Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նա կարող էր իր տեղը գտնել մեր անվանի գեղանկարիչների շարքում»

«Նա  կարող էր իր տեղը գտնել մեր  անվանի գեղանկարիչների շարքում»
20.12.2016 | 09:34

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված գեղանկարիչ, խեցեգործ Դավիթ Սարգսյանին: Ներկայացվեց նաև վաղամեռիկ նկարչի «Երանելի աշխարհը» խորագրով պատկերագիրքը, որ կազմել է Սերգեյ Գալստյանը, դիզայնը Մանե Արշալույսյանինն է:


«Ես բարեկամն եմ այդ ընտանիքի, մոտիկից ճանաչել եմ Դավթին. Նրա հետ հետաքրքիր էր շփվել, զրուցել, խոսել արվեստից, կյանքից (կյանքի մասին նա ուներ իր ուրույն հայացքները): Նա կատարյալ արվեստագետ էր, բազմակողմանի զարգացած, տաղանդավոր անհատականություն, ինչից ասես արվեստի գործ կստեղծեր,- ասում է կինոգետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԸ:- Չգիտեմ` Դավիթը ծանո՞թ էր Մերիլին Մոնրոյի այս արտահայտությանը. «Կնոջ մարմինը նրա համար է, որ երևա, ցուցադրվի, ոչ թե թաքցվի»: Չգիտեմ` նա ականաջալո՞ւր է եղել այս մտքին, թե՞ ոչ: Եվ Դավիթը ստեղծել է կանանց մերկ ֆիգուրների տասնյակից ավելի մի գեղազմայլ շարք: Կնոջ մարմնի ինչպիսի՜ նրբազգացողություն: Թվում է, թե սա նկարիչ Դավիթ Սարգսյանի հոգևոր հարստության գեղանկարչական հիմնն է»:

Մեր` «Ինչպիսի՞ն է նկարչի խառնվածքը, և, նայելով նկարները, տեսնո՞ւմ եք Ձեզ ծանոթ Դավիթ Սարգսյանին» հարցերին ի պատասխան կինոգետն ասաց. «Այո, բնավորությամբ պարզ էր, հասարակ, արդարամիտ, բարի, իր նկարչությունն այդպիսին է: Դավիթը տիրապետում էր աստվածատուր շնորհքի, արվեստում փորձում էր ստեղծել սեփական տարածք»:


Դավիթը մասնակցել է ցուցահանդեսների, իսկ առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է նկարիչների տանը 2015-ի հուլիսին: Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ կարծիքով` պետք է լիներ նրա առաջին ցուցահանդեսը նկարիչների միության ցուցասրահում. «Հետո պետք է լինեին շարքեր, քանի որ մենք գործ ունենք մի շատ հետաքրքիր, յուրօրինակ, ինքնատիպ ստեղծագործողի հետ: Հայ կերպարվեստն ունի բազմազան ուղղություններ, որոնք միշտ հայկական են, միշտ ազգային են: Դավթի գործերը հենց այդ շարքում են: Դավիթը վառ անհատականություն էր, հոյակապ մի նկարիչ և մարդ, ում ստեղծագործությունները, անկասկած, կհիշվեն, կմնան»:


«Զարմանում եմ, որ առիթ չի եղել հանդիպելու այս նկարչին,- մեզ հետ զրույցում ասաց լրագրող, արձակագիր, գեղանկարիչ ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆԸ:- Դատելով այս պատկերագրքից, կարելի է ասել, որ տաղանդի փայլուն դրսևորումներ կան այստեղ` քաղաքային տեսարաններ, բնապատկերներ, ֆիգուրներ, փայլուն տպավորություն թողեց «Ռուբինա» վերնագրված դիմանկարը, ակնհայտ է գույնի հրաշալի զգացողությունը: Նրբաճաշակ է նաև նյութի ընտրության հարցում: Կարողանում է արդյունքի հասնել գունամատիտով, ակրիլով, որոնցով հեշտ չէ աշխատելը: Ստեղծագործական լավ որոնումներ կան բոլոր այս աշխատանքներում: Ափսոս, որ շուտ հեռացավ կյանքից, նա կարող էր իր տեղը գտնել մեր անվանի գեղանկարիչների շարքում»:


Բանաստեղծ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց, որ դժվար է խոսել մի մարդու մասին, ում ստեղծագործական կյանքն անակնկալ ավարտ է ունեցել. «Բայց տխրության, թախծի հետ մեկտեղ կա ուրախության զգացում, որ գործ ունենք իր ստեղծագործություններով ապրող, շնչող մի արվեստագետի հետ, ում ստեղծած գործերը հնարավորություն են տալիս հետմահու խոսելու նրա արվեստի մասին, գնահատելու այն: Թերթելով պատկերագիրքը՝ տեսնում եմ նաև բանաստեղծական մտածողություն ունեցող մի անձնավորության, ով սիրել է կյանքը, կանանց, գեղեցկությունը և այդ ամենն արտահայտել է շատ լակոնիկ ու ընդհանրական գծերով»:


Դավիթ Սարգսյանը ծնվել է 1972-ին՝ Երևանում, սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետում: Ստեղծագործական գործունեության ընթացքում, իր մասնագիտությունից զատ, զբաղվել է խեցեգործությամբ և խճանկարով: Հիմնականում նկարել է յուղաներկով, պաստելով, իսկ վերջին տարիներին շատ էր սիրում աշխատել ակրիլով: Նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել մասնավոր հավաքածուներում, հիմնականում՝ Երևանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ