Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դուետ՝ ինչ-որ դաշինքի համար

Դուետ՝ ինչ-որ  դաշինքի համար
23.12.2016 | 01:26

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, թեև ընդհանուր առմամբ վերջնական արդյունքների տեսակետից շատերին կանխատեսելի են թվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ աստիճանաբար ավարտվում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանը, որը ենթադրում է լուրջ վերաձևավորումներ քաղաքական համակարգում, բավականին հետաքրքիր զարգացումներ են խոստանում։


Որպես կանոն, իշխանական համակարգի վերաձևավորման գործընթացի մեկնարկելուն պես ակտիվանում են բազմաթիվ ուժեր, նոր վերադասավորումներ են սկսվում, և այդ նոր վերադասավորումներում յուրաքանչյուրը փորձում է իր տեղը փնտրել, այդ թվում՝ բավականին անսպասելի ակտիվացումներ և համագործակցության ֆորմատներ են արձանագրվում։ Սովորաբար այդ ակտիվացումները լինում են ընդդիմադիր դաշտում, սակայն երբ նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանն է ավարտվում, և գոնե ֆորմալ առումով սկիզբ է դրվում իշխանափոխության գործընթացին, ակտիվանում են նաև ներիշխանական ուժերը, որոնք փորձում են վերադասավորումներում հարմար դիրքեր ընտրել և առավել լավ տեղավորվել նոր իշխանության կոնֆիգուրացիայում։


Հայաստանում խնդիրը նաև այն է, որ նախագահականից դեպի խորհրդարանական համակարգ ճանապարհին կա, այսպես կոչված, անցումային շրջան։ Դեռևս մեկ տարի, ըստ էության, գոյություն է ունենալու կառավարման խառը մի համակարգ. դեֆակտո լինելու է խորհրդարանական համակարգ, բայց դեյուրե գործելու է նախագահ, որը դեռևս իր ձեռքում է պահելու կառավարման գրեթե բոլոր լծակները։ Բավականին երկիմաստ իրավիճակ է, և ամենամեծ խնդիրն այն է, որ, այնուամենայնիվ, ոչ ոք մինչ օրս միանշանակ չի կարողանում պատասխանել, թե Սերժ Սարգսյանն ինչ քաղաքական ապագա է իր համար տեսնում և ինչ կարգավիճակում է լինելու 2018-ի ապրիլից հետո։ Այս անորոշությունը, անկասկած, կաշկանդում է շատերին։ Ընդ որում, դա հավասարապես վերաբերում է թե՛ ընդդիմությանը, թե՛ առավել ևս իշխանական տարաբնույթ ազդեցության խմբերին: Այս առումով բնական է, որ շատ ուժեր, այդ թվում՝ նախկին իշխանավորներ, փորձում են հասկանալ, թե իրենք ինչ դեր են ունենալու մոտ ապագայում սպասվող կոնֆիգուրացիաներում։


Այս համատեքստում անոմալիայի հերթական դրսևորումը նախ Վիկտոր Դալլաքյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու հայտն էր, իսկ այժմ արդեն բավականին հետաքրքիր է իշխանական կլանի կարկառուն ներկայացուցիչ, ոչ հեռու անցյալում իշխանական համակարգի հիմնասյուն համարվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելու հրապարակային հայտը։ Ընդ որում, այս երկուսի մասին շատ դեպքերում խոսվում է որպես ապագա քաղաքական դուետի, և ենթադրվում է, որ Սեյրան Օհանյանը Վիկտոր Դալլաքյանի հետ տանդեմի տեսքով է մտնելու քաղաքական դաշտ։ Իհարկե, այլ հարց է, թե որքանով է այս ալյանսն ընդհանրապես կենսունակ:
Վիկտոր Դալլաքյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ ստեղծել է իր «Երրորդ հանրապետություն» կոչվող կուսակցությունը:

Սեյրան Օհանյանի պարագայում դեռևս հայտարարված չէ, թե արդյոք նա կանդամակցի՞ Վ. Դալլաքյանի կուսակցությանը։ Նույն Դալլաքյանը ի դեպ ակնարկեց, որ ինչ-որ դաշինք կարող է լինել, որը միգուցե գլխավորի Սեյրան Օհանյանը: Այստեղ թերևս քաղաքական բլեֆի տարրեր էլ կան, և որոշակի ինտրիգ պահպանելն ավելի շուտ պայմանավորված է նաև օբյեկտիվ հանգամանքներով: Բանն այն է (ակնհայտ է), որ Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան զույգն ինքնաբավ չէ, քանի որ թե՛ վարկանիշի, թե՛ կառուցվածքային, թե՛ ինստիտուցիոնալ տեսակետից դեռևս լուրջ միավոր չի կարող համարվել։ Այն ընդամենը երկու հայտնի դեմքերի միավորում է։ Ընդ որում, եթե Վիկտոր Դալլաքյանի դեպքում գործ ունենք բավականին փորձված քաղաքական գործչի հետ, որը երկար քաղաքական ճանապարհ է անցել, և ինչպես ինքն է բնորոշում, պարբերաբար կա՛մ իշխանություն է եղել, կա՛մ ընդդիմություն, ապա Սեյրան Օհանյանը, եթե չհաշվենք Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատում գտնվելու փաստը, երբևիցե հանրային քաղաքական դաշտում չի եղել։ Իհարկե, վերջինս՝ որպես զինվորական, անկասկած, որոշակի հեղինակություն ունի, սակայն, այդուհանդերձ, նա իր զինվորական կարիերան ավարտել է մինորային նոտայի վրա։ Փաստ է, որ նրա զինվորական կենսագրությանը վերջ է դրվել ապրիլյան պատերազմի, մեղմ ասած, կասկածելի արդյունքներից և դրան հետևած հայտնի բացահայտումներից հետո։

Այնպես որ՝ դժվար թե Վիկտոր Դալլաքյան+Սեյրան Օհանյան դուետն ինքնաբավ քաղաքական միավոր լինի, որ նույնիսկ փորձի հենց այսպես՝ հընթացս անցողիկ 5-տոկոսանոց շեմը հաղթահարել։ Այս առումով թերևս ճշմարտությունից հեռու չեն փորձագետների այն ենթադրությունները, թե Դալլաքյան-Օհանյանի գլխավորությամբ այդ հնարավոր քաղաքական ուժն իրականում ստեղծվում է հետագայում ինչ-որ ավելի մեծ հավակնություններ ունեցող դաշինքի միանալու համար։ Քաղաքական, քաղաքագիտական կամ քաղտեխնոլոգիական տեսակետից նման մի դաշինքի մեջ այդ տանդեմը իրոք կարող է նայվել, քանի որ դաշինքին կարող է տալ կոնկրետ հայտնի անուններ։ PR-ի տեսակետից այս միավորը գուցե օգտակար լինի։ Դալլաքյան-Օհանյան դուետը որպես հաղթաթուղթ շրջանառության մեջ է դնում իրենց անունները։ Նրանք ավելի ոչինչ չունեն, քան իրենց քաղաքական անուններն ու արդեն ձևավորված կերպարները։ Սակայն ընդգծենք, որ թե՛ Վիկտոր Դալլաքյանի, թե՛ առավել ևս Սեյրան Օհանյանի դեպքում կա մի մեծ և մինչ ընտրություններ դժվար հաղթահարվող կասկած, որ ընդամենը վերջերս իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչներ համարվող անձինք հանկարծ մեկ-երկու ամսում կտրուկ փոխեցին իրենց քաղաքական կողմնորոշումը և որոշեցին Վ. Դալլաքյանի դեպքում հանդես գալ արմատական ընդդիմության դիրքերից, իսկ գեներալ Սեյրան Օհանյանի պարագայում իբր դառնալ իրոք այլընտրանք գործող համակարգին։ Ամեն դեպքում շատերի մեջ լուրջ կասկածներ կան, որ սա կարող է լինել իշխանական հերթական նախագիծը։ Եվ կասկածից վեր է, որ թե՛ իրենց ընդդիմադիր համարող, թե՛ քաղաքական ներկապնակի մյուս բևեռները փորձելու են այդ խաղաքարտը շրջանառության մեջ դնել։


Այնուամենայնիվ, եթե այս երկու գործիչների ակտիվացումն ու նրանց քաղաքական պրոյեկտն ի վերուստ արվել են ինչ-որ դաշինքի համար, ապա, ըստ ամենայնի, հաշվի առնելով նրանց անցյալը՝ դժվար թե խոսք լինի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» հետ դաշինքի մասին, առավել ևս որ այդտեղ կա նաև արտաքին քաղաքական ենթատեքստ. նրանք ընդգծված արևմտամետ են, իսկ գոնե Սեյրան Օհանյանի նախկին գործունեությունն ու կապերը ռուսաստանյան զինվորական շրջանակների հետ հուշում են, որ դժվար թե այստեղ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիա լինի։ Թեև Արամ Զ. Սարգսյանի պարագայում ժամանակին հենց այդպես էլ եղել է։


Մյուս հնարավոր դաշինքում, որ նշմարվում է՝ Խաչատուր Քոքոբելյան-Հրանտ Բագրատյան-Դավիթ Շահնազարյան, կարծես թե նույն պատկերն է. աշխարհաքաղաքական բավականին կոշտ սահմանափակումներ են դրված։
Փաստորեն, Դալլաքյան-Օհանյանի համար մնում է թերևս միայն ինչ-որ կոնգլոմերատ կա՛մ Գագիկ Ծառուկյանի հետ, կա՛մ առանց Ծառուկյանի՝ ասենք Վարդան Օսկանյանի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի։ Սրանք, այնուամենայնիվ, որոշ վերապահումներով այս կամ այն չափով ասոցացվում են ռուսական թևի հետ։ Դալլաքյան-Օհանյան հնարավոր ալյանսը մեկ կուսակցության շրջանակներում առանձնապես մեծ ընտրություն չունի։ Գուցե միայն հնարավորություն ունի համալրելու ռուսամետ ինչ-որ դաշինք՝ Ծառուկյանի գլխավորությամբ կամ առանց նրա։ Միևնույն ժամանակ այս դուետին ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանի հնարավոր միացումը չի բացառում նաև այս ամենի հետևում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արամ Աբրահամյանի ներկայությունը: Վերջինս, ինչպես հայտնի է, հրապարակայնորեն հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու և իր մեծ հավակնությունների վերաբերյալ: Սակայն շուտով ստիպված էր եղել նույնպես հրապարակավ հրաժարվել իր այդ մտադրություններից, թեև բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության չգալով, այնուամենայնիվ, որոշել է սեփական, սակայն առանց իր անմիջական մասնակցության նախագիծ սկսել: Այստեղ ցանկության դեպքում գուցե նաև կարելի է ռուսաստանյան ինչ-ինչ շրջանակների շահերը տեսնել:


Հետաքրքիր է, որ նույնիսկ Օհանյանն ու Դալլաքյանը տարբեր շեշտադրումներ են անում. եթե Վիկտոր Դալլաքյանը իր հրապարակային ելույթներում բավականին արմատական է տրամադրված, հականախագահական, նույնիսկ կուլիսային ինչ-ինչ խոսակցություններ է բացում, ապա Սեյրան Օհանյանը, որը իր քաղաքականություն մուտքի մասին հայտարարություն տարածեց Ֆեյսբուքում, շեշտադրում է, որ արմատական ընդդիմություն չի լինելու, այլ ընդամենը՝ այլընտրանք։


Ի դեպ, որոշ փորձագիտական շրջանակների կարծիքով, պաշտպանության նախկին նախարարն իր կապերով, կենսագրությամբ, իմիջային առումով գուցե նույնիսկ որոշ չափով վնաս հասցնի Վիկտոր Դալլաքյանին։ Առավել ևս եթե պաշտոնաթող գեներալին կպչի «նեղացածի» պիտակը: Եթե Վ. Դալլաքյանը կարողանա որոշակիորեն մաքրվել իր իշխանական անցյալից, ապա Ս. Օհանյանին շատ ավելի լուրջ ջանքեր ու ժամանակ են անհրաժեշտ, որ ապացուցի, որ ինքը հերթական նախագիծ կամ ՀՀ նախագահի խաղատախտակի հերթական շախմատային ֆիգուրը չէ, որն այսուհետև պարզապես հանդես է գալու «գունափոխված»։


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ