Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կրակե աքաղա՞ղն է բախելու մեր դուռը, թե՞ պոչատ շաքարաքլորը (նվիրում՝ Ամանորի ավանդապաշտ սեղաններին)

Կրակե աքաղա՞ղն է բախելու մեր դուռը, թե՞ պոչատ շաքարաքլորը (նվիրում՝ Ամանորի ավանդապաշտ սեղաններին)
23.12.2016 | 02:03

ՀՈՂՄ N 1. ԿԱՊԿԻ ՏԱՐՎԱ ԵՐԵՍՆ ՈՒ ԴԱՐՁԵՐԵՍԸ


Մաղթում եմ, որ գալիք Ամանորի մեր սեղանները զարդարվեն ողջախոհ շքեղությամբ, այսինքն՝ հարիր ազգային ավանդույթին։ Դուք հարցնում եք, թե ինչ նկարագիր է ունենալու ձեր հեզ ծառայի Ամանորի սեղա՞նը։ Ներկայացնում եմ սիրահոժար, 5-աստղանի «Երևան» կոնյակ, արցախահայ թոթի արաղ և տավուշյան հոնի օղի, սուջուխ և ալանի, լավաշի բրգեր և քամած մածնի բլուրներ, տապակած մի քանի վառեկ և մի զամբյուղ փշատ Մխչյան գյուղից, և անկասկած, պայծառաշուք Թումանյանի սիրած կերակուրը՝ խորոված ձուկ։ Մի խոսքով՝ բարի տոնական վայելումներ եմ մաղթում իմ աննկուն ընթերցողներին։

2016 թվականը, անշուշտ, օրհասական և հերոսական էր։ Զարմանալի բաներ կատարվեցին, գարնան սքանչելի և ծաղկազարդ ապրիլ ամսին դարձյալ արյուն թափվեց, հայկական խաս արյուն։


Երկրի ապահով խավը ուս ուսի փարված էր անապահով հայոց խավին։ Մի՞թե գաղտնիք է, որ հենց երկրի աղ անապահով խավն ապահովեց Հայաստանի և Արցախի կանգունակությունը՝ ի հեճուկս թուրք-ազերբայջանական շեյթանական հավակնությունների։ ՈՒ մի՞թե անտեսանելի է հանրապետության ապահով, գերապահով և առհասարակ, գիրուկ խավի նվիրումը։ Ինչպես Ավարայրից օրեր առաջ վերջիններս առաջնադիրքերում էին, ճիշտ է, քնում էին աստղացող հյուրատանը, փոխարենը լուսաբացին համադամ խորտիկները հասցնում էին ռազմագիծ ու նախաճաշում էին առյուծ աշխարհազորայինների և առյուծաձագ ժամկետայինների հետ, ծունկ ծնկի, նույն գդալով և կաթսայից միևնույն։ Կեցցե՛ք։
Մեզ էլ այսօր ինչ է մնում. նախ և առաջ բաժակ բարձրացնել (ջինջ արցունքն աչքներիս մեջ և հիշատակի վառման վարդը սրտներիս դաջված) և խմել ապրիլյան մեր զոհերի խնկարկելի հիշատակի կենացը։

Անցած հուլիս ամսին կայծակներն ու կարկտաբեր ամպերն էին դրության տերը հայոց մայրաքաղաք Երևանի Խորենացու փողոցում։ Արյուն թափվեց, և հայտնի-անհայտ սադրիչների համար ասպատակությունների ականապատ դաշտեր բացվեցին։ Ապշեցուցիչ խոհեմությամբ աչքի ընկավ հանրապետության քաղաքական վերին դասը, պահպանելով քարեղեն լռություն, և օլիմպիական անդորր։ Ըստ ոմանց՝ ՊՊԾ գնդի գրավումը փոխեց երկրի քաղաքական օրակարգը։ Ըստ այլոց՝ ՀՀ օրակարգը փոխվում է միայն Մոսկովի «Հին» հրապարակ-Երևանի Բաղրամյան-26 երկխոսության արդյունքում։


Ըստ «ՈՒրբաթօրյա հողմաղացի»՝ 3-րդ հանրապետության օրակարգը փոխվում է հայոց պատմության անկանխատեսելի ժամանակացույցով, չէ՞ որ վերելքներն ու անկումները, մակընթացություններն ու տեղատվությունները մեր պետականության անբաժան ուղեկիցն են արդեն 5 հազար տարի։ Օ՜, բախտ իմ դժխեմ, կասեր իշխան Համլետը, որը, ինչ խոսք, անկախական հայի բախտ ուներ։

Աշնանը, ըստ ոմանց, օրակարգը սկսեց փոփոխվել, ընդառաջ քայլելով 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Ասպարեզը բավականին անսպասելի լքեց լոլիկատաքդեղային մագնատ 13-րդ վարչապետը։ Մոսկովից ժամանեց ՀՀ 14-րդ վարչապետը, որը կարծես թե ամեն բանով (դրայվով և այլնով) 13-րդի հակոտնյան է։ Սակայն չէ՞ որ օրերը տոնական են, և հարկավոր է հողմահարվել զվարթ տրամադրությամբ։ Հարցնում եք` մի՞թե զվարթանալու-զվարճանալու առիթներ կան։ Պատասխանում եմ՝ այո՛։ Եվ իրազեկում եմ՝ թոթի արաղի փորձնական 100 գրամը կուլ տալով և ճանապարհվելով դեպի Կումայրի-Գյումրի։ Աքաղաղի տարում հայրաքաղաքի սոցիալական, բարոյահոգեբանական, առհասարակ, նվիրական բոլոր խնդիրները մեկեն կլուծվեն, ՀՀ մշակույթի նախարարությունը՝ տիար Արմեն Ամիրյանի առաջնորդությամբ, բնավորվելու է Կումայրի-Գյումրիում։ ՈՒրեմն 200 հայրաքաղաքացի կունենա մշտական, այն էլ մշակութամերձ աշխատանք։ Ասում են, որ այս պատվարժան քաղաքում մշտապես հանգրվանելու հայտ են ներկայացրել մի շարք այլ նախարարություններ։ Հողմաղացն էլ առաջարկում է, որ առհասարակ երկրի կառավարությունը տեղափոխվի Կումայրի։ Կշահենք երկակի։ Նախ՝ մեր հյուսիսային մայրաքաղաքում վերջնականապես կվերանան արտագաղթն ու գործազրկությունը և ՀՀ կառավարական տունը կդրվի աճուրդի, կդառնա դիցուք 7-աստղանի հյուրանոց, վերջապես աճուրդային գումարներով հալումաշ կլինի պետական պարտքի մի մասը և այլն։ Ի դեպ, Աքաղաղի տարում Գյումրվա քաղաքապետ Բալասան-խանը որոշել է հայրաքաղաքում հաստատված բոլոր նախարարությունների աշխատակիցներին (սկսած նախարարներից) եռամսյակը մեկ անգամ անվճար լողացնել (ի դեպ, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու) իր կյանքի գործ սոցիալական բաղնիքում։

Մարդակենտրոն Հայաստանը, այնուամենայնիվ, կերտվում է, զի ազգայնացվում է պետական (այսինքն՝ ժողովրդական) հարստությունը։ Ո՞վ կհավատար, որ «կարմիր գծերն» ու ամենահաս տեսախցիկները հնարավոր է ազգայնացնել։ Ես հավատացել եմ, այժմ էլ գրեթե վստահ եմ, որ Կարմիր աքաղաղի տարում ՀՀԿ-Ծառուկյան վերպետական-քաղաքական դաշինքը Դալլաքյան Վիկտորի «քաղաքական ահաբեկչության» մամլիչի տակ կազգայնացնի և հայ տանջահարված ժողովրդին կհանձնի՝
ա) գազի և շաքարավազի ներկրման մենաշնորհը,
բ) 3 տարով կարգելի որևէ գյուղմթերքի ներկրումը (բացառությամբ բանանի),
գ) 5 տարով կարգելի որևէ պետական գնում։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՑՆՑԱԿԱԹՎԱԾ
(շաքարաքլորի նախամանորյա ծուղրուղուն)
2017-ի մոխրագույն կարդինալ-խորհրդանիշ շաքարաքլորը վաղորդյան ցրտին կրակոտ ծուղրուղու կանչեց, և ես երջանկությունից խենթացած վերջապես կռահեցի, թե ինչ է պետական գաղտնիքը։ Օվալաձև դահլիճն ընդունեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային ծախսերն այսուհետև պետական գաղտնիք են, արարողակարգային գնումներն էլ կատարվելու են փակ ընթացակարգով։


Անչափ համակրելի գործարար-պատգամավոր տիար Գարեգինը՝ Նուշիկյան, լիցքաթափեց փակ ընթացակարգի պատճառով խիստ շիկացած հանրային մթնոլորտն ահա այսպես. «Կառավարությունը կարող է 500 հազար դրամանոց կոնյակ էլ գնել, եթե դա վերաբերում է ինչ-ինչ հարցերի»։ Կեցցե՛ս։ Իսկ ձեր հեզ ծառան առաջարկում է մի նոր, արտոնյալ վարկ ձեռք բերել, որը կսպասարկի ՀՀ արարողակարգային բոլոր ծախսերը։ Չէ՞ որ յուրաքանչյուր արարողակարգում առնվազն երկու տասնյակ 500 հազար դրամանոց կոնյակ կխորտակվի, սակայն, ի՞նչ է, նշյալ պերճացոլք խմիչքը կհամալրվի լուլաքաբաբո՞վ։ Անշուշտ ոչ։ Կոնյակին կվայելի գերընտրյալ ձիթապտուղը (մեկ հատիկը՝ 50 դոլար), շոկոլադը (մեկ սալիկը՝ 60 դոլար) և կիտրոնը (մեկ շերտիկը՝ 10 դոլար)։


Իր հերթին գերնազելի նախարարուհի Արփինե Հովհաննիսյանը վերջակետեց տարին` զսպաշապիկ հագցնելով 2017-ի բյուջեակորզիչներին. «Այո՛, բյուջեից գողացողի ձեռքը պետք է բռնել, կտրել և ընդհանրապես բոլոր հնարավոր ամենախիստ պատասխանատվության ենթարկել...»։ Երիցս կեցցե՛ս։ Կեցցեն բազմիցս ՀՀ կառավարության այն նիստի բոլոր մարդակենտրոն մասնակիցները, որոնք փնտրեցին ամենուր, բայց և այնպես, չգտան անօթևանների համար 20-մահճակալանոց բաշխիչ կենտրոն ստեղծելու համապատասխան գումարը։ Նշյալ անօթևաններից 2-ն արդեն ցրտահարված են, մնացած 18-ը, վստահ եղեք, կցրտահարվեն մինչև ապրիլի 1-ը։ Իսկ գուցե այս ամենում մի վերին ճշմարտությո՞ւն կա։ Գուցե կառավարությո՞ւնը փորձի ԱՀՄ-ից (իմա՝ Արժույթի միջազգային հիմնադրամից) մի դարակազմիկ վարկ ձեռք բերել, անօթևանների խնդիրները լուծելու համար։ 2016-ի գլխավոր ձեռքբերումներն էին՝ ՀՀԿ 16-րդ համագումարը, Գագիկ Ծառուկյանի այցը Կումայրի-Գյումրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հիմնարար էժանացումը 2017-ին և, անշուշտ, սփյուռքահայ որոշ ակտիվիստների (ԼԳՏԲ-ականների շահերի ջերմեռանդ պաշտպան Արսինե Խանջյանի գլխավորությամբ) սպառնալիքը՝ 2017-ի ապրիլին այցելել ՀՀ և վերահսկել ընտրությունների ընթացքը։

ՀՈՂՄ N 2. ԾՈՒՂՐՈՒՂՈ՜Ւ
Խմում եմ 2-րդ թասը, հոնի օղին։ Դուք էլ ըմպեք և միասին ունկնդրենք զարմանալի պոետ, ցավոք, հանգուցյալ Վահան Վարդանյանի մի ուղենշային ստիխից մի քանի տող, որը կարծես քարագրված է հենց 2017-ին ընդառաջ։


Յոթ լեգեոն կշռող իմ բնազդների ահարկությունով
Շարված գոյության մարտին ընդառաջ,
Այդ զինվորներից յուրաքանչյուրին
Իմ մեկ զգացման զրահը տված-
Փողփողուն շարքով հանեցի մարտի...

Զենքն ու զրահը իշխանաց ձեռքում է, նրանք կարող են գալիք տարի փառավոր գործերով հավերժանալ մեր նորագույն պատմության էջերում։ Կարմիր-կրակե աքաղաղը տիրակալ արարած է, և, նրան վայել չէ շաքարաքլորային սեթևեթանքը։ Ահավասիկ, հայոց ընտրագույն պոմիդորը մնում է վաճառասեղանների վրա, զի հայոց գյուղմթերքների շուկայում գերիշխում է թուրքական լոլիկը, անհամ և վտանգավոր մեր առողջության համար։ Ասացեք, պաղատում եմ, մի՞թե Ազերբայջանը և արդյոք Թուրքիան յուր պոմիդորը կդարձնեն մեռյալ պտուղ և Հայաստանի լոլիկով կհագեցնեն սեփական շուկաները։ Անհնար է։ Իսկ մի՞թե հնարավոր է հետևյալը, ՀՀ-ում կան մի քանի միլիարդատերեր, անհամար միլիոնատերեր, սակայն աշխարհաճանաչ դերասան Դի Կապրիոն է 65 հազար դոլար փոխանցում ՀՀ սովալլուկ և անտերունչ մանուկներին որպես օգնություն։ Մի խոսքով, պետք է սահմանափակել երկիրը ճարակած շաքարաքլորային վերոնշյալ գործընթացները և աքաղաղային հպարտությամբ կառավարել 3-րդ հանրապետությունը։
Ծուղրուղո՜ւ։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Հինգաստղանի կոնյակը բացելու ժամն է։ Բացում-լցնում եմ և լիասիրտ խմում եմ նախ՝ երկրի սահմանները հսկող հայ զինվորների և սպաների ազնվական կենացը, հետո «Իրատեսի» ընթերցողների, այնուհետև, առհասարակ հայության կենացը, և մաղթում եմ, որ 2017-ին յուրաքանչյուրիս դուռը թակեն արևշատությունն ու բարեկեցությունը։
Ողջ լերուք, եղեք սակավապետ, եղեք երջանիկ և հույսերով լի։ Եվ ունկնդիր եղեք 2016-ի հողմաղացյան վերջին առաջարկին, ձեր վսեմ տոնական սեղանների շուրջը չքննարկեք, պաղատում եմ ցնծագին, նսեմ քաղաքական հարցեր։
Զի՞նչ ցուցանեցին տարեվերջյան այս առակները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ