Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես նորից հանձնել Կարսի բերդը

Ինչպես նորից հանձնել Կարսի բերդը
20.12.2016 | 00:54

«Կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում և շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, սպասարկու, նաիրադավաճան մարդիկ», Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»: Ինչո՞ւ հիշեցի: Չէի մոռացել: ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին չափազանց համահունչ էր: Ասաց, չէ՞, առաջին նախագահը. «Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի»։ Տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության տոնահանդեսը, որ նա կանխավ վայելում էր ելույթի պահից, չի կարող չլինել իր սահմանած ավանդույթներով: Հարկ է խոսքը համեմել պատմությամբ, պատմությամբ ու պատմությամբ, իսկ պատմությունը «տգետ, կարճատես, պոռոտախոս» վկաներ նույնպես ունի, ու այնպես չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է միայն ճեմում պատմության սաղարթախիտ պուրակներում: Վանո Սիրադեղյանն էլ է եղել այդ պուրակներում ու Վանո Սիրադեղյանն է ասել. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»: Գուցե ՀԱԿ վարչության կազմում Վանո Սիրադեղյանին ընտրեցին, որ գա ու Լևոն Տեր-Պետրոսյանի ականջին կրկնի՞ տարիներ առաջ ասածը ու հարցնի՝ ինչքա՞ն դեռ պիտի մեր հայրենիքը դարձնենք պատմական: Թե՞ Աղդամը մեր հայրենիքը չէ: Արցախի հարակից շրջանները «օկուպացված հողեր» են, որից հենց ազատվենք, երկնքից մանանան թափվելու է առատության եղջյուրից ու այլևս ոչ մի խնդիր՝ ապրի, չեմ ուզում:


Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճը չար կատակ խաղաց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ դահլիճը դեռ հիշում է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունները և ԳԽ նիստերը: Այդ դահլիճում է գրվել Հայաստանի երրորդ Հանրապետության պաշտոնական պատմությունը: 2016-ի դեկտեմբերի 17-ին հրավիրված ՀԱԿ համագումարն այդ օրերի հետ կապ չուներ, միակ կապը առաջին նախագահի անձն էր: Համագումարի իր ելույթը՝ ապացույց: Սա այն դեպքն է, երբ գիտնականը քաղաքական գործչին խանգարում էր, խճճում ասելիքը պատմական զուգորդումների ու զուգահեռների կույտում: Սեփական խոսքի պաշտամունքը առաջին նախագահին բոլոր ելույթներում պարտադրում է մամուլի տեսություն, որ հավարտ ասի այն, ինչ գիտեն բոլորը: ՈՒ՝ վաղուց:
Ամենասքանչելին Լևոն Տեր-Պետրոսյանի հաստատակամությունն է՝ երբեք սեփական սխալները չընդունել, միշտ ամեն քայլը ճիշտ որակել ու ապացույցների բուրգեր կառուցել ի սկզբանե սխալ դրված քարի վրա: Կարողանում է, առաջին նախագահը կարողանում է խոսքն այնպես կառուցել, որ քեզ թվում է՝ քննադատեց, քարը քարին չթողեց, իրականում առաջարկ է անում նրան, ում իբր քննադատում է ու աջակցում է, ինչպես ոչ ոք: Սքանչելի ունակություն է, բայց հեռացած նախագահի համար, որ իշխանություն չի ուզում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է՝ եթե ոչ իր, կուսակիցների համար:
Զգացե՞լ եք, որքան իրար նման են դարձել առաջին և երկրորդ նախագահները՝ չկան ու չկան, մեկ էլ՝ վերադառնում են ու մի ելույթ, մի հարցազրույց՝ դաշտը վերցնում են: Երբեմն մի քանի ժամով, երբեմն նույնիսկ մի քանի օրով:

Հանրությունը իրավունք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանից՝ իբրև առաջին նախագահից ու քաղաքական ուժի ղեկավարից, որ պատրաստվում է ԱԺ ընտրությունների, սպասել իրավիճակի վերլուծություն, իշխանության գործողությունների գնահատական (վարչապետ է փոխվել, կառավարություն, ՀՀԿ-ն է համագումար արել, հարգարժան Գագիկ Ծառուկյանն է գալիս-գալիս, տեղ չի հասնում), ընդդիմության քայլերի (դաշինք է ձևավորվել, ևս մի քանիսը խմորվում են, հին ու նոր դեմքեր են ասպարեզ գալիս), խոսք իրենց ծրագրի, անելիքների մասին: Բայց նա չարեց: Ինչո՞ւ: Արքայավայել գործ չհամարե՞ց: Ոչ: Համարեց վտանգավոր: Կրկնե՞ր «մոնղոլ-թաթարների» մեղադրանքը, բայց հետո ինքն էր «մոնղոլ-թաթարների» հետ երկխոսել ու համագործակցել: Իմաստ ունի՞ բնութագրել ՀՀԿ-ի իշխանությունը կամ Սերժ Սարգսյանին, եթե սպասելիքները նրանից են: Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հանճարը գտավ սողոմոնյան ելքը՝ համագումարի ելույթը նվիրել ոչ թե կուսակցությանը, ոչ թե ընթացիկ ու ապագա քաղաքականությանը, այլ Լեռնային Ղարաբաղի հարցին ու այդ հարցի մեջ ամեն ինչ տեղավորել, այդ հարցով լուծել իրեն հուզող հարցերը: Ո՞Ւմ մտքով կանցներ:

Միջնադարից, խաչակիրներից, որոնց հուղարկավորել են Երուսաղեմի Ոսկե դարպասների առաջ, որ երկրորդ անգամ Հիսուսը քաղաք չմտնի, հեռու ու մոտ երկրների պատմությունից, համեստ ինքնափառաբանումից ու կամավոր մարտիրոսումից, ՀԱԿ-ի խրոխտ հերոսացումից, ամեն-ամեն ինչից հետո ի՞նչ է մնում: Իբրև «տգետ, կարճատես, պոռոտախոս» միջին վիճակագրական հայ, որ 1988-ից մինչ օրս փշաքաղվում է Շեփորի կանչից ու Ազատության հրապարակի հզոր գվվոցի հիշողությունից՝ մի քանի հարց միայն.
1. Դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հանգամանալից վերլուծում էր ԼՂՀ խնդիրը, ինչո՞ւ չանդրադարձավ անկյունաքարային հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ 1994-ին հայկական հաղթական բանակը կնքեց զինադադար, ոչ թե պատերազմն ավարտող համաձայնագիր: Դա սկզբունքային հարց է: ՈՒ՝ աբսուրդ չէ՞:
2. Աբսուրդ չէ՞, որ զինադադարից չորս տարի անց հրաժարական տալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանին թվում է, որ աշխարհում ոչինչ չի փոխվել՝ մի անգամ գրել է «Լրջանալու պահը» ու պարտադիր բոլորից պահանջում է լրջանալ՝ խորապես համոզված, որ այն ժամանակ ու հիմա ճիշտ է: Մինչդեռ այդպես չէր ու չէ:
3. Աբսուրդ չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է փուլային: Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ տարածքները հանձնելուն հաջորդելու է ԼՂՀ կարգավիճակի ճանաչման փուլը: Աբսուրդ չէ՞ Իլհամ Ալիևին համարել «ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ», ինչ է՝ Հեյդար Ալիևը ժամանակին «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքել է: Ո՞րն է ռացիոնալությունը՝ Հայաստանի տարածքներին հավակնե՞լը: Իսկ եթե ռացիոնալ Ալիևը պաշտպանական գոտին վերցնելուց հետո հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՞: Խաղաղապահնե՞րն են կանխելու: Եթե չցանկանա՞ն: Կամ չկարողանա՞ն: Ռացիոնալ Ալիևը չէ՞ր ապրիլյան ագրեսիայի հեղինակը: Ի՞նչ կլիներ, եթե Քյարամ Սլոյանն ու Արմենակ ՈՒրֆանյանը հավատային նրա ռացիոնալ ու ողջախոհ կերպարին: Ռացիոնալի՞զմն է զինվոր գլխատել սովորեցրել, թե՞ հոր ողջախոհությունը:
4. Աբսուրդ չէ՞, որ ՀՀ առաջին նախագահը իրեն դնում է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի տեղն ու շքեղ խոսքով ներկայացնում Լավրովի պլանը, որից նույնիսկ ռուսներն են պարբերաբար հրաժարվում՝ վախենալով, որ հայերը կընդունեն ու իրենք կրակը կընկնեն՝ պատերազմը կանխել չկարողանալով:
5. Աբսուրդ չէ՞ համարել, որ միայն Ռուսաստանն է ի զորու ԼՂՀ հարցը լուծել, ո՞ւր մնաց աշխարհաքաղաքական վերլուծության ունակությունը: Ասենք՝ 1998-ին Ելցինի կամքով հրաժարական տվեց, 2008-ին սպասում էր, որ ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը իշխանությունն իրեն կտա, հիմա էլ ուզում է, որ խաչակիրների բանակը գա ու չգնա՞: Դա՞ է հարցի լուծումը: Ռոբերտ Աբաջյանը չէր համաձայնի, իր հետ խաչակիրներին էլ կպայթեցներ: Անկախության սերնդին ռացիոնալն ու ողջախոհը չես բացատրի, առավել ևս, երբ ժամանակի մեջ բովանդակափոխվել են: Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանին տալուց հետո ումի՞ց ես պահանջելու Հայաստանի անկախության բանալին:
6. Աբսուրդ չէ՞ հուսահատություն ու անելքություն սերմանելը, թե՞ դա հայրենասիրության նոր որակ է՝ հասու միայն ՀԱԿ-ում, որ միակ քաղաքական ուժն է՝ ունակ «Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայելու»: Ի՞նչ տարօրինակ երես ունի այդ ճշմարտությունը, որ աղավաղված է արտացոլում իրականությունը:
7. Աբսուրդ չէ՞ ազգ-բանակ գաղափարը քարուքանդ անելը, ինչ է թե Վիգեն Սարգսյանը չի հասկացել:


Այս բոլոր աբսուրդներից հետո միջին վիճակագրական, «տգետ, կարճատես, պոռոտախոս» հայը ոչ մի անարգանքի սյունի էլ չգամելով առաջին նախագահին, պարզապես զարմանալով՝ իրավունք չունի՞ եզրակացնելու.
a. Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե ուզում է զիջել մասը, մյուս մասը պահպանել, զգացի՞ք՝ ինչ սահուն Ղարաբաղի հարցում փոխզիջումը վերածվեց զիջումի, այլ Սերժ Սարգսյանին ասում է՝ քո հենարանը ՀԱԿ-ն է, ՀՀԿ-ն ու մյուս պոռոտախոս տգետները քեզ խարակիրի կանեն, ես՝ ոչ, գնահատիր ու արժևորիր մանդատի տեսքով: Ինչքա՞ն՝ քո պատիվն է, ինչքան շատ, այնքան լավ:
b. Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում. «Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ», բայց դա վերաբերում է ոչ թե Արցախին, այլ անձամբ իրեն ու ՀԱԿ-ին: Նրա ելույթը համագումարում հավատարմության երդում է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև Վլադիմիր Պուտինին, ում ձեռքում է համարում ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծման, այլև Հայաստանում իշխանության ձևավորման բանալին, իսկ դա նշանակում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հավատում ժողովրդին ու գիտի, որ կորցրել է նրան:
c. Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ շփոթել է՝ պիտի գրեր. «Մասը պահողները հռչակվում են հայրենասերներ: Ամեն ինչ կորցնողները կոչվում են դավաճաններ», այդպես ամեն ինչ տեղն է ընկնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Դեկտեմբերի 18-ին իր ֆեյսբուքյան էջում ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը գրել է. «IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից հուլիսին Արցախում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Արցախի բնակչության 99,7 %-ը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց, 99,4 %-ը՝ փուլային զիջմանը: 82 %-ը ասել է, որ եթե նույնիսկ միջազգային ճնշման ներքո տարածքներ տալու խնդիր լինի, ժողովուրդը պետք է զենք վերցնի և պաշտպանի այդ հողերը: Հող տվողն էլ է ժողովուրդը, հող պաշտպանողն էլ»: 82 % «տգետ, կարճատես, պոռոտախոս» ունենալով՝ ի՞նչ անես: Ի՞նչ անես, եթե մարդիկ չեն ուզում իրենց «Կարսի բերդը» հանձնել ու հեռվից սիրել պատմական հայրենիքը: Աբսուրդ է, չէ՞, փաստորեն չեն հասկանում, որ պետք չէ ապրել «էժանագին հայրենասիրական հոխորտանքներով», պետք չէ «ոչմիթիզհողական» լինել, այլ՝ ռացիոնալ ու ողջախոհ՝ խիզախաբար ընտրել «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանը, հետո ինչ, որ Ալիևը զինվում է ու Իսրայելը ճանաչում է ոչ թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատմության մեջ, այլ իբրև երկիր, որտեղից զենք է գնում: Ռուսաստանից հետո՝ երկրորդը: Կարևորը Նոր տարուց առաջ քաղաքական Ձմեռ պապի լինելը Գագիկ Ծառուկյանի հետ վիճարկելն է՝ նա փող է բաժանում, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հեքիաթը սպանում է հեքիաթով՝ «Խաղաղություն հիմա»: Գնա ու ասա Ալիևին, եթե չհասկացավ, թող Նեթանյահուն նորից Բաքու գնա ու բացատրի: Նեթանյահուն էլ չհասկացրեց, Պուտինը կա ու կա: Կգա՝ կտա՝ հաղթանակը ՀԱԿ-ին, Արցախը՝ Ալիևին: Թուրքիան էլ սահմանը կբացի: ՈՒ՝ խաղաղություն: ՈՒ՝ հաշտություն: ՈՒ՝ բարիդրացիություն: Բայց ի՞նչ անել Եռաբլուրը:

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ