Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե առաջ կարող էի անզգույշ արտահայտություններ թույլ տալ, հիմա ամեն բառը հազար անգամ կշռում, նոր ասում եմ»

«Եթե առաջ կարող էի անզգույշ արտահայտություններ թույլ տալ, հիմա ամեն բառը հազար անգամ կշռում, նոր ասում եմ»
23.12.2016 | 01:40

Քաղաքական տարվա և խորհրդարանական աշխատանքների ամփոփ պատկերը «Իրատեսի» հետ զրույցում ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ հընթացս առանձնացնելով մեծ հնչեղություն ստացած որոշ օրինագծեր։ Մինչ այդ պարոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե խորհրդարանական գործունեությունն ի՞նչ տվեց նրան։ «Մինչ պատգամավոր դառնալը երևույթներին այլ դիտանկյունից էի նայում։ Քանի որ ընդդիմադիր ուժի հետ եմ աշխատել, միշտ մտածել եմ, թե իշխանությունը շատ բան կարող է անել, բայց չի անում։ Երբ իշխանական ուժի քվոտայով դարձա պատգամավոր, հասկացա, որ ճիշտ չեմ եղել։ Հաջորդ «դասն» այն էր, որ մերձեցա իրավաբանության հետ, որովհետև պետաիրավական հանձնաժողովի անդամ դարձա։ Առաջին ամիսներին գիշերներն անգամ իրավունքի տեսություն, օրենսդրություն էի կարդում։ Բավականին բան սովորեցի (ժպտում է-Ռ.Խ.), մեծ փորձ ձեռք բերեցի։ Եթե առաջ կարող էի անզգույշ արտահայտություններ թույլ տալ, հիմա ամեն բառը հազար անգամ կշռում, նոր ասում եմ։ ԱԺ-ն քաղաքական դարբնոց է, և իմ որակները հիմա անհամեմատ ավելի բարձր եմ գնահատում, քան երեք տարի առաջ»,- անկեղծացավ պատգամավորը։

-Ի՞նչ ձեռքբերումներ ու ձախողումներ ունեցանք 2016-ին։
-Բավականին բուռն, վայրիվերումներով լի տարի էր։ Տարվա քաղաքական մեկնարկը տրվեց նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթով, որը նոր հայեցակարգ էր առաջարկում երկրի հետագա առաջընթացի համար՝ հստակ մատնանշելով անելիքները։ Ապրիլյան պատերազմը, որը մեծ ցնցում էր բոլորիս համար, մի տեսակ դանդաղեցրեց այդ գործընթացը, մյուս կողմից, այլ բացահայտումներ արեց։ Այն ցույց տվեց, որ մեր բանակն ի զորու է պաշտպանելու երկրի սահմանները, մենք ականատեսը եղանք համընդհանուր հերոսացման: Սահմանին կանգնած մեր տղաները հայրենասիրության և մարտունակության բացառիկ վարք ցուցաբերեցին, փառք նրանց: Ռազմական այդ գործողությունների ժամանակ արձանագրվեց ևս մեկ լուրջ ձեռքբերում՝ ողջ ազգի միասնականությունը։ Ի չիք դարձան այն խոսակցությունները, թե պատերազմի ժամանակ մարդ չի գտնվի, որ սահման գնա։ Բոլորը սահմանում կանգնած զինվորի կողքին էին՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ նյութապես։ Մենք, որպես քաղաքական գործիչներ, պետք է այս համախմբվածությունը կարողանանք ճիշտ ուղղորդել, տարածել հանրային կյանքի բոլոր բնագավառներում։ Ոչ միայն նեղության պահին են համախմբվում, այլև պետության կերտման, զարգացման գործն առաջ տանելիս։ Կարծում եմ՝ այդ համախմբվածության «պահանջմունքի» արդյունք էր նաև, որ կառավարությունը փոխվեց։ Նոր մոտեցումների, նոր քայլերի անհրաժեշտություն կար։ Իհարկե, սա չի ենթադրում, թե նախկին կառավարությունը վատ էր աշխատում, պարզապես նոր իրավիճակում այլ հրամայականներ էին առաջնային համարվել։
-Ո՞րն է այս և նախորդ կառավարությունների մոտեցումների տարբերությունը։
-Քաղաքական ձեռքբերում կարող եմ համարել կառավարության ծրագիրը, որն էականորեն տարբերվում է նախորդից։ Եթե ԱԺ-ի համապատկերում էլ դիտարկեմ հարցը, ապա այս կառավարության ծրագրում ներառված կետերից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ լուրջ աշխատանքներ են տարվել արդեն։ Խորհրդարանը համապատասխան օրինագծեր է ընդունել, խոսքը պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կանխիկ գործարքների սահմանափակման մասին է։ Նկատենք, որ ապօրինի հարստացմանն առնչվող նախագծում արձանագրված է, որ պաշտոնատար անձի ակտիվների էապես ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում, որը համահունչ չէ ստացած եկամուտներին, քրեական պատասխանատվություն է սահմանվում։ Ի դեպ, քրեական օրենսգրքի նոր նախագծում այս հոդվածն այլ ձևակերպում ունի, անձի կատարած ծախսերին ևս ուշադրություն է դարձված։ Այսինքն, եթե պաշտոնատար անձը ավելի մեծ ծախսեր է անում, քան իր եկամուտն է, ապօրինի հարստացման «սուբյեկտ» է համարվում։ Կարծում եմ՝ նոր օրենքում այս դրույթը պետք է ֆիքսվեր։ Եթե լրատվամիջոցները հետաքննություն անեն ու պարզեն, թե մասնավորապես խաղատներում ովքեր են գումարներ վատնում, կպարզվի, որ բավականին շատ պաշտոնյաներ կան նրանց թվում։ Եթե վերոնշյալ մոտեցումը ներառվեր օրենքում, ապօրինի հարստացման երևույթն ավելի կպակասեր։
-Կառավարության էլ ո՞ր նախագիծը կառանձնացնեք, որը, ըստ Ձեզ, էական նշանակություն ունի։
-ՊՆ-ի ներկայացրած «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները հատուցելու մասին» օրենքը, որը հանրության մեջ ընկալվեց որպես «1000 դրամի» օրենք։ Լինելով պարկեշտ և բանիմաց ղեկավար, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոր գաղափար առաջ քաշեց՝ ազգ-բանակ կոնցեպտը, այս օրինագիծը անհրաժեշտ է դիտարկել որպես այդ կոնցեպտի իրականացման քայլերից մեկը, թերևս՝ առաջինը: Այն լուրջ և արդարացված նախագիծ է, շատ կարևոր է հատկապես պարտադիր և հավասար վճարման բաղադրիչը: Երջանկահիշատակ վեհափառ Վազգեն Առաջինն այսպիսի թեզ ուներ. եթե մի ծրագիր ես իրականացնում, ու պետք է մեկ միլիոնի դրամահավաք անել, շատ ավելի լավ կլինի, եթե մեկ միլիոն մարդ մեկական դրամ տա այդ գործին, քան մի մեծահարուստ՝ մեկ միլիոն դրամ։ Այսպես, թե այնպես, այդ մեկ միլիոն դրամը լինելու է, բայց մի դեպքում դրան ողջ ազգն է մասնակից, մյուս դեպքում՝ ընդամենը մի մեծահարուստ։ Առաջինի պարագայում դու քեզ ամբողջի մաս ես զգում, որ նաև քո շնորհիվ է լավ գործ արվում, մյուս դեպքում դու ընդամենը դիտորդ ես։ Չնայած ընդդիմադիրների բողոքին, թե պարտադիր բաղադրիչը պետք է վերանայել և ըստ աշխատավարձի որոշել գումարի չափը, ես դեմ եմ դրան, քանի որ բոլորը պետք է հավասարապես պարտավորություն ունենան բանակի հանդեպ, իսկ շատ վաստակողը կմասնակցի նաև կամավորության բաղադրիչով։ Ավելին, հաջորդ քայլը պետք է լինի հանրության մասնակցությունը այլ ծրագրերի ևս։
-Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության ենթարկեց ազգ-բանակ կոնցեպցիան՝ համարելով այն «անհեթեթ գաղափարախոսություն»։ «Մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն, որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի՞, թե՞ ոչ»։ Ձեր վերաբերմունքն այս գնահատականին, պարոն Մկրտչյան:
-Կարդացել եմ առաջին նախագահի ելույթը։ Նա կրկնում է 98-ին իր ասած մտքերը, ինչն էլ նրա հրաժարականի պատճառներից մեկը դարձավ։ Չխորանալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա հայտարարությունների մեջ, միայն նշեմ, որ 94-ին, երբ զինադադար էինք կնքում, մեր դիմաց կանգնած էր հակառակորդի պարտված բանակը և մեզնից զինադադար էր խնդրում։ Այն ժամանակ էր պետք հրադադարի փոխարեն հաշտության համաձայնագիր պարտադրել, որի առկայության պայմաններում այսօր չէինք խոսի այլևս փոխզիջումների մասին։ Այն ժամանակ էլ իրավիճակն ավելի բարենպաստ էր՝ խնդիրը փոխզիջումային տարբերակով կարգավորելու տեսանկյունից։ Այն ժամանակ պարտված երկիրը հիմա հարստացել է և իր շահն է փորձում առաջ տանել, այնպես որ ազգ-բանակ գաղափարախոսությունը շատ տեղին է, այն միտված է և՛ բանակի և՛ հասարակության ոգու բարձրացմանը։ Տեր-Պետրոսյանը ազգ-բանակի հաջողված օրինակներ էր բերում, բայց դրանք հայկական իրականության հետ համադրելի չեն։ Մենք այլ իրողությունների մեջ ենք։ Մի ուշագրավ դրվագ էլ. օրենքի քվեարկությունից առաջ Վիգեն Սարգսյանը հայտարարեց. «Խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել՝ համոզված լինելով, որ այս հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորդ հպարտ եք լինելու ձեր կողմ քվեարկելու համար: Եվ ես, որպես քաղաքական պաշտոնյա, որպես քաղաքական գործիչ այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում եմ և՛ իմ քաղաքական կենսագրությունը, և՛ ապագան»։ Պաշտպանության նախարարն այն մարդն է, որ իսկապես կանի ամեն ինչ, որ այս հիմնադրամը կայանա։ Մենք պետք է հավատանք հնչած խոսքին, վստահենք ու ֆինանսապես օգնենք։ Այստեղ կցանկանայի նաև հիշեցնել ՀՀԿ համագումարում երիտասարդներին ուղղված ՀՀ նախագահի խորհուրդները, որոնցից առաջինը վերաբերում է մեր երկրի անվտանգության պահպանմանը, իսկ սա ենթադրում է բանակից չխուսափել, լավ մասնագետ դառնալ, որպեսզի գիտելիքով ևս ապահովենք մեր երկրի անվտանգությունը։
-Այդ և մնացած խորհուրդները կյանքի կոչելու համար երիտասարդներն իրենց թիկունքում պետք է զգան պետության հոգածությունը, իշխանությունն այնպիսի պայմաններ ու մթնոլորտ պետք է ստեղծի, որ նրանք ցանկանան մնալ ու ծառայել հարազատ երկրին։ Սակայն իշխանությունը ոչինչ չի անում: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, որ երիտասարդի սիրտը սեփական երկրի վրա «տաք» լինի։
-Կխոսեմ սեփական օրինակով. իմ ավագ որդին ծառայել է բանակում, կրտսերը պետպատվերի շրջանակում է սովորում, սակայն վայրկյան իսկ չի մտածում, որ ավարտելուց հետո չի ծառայելու։ Ավելին, երբեք չեմ էլ մտածել զարտուղի ճանապարհներով «փախցնել» նրանց բանակից։ Այսպես միայն իմ որդին չի մտածում։ Մամուլում շրջանառվող այն խոսակցությունները, թե պաշտոնյաների, պատգամավորների որդիները չեն ծառայում, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Ես գիտեմ շատ պաշտոնյաների, որոնց որդիները հենց հիմա ծառայում են։ Մտածողություն է փոխվել։
-Հանրության շրջանում նման կարծիքը պատահականորեն չի ձևավորվել, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաները սոցիալապես անապահով, միջին խավի ընտանիքներից էին։
-Սեպտեմբերին Արցախում էի ու տեղեկացա, որ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի որդին ծառայում է Մարտակերտում՝ առաջնագծում։ Համոզված եմ` շատերի որդիները ևս առաջնագծում են։
-Եթե կրկին հանրային ընկալմամբ գնահատեք, ի՞նչ եք կարծում, հանրությունն այս գումարման ԱԺ-ի աշխատանքներից գոհ լինելու հիմքեր ունի՞։ Ի՞նչ օրենք ընդունեց խորհրդարանը, որ բարերար ազդեցություն ունեցավ հանրային կյանքում։
-Մենք արմատական փոփոխություններ կատարեցինք Ընտրական օրենսգրքում։ Շուտով ընտրություններ են, և հասարակությունը կզգա արդյունքը։ Այս ԱԺ-ն ընդունել է նաև շատ կարևոր Հարկային օրենսգիրքը, որն արմատապես փոխում է հարկային համակարգի փիլիսոփայությունը։ Կառավարության հնչեցրած յուրաքանչյուր բարեփոխում ԱԺ-ի հավանությանն արժանացել է օրենքների ընդունման տեսքով՝ տալով կառավարությանը գործելու լայն հնարավորություն։ Լուրջ աշխատանքներ այս խորհրդարանը կատարել է, բայց հանուն արդարության պետք է ասել, որ դրան մասնակից են եղել ոչ բոլոր պատգամավորները։ Սակայն սա նույնպես նորմալ է, այլ երկրների խորհրդարաններում ևս նման պատկեր է։
-Կառավարություն-խորհրդարան հարաբերություններում ի՞նչ խնդիրներ եք տեսնում։
-Կան որոշ խնդիրներ, մասնավորապես արտահերթ նիստերում ընդգրկվում են այնպիսի նախագծեր, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովներում չեն քննարկվել։ Բայց այս խնդիրը ևս շտկվեց վերջերս ընդունված ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով։
-Հանրությունը նոր կառավարության նշանակումից հետո բավականին մեծ ակնկալիքներ ուներ, որոնք գնալով նվազում են։ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք այս կառավարությունից եկող տարում։
-Լինելով իշխող թիմի անդամ, բնականաբար, ինձ համար ավելի շատ բան է տեսանելի, քան հանրությանը, ուստի սպասելիքներն էլ բավականին մեծ են։ Հանրությունը ցանկանում է կարճ ժամանակում մեծ արդյունք տեսնել, այդուհանդերձ, այս կարճ ժամանակահատվածում արդեն տեսանելի արդյունքներ կան, ներկայացրի այն նախաձեռնությունների մի մասը, որոնք նոր կառավարության ծրագրի շնորհիվ շրջանառության մեջ են։ Ես վարչապետի և կառավարության, նրանց մոտեցումների հանդեպ մեծ վստահություն ունեմ։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ