Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Լավ կինո նկարելու համար պետք են լավ մասնագետներ, ինչպես, օրինակ, լավ հաց թխելու համար պետք է լավ հացթուխ»

«Լավ կինո նկարելու համար պետք են լավ մասնագետներ, ինչպես, օրինակ, լավ հաց թխելու համար պետք է լավ հացթուխ»
20.12.2016 | 09:32

Սկզբում քաղաքում շրջանառվեցին «Կյանք ու կռիվ» ֆիլմը գովազդող ցուցապաստառները, իսկ հետո խոսակցություններ այն մասին, որ լավ ֆիլմ է էկրաններին:
Երկար ժամանակ խոսում էինք այն մասին, որ այսօրվա սերունդը չգիտի՝ ով է իր հերոսը: Խոսում էինք նաև այն մասին, որ հերոսների ժամանակն անցել է: Ապրիլյան դեպքերի ժամանակ անակնկալի եկանք: Հերոսը մեր մեջ էր: Պարզվեց՝ ոչինչ չի մոռացվել:
Խոսվում էր նաև այն մասին, որ չունենք կինո, գրականություն Արցախյան ազատամարտի ու մերօրյա հերոսների մասին, թեև, պետք է ասել, անդրադարձ եղել է և՛ կինոյում, և՛ գրականության մեջ:


Մհեր Մկրտչյանի ֆիլմում պատկերված են 90-ականների լույսն ու մութը: Մարդկային կյանքի բազմաթիվ պատմություններ են «գրվել» այդ տարիներին: Նրանց կյանքը շարունակվում է նաև այսօր` Հայաստանում, Հայաստանից դուրս, Եռաբլուրում։ Նրանց կյանքի վրա իրենց դրոշմն են թողել 90-ականների մութը, ցուրտը, պատերազմը: «Կյանք ու կռիվը» ֆիլմ է մարդու մասին, ազատամարտի մասին, խաղաղության մասին, ընկերության և սիրո մասին:
«Իրատեսի» զրուցակիցը ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՆ է:

-Ինչո՞ւ որոշեցիք նկարահանել «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
-Ստացել եմ առաջարկ, հավատացել գաղափարին և որակ ստանալու հնարավորությանն ու տեղափոխվել Մոսկվայից Երևան` այս ֆիլմը նկարահանելու:
-Լավ ֆիլմ ստեղծելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո (հետանկախության շրջանի մասին է խոսքը) կարծես հանգել էինք այն համոզման, որ մենք կինո նկարել չգիտենք: Մի տեսակ հաշտվել էինք այս մտքի հետ: Հատուկենտ լավ ֆիլմերից հետո տեսնում ենք լավ ֆիլմ մեզ համար այնքան կարևոր թեմային` ազատամարտին առնչվող: Պարզվեց` մենք կինո նկարահանել գիտենք: Բայց ի՞նչ էր պետք ստեղծված «օազիսում» նման ֆիլմ արտադրելու համար:
-Լավ կինո նկարելու համար պետք են լավ մասնագետներ, ինչպես, օրինակ, լավ հաց թխելու համար պետք է լավ հացթուխ: ՈՒրիշ պայման չկա: Շատ դեպքերում նույնիսկ ֆիլմի բյուջեն կարևոր չէ:
-Առաջնորդվո՞ւմ էիք այն մտայնությամբ, որ ազատամարտի մասին կա՛մ չպետք է առհասարակ ֆիլմ նկարահանել, կա՛մ նկարահանել լավ կինո:
-Ճիշտն ասած, առաջնորդվում եմ նրանով, որ առհասարակ պետք է լավ ֆիլմեր նկարահանել:
-Ըստ Ձեզ` ո՞ր դեպքում է կինոն ազդեցություն, ուժ ունենում:
-Ես չգիտեմ այդ բանաձևը, պարզապես միշտ փորձում եմ անկեղծ ֆիլմ անել և շրջապատում եմ ինձ այն մասնագետներով ու դերասաններով, ովքեր պատրաստ են նույնն անելու:
-Այս ֆիլմը «վավերացնո՞ւմ» է մեր պատմությունը, թե՞ օգնում է վերանայել-արժևորել անցյալը, ներկան, նաև ապագան:
-Կինոն էմոցիաների միքս է և առաջին հերթին` մարդկանց մասին: Ես չգիտեմ՝ կարողացե՞լ ենք արդյոք արժևորել անցյալը, ներկան և ապագան: Մենք պարզապես փորձել ենք նկարահանել լավ ֆիլմ: Ստացվել է, թե ոչ` դատում են մասնագետներն ու առաջին հերթին՝ հանդիսատեսը:
-Հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք: Այս տարիներին մենք կորցրել ենք նաև լավ հանդիսատեսին, կարծես, թեթև ժանրի ֆիլմերն են քիչ թե շատ լցնում կինոթատրոնները: Մտավախություն չունեի՞ք, որ գուցե չստացվի կինո-հանդիսատես կապը:
-Իհարկե ունեինք: Մտավախություն կա միշտ: Նկարահանելիս երբեք չես կարող իմանալ՝ ինչպես կընդունի ֆիլմը հանդիսատեսը:
-Ֆիլմում կարելի է տեսնել և՛ հայտնի, և՛ անփորձ դերասանների: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել նրանց, հատկապես գլխավոր հերոսին` ինքնատիպ, կրթված, խենթ Տիգրանին մարմնավորող Սամվել Թադևոսյանին:
-Առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքներով` տաղանդ, համապատասխանություն կերպարին և ռեժիսորի ներքին զգացողություն, որ չի սխալվում իր ընտրության մեջ:
-Համաձա՞յն եք, որ ֆիլմի հաջողության առաջին գրավականը լավ սցենարն է:
-Այո: Լավ սցենարով հնարավոր է վատ ֆիլմ նկարել, վատ սցենարով լավ ֆիլմ` ոչ:
-Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից, հիմքում ազատամարտն է, 90-ականների թոհուբոհը: Իսկ դրանից զատ` դեպքերը, հերոսներն ունե՞ն իրական հիմք, նախատիպ:
-Ոչ, բոլոր հերոսները հորինված են:
-Ֆիլմը փառատոնային կյանք կունենա՞:
-Դա պրոդյուսերական հարց է: Նրանք պետք է որոշեն՝ ուղարկե՞լ ֆիլմը այս կամ այն փառատոնի, թե՞ ոչ:
-Ֆիլմի նկարահանումների ժամանակ, պատերազմական տեսարաններին ժամանակի իրական շունչը փոխանցելու համար կիրառվել են «կենդանի» զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա և այլ զինամթերք: Ի՞նչ պատրաստություն պիտի անցնեն ստեղծագործական խումբը, դերասանները: Ի՞նչ է պետք պատերազմական թեմայով ֆիլմ նկարահանելու համար:
-Բոլոր հերոսները, որոնք ընդգրկված էին մարտական տեսարաններում, վերապատրաստվել են հատուկ մասնագետների մոտ, ովքեր նրանց սովորեցրել են զենք բռնել, հատուկ հնարքներ գործադրել: Այդ մասնագետները մեր կողքին են եղել նաև նկարահանման հրապարակում և տեղում, անհրաժեշտության դեպքում, ճիշտ ուղղություն են տվել:
-Ֆիլմը շարունակություն ունենալո՞ւ է:
-Սկսվել են երկրորդ մասի աշխատանքները, շուտով ֆիլմն էլ պատրաստ կլինի:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ