սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին, որի վարքաբանությունը իսկապես զարմանալի է, քանզի նրա կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև Սքանչելագործ: Ըստ մեզ հասած մատենագրական աղբյուրների՝ սբ Հակոբը մեր առաջին Հայրապետ սբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, որտեղ նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքը, դառնում ճգնավոր, հետո գնում է Մծբին, հանդիպում Մարուգե ճգնավորին, որ հռչակված էր սրբակենցաղությամբ:


Հակոբ հայրապետը, իր ժամանակի ուսյալ վարդապետներից մեկը լինելով, 325 թվականին մասնակցել է Նիկիայի Տիեզերաժողովին, որի ընթացքում քննվում էին ուղղափառության հարցերը` ընդդեմ Արիոսի և արիոսականության, որոնք դատապարտվեցին Նիկիայի ժողովում, հաստատվեց Տիրոջ ընդհանրական Եկեղեցու հավատամքի հենքը, որը ցայսօր դավանում է մեր քրիստոնյա ազգը:
Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետը ինչպես ասորիների, այնպես էլ հայերի սիրելի սուրբն է եղել, քանի որ Մծբին քաղաքի բնակիչները նաև ասորիներ էին: Ստանալով եպիսկոպոսական ձեռնադրություն, ստանձնել է Մծբինի առաջնորդությունը: Այն օրից, ինչ անցավ եպիսկոպոսության, ո՛չ իր կերակուրը փոխեց, ո՛չ հանդերձները. երկիրը փոխեց, բայց վարքը չփոխեց: Նա դարձի է բերել շատերին, հիմնել բազում եկեղեցիներ և դպրության օջախներ: Քարոզում էր արքայության Ավետարանը և ճշմարիտ հավատք:


Ասացինք, որ նրա ուսուցիչը եղել է Մարուգե ճգնավորը, ուստի սուրբ Հակոբը հիշատակվում է իր հոգևոր ուսուցչի հետ մեկտեղ։ Սուրբ Հակոբի աշակերտն էր Եփրեմ Խուրի Ասորի մեծ մատենագիրը, որն ընդհանրական Եկեղեցու տիեզերական վարդապետներից մեկն է: Սբ Հակոբն իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին և, արդարև, կոչվել է «մարմնավոր հրեշտակ», Սուրբ Հոգուց հրաշքներ գործելու և բժշկելու շնորհ է ստացել: Սբ Հակոբի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: Մի անգամ սուրբը աղբյուրի մոտ տեսնում է մի խումբ աղջիկների, որոնք իրենց հանդերձներն էին լվանում և, տեսնելով երանելիին, չեն պատկառում, այլ իրենց մերկությունն են ցուցադրում: Սբ Հակոբը, կամենալով խրատել նրանց, անիծում է աղբյուրը, և այն անմիջապես ցամաքում է, իսկ աղջիկների մազերն անմիջապես սպիտակում են: Երբ աղբյուրը ցամաքած են տեսնում և իրենց մազերը` սպիտակած, սրբի հետևից գնալով, աղաչում են վերադառնալ և աղբյուրից ջուր բխեցնել: Սուրբ Հակոբը վերադառնում է, աղոթում, և ջուրը նախկինի պես սկսում է բխել: Սակայն աղջիկների մազերը չի վերադարձնում իրենց նախկին տեսքին, որ Աստծուն չմոռանան ու պատկառեն մեծահասակ տղամարդկանցից:


Իսկ մի անգամ էլ սուրբ Հակոբն անցնում էր մի գյուղի միջով, գյուղացիները ցանկանում են նրանից խարդախությամբ ողորմություն կորզել, նրանցից մեկը մեռած է ձևանում, և խնդրում են նրա թաղման ծախսերը հոգալ: Սուրբը տալիս է հարկ եղածը, և հազիվ էր հեռացել, երբ տեսնում են, որ սուտ մեռյալը իրապես մահացել է: Այդ ժամանակ գնում են սրբի հետևից և, խոստովանելով, թե աղքատության պատճառով այդպես արեցին, աղաչում են նրան վերադարձնել ընկերոջ հոգին: Սուրբ Հակոբն աղոթում և հարություն է տալիս մեռյալին: Այս սքանչելիքը նման է Պետրոս առաքյալի արածին, որ եղավ Անանիայի և Սափիրայի հետ, երբ գողացան լումաները, ստեցին և պատժվեցին մահով (Գործք. 5.1-10): Հետագայում նման բան կատարվեց նաև Նիկողայոս Սքանչելագործի հետ։
Աստծո սրբի շնորհիվ շատերը թեպետ հավատի են եկել, բայց թերահավատ են մնացել և կասկածում էին Նոյյան տապանի գոյությանը։ ՈՒստի նա որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և, երկար տանջվելուց հետո, նիրհել է ճանապարհին: Երազում հրեշտակն այցելել է նրան և, տապանի տախտակի մի կտոր վերցնելով, բերել-դրել սրբի գլխի տակ ու տեսիլքով ասել. «Պետք չէ, որ որևէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի` վերցրո՛ւ տախտակը և գնա՛ քո տունը»։ Ըստ ավանդության, սբ Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ է ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Այդ տեղը այնպիսի սրբության համբավ ուներ, որ գյուղացիները, երբ իրենց դաշտերում մորեխների պարսեր էին տեսնում, որոնք սպառնում էին բերքն իսպառ ոչնչացնել, գնում էին Սուրբ Հակոբ եկեղեցու աղբյուրից ջուր էին բերում ու, ցանելով իրենց դաշտերում ու այգիներում, հավատքով ազատվում մորեխների հարձակումից։ Իսկ հրեշտակի բերած Նոյյան տապանի մասունքը, որն անփուտ փայտից է և դարերի ընթացքում չի քայքայվել, ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Ցանկացողները կարող են այն տեսնել Մայր տաճարի թանգարանում։


Սբ Գրիգոր Նարեկացին նրա մասին գրել է մի գեղեցիկ ներբող, իսկ Ներսես Շնորհալին` «Յաղթող և սուրբ հայրապետ» շարականը: Սուրբ Հակոբի անունով ունենք բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից ամենահինը Երևան քաղաքի Քանաքեռի եկեղեցին է: Աստծո այս երանելի սուրբը ննջել է ի Տեր 338 թվին: Սրբի մասունքներից կան նաև Սուրբ Էջմիածնում, նրա տոնի առթիվ դրանք տանում են իր անվան եկեղեցիներից մեկը՝ օրհնելու քրիստոնյա հավատավոր ժողովրդին։
Այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին սբ Հակոբի և Մարուգե Ճգնավորի հիշատակության տոնը նշելու է դեկտեմբերի 17-ին:


Հավաքեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ