Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Երևանում ընդունված շուրջ 20 փաստաթղթեր համարժեք պատասխան են տալիս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դիրքորոշմանը»

«Երևանում ընդունված շուրջ 20 փաստաթղթեր համարժեք պատասխան են տալիս ԱՄՆ-ի և  ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դիրքորոշմանը»
20.12.2016 | 09:11

Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանից հետո տեղեկատվական դաշտում սկսվեցին սպեկուլյացիաներ, շահարկումներ, որոնց նպատակներից մեկը նսեմացնելն էր ՀԱՊԿ նշանակությունն ընդհանրապես, և երևանյան նստաշրջանի նշանակությունը մասնավորապես: Այս և ՀԱՊԿ նոր իրողությունների, աշխարհաքաղաքական ընդգրկուն հարցերի, Հայաստանի առաջնահերթությունների, առկա սպառնալիքների չեզոքացման և այլ հարցերի շուրջ է «Իրատեսի» հարցազրույցը ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ կարող եք ասել Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանից հետո տեղեկատվական դաշտում ոմանց հիվանդագին կամ ցավագին արձագանքների վերաբերյալ, մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն իսկապես գործունակ մարմին է:
-Հայաստանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանից հետո ծավալված տեղեկատվական սպեկուլյացիաները և կրքերը դեռ չեն հանդարտվել, արտահայտվում են նաև որոշակի սպասելիքներ, ակնկալություններ: Սակայն այդ իրադարձությունն ինքնին և ստորագրված փաստաթղթերն անհնար է դիտարկել գլոբալ քաղաքականությունից և գործընթացներից անջատ։ Մինչ մամուլը քննարկում էր Ղազախստանի նախագահի «անակնկալները» և հակասությունները կազմակերպության ներսում, քչերը նկատեցին, որ ՀԱՊԿ-ը դանդաղ, բայց հաստատուն քայլերով փոխում է իր կարգավիճակը միջազգային կազմակերպությունից դեպի իրական ուժային կենտրոնի։ Այդպիսի իրականությունը գուցե շատերին կարող է դուր չգալ, բայց որևէ մեկը չի կարող դրա հետ հաշվի չնստել։
Քսանից ավելի փաստաթղթեր, որոնք ընդունվեցին Երևանում, տալիս են համարժեք պատասխան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դիրքորոշմանը։
-Ինչպե՞ս չեզոքացնել առկա սպառնալիքները, ի՞նչ է արվել կամ արվելու այդ ուղղությամբ:
-Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը։ Խորհրդի կազմի մեջ են մտնում ՀԱՊԿ անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները։
ՀԱԽ նստաշրջանի ժամանակ, որն անցավ նեղ շրջանակում և լիագումար նիստի ձևաչափով, պետությունների ղեկավարներն ընդունեցին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությունը, ինչը նստաշրջանի գլխավոր արդյունքներից մեկն է: ՀԱՊԿ երևանյան ռազմավարությունը ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025 թվականը: Այն ՀԱՊԿ հավաքական անվտանգության զարգացման պլանավորման հիմքըն է, որի նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների առջև ծառացած մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացումը։
Նշեմ, որ փաստաթուղթը ֆիքսում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025 թվականը, ամրագրում է բոլոր կողմերով համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։
-Էլ ի՞նչ առանցքային որոշումներ, փաստաթղթեր ընդունվեցին ՀԱՊԿ ՀԱԽ երևանյան նստաշրջանում, խնդրում ենք ներկայացնել դրանց դերի ու նշանակության Ձեր գնահատականը:
-ՀԱԽ-ը որոշում է ընդունել ստեղծելու Ճգնաժամային արձագանքման կենտրոն, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները, լրացուցիչ միջոցների ձեռնարկումն ահաբեկչության դեմ պայքարում։ Հաստատվել է նաև «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ» որոշումը:
Բացի այդ, ընդունվել է ամփոփիչ հայտարարություն: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունել են հիմնական միջազգային հարցերին վերաբերող ամփոփիչ հայտարարություն, տրվել է ներկա իրավիճակի գնահատականը նոր մարտահրավերների և սպառնալիքների առկայության տեսանկյունից։ Պետությունների ղեկավարները մեկ անգամ ևս հաստատել են կազմակերպության դերը որպես կարևորագույն գործիքի, որն ուղղված է խաղաղության պահպանմանը, ՀԱՊԿ անդամ երկրների կայունության, անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովմանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ստորագրվել է հայտարարություն։ Ինչպես նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գործընկերները հայտնեցին իրենց աջակցությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում լարված իրավիճակի թուլացմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղության գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելուն։
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ռազմական կադրերի պատրաստման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակում ռազմական տեխնիկայի ստանդարտների հաստատմանը։ Այդ փաստաթղթերի նպատակն է առավել բովանդակալից դարձնել ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը:
ՀԱՊԿ ռազմավարական նպատակը կոլեկտիվ անվտանգության ապահովումն է պետությունների ջանքերի և ռեսուրսների միավորման միջոցով` հիմնված ռազմավարական գործընկերության, միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի վրա։
ՀԱՊԿ ռազմավարական նպատակի իրականացման հիմքում ընկած է պետությունների հավաքական անվտանգության ապահովման սկզբունքը յուրաքանչյուրի ազգային անվտանգության ամրապնդման միջոցով։
Ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման դինամիկան և կանխատեսումները աշխարհում և տարածաշրջաններում, որոնք ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում են, որոշվում են մի շարք գործոններով, որոնք կարող են ունենալ բացասական ազդեցություն կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա։
-Ի՞նչ գործոններ նկատի ունեք:
-Մասնավորապես` նոր և արդեն գոյություն ունեցող միջազգային և ներպետական հակամարտությունների սրումը, որոշ դեպքերում ուժի կիրառմամբ տնտեսական և քաղաքական նպատակների իրականացումը, այդ թվում նաև տնտեսական և տեղեկատվական ճնշման միջոցով պետությունների ներքին գործերին խառնվելու պրակտիկան, «գունավոր հեղափոխությունների» և «հիբրիդային պատերազմների» տեխնոլոգիաների կիրառման պրակտիկան։
Նաև` որոշ երկրների կողմից միջազգային պայմանավորվածությունների խախտումը, ինչպես նաև նախկինում կնքված պայմանագրերի չկատարումը ռազմամթերքների արգելքի, կրճատման և սահմանափակման բնագավառում, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կամայական մեկնաբանումը, երկակի ստանդարտների քաղաքականության կիրառումը, միջազգային հարաբերություններում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, գոյություն ունեցող հակամարտությունների լուծման հարցում պետությունների ներգրավումը միջազգային իրավունքի նորմերին հակառակ և տվյալ հակամարտության կարգավորման ձևաչափից դուրս, նոր ռազմական խմբավորումների ստեղծումը և արդեն գոյություն ունեցողների մեծացումը ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքին հարակից տարածքներում, ռազմական ճանապարհով միջպետական հարցերի լուծման մասին հայտարարությունները։
Հավելեմ, որ այդպիսի գործոններից են նաև միջէթնիկական և միջկրոնական անհանդուրժողականության ավելացումը, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքների ավելացումը, այդ սպառնալիքներին դիմակայելու միջազգային գործնական համագործակցության մակարդակի ոչ բավարար լինելը, թմրանյութերի, հոգեմետ և դրանց համարժեք միջոցների անօրինական շրջանառությունը։
Խորհրդի նստաշրջանում, ընդհանուր առմամբ, ընդունվել է շուրջ 20 փաստաթուղթ։
-Ի՞նչ կարող եք ասել ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի առիթով հայաստանյան ընդդիմության բերած փաստարկների կապակցությամբ:
-ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի վերաբերյալ Հայաստանի ընդդիմության չակերտավոր փաստարկները կրում են ընդամենը քարոզչական բնույթ, որևէ ընդհանուր բան չունեն աշխարհաքաղաքական իրողությունների, առկա հակամարտությունների, ուժերի վերադասավորման հետ, ինչպես նաև պետությունների շահերի բախման և նրանց ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների չեզոքացման հետ։
Ստորագրված փաստաթղթերի գնահատման փոխարեն, որոնք, ի դեպ, ուղղված են նաև Հայաստանի անվտանգության բարձրացմանը, որոշ քաղաքական գործիչների և ռազմական վերլուծաբանների հետաքրքրում էին երկրորդական հարցեր: Օրինակ` ինչո՞ւ Հայաստան չժամանեց Ղազախստանի նախագահը, ինչո՞ւ չնշանակվեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը և այլն։ Ավելին, առանց ստորագրված փաստաթղթերն ուսումնասիրելու, այդ ընդդիմախոսները հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, պահպանելով միայն հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները։
Նման գնահատականները լուրջ չեն, քանզի այդպիսիք կարող են տալ միայն չակերտավոր մասնագետները, որոնք այդպես էլ չեն կարողանում իրապես գնահատել Հայաստանի առջև կանգնած նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները, ի վիճակի չեն գնահատելու առկա իրողությունները և արձագանքում են իրադարձություններին՝ ելնելով սեփական սուբյեկտիվ ընկալումներից։
Ինչպես ասում են, «առանց մեկնաբանությունների», քանի որ այսպիսի «մասնագետները» սև կատու են փնտրում մութ սենյակում, լավագույն դեպքում օգտագործելով իրենց հիվանդագին երևակայությունը, իսկ վատագույն դեպքում կատարում են իրենց անդրօվկիանոսյան գործատուների պատվերները։
Ամեն դեպքում, մոտակա 8 տարիներին ծանր և քրտնաջան աշխատանք է սպասվում։ Կրկնեմ, որ Հավաքական անվտանգության ռազմավարության ընդունման նպատակն է ՀԱՊԿ անդամ երկրների առջև առկա մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացումը, այլ ոչ թե քարոզչական հնարքները։
Ինչ վերաբերում է որոշ տեխնիկական հարցերի շուրջ մտահոգություններին, ապա դրանք արագ կստանան իրենց լուծումը, նախագահ Նազարբաևը կապաքինվի, իսկ 2016 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը, աշխատանքային բոլոր տարաձայնություններն էլ կհարթվեն։
Վերջապես, կասկած չկա, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար աշխարհաքաղաքական մարտահրավերների աղբյուրը նույնն է, հետևաբար այդ մարտահրավերներին դիմակայելը և նրանց չեզոքացումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի արդյունքում։


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3673

Մեկնաբանություններ