Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պատգամավորն իր մեկ-երկու օգնականով չի կարող օրենք գրել»

«Պատգամավորն իր մեկ-երկու օգնականով չի կարող օրենք գրել»
20.12.2016 | 00:51

Ներկա ԱԺ-ն հասարակական ընկալմամբ, մեղմ ասած, որակյալ չէ։ Արդեն ավարտին են մոտենում այս խորհրդարանի աշխատանքները։ Ի՞նչ սրբագրումներ պետք է անել, որ ապագա ԱԺ-ն գոնե որոշակիորեն հասարակության համակրանքին արժանանա։ Այս խորհրդարանի լավ ու վատի, անհրաժեշտ փոփոխությունների շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

-Ինչպիսի՞ խորհրդարանի ենք հրաժեշտ տալիս, ու ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենալ նորից։
-Նախ՝ միանգամից ոչինչ չի լինում, այլապես սխալները շատ կլինեն։ 90-ականներից սկսած մեր յուրաքանչյուր խորհրդարան իր կարևոր դերակատարությունն ունեցել է։ Այս խորհրդարանն ավելի բազմագույն է, օրենքները դահլիճ հասնում են ավելի մաքուր, այսինքն, հանձնաժողովներն ավելի լավ են աշխատում, քան հինգ տարի առաջ։ Այս ԱԺ-ում խորհրդարանական դիվանագիտությունն ավելի հզորացավ։ Չեմ հիշում որևէ գումարման ԱԺ, որն ավելի շատ զբաղվեր արտաքին քաղաքականությամբ, քան գործող խորհրդարանը։ Սա այս ԱԺ-ի ամենամեծ ձեռքբերումն է։ Աշխատող պատգամավորները ևս ներկա խորհրդարանում շատ են։
-Հիշեցիք 90-ականները, մի՞թե այն տարիներին ավելի շատ չէին աշխատող, օրենսդրական գործունեություն ծավալողները։ Շատերը հակառակն են պնդում, որ Գերագույն խորհրդից հետո գումարված խորհրդարանների որակը տարեցտարի ավելի վատն է դառնում։
-Համաձայն չեմ։ 90-ականների խորհրդարանը, որը գնահատվում է որպես լավագույնը, քաղաքականապես էր ուժեղ, ոչ թե օրենսդրական առումով։ Բոլորը քաղաքական, գաղափարական մարդիկ էին և ունեին հեղինակություն։ Քաղաքական առումով 90-ականների խորհրդարանն ավելի բազմազան էր, այդ իսկ պատճառով դահլիճում աշխուժությունը մեծ էր, քաղաքական բանավեճերը՝ շատ։ Բայց խորհրդարանական աշխատանքն ավելի կազմակերպված չէր, օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովներում, խմբակցություններում չէին քննարկվում, հետևաբար դահլիճում էին ծավալվում քննարկումները, նույն կուսակցության անդամները ամբիոնի մոտ վիճում էին։ Ով խորհրդարանի խոհանոցը չգիտի, կարծում է, թե արդար պայքարի արդյունք էին այդ բանավեճերը, իրականում չկազմակերպվածության հետևանք էր։ Տարեցտարի իրավիճակը շտկվեց, նիստերին ներկայացվում են արդեն պատրաստի նախագծեր։ Սա չերևացող մասն է։ Հիմա այդ բուռն քննարկումները տեղափոխվում են հանձնաժողովներ, դրա համար շատերը հանիրավի պնդում են, թե պատգամավորները դահլիճում ընդամենը «կնոպկա» են սեղմում։ Տեսեք, թե քանի օղակով են լուրջ հարցերը քննարկվում մինչև խորհրդարան հասնելը՝ կուսակցությունում, խորհրդի նիստում, գործադիր մարմնում, խմբակցությունում, հանձնաժողովներում։ Այնպես չէ, որ այդ քննարկումների ժամանակ մարդիկ իրենց դիրքորոշումները չեն հայտնում, քաղաքական հիմնական բախումները հանձնաժողովներում են լինում, երբ տարբեր քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումներն են ներկայացնում։
-Այդ «օղակներում» խոսող, բանավիճող պատգամավորները նաև դահլիճում են ակտիվ, պարզապես նրանց թիվն է բավականին քիչ։
-Լրատվամիջոցների, հանրության ընկալմամբ ակտիվ պատգամավորը նա է, ով ԱԺ ամբիոնից շատ է խոսում կամ ով օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս (մեկը օրենքում մի լրացում է անում, տասը հոգի տակը ստորագրում են. ի դեպ, ես չեմ ստորագրում, որովհետև անձամբ չեմ մասնակցել դրանց մշակմանը)։ Նույն օրենքի մեջ մեկ տարում երեք լրացում են անում։ Ինչո՞ւ են արտահերթ նիստերն այսքան շատ, որովհետև նման հարցերի համար խորհրդարանից շատ ժամանակ է խլվում։ Այս խորհրդարանում բացասականն այն է, որ ԱԺ-ի ՕԳԳ-ն ցածր է, ժամանակի կորուստ շատ է լինում, օրինակ, խմբակցությունը քննարկել է հարցը, դրական եզրակացություն տվել, սակայն դահլիճում ավելորդ ելույթներ են հնչեցնում։ Ընդդիմության առումով այս հանգամանքն ինչ-որ տեղ հասկանալի է, իշխանությունների դեպքում՝ անտեղի։ Այստեղ կա նաև որոշակի պոպուլիզմ՝ ինչ-որ բան ասելու համար օգտագործում են այդ նախագիծը։ Հաջորդ խորհրդարանում այս սովորությունները պետք է վերանան, սա կարևոր ամբիոն է, և այն ճիշտ պետք է օգտագործվի, որ չլինեն արտահերթ նստաշրջաններ, ցայտնոտային վիճակ։ Պատգամավորի ակտիվությունն այն է, որ մասնակցի բոլոր քննարկումներին, մինչև հարցը կհասնի նիստերի դահլիճ։
-Ընդունված է ասել, որ այս խորհրդարանը «դակիչ» մարմին է, չունի սեփական նախաձեռնություններ և հաստատում է այն բոլոր նախագծերը, որոնք կառավարությունն է ներկայացնում։
-Այդպես էլ պետք է լինի, մեկ պատգամավորը չի կարող օրենք գրել, միայն Վլադիմիր Նազարյանն էր, որ կարող էր միայնակ օրենք գրել։ Օրենք գրելը ոչ միայն խելքի բան է, այլև փորձի։ Դա շատ աշխատատար ու ծանր գործ է։ Շատ երկրների խորհրդարաններ հատուկ մասնագիտական հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր ունեն, որոնք զբաղվում են այդ աշխատանքով։ Պատգամավորը պետք է լինի օրենքի քաղաքական պատվիրատուն։ Օրենք գրողը համապատասխան մասնագետն է, որը և՛ հայոց լեզվի գիտակ պետք է լինի, և՛ իրավական լուրջ գիտելիքներ պետք է ունենա։ Կառավարությունն ունի այդ մասնագետներն ու վարչությունները, դրա համար էլ նախագծերի գերակշիռ մասն այնտեղից է գալիս։ Այդ ամենի քաղաքական գնահատական տվողը պետք է լինի պատգամավորը։ Պատգամավորն իր մեկ-երկու օգնականով չի կարող օրենք գրել, դա բարդ գործ է։ Ի վերջո, այդ օրենքները պետք է բերեն հենց կատարողները, որովհետև նրանք են խնդիրներն ավելի լավ տեսնում։
-Ի՞նչ է ստացվում, եթե պատգամավորը չի կարող օրենք գրել, ընդամենը քաղաքական գնահատականներ հնչեցնող է, ո՞րն է նրա բուն աշխատանքը։
-Նա պետք է լինի օրենքի քաղաքական պատվիրատուն, իսկ տեխնիկական աշխատանքը, այսինքն, հստակ ձևակերպումները պետք է մասնագետներն անեն։ Հայտնի մարդկանցից մեկն ասել է, որ պատգամավորը պետք է քիչ խոսի, շատ քվեարկի։ Պատգամավորի ակտիվությունը սեփական խմբակցությունում ու հանձնաժողովում աշխատանքն է, հանրության հետ շփումը և քվեարկությամբ դիրքորոշում արտահայտելը։ Մամուլի հետ աշխատանքն էլ հանրությանն իրազեկում է նրա կատարած քայլերի ճիշտ կամ սխալ լինելը։ Պատգամավորներ կան, որ միայն ելույթ են ունենում՝ ձեռք բերելով ակտիվ խորհրդարանականի համբավ, սակայն ելույթներից այն կողմ ոչինչ չկա։
-ԱԺ-ում գործարարների ներկայությունը միշտ էլ վատ է ընդունվել, ի՞նչ է տալիս խորհրդարանին այս շերտի ներգրավվածությունը։
-Ինչ խոսք, ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, ճիշտ չէ, երբ գործարարը քաղաքականությամբ է զբաղվում։ Եթե խոշոր գործարար է, ուրեմն անձնական շահագրգռվածություն ունի, հետո էլ, լուրջ բիզնեսմենը խորհրդարանական աշխատանքով զբաղվելու ժամանակ չի ունենա։ Սակայն գործարար լինելը մի բան է, սեփականատեր լինելը՝ այլ։
-Մեր խորհրդարանում գործարարներն իրենց համարում են սեփականատերեր, որպեսզի օրենքի հետ հակասություն չլինի, բայց իրականում գործարարությամբ են զբաղված։
-Ինչո՞ւ ենք այս փաստը միայն պատգամավորներին վերագրում, իրականում նույն հանրային մտահոգությունը կա կառավարության անդամների պարագայում, ընդ որում, նրանք ավելի շատ կարող են իրենց լծակներն օգտագործել բիզնես գործունեության դաշտում։ Բայց չենք էլ կարող ասել, որ ով սեփականություն ունի, չպետք է պաշտոնյա կամ պատգամավոր լինի։ Աստիճանաբար պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր գործարարությամբ են զբաղվում։ Գործարարին էլ պետք չէ, որ պատգամավորի ծանրաբեռնվածություն ունենա։
-Իրականությունը հակառակի մասին է խոսում՝ մանդատի համար գործարար հատվածը կռիվ է տալիս։
-Դա անձեռնմխելիության ու մի քանի այլ հանգամանքների համար է։ Գործարարը պետք է իր լավ պատրաստված մասնագետին ուղարկի ԱԺ՝ պատվեր տալով նրան։ Այս մշակույթը սկսում է ձևավորվել։ Որքան էլ լավ կամ վատ համարենք խորհրդարանական կառավարումը, մի բան ակնհայտ է՝ կուսակցությունների դերը մեծանում է։ Սա ենթադրում է գաղափարական դաշտի ձևավորում։ Հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ուզում են միանալ իրար, բայց «կապելու» տեղ չկա։ Խորհրդարանական համակարգը և՛ պատասխանատվության, և՛ գաղափարական առումով մեծացնելու է կուսակցությունների դերը։ Քաղաքական դաշտը կամաց-կամաց կկայանա։ Սա ավելի լավ է, քան մարդ-կուսակցություններ ստեղծելը։ Մարդը փող ունի, որոշում է կուսակցություն ստեղծել, սա ամենավատ բանն է, դառնում է կուսակցական դիկտատուրա, չֆինանսավորվե՞ց այդ կուսակցությունը, վերանում, գնում է, ո՛չ գաղափար ունեն, ո՛չ միջոցներ։ Գումար ունեցողն էլ, անգաղափարակիր կուսակցություն ստեղծելով, կեղտոտում է ողջ քաղաքական դաշտը։
-Իշխանությունը խորհրդարանական ընդդիմությանը մշտապես մեղադրում է ոչ կառուցողական լինելու մեջ։ Եթե վերաձևակերպենք հայտնի միտքը՝ ամեն իշխանություն արժանի է իր ընդդիմությանը։ Ի՞նչ եք պահանջում այն ընդդիմությունից, երբ իշխանությունն այսպիսին է։
-Համաձայն եմ, որ քաղաքական դաշտը մեկ ամբողջություն է։ Իշխանական կուսակցություններն ավելի կազմակերպված կլինեն, եթե ընդդիմությունը մշտապես զգոն պահի իշխանությանը։ Խելացի իշխանությունը չի խուսափի քննադատությունից, որովհետև երբեմն ինքն էլ իր սխալները չի տեսնում։ Քննադատող է պետք, բայց ոչ վարկաբեկող։ Այսօր մեր ընդդիմությունը բացթողումներից չի խոսում, այլ վարկաբեկում է անձանց ու նրանց ընտանիքները։ Ընդդիմությունը պետք է ունենա պետության կառուցման իր տեսլականը, ինչը մեր ընդդիմությունը չունի։ Կա նաև շատ կարևոր հանգամանք. եթե ընդդիմադիրը խոսում է կոռուպցիայից, առաջին հերթին ինքը պետք է դրա մեջ չլինի, իր սխալները պետք է շտկի։ Օրինակ, ՀԱԿ-ը, եթե իր նախկին սխալներն ընդունի, ինչպես, ասենք, սեփականաշնորհումն էր, հանրությունը կհավատա նրան։ Լավագույն օրինակը «Միասնություն» դաշինքն է, երբ նրա լիդերներն ասացին՝ մենք սխալներ ենք թույլ տվել ու գալիս ենք շտկելու, մարդիկ միանգամից հասկացան ու ընդունեցին նրանց։ Այսինքն, չի կարելի ասել մի բան ու անել այլ բան։ Ինչո՞ւ են բոլորը ձգտում նախարար ու վարչապետ աշխատել, երբ այդ պաշտոնները բավականին ծանր աշխատանք են ենթադրում, որովհետև գիտեն, որ իշխանական լծակները սեփական բարեկեցությանն են ծառայեցնելու։
-Ընդդիմադիր դաշտում ձևավորվող այսօրվա միավորումները Ձեզ, որպես իշխանության ներկայացուցչի, անհանգստացնո՞ւմ են։ Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն առաջիկայում լուրջ մրցակիցներ ունենա։
-Եթե ընդդիմադիր դաշտը կայանա, կշահի նաև իշխանությունը։ Մեր թերությունը նաև այն է, որ մենք մեր աշխատանքը, ներուժը չենք կարող լավ ներկայացնել։ Քարոզչական տեսանկյունից ընդդիմությունը մեզնից շատ ավելի լավ է աշխատում։ ՀՀԿ-ն այն չէ, ինչ այսօր ղեկավար օղակներում տեսնում եք. կուսակցությունը գաղափարական հատվածն է, որը ո՛չ օլիգարխ է, ո՛չ էլ հարուստ։ Մինասյան Գագիկը, Սամվել Նիկոյանը, հին հանրապետականներն են իրական կուսակցության կորիզը, որոնք քաղաքականություն են որոշում։ Մեր լիդերները հասարակության մեջ լուրջ վարկանիշ ունեն՝ սկսած Աշոտ Նավասարդյանից։
-Եվ վերջին հարցը՝ ապագա խորհրդարանում Դուք կլինե՞ք։ Ձեզ հետ պայմանավորվածություններ կա՞ն։
-Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվում, քննարկումներ էլ ինձ հետ չեն եղել։ Այդ հարցին շատ հանգիստ եմ վերաբերվում, ինչպես կուսակցությունը կորոշի, այդպես էլ կլինի։ Մեծ հավակնություններ չունեմ։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ