Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բախտը ժպտում է վճռական մարդկանց

Բախտը ժպտում է վճռական մարդկանց
23.12.2016 | 01:30

Բարի օր, ինչպե՞ս եք, դիմանո՞ւմ եք ցրտերին, տաք հոսանքներ են գալիս: Պատրաստվում եք 8 օր բո՞ւդ ուտել: 2016-ից անցնում ենք 2017-ին: Տիեզերքում աննշան իրադարձություն: Երկրում՝ պայմանական: Բայց այնքան ենք ընտելացել պայմանականություններին, որ էություն ու բովանդակություն ենք դարձրել: Ի վերջո, զբաղմունքի փնտրտուքն է մարդու հիմնական գործը կյանքում: Որ և հոգեկան հաճույքը լինի, և նյութական բավարարությունը: «Ոչ միայն բանիւ, այլեւ հացիւ»՝ կյանքը կյանք չէ դատարկ գլխով, սոված փորով էլ չի ապրվում:
Ի՞նչ տվեց 2016-ը: Յուրաքանչյուրը յուրովսանն է գնահատում եղածն ու չեղածը, ցավի ու հրճվանքի իր սանդղակն ունի: Կյանք է՝ օղակ-օղակ հանգուցվում է շղթան՝ այս ու այն աշխարհի միջև: Բայց կան ընդհանրական իրողություններ, որ միջին վիճակագրական հայի անձնական կյանքում չլինելով՝ որակում են նրա կյանքը: Չասենք ազգային, բայց հասարակական կյանք կա, որից ոչ ոք չի կարող խուսափել, առանց որի չի կարող անձնական կյանքն ապրել:


Հետահայացը 2016-ին, երբ Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորեց քառորդ դարը, բախվելու է ապրիլյան քառօրյա պատերազմին: Ստեպ-ստեպ ու միշտ անակնկալ ժողովուրդների կյանքում լինում են փորձություններ, որ ստուգում են նրա դիմադրողականությունն ու բնավորությունը: Ֆորս մաժորների ժամանակ մենք իդեալական ենք մեր բոլոր դրսևորումներում. ապրիլը սա ապացուցեց առաջին հերթին մեզ, հետո՝ աշխարհին: Չվերաքննարկենք՝ ինչպե՞ս ու ինչո՞ւ Ադրբեջանը նախաձեռնեց իր բլիցկրիգը, ո՞վ էր տեղյակ, ո՞վ անտեղյակ Բաքվի ագրեսիային: Չորս օրում ԼՂՀ-ն կորցրեց 100 զինվոր ու 800 հեկտար տարածք: Բաքուն համարեց փայլուն հաղթանակ, բայց չլուծեց ստատուս քվոն փոխելու, Ստեփանակերտ հասնելու, բանակցային գործընթացում նոր պայմաններ թելադրելու խնդիրը: Բաքվի զոհերի թիվը չհաշվենք՝ սուր վերցնողը սրից է ընկնում: Հայաստանն իր հաղթանակը բոլոր ամբիոններից չտարփողեց, ինչպես Ադրբեջանը, բայց ապացուցեց, որ թվով, տարածքով, զինատեսակներով, ռազմական ներուժով բազմակի գերազանցող հակառակորդին ունակ է ոչ միայն տեղում գամել, այլև հարձակման անցնել, եթե… «Եթե»-ն ի հայտ է բերում երրորդ հանրապետության բոլոր թույլ կողմերը:

Նախ՝ արտաքին քաղաքականության: Մեր դարակազմիկ և/և-ով չոր հաշվով հասել ենք ոչ/ոչ-ի՝ ոչ ռազմավարական դաշնակիցն է մեր անվտանգության երաշխավորը՝ իր ՀԱՊԿ-ով, ոչ Արևմուտքը՝ իր ՆԱՏՕ-ով, որի հետ չենք կարող գործուն կապեր հաստատել՝ լինելով ՀԱՊԿ-ում: 2016-ը համազգային պատրանքներից ազատվելու ու համազգային զգաստության տարի էր՝ տասնամյակներով ինքներս մեզ սնուցելով «Ռուսաստանը մեր բարեկամն է» մտքով, որ ավելի վատ է՝ միջազգային հանրության մեջ արմատավորելով տեսակետը, որ Հայաստանն ավանդաբար ունի ՌԴ-ի աջակցությունը ու ՌԴ-ի ֆորպոստն է Հարավային Կովկասում, ապրիլյան քառօրյայի օրերին լիուլի հնարավորություն ունեցանք գործով համոզվելու, որ ՌԴ-ն, ինչպես ցանկացած նորմալ պետություն, առաջնորդվում է սեփական շահերով և կարողանում է չարածն արած ու արածը չարած ներկայացնել, մեզ թողնելով իրեն հավատարմության սրբազան պարտքը: 2016-ը փայլուն ժամանակ էր՝ համոզվելու, որ մենք թույլ չենք, պարտադրված չենք կորուստների ու պարտությունների, եթե գիտակցում ենք մեր ուժն ու անելիքը: Բայց 2016-ը նաև փայլուն ապացուցեց, որ տեսանելի թշնամու դեմ ենք կարողանում կռվել, իրական բարեկամների ու թշնամիների ընկալում չունենք: Ինչպես Դերենիկ Դեմիրճյանն էր 1920-ին որակել՝ քաղաքականության մեջ գերագույն արժեք համարում ենք անկեղծությունը: Եվ մեր դարակազմիկ անկեղծությամբ ակնկալում ենք, որ մեզ անկեղծ վերաբերվեն: Չի լինում այդպես, չի լինելու երբեք: Կան շահեր՝ հարափոփոխ, հակասական, պետք չէ շահերը ընդունել ստատիկ, պետք չէ համարել, որ աշխարհը նույն կետում է միշտ, որտեղ խրվել-մնացել ենք մենք: Իսկ մենք լռվել ենք ինչ-որ տեղ՝ 20-րդ դարում, ու սպասում ենք՝ մեր ձեռքից բռնած առաջ տանեն: Ո՞վ: Եթե ոչ մենք:

Մեր ճանապարհը մենք ենք գնալու: Պետք չէ սպասել, որ երբևէ մեր շահերն ու այլոց շահերը կհամընկնեն, ու նրանք մեզ իրենց նավն առած՝ կսուրան առաջ: 2016-ի քառօրյա պատերազմին հաջորդած օրերին մենք կարող էինք իրավիճակ փոխել՝ հօգուտ մեզ: Նախ՝ կարող էինք պատերազմի օրերին հայտարարել, որ ԼՂՀ-ն միանում է Հայաստանին՝ միջազգային ասպարեզից հանելով ԼՂՀ ճանաչման հարցը, բայց գերադասեցինք վերջին փամփուշտը չկրակել: Կարող էինք ու պարտավոր էինք ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել, երկրորդ փամփուշտն էլ պահեցինք հերթական ֆորս մաժորի համար, իսկ զենքերը ժանգոտում են, երբ անգործ են: Դարձյալ առաջնորդվեցինք ստատիկ իրավիճակների տրամաբանությամբ՝ հաշվի չառնելով, որ հերթական պատերազմը, եթե սկսվի, այլ պայմաններ ու այլ խնդիրներ է ունենալու, մենք էլ հարկադրված ենք լինելու նոր պայմաններին նոր լուծումներ տալ: Նոր խնդիրները լուծելու համար պետք էր առավելագույնս պաշտպանված լինել, ոչ թե ապավինել հին զինանոցին ու պայմանական դաշնակցին: Ի վերջո՝ կարող էինք հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքները գործունակ չեն ու հարցը չեն լուծում, այլ սողացող պատերազմի հիմք են միայն: Պատերազմի ժամանակ պատերազմից չեն վախենում: Որո՞նք էին մեր եզրակացությունները ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների գործողություններից: Բելառուսի ու Ղազախստանի քաղաքականությունից որևէ կերպ արտահայտեցի՞նք մեր դժգոհությունը, բացի ՀԱՊԿ նիստերում ելույթ ունենալը ու դաշնակցային պատիվ պահանջելը: Օգտագործեցի՞նք միջազգային ասպարեզում այդ երկրների դեմ քվեարկության մեխանիզմը: Ոչ: Առևտրատնտեսական պատժամիջոցներ ձեռնարկեցի՞նք: Ոչ: Նրանք շարունակեցին նույն քաղաքականությունը, մենք՝ ևս: Գիտակցո՞ւմ ենք, որ ոչ Մինսկը, ոչ Աստանան՝ ելնելով իրենց քաղաքական, ֆինանսական, տնտեսական, աշխարհաքաղաքական շահերից, Հայաստանը չեն համարում բարեկամ ու դաշնակից, օգտակար երկիր: Համենայն դեպս՝ ինչպես Ադրբեջանը: Ինչպես՝ Թուրքիան: Հրապարակավ որևէ եզրակացություն ի հայտ չեկավ: ՈՒ դա վկայում է մեր անկախության կախյալությունը: ՈՒ «Իսկանդերները» այդ հարցը չեն լուծում:


Լույսի ու օրհնության պես Հայաստան եկավ ու գնաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ երեք օրով Հայաստանը դարձնելով աշխարհի ուշադրության կենտրոն ու Խոր վիրապից խաղաղության աղավնիներ արձակելով առ աշխարհը Հայաստանից:
2016-ի ամառն էլ հանգիստ չէր՝ հուլիսին ևս մի անակնկալ պայթեց՝ ՊՊԾ գնդի գրոհը: «Հիմնադիր խորհրդարանը», թե «Սասնա ծռերը» իշխանության ու հասարակության առաջ դրեցին խնդիր, որ առայսօր չի որակվել՝ ապստամբությո՞ւն, պետական հեղաշրջման փո՞րձ, ահաբեկչությո՞ւն, հայրենասիրության պոռթկո՞ւմ: Շարունակվող հետաքննության ու դատավարությունների ժամանակ էլ պատասխաններ չկան: 2016-ի աշնան անակնկալը կառավարության փոփոխությունն էր, որ կարող էր լինել գարնանը, եթե քառօրյա պատերազմը չլիներ, կարող էր լինել ամռանը, եթե ՊՊԾ գնդի գրավումը չլիներ: ՀՀ վարչապետ նշանակվեց մոսկվաբնակ Կարեն Կարապետյանը՝ պաշտոնավարման առաջին օրերին քաղաքական բառապաշար բերելով մի քանի նոր բառեր, քաղաքական արարողակարգ՝ ազատ պահվածք ու ոճ: Կախարդական փայտիկ չունեցող վարչապետից արագ փոփոխություններ ակնկալելը ինտելեկտուալ պահվածքն արգելում է: Նրան ժամանակ է պետք, որ նա չունի իր ցանկացածի պես ու չափ: Կարեն Կարապետյանը, դառնալով ՀՀԿ անդամ, մտավ քաղաքականության մեջ, իսկ քաղաքականությունը Հայաստանում չունի տրամաբանություն և կանոններ: Ինչպես նշանակվում, այնպես էլ հանվում են բարձրաստիճան պաշտոնյաները՝ առանց բացատրությունների ու հետևանքների: ՈՒ նա կարող է համալրել այդ շարքը, անգամ մինչև 2018-ը:


2016-ին չպարզվեց քաղաքական դաշտի առանցքային հարցը՝ մնո՞ւմ, թե՞ գնում է ՀՀ նախագահը: Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանը խորհրդարանական կառավարման անցավ, բայց Սահմանադրությունը, մինչև 2018-ին նրա պաշտոնավարման ավարտը, անցումային դրույթներով է գործում: 2017-ի ԱԺ ընտրությունները անցնելու են Սերժ Սարգսյանին ռեժիսոր ու սցենարիստ ունենալով, ընթացքը կախված է նրա գնալ-մնալու որոշումից: ՀՀԿ համագումարն այդ հարցին պատասխան չտվեց: ՀՀԿ-ականներն ասում են, որ մենակ են գնալու ընտրությունների: «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք կնքեցին: 2016-ն իր քաղաքական վերածննդի ժամանակ կարող է դարձնել (իսկ գուցե ոչ) ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քանի դեռ «հաջորդ դասը» չի եկել, տարատեսակ ուժեր սպասում են նրան կցվելու բախտին, բայց արդեն այլընտրանք ունեն. երբ նեղացնում է մի ղարաբաղցին, հիշում են մյուսին: Սեյրան Օհանյանին պատասխանատու հանձնարարություն տրվեց հավաքել դժգոհներին՝ բոլոր կուսակցություններից (նաև ՀՀԿ-ից) և «անտեր» կուսակցություններին ու գնալ՝ հաղթելու՝ Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ: «Ժառանգությանն» ու «Համախմբումին», հայտնի դեմքերին, անհայտ կուսակցություններին, եթե շատ նեղացնեն, կմիանան Հովիկ Աբրահամյանն ու ՀԱԿ-ը: ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն հրապարակել որևէ դաշինքի միանալու կամ ընտրությունների միայնակ գնալու որոշումը: Քաղաքական բրոունյան շարժումը շարունակվում է: Կձևավորվե՞ն դաշինքներ ու բևեռներ ընտրություններից առաջ, իշխանությունը մենա՞կ կմրցակցի ընդդիմադիր դաշտի հետ, կանխավ դաշտում տեղակայելով յուրայիններին, թե՞ Հայաստանում կկայանան ժողովրդավարական ընտրություններ: Կիմանանք 2017-ին: Ժողովրդին չմոռանաք՝ Սահմանադրությամբ նրանն է իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսրայելի վարչապետի Բաքու այցից հետո պաշտոնական այցով Երևան եկավ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հանդիպեց ՀՀ նախագահի ու վարչապետի հետ, բիզնես ֆորում արեց ու գնաց Աստանա: Այցն առավելագույնս լուսաբանվեց՝ հանդիպումներ, ելույթներ, համատեղ հայտարարություն: Մնաց չասվածի տպավորություն, թեպետ Հասան Ռոհանին ասաց՝ «Ադրբեջանը և Հայաստանը մեր գործընկերներն են, մենք հուսով ենք, որ բանակցությունների ու քաղաքականության միջոցով Ղարաբաղի հարցում հնարավոր կլինի հասնել տևական խաղաղության: Խաղաղությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անկասկած, խաղաղության հասնելու համար գոյություն չունի ռազմական ճանապարհ: Հուսով ենք, որ խնդիրը կլուծվի միջազգային օրենքների շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով», նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը, կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը: Մնաց կատարվի, եթե Ռոհանին հարցերը կանխավ լուծել է Պուտինի հետ, որ ամենամյա ասուլիս էր տալիս՝ նորից ճգնաժամի մեջ:

Սիրիան քիչ էր, ՈՒկրաինան քիչ էր, հայրենակիցները Սիբիրում տասնյակներով լոսյոն են խմում ու մեռնում: Թեպետ հիմնական գլխացավանքը Թուրքիան է: Անկարայում սպանվեց ՌԴ դեսպանը: Եթե Թուրքիայում սպանվեր ԱՄՆ դեսպանը, Թուրքիան անպատիժ չէր մնա՝ գրում է արևմտյան մամուլը, Պուտինին ու Էրդողանին Անդրեյ Կառլովը եղբայրացրեց: Իսկ ընդհանրապես Աքաղաղի տարում չաքլորանաք, եթե կա թրջված հավ դառնալու հեռանկարը: Բախտը ժպտում է հանդուգն, համարձակ ու վճռական մարդկանց, նույնիսկ երբ մենակ են: Բարի Ամանոր, երջանիկ եղեք:

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ