Ինչպես բանաստեղծ սպանել

Ինչպես բանաստեղծ սպանել
20.12.2016 | 10:33

Պետերբուրգցի գրող Նիկոլայ Աստաֆևը գիրք է հրատարակել, որտեղ 20 տարի տևած ուսումնասիրությունների հիման վրա ապացուցում է, որ Սերգեյ Եսենինի ողբերգական մահվանն առնչվող շատ փաստաթղթեր կեղծված են՝ թաքցնելու նրա սպանությունը: Մինչև այսօր էլ հանրագիտարաններում շարադրվում է ռուս հանճարի մահվան պաշտոնական վարկածը՝ նա ինքնասպան է եղել «Անգլետեր» հյուրանոցում կախվելով: Պետերբուրգում հրատարակված Նիկոլայ Աստաֆևի «Ողբերգություն «Անգլետերում»՝ գործող անձինք և կատարողներ» գրքում համոզիչ ապացուցվում է՝ Սերգեյ Եսենինի գործում գտնվող շատ փաստաթղթեր կեղծ են, եզրակացությունը միանշանակ է՝ նա սպանվել է:


«Ինչի՞ց սկսեցի: Ամենասկզբից,- «Петербургский дневник»-ին պատմել է Նիկոլայ Աստաֆևը:- Հեռագրի ուսումնասիրությունից, որ իբր Եսենինը ուղարկել է Լենինգրադ 1925-ի դեկտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով ընկերոջը՝ Վոլֆ Էռլիխին իր գալու մասին: Շատ ամիսներ ես Պետերբուրգի Կապի կենտրոնական թանգարանում ուսումնասիրել եմ այն ժամանակների հեռագրերը: Եվ եկել եմ եզրակացության՝ հեռագիրը, որով Եսենինը իբր տեղեկացնում էր Էռլիխին իր գալուստը և խնդրում էր իր համար ապրելու տեղ գտնել, կոպիտ կեղծիք է: Նախ՝ բլանկը չի համապատասխանում այն ժամանակվա բլանկներին, նրա վրա համար չկա, չկա նաև փոստի համարը, որտեղից ուղարկվել է: Այդ տարվա հարյուրից ավելի հեռագրեր ուսումնասիրելով՝ ես պարզեցի, որ Մոսկվայից Լենինգրադ հեռագիրը հասնում էր միջինը 2 ժամում: Իբր թե Էռլիխին Մոսկվայից ուղարկված հեռագրի վրա 15.2 րոպե է նշված, իսկ Լենինգրադում հեռագիրը ստացվել է 15.31 րոպեին: Ռեկորդային արագություն: Դա ոչ մի կերպ հնարավոր չէր: Կեղծ հեռագիրը սարքողները չեն իմացել՝ ինչ ժամանակ խփեն: Հաջողվեց պարզել, որ այդ հեռագիրը իրականում կարող էր ուղարկվել ոչ թե Մոսկվայից, այլ Լենինգրադի մի փոստային բաժանմունքից մյուսը: Կեղծիք է և Եսենինի «գրությունը» Էռլիխին. «Վովա, իրերս հյուրանոց բեր»: Համեմատելով Եսենինի ձեռագրի հետ՝ նույնիսկ ոչ մասնագետը կտեսնի, որ ուրիշ մարդ է գրել: Կեղծիքն արվել է՝ ապացուցելու, որ Եսենինը, իբր, եկել է Լենինգրադ «իր ընկեր Էռլիխի մոտ» և սեփական նախաձեռնությամբ իջևանել «Անգլետերում»: Վոլֆ Էռլիխի հարցաքննության արձանագրութան մեջ կողմնակի հիշատակվում է հյուրանոցի իրերի մասին գրությունը՝ Եսենինի գրած, իսկ հիշողություններում բոլորովին այլ գրություն է նշվում, որտեղ խոսքը ռեստորանի մասին է և ոչ մի խոսք հյուրանոցի մասին, ուր, իբր, ուղևորվել է Եսենինը: Կեղծ են և իբր Եսենինի գրած երկու լիազորագրերը Էռլիխին՝ գումար ստանալու համար:
Եսենինի ինքնասպանության «համոզիչ» ապացույց էր համարվում փաստը, որ սենյակի դուռը ներսից փակ էր: Սակայն գտնվել են համոզիչ ապացույցներ, որ ոչնչացվել է պատշգամբ ունեցող հարևան սենյակ տանող նիշան՝ դռնով, որով հեռացել են հանցագործները՝ բեմադրելով բանաստեղծի ինքնասպանությունը:

Ձեռքի կտրվածքը երկար ժամանակ բացատրվում էր նրանով, որ իբր Եսենինը վերջին բանաստեղծությունը արյունով է գրել: Բայց արձանագրություններում ոչ մի բառ չկա, որ Եսենինը կտրել է ձեռքերը և մահից առաջ բանաստեղծություն գրել: Դա թերթերի սարքած առասպելն է: Իրականում աջ ձեռքի կտրվածքը հաջորդ օրն է արվել՝ դեկտեմբերի 28-ին, որպեսզի ուղղվի պարանոցի մոտ փայտացած դաստակը:
Նիկոլայ Աստաֆևը գրում է՝ Յուրի Պռոկուշևի արխիվում, որ համարյա թե երկրի գլխավոր եսենինագետն է համարվում, արժեքավոր շատ փաստաթղթեր են պահվում, այդ թվում` բանաստեղծի օրագիրը, սակայն ոչ ոք այդ օրագիրը երբեք չի տեսել:
Նիկոլայ Աստաֆևը պնդում է՝ ժամանակն է վերանայել №89 գործը բանաստեղծի մահվան մասին և հասնել ժողովրդական քննիչ Դ. Ի. Բրոդսկու 23.01.1926-ի վճռի բեկանմանը՝ գործը կարճելու մասին՝ հանցակազմ չլինելու պատճառով, որի հետ Լենինգրադի նահանգային դատախազությունը համաձայնել է՝ բավարար ճանաչելով Եսենինի ինքնասպանության մասին հավաքված ապացույցները և նոր բացահայտված հանգամանքների հիմքում քրեական գործ հարուցել, որը թույլ կտա պարզել բանաստեղծի ողբերգական մահվան հանգամանքները օբյեկտիվորեն, իրավական դաշտում: Եսենինին սպանել են և դա «պատահական» սպանություն չէր: Նրան չէին կարող «չլիկվիդացնել»՝ ինչպես ասում էին այն օրերին: Բոլորովին էլ ոչ «համարձակ» խոսակցությունների, բազմաթիվ սկանդալների համար, այլ՝ բանաստեղծությունների, որ նա գրում էր՝ ատելությամբ ու արհամարհանքով ոչ միայն կոմունիստական իշխանության, այլև պարագլուխների մասին: Բազում փաստեր կան, որ Եսենինը բնավ էլ դեպրեսիայի մեջ չէր Լենինգրադ մեկնելիս: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա գրում էր, բարեկամներին կարդում էր իր բանաստեղծությունները, պատմում էր նոր ամսագրի մասին: 1925-ին նա ութ գիրք էր հրատարակել, երկերի լիակատար ժողովածուն էր պատրաստել: Պայմանագիր ուներ Պետհրատի հետ ժողովածուի հոնորար ստանալու վերաբերյալ: Ինքնասպանության վարկածի կողմնակիցները իբրև ապացույց են բերում Եսենինի սուիցիդալ հակումը և Մոսկվայի հոգեբուժական կլինիկայում բուժվելը: Իրականում Եսենինը կլինիկայում է հայտնվել ոչ առողջական վիճակի պատճառով: Նրան կլինիկայում են տեղավորել՝ խուսափելու համար դատական գործից, որ ուզում էին հարուցել նրա դեմ Բաքու-Մոսկվա գնացքում սկանդալից հետո՝ նա կռվել էր դիվանագիտական կապավոր Ալֆրեդ Ռոգայի ու Յուրի Լևիտի՝ Լև Կամենևի մերձավոր ընկերոջ հետ: Ռոգան ու Լևիտը արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քարտուղարության միջոցով բանաստեղծին դատի էին տվել՝ փոխհատուցում պահանջելով: Բարդ իրավիճակից ելքը հուշել էին բանաստեղծի քույրերը՝ Կատյան ու Շուրան, «թաքցնել» Մոսկվայի համալսարանի կլինիկայում:

Հանրագիտարանները պնդում են, որ իբր Եսենինի մահից հետո ոչ ոք սպանության մասին մի քանի տասնամյակ չէր խոսում: Հակառակը՝ խոսել են անմիջապես: Նկարիչ Վասիլի Սվարոգը, որ արել է մեռած Եսենինի դիմանկարը՝ դեռ առանց գրիմի, 1927-ին պատմել է. «Ինձ թվում է՝ այդ Էռլիխը քնելուց առաջ ինչ-որ բան էր լցրել նրա բաժակը, դե ոչ թե թույն, այլ՝ ուժեղ քնաբեր: Իզուր չի նա «մոռացել» իր պորտֆելը Եսենինի համարում: Եվ նա չի գնացել տուն «քնելու»՝ Եսենինի երկտողը գրպանում: Նա իզուր չէր շուրջբոլորը պտտվում, հավանաբար, նրանց ամբողջ խումբը սպասում էր իր ժամին հարևան համարներում… Սկզբից նրան թիկունքից փորձել են խեղդել, Եսենինը աջ ձեռքով փորձել է օղակը թուլացնել, ձեռքն այդպես էլ փայտացել է ջղաձգության մեջ: Գլուխը բազմոցի բազրիքին էր, երբ Եսենինին քթարմատից վերև հարվածել են նագանի խզակոթով: Հետո նրան փաթաթել են գորգի մեջ ու փորձել են պատշգամբով իջեցնել, անկյունում մեքենա էր սպասում: Ավելի հեշտ էր առևանգել: Բայց պատշգամբի դուռը բավականաչափ չէր բացվում, դիակը թողել են պատշգամբում, սառնամանիքին: Խմել են, ծխել են, ամբողջ աղբը մնացել է: Կախել են շտապելով, արդեն խոր գիշերով ու դա հեշտ չէր ուղղահայաց խողովակից: Երբ բոլորը հեռացել են, մնացել է Էռլիխը, ինչ-որ բան ստուգելու ու ինքնասպանության վարկածները նախապատրաստելու»:
Ամենասենսացիոն բացահայտումը պետերբուրգցի գրող Կուզնեցովինն է: ՈՒսումնասիրելով «Անգլետեր» հյուրանոցի փաստաղթերը, նա պարզել է, որ Եսենինն այնտեղ ընդհանրապես չի ապրել: Բանաստեղծի ազգանունը չկա հյուրանոցի բնակիչների ցուցակում այն ժամանակահատվածում, երբ նրա դիակը իբր գտել են ջեռուցման խողովակից կախված: Նրանք, որ ապրել են սովետական ժամանակներում, լավ գիտեն՝ ինչ էր նշանակում հյուրանոցում համար ստանալ: Յուրաքանչյուրին գրանցում էին, ադմինիստրատորը գրանցում էր անձնագրի տվյալները: Օրգանները խիստ էին հետևում այդ գործին: Հյուրանոցի աշխատակիցներից ու հյուրերից ոչ ոք այդ օրերին Եսենինին չի տեսել: Իսկ բոլոր «ականատեսները», որ ցուցմունքներ են տվել բանաստեղծի հետ շփումների մասին «Անգլետերի» նրա համարում, այդ թվում` Վոլֆ Էռլիխը, գաղտնի գործակալներ էին:

Կուզնեցովի կարծիքով՝ հենց Եսենինը հայտնվել է Լենինգրադում, անմիջապես ձերբակալվել է և տարվել քննչական կոմիտե` Մայորովի փողոց 8/23 հասցեում: Այնտեղ նրան հարցաքննել են՝ խոշտանգելով: Օպերացիան ղեկավարում էր չեկիստ Յակոբ Բլյումկինը: Հազիվ թե Տրոցկին բանաստեղծին սպանելու հրաման էր տվել, բայց այդպես է ստացվել: Հավանաբար, Եսենինը դիմադրել է ու հրել Բլյումկինին, նա ընկել է, որից հետո հնչել է կրակոցը: Լուսանկարում հրազենային վերքի հետքը երևում է, իսկ հետո Բլյումկինը ատրճանակի խզակոթով հարվածել է Եսենինի ճակատին: Սպանությունից հետո որոշել են ինքնասպանություն բեմադրել: Չարագուշակ 8/23 տունը «Անգլետերի» դեմ դիմաց էր, մնում էր դիակը տանել համար, որտեղ ոչ ոք չէր ապրում…
Անդրեյ ՍՈԿՈԼՈՎ, Петербургский дневник


Հ.Գ. Սերգեյ Եսենինի մահին Ռուսաստանում հաջորդեց մասսայական ինքնասպանությունների ալիք, նույնիսկ Վլադիմիր Մայակովսկին ստիպված էր բանաստեղծություն գրել ինքնասպանների դեմ, իսկ հինգ տարի անց ինքնասպան եղավ ինքը: Այս անգամ ավելի մանրակրկիտ էր բեմադրված՝ նամակով, ատրճանակով, մատնահետքերով, բայց մինչև օրս ռուս երկու հանճարեղ բանաստեղծների մահը չի որոշարկվում՝ ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության տիրույթում էր: Պատմական տրամաբանությունը, քաղաքականությունը և այն ամենը, ինչ հետո երկրում կատարվեց, վկայում են հօգուտ սպանության տարբերակի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ