Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
20.12.2016 | 09:17

(սկիզբը՝ այստեղ)

Աննայի մորը գտանք երկրաշարժի չորրորդ օրը, տեղը ցույց տվեց Սպիտակի թիվ 1 դպրոցի աշակերտուհին.
-Երբ երկրաշարժը սկսվեց, ես դաս էի պատմում, ընկեր Ասյան ինձ միանգամից դուրս հրեց ու մնաց ահա այստեղ՝ պանելի տակ:
Այո, պանելների տակ շատերը մնացին, անմեղ ու իրենց տների սեյսմակայունությունից անտեղյակ մարդիկ, մնացին պանելների տակ ու զոհվեցին: Զոհերի թիվը անհամեմատ ավելի քիչ կլիներ, եթե քաղաքացիական ու արդյունաբերական շինությունները որակյալ լինեին, դրանց հաշվին պետական չինովնիկները փողեր չաշխատեին: Հիմա, երբ լսում ես, թե նախկին ու ներկայիս իշխանավորները ի՞նչ ջանասիրությամբ ու համառությամբ, փրփուրը բերաններին շարունակում են խոսել, ապացուցել ու երկրաշարժի մեղքերը բարդել Գորբաչովի վրա, իմ հոգում մի տրամաբանական ճիչ է շրջանառվում.
-Տո սրիկաներ, գողեր ու դավաճաններ, եթե ժամանակին քիչ գողանայիք, ապա այնպիսի սեյսմակայուն տներ ու գործարաններ կունենայինք, որ Գորբաչովը չէ, Գորբաչովի հարազատ թուրք պապն էլ գերեզմանից գար, չէր կարողանա դրանք քանդել, 25 հազար զոհ տալ ու նույնքան մարդկանց էլ հաշմանդամ դարձնել, հաշվեք ձեր «աշխատած» փողերն ու բաժանեք երկրաշարժի զոհերի ու հաշմանդամների ընդհանուր թվի վրա, տեսեք, թե ինչ կստացվի, տեսեք, թե ինչ մեղք եք բարդել ձեր խղճի վրա, իհարկե, եթե դուք խիղճ ունեցել եք, ինչին խիստ կասկածում եմ:


ԽՍՀՄ փլուզման պատճառները հասկանալու համար պետք չէ ուսումնասիրել Մարքսի, Լենինի ու մյուս հանճարեղ մարդկանց գործերը, պետք է ուսումնասիրել մեր նոմենկլատուրային «հանճարների» և, ըստ էության, տնտեսական հարցերում բացարձակ բոբիկ անճարների գողական «գործերը», և պարզ կդառնան, թե ինչու քանդվեց մեր նախկին երկիրը, և ինչու կքանդվի ու կկործանվի մեր ներկա երկիրը: Սպիտակի երկրաշարժի ու հետերկրաշարժյան զարգացումների պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդային իշխանական վերնախավը չափազանց ծանր հանցանքներ էր գործել սեփական ժողովրդի նկատմամբ, այնպիսի մի անբարոյական միջավայր ու մթնոլորտ էր ձևավորել խորհրդային կայսրության լայնքով ու երկայնքով, որ անխուսափելիորեն պետք է կործանվեր, քանդվեր, մասերի բաժանվեր ու քայքայվեր: Նույնը, ավելի ահավոր ձևերով, շարունակվում է հիմա՝ հետխորհրդային բոլոր երկրներում փրկության մի նշույլ անգամ չեմ տեսնում, եթե ամեն ինչ ընթանա նույն ձևերով ու տեմպերով։ Բայց վերադառնանք Սպիտակի երկրաշարժի բացահայտումներին: Ֆրանսիացի մի փիլիսոփա տվել է մարդ արարածի կյանքի կարևոր առաջնությունների (տՐՌՏՐՌՑպՑօ) հետևյալ դասակարգումը՝ ըստ կարևորությունների.
1) մարդը նախ և առաջ մտածում է իր կյանքը-կաշին փրկելու մասին, երկրաշարժերի, պատերազմների, ջրհեղեղների ժամանակ մարդը փախուստի է դիմում՝ հաճախ նաև ուրիշների գլուխները տրորելով, դա մարդու կարևոր բնական ռեակցիան է, կենդանիների մոտ էլ է համարյա այդպես։
2) Սովի հաղթահարումը համարվում է մարդու երկրորդ կարևոր գործը, կյանքը-կաշին փրկելուց հետո մարդը պետք է լուծի իր սննդի ու ջրի խնդիրը, մի խոսքով՝ մտածի իր փորի մասին։
3) Առողջության վերականգնումը, մարդը զբաղվում է իր վերքերի բուժման խնդիրներով։
4) Այդ դասակարգման մեջ սեքսը, սերունդը շարունակելու գործը համարվում են չորրորդ կարևորության խնդիր։
5) Հինգերորդ տեղում հանգիստն է, մարդը պետք է քնի, հանգստանա, վերականգնի իր ուժերը:
6) Վերջին կետը կամ վերջնակետը՝ սեփական զվարճանքի կազմակերպումն է: Վերջինս համարվում է էլիտային մտածողության ու մտահոգության մեծագույն առարկան. որտեղ դիմավորել Ամանորը՝ Դուբայո՞ւմ, թե՞ Փարիզում, որտե՞ղ նշել հարսի ծնունդը, գետաձիո՞ւ, թե՞ փղի որսի գնալ այս անգամ, ղումար խաղալու համար ո՞ւր է պետք մեկնել՝ Լաս Վեգա՞ս, Մոնտե Կառլո՞, թե՞ Ատլանտա, որտեղ ճիշտ կլինի գարեջուր կամ թանկանոց շամպայն գինի խմել և այլն, և այլն:


Խորհրդային քաղաքացիների կյանքը հիմնականում տեղավորվում էր ֆրանսիացի փիլիսոփայի առաջարկած առաջնահերթությունների ցուցակում: 6-րդ կետը հատուկ է միայն մերօրյա հետխորհրդային էլիտար դասին: Սպիտակի երկրաշարժն ու Ղարաբաղի պատերազմը ցույց տվեցին, որ հայերի պարագայում ֆրանսիացի փիլիսոփայի գաղափարները տեղին չեն, որոշակի շեղումներ կան: Պարզվում է՝ օրհասական դժվարին պահերին մեզ մոտ սեփական կյանքը փրկելու հարցը ամենակարևորը չէ, համենայն դեպս, առաջին տեղում չէ: Վերցնենք մեր Աննայի պատմությունը: Երկրաշարժի ժամանակ Աննայի ուսուցչուհու միտքը ուղղված չէր սեփական մարմինը փրկելուն՝ փախուստի դիմելու կամ սեղանի տակ թաքնվելու ճանապարհով, նա մտածել էր ուրիշի երեխային փրկելու մասին. ուսուցչուհին իր գիրկն էր առել երեխային, սեփական մարմնով պատսպարել ու իր կյանքի գնով փրկել Աննային: Բացարձակապես նույն կերպ էր վարվել Աննայի մայրը. առաջին հերթին դասարանից դուրս էր հրել ուրիշի երեխային ու, համոզված եմ, կշարունակեր փրկել մյուս աշակերտներին, եթե չզոհվեր: Ես արդեն պատմել եմ, թե Գորբաչովին ինչ հարց տվեց այն գյումրեցին, որի կյանքը փրկել էին՝ հանելով փլատակների տակից.
-Ղարաբաղի հարցը ինչպե՞ս է լուծվելու:
-Լսիր, դու քո մասին մտածիր, հազիվ ես փրկվել, Ղարաբաղի մասի՞ն ես մտածում:
2016 թվականի ապրիլին նույն կերպ մեր ժողովուրդը կարողացավ զարմացնել ու զայրացնել Պուտինին, որին պետք էր կազմակերպել ադրբեջանական բանակի պատերազմական մի թեթև զբոսանք ու Ղարաբաղից որոշ հողատարածքներ տրամադրել Ադրբեջանին, չստացվեց, հաշվարկները սխալ դուրս եկան. երիտասարդ հայ սպաներն ու պատանի զինվորները չվախեցան, մարտի դաշտից չփախան՝ ադրբեջանցիների պես, չլքեցին իրենց դիրքերը, չնահանջեցին, անձնական հերոսության ու կյանքի գնով ձախողեցին Պուտինի պլանները: Ավելին, Հայաստանում կամավորական շարժման մի այնպիսի ալիք բարձրացավ՝ դեպի մարտի դաշտերը, որ ողջ աշխարհը զարմացավ: Այո, մենք կարող ենք մեր անձնական մեծ ու փոքր խնդիրները մի կողմ թողնել ու մշտապես մտածել և՛ Ղարաբաղի, և՛ հայ ժողովրդի ապագայի, և՛ Հայաստանի տնտեսության, և՛ պատերազմի թոհուբոհի մեջ հայտնված Սիրիայի հայության, և՛ բոլոր այն հարցերի մասին, որոնք վերաբերում են մեր հրաշալի ազգին ու նրա առանձին ներկայացուցիչներին:


Հարց՝ եթե մեր ազգը այդքան առաքինի է, մարդկային է, աշխատասեր ու գրագետ է, ապա ինչո՞ւ են մեր գործերն այդքան վատ, ինչո՞ւ տնտեսական ճգնաժամից դուրս չենք գալիս: Սրա պատասխանը ևս կա, ու կարող եմ հիմնավոր ձևով բացատրել՝ հիմնվելով երկրաշարժի թեմայի հետ առնչվող կոնկրետ օրինակների վրա, որոնցից հետո մի այսպիսի անպատասխան հարց է առաջ գալիս. ինչի՞ց է, որ հայերիս մեջ վատը շատ է, ե՞րբ ենք վերջապես խելքի գալու և, ողջ ազգով, հայ մարդուն վայել մարդկային կերպարանք ստանալու:
Հաջորդ պատմություններս պատիվ չեն կարող բերել մեր ազգին, բայց դրանք ևս պետք է ներկայացնել՝ հույս ունենալով սկիզբ դնելու մեր ապաշխարման ու ինքնամաքրման գործընթացներին, ինչը հույժ կարևոր է մեր ժողովրդի անվտանգության ու հարատևման համար:


Պատմություն 1: Պատմել է Գերմանիայի քաղաքացի Անդրանիկ Մելքոնյան-Ռեդերդսը: - 1989 թվականի հունվարին երեք գերմանացիների հետ ժամանեցինք Հայաստան, Կիրովականի արհեստական թելերի գործարանի աշխատողների համար 600 հազար դոլարի օգնություն էինք բերել: Օդանավակայանում մեզ դիմավորեց Բ. Տ.-ն, գիշերը մեզ տեղավորեցին «Արմենիա» հյուրանոցում, առավոտյան պետք է մեկնեինք Կիրովական: Առավոտյան Բ. Տ.-ն եկավ հյուրանոց,
-Կիրովական չենք գնալու, ձեր խմբին պետք է ցույց տանք Հայաստանի տեսարժան վայրերը, գնալու ենք Գառնի-Գեղարդ, հետո Տաթև:
-Բայց մենք տուրիստ չենք եկած, օգնություն բերած ենք, մեզ տարեք Կիրովական:
-Կիրովականը հետո, հիմա գնում ենք Գառնի:
Ինչ արած, մեզ տարան Հայաստանը ցույց տալու, երեք օր այդպես անցուցինք: Երեք օր հետո հանդիպեցինք Բ. Տ.-ի հետ:
-Ախպար, նորեն տեղ մը չենք ուզեր գնալ, մեզի տարեք Կիրովական, մենք երկրաշարժեն տուժած մարդկանց օգնություն տալու համար եկած ենք:
-Այսօր կգնաք Կիրովական, բայց ձեզնից ամեն մեկը ինձ պետք է տա 4 հազար դոլար:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ձեզ տարել եմ Գառնի-Գեղարդ, Տաթև, ռեստորանում հաց եմ կերցրել, հետո տղայիս հարսանիքին եք մասնակցել, պետք է վճարեք:
-Ես ոչ մի ցենտ ալ չեմ տա, մեզի ոչ մի բան պետք չէր, մենք մարդկանց օգնելու եկած ենք, դու մեզ էստեղ-էնտեղ կուտանիս, մեզ Կիրովական չես ուղարկում, աս ինչ փորձանքի մեջ ընկած ենք, դու ուրդեղեն մեզի ռաստ էգար: Գերմանացի ընկերներս հարցուցին.
-Աս մարդը ինչո՞ւ կգոռգոռա, ուզածն ի՞նչ է։
Ասացի, թե մեզմե ինչ կուզե, երեք գերմանացին էլ սուս ու փուս հանեցին, ու ամեն մեկը 4 հազար դոլար տվեց Բ. Տ.-ին: Հետո մենք գնացինք Կիրովական, օգնությունը տեղ հասցուցինք, բայց բոլորիս տրամադրությունները փչացած էին: Գերմանիայում նրանք հարցազրույց տվեցին տեղական հեռուստաալիքներից մեկին, թերթերում գրեցին Սպիտակի երկրաշարժի, Հայաստանի, Գառնի-Գեղարդի, Տաթևի, հարսանիքի ու 4 հազար դոլարի պատմության մասին:


Խորհրդային ու անկախ Հայաստանի պատմության մեջ, տարբեր առիթներով, մենք նման բ.տ.-ների շատ ենք հանդիպել ու դեռ շատ կհանդիպենք։ Նման մարդկանց ձեռքով է, որ Հայաստան երկիրն անընդհատ միայն կորցրել է ու դեռ շատ է կորցնելու, դրանք այն «շուստրիներն» են, որոնք պատրաստ են հայրենիքի մասին քաղցր կենացներ ասելու, բայց իրենց մարդկային կերպարով ու էությամբ միայն պախարակում, այլանդակում, ապականում ու պղծում են հայ մարդու սուրբ կերպարը՝ փչացնելով ու զրոյացնելով ազնիվ մարդկանց ստեղծածը: Միայն ու միայն այդ «շուստրիներն» են մեր տնտեսական անհաջողությունների պատճառը, հազարավոր ազնիվ ու աշխատասեր հայորդիների արածը կարող է միանգամից ջուրը լցվել, եթե գործին խառնվում է նման թեկուզ և մեկ տականք: Այդ ամենը առավել քան զազրելի ու նողկալի է դառնում, երբ գիտակցում ես, որ նման «շուստրիություն» է ցուցաբերվում երկրաշարժի պատճառով դժբախտության մեջ հայտնված հայ մարդուն օգնության ձեռք մեկնող, բարի կամք դրսևորող մարդկանց նկատմամբ: Մեզանում հաճախ է խոսվում այն մասին, թե իշխանությունները պետք է կարողանան կամք դրսևորել, իրենց շարքերը մաքրել իշխանական տանիքների տակ ծվարած իրենց անբան ծանոթ-բարեկամներից (եթե ուշադրություն դարձնենք Հայաստանի տարբեր նախարարությունների, կառավարության շենքի ու քաղաքապետարանի առանձնասենյակների վրա փակցրած ազգանուններին, ապա կտեսնենք, որ, զարմանալի «պատահականություն» կա. միևնույն ազգանունները փակցված են Ազգային ժողովի առանձնասենյակների դռներին): Դա անհրաժեշտ, բայց դեռ բավարար պայման չէ երկրի գործերը կարգավորելու համար, հասարակությունը պետք է մաքրվի նաև այնպիսի մարդկանցից, ովքեր «գործ» անելու համար կարող են դիմել ցանկացած ստոր քայլի ու միջոցի՝ առանց հաշվի առնելու մարդկային բարոյականության, հասարակության և ազգի ընթացիկ ու հեռանկարային շահերը, ովքեր գործում են բոլոր հնարավոր ուղղություններով՝ նյութական ու, հատկապես, բարոյական աններելի վնասներ հասցնելով մեր ժողովրդին՝ խաթարելով հայ մարդու միջազգային հեղինակությունը: Նրանցից ազատվելը, իրենց արժանի տեղը ցույց տալը, տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքից մեկուսացնելը, նաև ու, առաջին հերթին, քրեական պատասխանատվության ենթարկելը կդառնա այն կարևոր քայլերից մեկը, այն միջոցը, որը թույլ կտա ազատագրվել և ինքնամաքրվել խորհրդային ստալինյան-բրեժնևյան-գորբաչովյան-ԼՏՊ-ական կեղտերից:


«Մամիկոնյանը ծնում է դավաճաններ... Մամիկոնյանը ծնում է և հերոսներ.... նրա ձեռքը չդողաց թափել յուր հարազատի արյունը, որ դավաճանում էր... յուր հայրենիքին... Իսկ ե՞ս...» (Րաֆֆի, «Սամվել»): Իհարկե, պետք է թափել բոլոր դավաճանների արյունը՝ անկախ նրանից, թե որ ճակատում են նրանք գործում՝ երկրի ներսո՞ւմ, թե՞ սահմանին:
Մի քանի օր առաջ կյանքից հեռացավ Ֆիդել Կաստրոն՝ համաշխարհային պատմության կարևորագույն դեմքերից մեկը։ Աշխարհը տարբեր կերպ էր ընկալում նրա կերպարը, բայց մեր հիշողության մեջ նա կմնա որպես մարդ, որն իր սեփական դոնորական արյունը տրամադրեց երկրաշարժից տուժած հայ մարդուն փրկելու համար, յուրովի արձագանքեց հայ ժողովրդին հասած դժբախտությանը:
Անդրանիկի հետ եկած գերմանացիները ևս բարի նպատակներով էին ժամանել Հայաստան, բա՞յց... ի՜նչ արած, դարեր շարունակ այսպիսին են եղել հայ ժողովրդի պալիտրան, գունաբույլքն ու համերանգությունը, սա է մեր իրականությունը, այստեղ է թաքնված մեր հին ու նոր անհաջողությունների գաղտնիքը, այսպիսին են հայ մարդու կերպարն ու ճակատագիրը:


Մեր պատմության հերոս Բ.Տ.-ն գերմանացի բարերարներին խաբել էր նաև հյուրանոցի հարցում՝ 50-դոլարանոց համարների դիմաց յուրաքանչյուրից կանխավ վերցնելով 100-ական դոլար: Բայց այս պատմությունը մի կողմ թողնենք՝ որպես շարքային-համատարած պատմություն, Գերմանիայի քաղաքացի Անդրանիկն ավելի կարևոր պատմություն էլ է արել՝ կապված հայոց եղեռնի հետ: Ժամանակին ես խոստացել էի ներկայացնել 1915 թվի հետ կապված մի կարևոր պատմություն, որը ինձ էր փոխանցել գերմանահայ բարերարը: Անդրանիկը իմ լավ ընկեր, ֆրանսահայ Վազգեն Մելքոնյանի ավագ եղբայրն է՝ մասնագիտությամբ բժիշկ, աշխատել է գերմանական ոստիկանությունում որպես էքսպերտ և թարգմանիչ, տիրապետում է արաբերենին, թուրքերենին ու քրդերենին, ամուսնացած է եղել գերմանուհու հետ, երեխաներ չունի, իր ողջ ունեցվածքը ժառանգել է Վազգենին ու Սպիտակում մինչ օրս շարունակում է իրականացնել իր սեփական բարեգործական ծրագրերն ու ակցիաները: Մելքոնյան եղբայրների հետ կազմակերպել ենք Սպիտակի արևային պոլիգոնը: Անդրանիկը արաբերեն մի գիրք էր հրատարակել, որտեղ տարբեր պատմություններ են արված՝ կապված Հայոց եղեռնի հետ, դրանցից շատերը մեզ հայտնի են, բայց կան նաև այնպիսի ցնցող պատմություններ, որոնց մենք ծանոթ չենք, որոնք կարող են նոր էջ բացել 1915 թվականի ցեղասպանության պատմության մեջ, թույլ տալ ամբողջական պատկեր կազմել հայոց եղեռնի մասին, ուսումնասիրել ու հասկանալ եղեռնի հետ կապված բոլոր երևույթները՝ ինչպես որ եղել են իրականության մեջ: Ֆրայբուրգում ապրող Անդրանիկը մի գերմանացի հարևան է ունեցել՝ լյութերական եկեղեցու սպասավոր: Մի առիթով նա պատմել է, որ իրենց արխիվում նյութեր կան Հայոց եղեռնի մասին, որոնցում, մասնավորապես, հիշատակվում է, որ 1915 թվականին Թուրքիայից Գերմանիա են տեղափոխվել 100 հազար մանկահասակ հայ երեխաներ, որոնք բաշխվել են գերմանացիների ընտանիքների միջև՝ ապրելով ու դաստիարակվելով որպես գերմանացիներ: Նրանք անչափ աշխատասեր ու ընդունակ են գտնվել, լավ են սովորել, բարձրագույն կրթություն ու բարձր պաշտոններ ստացել Գերմանիայում: Նրանց հաջորդ սերունդները ևս դաստիարակվել են գերմանական ոգով, կրթվել, առաջ են գնացել, դարձել են մեծահարուստներ, բարձր պաշտոնյաներ:
-Երբ չեն խոսում, կասես իսկական հայեր լինեն, իրենք էլ չգիտեն իրենց ծնողքաց պատմությունները, եկեղեցուն խնդրեցի, որ թույլ տան ծանոթանամ այդ արխիվներին, թույլ չտվեցին, պատճառաբանեցին, որ այդ իրավունքը Գերմանիայի քաղաքացիներին չի տրված, պետք է Հայաստանի քաղաքացի լինել,- պատմում է Անդրանիկը:


Չնայած Բ. Տ.-ի հետ ունեցած իր տհաճ պատմությանը, Անդրանիկը հաղթահարեց ինքն իրեն, մոռացության տվեց այդ դեպքերը, դժվարությամբ, բայց ստացավ Հայաստանի իր անձնագիրը, թե ի՞նչ շարունակություն ստացան գերմանական եկեղեցու այդ արխիվային պատմությունները՝ չգիտեմ, տեղյակ չեմ, չորս տարի է՝ Անդրանիկը Հայաստան չի գալիս, կնոջը կորցնելուց հետո ապրում է ծերանոցում: Եթե 100 հազար հայ երեխաների պատմությունը հետաքրքրություն ներկայացնի մեր ցեղասպանագետների համար, ապա կարող եմ տրամադրել Անդրանիկի կոորդինատները, դրանց արժանահավատությանը կարելի է չկասկածել՝ հաշվի առնելով նաև իմ հետևյալ դիտարկումները: 1915 թվականի մասին արած վավերագրական կադրերից, որոնք եղեռնի օրերին հիմնականում արվել են գերմանացի կինոօպերատորների կողմից, իմ աչքերի առաջ գալիս է մի տեսարան, երբ թուրք ասկյարները հայ կնոջ ձեռքից ուժով խլում են 3-4 տարեկան երեխային: Մորն ու երեխային չեն սպանում, այլ զոռով բաժանում են իրարից ու երեխային տանում են։ Հարց՝ ո՞ւր են տանում: Այս էպիզոդը իմ մեջ միշտ տարաբնույթ հարցեր է առաջացրել, որոնց պատասխանը կարելի է ստանալ Անդրանիկի պատմության մեջ. հնարավոր է (ավելի շուտ՝ այդպես էլ կա), որ մորից պոկված այդ երեխան մեկն էր այն հարյուր հազարից, որ տարվել են Գերմանիա, հնարավոր է, որ այդ դաժան գործողությունները ևս թուրքերը կատարել են կազմակերպված ձևով՝ գերմանացիների պատվերով՝ որպես արիական թարմ արյուն ու գենետիկ հարմար մատերիալ իրենց ազգի որակը բարձրացնելու համար:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ