Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե հստակ քայլեր ռազմարդյունաբերությունում չարվեն, ոլորտն ամբողջովին կմահանա»

«Եթե հստակ քայլեր ռազմարդյունաբերությունում չարվեն, ոլորտն ամբողջովին կմահանա»
20.12.2016 | 01:23

ՈՒնենալով ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանը չի կարող լուրջ ուշադրություն չդարձնել ռազմարդյունաբերական համալիրին։ Սակայն ամեն կառավարություն, օբյեկտիվ ու ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով, հետին պլան է մղել համալիրի գործարկումը։ Ապրիլյան պատերազմը, ի թիվս այլ սրբագրումների, ստիպեց վերին օղակներում մտահոգվել այս խնդրով։ Վերջերս կառավարությունը ռազմարդյունաբերության առնչությամբ նիստ էր հրավիրել, թե վերջիններիս աշխատանքից որքան կշահի ռազմարդյունաբերական համալիրը, կերևա առաջիկայում, նշենք միայն, որ ոլորտի զարգացումը մեզ համար կենսական նշանակություն ունի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով։ «Իրատեսը» ոլորտի խնդիրները դիտարկեց 1991-2000-ին ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա քարտուղար (նախագահը վարչապետն էր), ԳԽ պատգամավոր ԱՐՏԱՎԱԶԴ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։


Մի կողմ թողնելով նախկին սխալներն ու բացթողումները, պետք է հասկանալ, թե այսօր Հայաստանի ներուժը որքան է բավարարում ռազմարդյունաբերական ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։ Մեր զրուցակցի պնդմամբ, եթե համալիրի առանձին ճյուղերի զարգացումը խթանենք, արդյունքն ավելի տեսանելի ու շոշափելի կլինի։ «Լայն զարգացում չենք կարող ապահովել, նախ պետք է որոշել մի քանի ուղղություններ, հստակ ձևավորել պատվեր։ Օրինակ, օպտիկա-էլեկտրոնիկայի ոլորտում ամեն ինչ կարող ենք անել։ Տասնհինգ-քսան ուղղություն առաջնային համարելով` հնարավոր է ոչ մի արդյունք էլ չունենանք։ Պետք է կապիտալը կոնկրետ մի քանի ուղղությամբ կենտրոնացնել, որ գումարները չփոշիանան, ու արդյունք լինի»,- ասաց պարոն Զաքարյանը, հավելելով, որ հստակ պետք է գնահատել ռեսուրսները, մարդկային ներուժը։ Օրինակ, եթե քիմիայի արտադրամասով 1000-2000 տոննա արտադրանք պետք է ապահովել, ապա 50 000 տ քիմական հումք պետք է ունենալ, ինչը մեր պայմաններում պարզապես անհնար է։ Փոխարենը մեզանում զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները, կարող ենք հաջողությամբ զարգացնել ինֆորմատիկայի, օպտիկա-էլեկտրոնիկայի և որոշ չափով ռադիոլոկացիայի ուղղությունները։ Այս երեք ուղղությունների զարգացման դեպքում կարող ենք անգամ արտահանում իրականացնել։ Արտավազդ Զաքարյանի կարծիքով, ոլորտը զարգացնելու համար մեզ պակասում է նաև հստակ ռազմավարությունը։


Ժամանակին ռազմարդյունաբերական համալիրն ուներ փամփուշտի արտադրամաս, որը բավականին հաջող ու որակյալ արտադրանք էր տալիս, սակայն այն փակեցին ու փամփուշտ սկսեցին դրսից ներկրել։ Արտավազդ Զաքարյանը փաստեց, որ այդ տարիներին պատճառաբանում էին, թե տեղական արտադրության փամփուշտները թանկ են։ Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին պետք է գործարանին առնվազն 10 մլն փամփուշտի պատվեր տային, որ գործարանը «չմահանար», մինչդեռ նախընտրեցին դրսից էժան բերել, ներսում որակյալ, բայց համեմատաբար թանկը չգնել։ Կան երկրներ, օրինակ, Չինաստանը, որը նախընտրում է սեփական արտադրողին օգնել՝ արտոնություններ տալով, սակայն Հայաստանը գնաց որոշ մարդկանց բիզնես նկրտումները բավարարելու ճանապարհով, և արտադրամասը մինչև այսօր «կանգնած» է։


Այսօր, ըստ Արտավազդ Զաքարյանի, հայկական կողմի խնդիրն ավելի է բարդացել, մենք պետք է արտադրենք այնպիսի զինամթերք, որը մրցակցի Ադրբեջանի գնած զենքերի հետ։ Նախ և առաջ գիշերային սարքեր պետք է տեղակայել։ «Խորհրդային տարիներին մենք ռազմարդյունաբերության այս ճյուղում առաջինն էինք, այսօր էլ դեռ կադրեր մնացել են։ Գիշերային առաջին սարքերը մեզ մոտ են արտադրվել, իհարկե, մի քանի կենտրոնների հետ համատեղ։ Եթե այսօր այս ոլորտում քայլեր չանենք, սա էլ «կմահանա»։ Այդ տարիներին արտադրանք տվող մասնագետները հիմա արդեն պատկառելի տարիք ունեն, այսինքն՝ մի քանի տարի հետո այլևս մարդ չեն գտնի, որ այդ ամենը սովորեցնի»,- ասաց մեր զրուցակիցը, ուրախությամբ ավելացնելով, որ այսօր փորձում են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել։ Հայաստանում, բարեբախտաբար, կադրեր դեռ մնացել են, սակայն հինգ տարի հետո չեն լինի, եթե այս պահից սկսած նրանց ներուժը չօգտագործվի։


Սովորաբար ռազմարդյունաբերությունն ու տնտեսությունը զուգահեռաբար են զարգանում, մեր զրուցակցի հավաստմամբ, եթե այսօր քայլեր անեն այս ոլորտում, տնտեսությունը հաստատապես կշահի, քանի որ նույն տեխնոլոգիաներով հնարավոր է նաև քաղաքացիական արտադրանք տալ։ «Իհարկե, այսօր դժվար է եվրոպական արտադրողի հետ մրցակցության մեջ մտնել, իրավիճակը կտրուկ փոխվել է, բայց մեր ապրանքը կարող ենք գրավիչ դարձնել դրսում։ Մենք դրա փորձն արդեն ունենք։ Դուրսը նաև չնչին ծախսերով օգտվեց մեր գիտական ներուժից։ Կան երրորդ երկրներ, որոնց համար մեր արտադրանքը պահանջարկ կունենա։ Այս ամենն անելու համար հարկավոր է ոչ ֆորմալ մի մարմին»,- շեշտեց Զաքարյանը, ընդգծելով, որ այս ոլորտը կադրերով ապահովելու համար պետք է դպրոց հիմնել. «Գիտելիք ունես, բայց նրբությունները, փորձը քեզ պետք է սովորեցնեն։ Հանձնաժողովներ ստեղծելով խնդիրը չես լուծի։ ՈՒղղություններ կան, որ տարիների աշխատանք են պահանջում:
Միջոցները նպատակային պետք է ծախսել, որ չփոշիանան»։


Որպեսզի այսօրվա հատվածական քայլերը նպատակին ծառայեն, պետք է նախկին սխալներից դասեր քաղել ու ի վերջո հասկանալ՝ ինչո՞ւ ժամանակին այս ոլորտի աշխատանքը դադարեցվեց։ Պատճառը, բնականաբար, քաղաքական էր։ «Այն ժամանակվա ռազմական ղեկավարությունը համարեց, որ դրսից էլ կբերենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Սրա դեմ, որպես հանձնաժողովի քարտուղար, փորձում էի պայքարել, բայց դժվար էր, քանի որ չորս կողմից հակառակն էին անում, միայն բացասականն էին բարձրաձայնում, եղած դրականը քողարկելով։ Մարդիկ, ովքեր դրսից բերում էին ռազմամթերք, շահագրգիռ չէին տեղական արտադրությունը զարգացնելու հարցում»,- փաստեց Արտավազդ Զաքարյանը, հավելելով, որ ՊՆ-ում վերջին կադրային տեղաշարժերը բավականին դրական են, եկել են անշահախնդիր մարդիկ, հույսը մեծ է, որ արդյունք կլինի: Գոնե այսօր վերևներում պետք է հասկանան, որ անձնական հարստություն դիզելը, այսպիսի կարևորագույն ոլորտների հաշվին բիզնես գործունեություն ծավալելը կարող են կործանարար լինել ոչ միայն ռազմարդյունաբերության, այլև տնտեսության համար՝ կադրերի ոչնչացման տեսանկյունից։ Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք դասեր կքաղեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ