Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«2017-ին դեֆոլտ մենք չենք սպասում»

«2017-ին դեֆոլտ մենք չենք սպասում»
23.12.2016 | 01:45

Դեկտեմբերի 21-ին Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը «Լա Բոհեմ» էր հրավիրել լրագրողներին՝ ոչ պաշտոնական պայմաններում պաշտոնապես ամփոփելու 2016-ը: Առաջին հարցը երկու բանկերի միավորման մասին էր՝ 20 օր առաջ Արարատբանկը սկսել է Զարգացման հայկական բանկի հետ միավորումը, դեկտեմբերի 27-ին երկու բանկերի բաժնետերերի համատեղ ժողով կգումարվի, որից հետո արդեն կարելի է խոսել միացյալ բանկի մասին: ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ նշեց, որ Կենտրոնական բանկն իր համաձայնությունը տվել է երկու բանկերի ինտեգրման գործընթացին:

«Դա բարդ գործընթաց է, վաղուց շուկայում այդ ծավալների միավորում չի եղել: Մենք փորձելու ենք միաձուլումը հնարավորինս արագ անել: Միջազգային ստանդարտներին համապատասխան մենք կունենանք փորձագետ դրսից և բոլոր գործընթացները կլինեն թափանցիկ՝ բանկի բոլոր աշխատակիցները կիմանան՝ ինչը ինչի համար է, որը որից հետո: Միաձուլման արդյունքում մենք ունենալու ենք նոր բանկ՝ ավելի հզոր, դա Արարատբանկի ռազմավարության մասն է, որի մասին քանիցս խոսել ենք: Արարատբանկի բաժնետերերի կապիտալի փոփոխություն չի լինելու, միացյալ բանկի բաժնետերերը դառնալու են Արարատբանկի բաժնետեր: Բոլոր լավ մասնագետներին փորձելու ենք պահել: Այսօր մեր բանկն ունի 55 մասնաճյուղեր, կարծում եմ՝ մասնաճյուղերի թիվը կավելանա: Մենք մասնաճյուղերը գնահատում ենք ըստ արդյունավետության՝ ինչքան կապիտալ ներդրումներ են արվել և դիմացն ինչքան է բանկը ստացել: Նույն սկզբունքով կգնահատվեն Զարգացման հայկական բանկի մասնաճյուղերը»: Զարգացման հայկական բանկի ակտիվներն ու պասիվները կանցնեն Արարատբանկին, որ այսօր ունի 32 միլիարդ դրամ կապիտալ:


Աշոտ Օսիպյանին հարցրին, թե ինչո՞ւ են, իր կարծիքով, բանկոմատները պայթեցվում: Նա պատասխանեց անկեղծ. «Բանկիրներս լավ չենք աշխատում հասարակության հետ: Հանրությունը բանկերի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի: Բանկը ոչ լոմբարդ է, ոչ վաշխառու: Երբ արտասահմանյան ներդրումները երկրում նվազում են, ներդրումների ծանր բեռն ընկնում է բանկերի վրա: Յուրաքանչյուր նախագիծ ֆինանսավորելիս մենք աշխատատեղ ենք ստեղծում, նոր տեխնոլոգիաներ ենք բերում, արտահանման կամ ներմուծման հնարավորություններ ենք ստեղծում: Արդեն չորս տարի է՝ մենք անցել ենք պատասխանատու ֆինանսավորման գաղափարին, մեզ համար շատ կարևոր է, թե գումարը ուր է գնալու և ինչ արդյունք է տալու, մենք այդ ծրագրի համար պատասխանատու ենք: Դա շատ բարդ աշխատանք է՝ ռիսկերի, ապագա գործընթացների գնահատում: Բոլորովին հեշտ չէ բանկում աշխատել: Յուրաքանչյուր ձախողված նախագիծ մեծ ողբերգություն է, մենք, ի տարբերություն իրական սեկտորի, պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր արածի համար, այլև մեր հաճախորդների: Եթե բանկիրներին չեն սիրում, ուրեմն մենք չենք կարողացել ներկայացնել մեր աշխատանքի բովանդակությունն ու բարդությունը: Բանկոմատ պայթեցնելը հաճախորդի գրպանը մտնելն է»:


2017-ի անելիքների մասին Աշոտ Օսիպյանը ասաց, որ շարունակվելու է Զարգացման հայկական բանկի հետ ինտեգրումը, կատարվելու է Արարատբանկի զարգացման ծրագիրը, որի նախագիծը նոյեմբերին է ներկայացվել և հաստատվելու է փետրվարին: Բանկի տնօրենի գնահատականով՝ հեղափոխական փոփոխություններ են կատարվելու՝ Արարատբանկը 2017-ից գործելու է երեք հիմնական ուղղություններով: Առաջինը դասական բանկն է, որ արդեն կա, բայց ենթարկվելու է փոփոխությունների՝ արդյունավետության բարձրացման առումով: Երկրորդը Digital՝ թվային բանկն է, որ իրականացնելու է թվային արտադրանքի մշակում և վաճառք, երրորդը՝ Investment banking՝ ներդրումների կառավարման բանկը: Արարատբանկն ունենալու է գործունեության երեք տարբեր ուղղություններ, որոնց աշխատանքներն արդեն սկսվել են: 2017-ից դա դառնալու է զարգացման հիմնական ուղղություն: «2017-ին կունենանք էապես նոր և նորացված բանկ»՝ ամփոփեց Արարատբանկի գործադիր տնօրենը: Անդրադարձ եղավ և տնտեսությանը, պարոն Օսիպյանը նշեց, որ Հայաստանում կա զարգացած բանկային համակարգ և ոչ այդքան զարգացած իրական հատված, որը խանգարում է բանկերի զարգացմանը՝ մենք շատ կուզենայինք, որ տնտեսության իրական հատվածն էլ նույնքան զարգացած լիներ, գործընթացների նկատմամբ կա լավատեսություն՝ սա էր բանկիրի գնահատականը: «Որոշակի տնտեսական աճ կունենանք, ոչ հեշտ, բայց կառավարությունը, հուսով եմ, որ իր բարեփոխումները մինչև վերջ կհասցնի և մենք կունենանք լավ ցուցանիշներ: Մենք ասում ենք՝ ուշադրություն դարձրեք արտասահմանյան ներդրումներին, հարկային քաղաքականությանը, որը չի նպաստում բիզնեսի զարգացմանը, օպտիմալացրեք հարկերի տոկոսադրույքները»: Աշոտ Օսիպյանը խնդիրները տարանջատում է կարճաժամկետի և երկարաժամկետի և առաջարկում ուշադրություն դարձնել երկարաժամկետ խնդիրներին:


-2017-ին Հայաստանում ընտրություններ են լինելու, կանդրադառնա՞ն ընտրությունները բանկերի գործունեության վրա,- հարցրի Աշոտ Օսիպյանին:
-Առաջին ընտրությունը չէ: Ի պատիվ իշխանությունների՝ բանկային համակարգը ցնցումներից զերծ է մնում: Բնական է, որ մինչև ընտրությունները ու ընտրություններից հետո որոշակի ժամանակահատված տնտեսության մեջ սպասումներ են ձևավորվում, որը բացասական ազդեցություն է ունենում: Համոզված եմ, որ մենք դա կհաղթահարենք առանց պրոբլեմների, մեր դրսի գործընկերները ևս ընտրությունների առնչությամբ մտավախություններ չունեն:
-2017-ին կա՞ դեֆոլտի հավանականություն:
-Այդ հարցը շատ են տալիս: Արարատբանկի բաժնետերերի հանդիպմանը ևս այդ հարցը հնչեց: 2017-ին դեֆոլտ մենք չենք սպասում, պետք չէ վատ սպասումներ ձևավորել շուկայում: Մենք ունենք արտաքին պարտք, ունենք ներքին պարտք, որը կրիտիկական չէ:
-Բանկային ռիսկեր և՞ս չկան:
-Չկա տնտեսավարող սուբյեկտ, որ ռիսկեր չունենա, ֆիզիկական անձ չկա, որ ռիսկեր չունենա:
-Ռիսկերի կառավարում կա՞:
-Ես շատ հպարտ եմ, որ ռիսկերի կառավարումն Արարատբանկում լավագույններից մեկն է, դա շատ մեծ արվեստ է, մենք ռիսկերի կառավարման լավագույն տեխնոլոգիաներն ենք կիրառում, մեր աուդիտը երեք տարի աշխատում է միջազգային ստանդարտներով: Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի, առավել ևս բանկի, ամենամեծ հաջողությունը ռիսկերի կառավարումն է:
Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ տնտեսության վարկավորմանը, վարչապետի հետ հանդիպմանը, պարտատոմսերի շուկայում Արարատբանկի գործունեությանը, բանկային համակարգի թափանցիկությանը, բանկային գաղտնիքին, կիբեռհանցագործություններին, հաքերային հարձակումներին բանկերի վրա ու բանկերի պաշտպանվածության ծրագրերին, ապահովագրական փաթեթներին, բանկերի օպտիմալ թվին և մեկ տասնյակ այլ հարցերի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հավարտ՝ Արարատբանկի գործադիր Աշոտ Օսիպյանը լրագրողներին մասնագիտական նվեր մատուցեց՝ Արարատբանկի հրատարակած օրացույցը՝ երբևէ հատված հայկական դրամների պատկերներով, որ գործնական նշանակությունից բացի բացառիկ հետաքրքիր տեղեկատվություն է փոխանցում մետաղադրամների մեր պատմությունից ու պարզապես գեղեցիկ է: Արարատբանկի գործադիր տնօրենը նաև մաղթեց, որ 2017-ին յուրաքանչյուրն իր տեղում աշխատի իր հնարավորությունների առավելագույնի սահմաններում և առավելագույնս գնահատվի:

Դիտվել է՝ 3552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ