Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բոլոր խնդիրները համալիր մոտեցում են պահանջում»

«Բոլոր խնդիրները համալիր մոտեցում են պահանջում»
23.12.2016 | 01:23

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վերջերս ԱԺ-ին ներկայացրեց ձկնագողության դեմ պայքարի ծրագիրը։ Այն ամեն տարի այս ժամանակահատվածում ներկայացվում է օրենսդրի հաստատմանը և, ինչպես միշտ, կարևորվում է, քանի որ Սևանա լճի ձկնային պաշարներն անսպառ չեն։ Պայքարը՝ պայքար, սակայն, ինչպես միշտ, ձկնորսության արգելման ժամանակահատվածում ձուկը շուկայում առատ է։ Ինչպե՞ս պայքարել այս խնդրի դեմ։ Նախարարի համոզմամբ՝ պետք է բարձրացնել մարզի բնակիչների ինքնագիտակցությունը։ Ինչ խոսք, բնակչության ինքնագիտակցության բարձրացումը կարևոր է, բայց մարդն աշխատանք չունի, որքան էլ փորձենք բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, մարդը հացի խնդիր պետք է լուծի։ Ավելի ճիշտ չի՞ լինի մարզում իրականացնել ծրագիր, որն աշխատատեղեր կստեղծի։ Այս և Սևանի հետ կապված մի քանի կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։


-Ճիշտ եք, և Ձեր հարցը շատ դիպուկ է։ Անկասկած, «Սևան ազգային պարկի» և Գեղարքունիքի մարզում խնդրի լուծման ու մարզի զարգացման ճանապարհը համալիր զարգացման համակարգի ստեղծումն է։ Առաջին հերթին կարևորում ենք տնտեսական նախաձեռնությունները։ Այդ նպատակով ձեռնամուխ ենք եղել «Սևան ազգային պարկի» կառավարման նոր նախագծին, որով հստակ տարանջատվելու է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, որը նույնն է, ինչ հանգստի տուրիզմը։ Դրանում առանձնացված են նաև տնտեսական գործոնները։ Տնտեսական գոտիներում հիմնական շեշտը դրվում է համայնքներում եկամտաստեղծ գործունեության տեսակների ձևավորմանը, որոնք հիմնված պետք է լինեն մաքուր կամ կանաչ տնտեսության վրա։ Սրանով նպատակ ունենք ներգրավելու համայնքի բնակիչներին այս աշխատանքներում, որոնք եկամտաստեղծ կլինեն վերջիններիս համար։ Այդպիսով հնարավորինս կմեղմացվի նաև մարդկային գործոնի ճնշումը Սևանա լճի վրա։ Ըստ էության, այդ ծրագրով կնպաստենք, որ պետական քաղաքականությունն ավելի մեծ արդյունավետություն ունենա։ Անկասկած, եթե չկարողանանք լուծել աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության զարգացման խնդիրները, ապա ձկնագողության հիմնախնդիրը միշտ կլինի։ Իհարկե, սա հարցի մի կողմն է, մյուսը պետք է դիտարկել օրենսդրական տեսանկյունից։ Օրենքով արգելվող գործողությունը անարդյունավետ է, եթե չի զուգակցվում այլընտրանքային մոտեցումներով։ Մենք մտածում ենք արգելվող ձկնորսության մոդելից անցում կատարել դեպի կառավարվող ձկնորսություն։ Դրա համար, եթե այժմ կարողանանք ապահովել սահմանված 60-65 % արդյունավետությունը, ապա հաջորդ տարի առաջարկելու ենք ներդնել կառավարելի ձկնորսության մոդելը։ Սա, մի կողմից, թույլ կտա ձկնորսությամբ զբաղվող բնակիչների համար ստեղծել անվտանգ պայմաններ, ապահովել մշտական աշխատատեղով, ստեղծելով կայուն եկամտաղբյուր և դրա հետ մեկտեղ նրանց առողջությունը և կյանքը ապահովագրել։ Մյուս կողմից՝ այս մոտեցումը կնպաստի սիգի արժևորմանը։
-Նկատի ունեք սիգի շուկայական գնի արժևորո՞ւմը։
-Այո, այսօր այն շուկայում չափազանց ցածր գնով է վաճառվում։ Մինչդեռ սիգի իրական արժեքը շատ ավելի բարձր պետք է լինի, քանի որ սիգը, ի տարբերություն իշխանի, այն եզակի ձկներից է, որի արհեստական ճանապարհով վերարտադրության հավանականությունը շատ ցածր է։ Այդ իսկ պատճառով մենք առանձնակի կարևորում ենք այս շրջանում ձկնորսության արգելքը։ Ապօրինի ձկնորսության վերացումը առավել դժվարանում է, քանի որ խեցգետնի որսը թույլատրվում է, և պարզ է, որ խեցգետին որսացողը ձուկ էլ է որսալու։ Ցավոք, պետք է նշեմ, որ այսօր Սևանա լճում իշխանը բուծվում է բացառապես արհեստական ճանապարհով։ Այս բոլոր խնդիրները համալիր մոտեցում են պահանջում։ Դրանք հնարավոր է էականորեն մեղմացնել՝ ներդնելով վերահսկելի կամ կառավարելի ձկնորսությունը և նպաստելով լճում ձկնատեսակների աճին։ Սրանք մեկը մյուսով փոխկապակցված հարցեր են, ուստի մենք շատ ենք կարևորում «Սևան ազգային պարկի» կառավարման նոր նախագիծը։
-Պարոն նախարար, իսկ նոր աշխատատեղերի ստեղծումը ե՞րբ իրականություն կդառնա մարզում։
-Նույն «Սևան ազգային պարկի» կառավարման նախագիծը հնարավորություն է տալիս իրականացնելու 10 բիզնես նախաձեռնություն, որոնց համար պետք է օգտագործվեն և՛ Սևանա լիճը, և՛ հարակից տարածքները։ Մասնավորապես ենթադրվում է մարզում կազմավորել հատապտղի արտադրության անտառային տնտեսություններ։
-Իսկ լիճն ինչպե՞ս է օգտագործվելու բիզնես նպատակով։
-Այսօր Սևանա լճի հայելին համարվում է արգելավայր, մինչդեռ, փոխելով նրա կարգավիճակը և տալով նրան տնտեսական գոտու կարգավիճակ, հնարավորություն կունենանք այն օգտագործելու զբոսաշրջության նպատակով։ Օրինակ, լճի վրա կգործեն էկոլոգիապես մաքուր լաստանավեր՝ իրենց ռեստորանային և հանգստյան գոտիներով։ Կձևավորվեն մի քանի նավահանգիստներ, զբոսաշրջիկները կկարողանան վայելել Սևանի ամբողջ հմայքը։ Այդպիսով, մենք նաև կկարողանանք Սևանում հանգստի երեք ամիսների շրջանը մեծացնել։
-Մտավախություն չունե՞ք, որ, փոխելով լճի հայելու կարգավիճակը, վնաս կհասցնեք առաջին հերթին լճին։
-Ոչ, դրա համար առանձնակի շեշտեցի, որ այդ լաստանավերը պետք է էկոլոգիապես արդարացված լինեն։
-Ո՞վ է վերահսկելու լաստանավերի էկոլոգիապես մաքուր լինելը։
-«Սևան ազգային պարկը», որի աշխատակիցների մասնագիտական և կառույցի տեխնիկական կարողությունները ևս պետք է հզորացնել, համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ