Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արյամբ ձեռք բերված հողը մենք ինչի՞ դիմաց պիտի զիջենք

Արյամբ ձեռք  բերված հողը մենք ինչի՞ դիմաց պիտի զիջենք
23.12.2016 | 11:24

Չէ, Չարենցի հայտնի խոսքերը, որ չհառնի մոխիրներից որպես փյունիկ, հաստատ Լևոն Տեր-Պետրոսյան մարդ-քաղաքական գործչի համար չեն ասված, որովհետև մոխրից կարող է հառնել այն մարդը, պետական-քաղաքական-ռազմական գործիչը, որը, այրվելով, տվել է իր ժողովրդին, պետությանը այն ամենը, ինչ կարող էր տալ: Այդպիսի մարդիկ, ռազմական, քաղաքական գործիչները եզակի են հայ իրականության մեջ, նրանց թիվը հազիվ լրացնեն մեկ ձեռքի հինգ մատները… Էլ ո՜ւր մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Որքան էլ երկար ու տառապալի լինի ՀԱԿ-ի համագումարում նրա ելույթին անդրադառնալը, մեր նորագույն պատմության մեջ նրա խաղացած ահավոր բացասական դերին, միևնույն է, պետք է ասեմ ոչ միայն ասելու համար, այլև ցույց տալու, թե ինչպիսի դժբախտություն էր Լևոն Տեր-Պետրոսյան երևույթը հայ ժողովրդի ոչ հեռու անցյալում և կլինի գալիք շատ տարիների ընթացքում:

Քաղաքական, պետական գործչի գիտակցական, թե անգիտակից սխալները (մեծամիտ քաղաքական գործիչը առավել ևս) իրենց անդառնալի կնիքն են թողնում ժողովրդի կյանքի վրա: Օրինակներ որքան ուզես: Գորբաչով, Ելցին անունները բավական են դատելու հետխորհրդային ժողովուրդների երեք տասնամյակի հասնող պատմության ողբերգությունը` միլիոնների մահ, աղքատություն, գաղթ, ազգամիջյան ատելություն և դեռևս չպարզվող, մշուշոտ, անորոշ ապագա:


«Եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող»,- գյուտ արածի պես համագումարում ասում է Լևոնը: Նա առաջարկել է նաև ՀԱԿ-ին ընտրությունների գնալ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով: Փոքր-ինչ առաջ ընկնենք և ասենք. նրանից հետո այդ ո՞ր կուսակցությունն է կամ նրա լիդերը պատերազմի, ատելության քարոզչությամբ եկել իշխանության: Այդ «խաղաղությունը, հաշտությունը, բարիդրացիությունը» ցանկանում է քո հարևան կառավարողը (չասացի ժողովուրդը), թե՞ ոչ: Եվս փոքր-ինչ առաջ ընկնեմ և հիշեցնեմ այն բոլոր ռևերանսները, որ անում էիր Թուրքիայի հասցեին, ինչպես գնահատեցին թուրք կառավարողները, և վերջում, հոգնած նրանց բութ անտարբերությունից, ինչ հայտարարություն արեցիր: Գիտեմ, հիշողությունդ կարճ է, ուստի ստիպված եմ հիշեցնել՝ մենք Թուրքիային այլևս ասելու ոչինչ չունենք (մոտավորապես նման միտք ես ասել դու, Լևոն Տեր-Պետրոսյան): Եվ հիմա կարծում ես՝ Էրդողանը, կրտսեր Ալիևն ավելի դեմոկրատ են, ավելի հայասեր, քան Դեմիրելը կամ հայր Ալիևը: Թե՞ հերթական անգամ ուզում ես ասել, որ ես` Լևոն Տեր-Պետրոսյանս, տարբերվում եմ բոլոր հայ քաղաքական գործիչներից իմ աշխարհաքաղաքական ընկալման մեծ դիապազոնով:


«Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի,- հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը,- որ Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած անհագ թալանը»: Փաստենք՝ այն, ինչ գյուտ արածի պես ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ամենևին էլ նորություն չէ: Թերևս միայն մոռանում է ասել՝ ժողովուրդ, այդ բոլորի հիմնադիրը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահ (հիմնադիր նախագահ, պատեհ, թե անպատեհ առիթներով հաճախ էր սիրում արտահայտվել Նիկոլ Փաշինյանը) Լևոն Տեր-Պետրոսյանս է եղել:


Թվարկեմ.
1. Բնակչության աղքատություն: Երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, երկիրը բարգավաճ էր, բոլորի տները լիքն էր, կահավորված, բանկերում էլ ժողովուրդը մի քանի միլիարդ խնայողություն ուներ, և չկար մի գյուղացի, որ բակում ջերմոցային տնտեսություն չունենար:
2. Զանգվածային արտագաղթ: Այդ պրոցեսի հիմնադիրը երրորդ հանրապետության նախագահն էր: Հիշենք Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Արա Սահակյանի թևավոր, բայց լկտի խոսքը՝ մեզ հարյուրհազարանոց Հայաստանն էլ հերիք է: Ասե՞լ է, թե՞ ոչ, պարոն Լևոն:
3. Բանակի թերզինվածություն: Միանգամայն ճիշտ ես: Քառօրյա պատերազմում, երբ փամփուշտը պրծել է, զինվորը լապատկայով է կռվել: Երբ թշնամու երեք տանկ խփած տանկիստի դիզվառելիքը պրծել է, այսինքն՝ էն գլխից գողացել են, և երբ իջել է տանկից, որ փախչի, փրկվի, սպանվել է: Այդ բոլորը ճիշտ են: Հիմա հետ դառնամ քո ժամանակներին: Արագ-արագ, շան մսի գնով սեփականաշնորհում էիք երկրում առկա ողջ տեխնիկան, ավտոմեքենաներ, տրակտորներ և հայտարարում էիք, որ մեզ բանակ պետք չէ, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է, և երբ սկսվեց բանակաշինությունը, սկսեցիք բանակի համար գնել, արդեն բավականին բարձր գներով, շան մսի գնով վաճառված КрА-ներ և КАМАЗ-ներ և շատ այլ տեխնիկա: Լևոն, Բալահովիտում խորհրդային ժամանակներից բանակի համար կուտակված հազարավոր տոննա բենզինն ի՞նչ եղավ: Երբ փակ էր Գորիս-Կապան ասֆալտապատ ճանապարհը (որովհետև մի հատվածն անցնում էր ադրբեջանական տարածքով) և մեկ միլիարդ ռուբլի հատկացվեց Տաթև-Կապան անորակ ճանապարհի շինարարությանը, և երբ բացվեցին Լաչինի միջանցքը, հետո այդ ասֆալտապատ հատվածը, ինչ եղավ մեկ միլիարդ ռուբլի հատկացումը, որովհետև այդ ճանապարհն այդպես էլ չկառուցվեց: Եթե բոլոր օրինակները հիշատակեմ, հաստատ հարյուրավոր էջեր չեն բավականացնի: Կամ եթե օգտվենք մեր հանճարի խոսքերից, եթե ծովերի ջրերը թանաք դարձնենք և Լիբանանի բոլոր մայրիները հատենք գրիչ դարձնելու համար, այդ ամենը չի բավականացնի ցույց տալու այն բոլոր դժբախտությունները, որ պատճառել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր կլանով հայ ժողովրդին, բայց մի օրինակ չեմ կարող չնշել: Լևո՛ն, մահը ոչ մեկին չի սրբագործում: Հիշիր, դու լավ գիտես, թե ով էր դա, որ... «Հրազդանմաշի» հսկա գործարանի 15 հատ դազգահները, յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար արժողությամբ, ծախեց Իրանին: Այդ մասին ինձ պատմել է Հայաստանի կոմկուսի «կուսկոնտրոլի» պետի տեղակալ Մելիքյանը մեկի տանը պատահական միջոցառման ժամանակ: Շարունակե՞մ, թե՞ բավական է: Բայց հիշեցնեմ աստվածաշնչյան հայտնի խոսքերը փոքր-ինչ այլ ձևակերպմամբ՝ ուրիշի վրայի բիծը (կարող ես հասկանալ նաև կեղտը) ցույց տալուց առաջ, մաքրիր քո վրայի կեղտը, այն էլ շատ մեծ կեղտը:
4. Ապօրինի ընտրություններ: Լևոն Տեր-Պետրոսյան, այդ ո՞վ է խոսում, և բարոյական ո՛ր իրավունքով, ընտրությունների ապօրինության մասին: Ո՞վ սկիզբ դրեց այս երկրում կեղծիքների շարանին, ժողովրդին հինգ հազար դրամով գնելու ցինիկությանը: Այդ ո՞վ էր, որ նախագահական ընտրություններում պարտվելու հենց հաջորդ օրը շամպայնով լի բաժակ բարձրացրեց իր կլանի հետ և կեղծ ժպիտով հայտարարեց, թե մենք հաղթել ենք եվրոպական չափանիշով` 51 %-ով:
5. Արդարադատության չգոյություն, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը… Այդ ո՞վ է խոսում արդարադատության չգոյությունից, ժողովրդավարության պակասից, մարդու իրավունքների ոտնահարումից: Այդ ո՞ւմ օրոք էին փողոցում գեներալ գնդակահարում, իր տան շքամուտքում անվանի գրողի գնդակահարում, երկաթգծի պետի սպանում, սուտ արդարադատության խորհուրդ ստեղծում՝ ոչ ցանկալի անձանց իրավապահ մարմիններից դուրս թողնելու համար: Այդ ո՞ւմ օրոք էր, որ փողոցի դատախազ էին նշանակում, գրողին՝ ՆԳ բաժնի պետ, խորհրդային դատարանի կողմից երկարատև անազատության դատապարտված, անգամ քո ժամանակվա դատարանի կողմից չարդարացված հանցագործին՝ քննչական վարչության պետ: Լևոն, խիղճը (ինչ միամիտ հարց եմ տալիս)… երբևէ տանջե՞լ են քեզ 1990 թվականի մայիսի 27-ին կայարանամերձ հրապարակում և այդ օրվա տրամաբանական շարունակությունը հանդիսացած Էրեբունի-Սովետաշեն խճուղում թափված, ընդհանուր առմամբ, 31 մարդու անմեղ արյունը, Մասիս կայարանի, Երևանի տրիկոտաժի ֆաբրիկայի թունավորումները և էլի շատ բաներ: Լևոն, այդ փաստերով քեզ ահաբեկե՞ց ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը՝ նորեն դատախազ նշանակվելու համար:


Շարունակեմ… Շարունակեմ, Լևոն, վերլուծել քո փիլիսոփայական մտքերի ողջ սնանկությունը:
Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է (ճիշտ է, Լևոն, ես չեմ տիրապետում քո կատարած ապօրինությունների ողջ տեսականուն և հնարավոր էլ չէ): Անտեսանելին 1998 թվականից (այս թվի հիշատակումից երևում է Լևոնի ողջ ղարաբաղացավով տառապելը) ի վեր հայոց պետականաշինության հիմքում դրված փիլիսոփայությունն է (հարգելի ընթերցող, այսուհետ կմեջբերեմ հասկանալի պատճառներով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի միայն սկզբնամասը, սակայն վերլուծելով ողջ պարբերությունը): Մինչև 1998 թվականը, Լևոն Տեր-Պետրոսյան, մենք ունեի՞նք պետական կառույցներում ապօրինի ստեղծված կազմակերպված բանդաներ: Հիշենք Արմեն Սահակյանի բանդան, Վլադիմիր Գրիգորյանի, Ջիլավյանի սպանության անհաջող փորձերը: Եվ վերջինիս անհաջող փորձի արդյունքում պրոֆեսոր Ռաֆայելյանի որդու՝ Կարենի, և նրա ընկերոջ սպանությունը, վերջիններիս փողոցում թաղելը և վրան ասֆալտ քաշելը: Լևոն, այսօր ո՞ւր է քո զինակից Վանոն: Լևոն, դու զուրկ ես ամոթի զգացումից, հավանաբար, ղեկավարվում ես «քաղաքական գործիչը պետք է զուրկ լինի ամոթի զգացումից, այլապես նա քաղաքական գործիչ չէ» դատողությամբ: Գերմանական ասացվածք է՝ «կարելի է ժպտալ և սրիկա լինել»: Այդ դարձվածով է ողջ կյանքում ղեկավարվել Գեբելսը: Իսկ դո՞ւ: Երբեք չմտածես, Լևոն, թե այսօր Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում, մինչդեռ 18 տարի առաջ… Լևոն, քառօրյա պատերազմն ապացուցեց, որ այս հողը հայոց հող է, և նրա տերը հայ ժողովուրդն է, և ոչ թե դու կամ քեզ նմանները, լապատկայով կռվող տղան ապացուցեց, որ ինքը ռամիկի տղա է, ինքը պատրաստ է մեռնելու այս հողի համար: Իսկ ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա նմանները, նրանց որդիներն ընդհանուր ոչինչ չունեն այս ժողովրդի հետ: Աշխարհի օրենքն է, Լևոն, ճորտը մեռնում է, տերը` ճարպոտում: Աշխարհում եզակի չեն դեպքերը, երբ ճորտն այլևս չի կարողանում տանել ճարպակալած տերերին և մի օր էլ տապալում է նրանց: Լևոն Տեր-Պետրոսյան, դու քեզ պատմաբան ես համարում, թեպետ ասել ես, որ պատմությունը սուտ գիտություն է: Լավ ես վերլուծել 1920 թվականին առաջին հանրապետության կործանման պատճառները, որը ոչ մեր արկածախնդրությունն էր և ոչ էլ մեր մաքսիմալիզմը: Հայ մեծ բանաստեղծին հիշենք, նրա խոսքերը՝ մենք հիմնովին կործանել ենք մեր երկիրը: Լևոն, այդ ինչպե՞ս եղավ, որ 1918 թվականի մայիսին ոչ կանոնավոր բանակով, ազգովին հիմնովին ջախջախեցինք թուրքական կանոնավոր բանակը, իսկ հետագա երկու տարիներին միայն պարտություններ գրանցեցինք: Այդ ինչպես էր, որ Սարդարապատում հայ զինվորի ոգու արիության մասին թուրք հրամանատարն ասել է, թե հերիֆները գեշ կկռվեին, իսկ երկու տարի հետո այդ հերիֆները համարյա կամավոր հանձնեցին Կարսի բերդը և պարտվեցին հետագա բոլոր ճակատամարտերում: Ո՞րն է պատասխանը, պարոն պատմաբան: Լռում ես, մինչդեռ պատասխանը փնտրենք մեր մեջ, մեր կառավարողի ընչաքաղցության և անհեռատեսության մեջ: Այդ ընչաքաղցությունն այսօր չունի այն կործանարար հետևանքները, որովհետև կա ժողովրդի անկոտրում ոգին, կա սփյուռք, որ օգնում է հայրենիքին և ամենակարևորը` խորհրդային հայրենասիրական ոգի (հասկացիր խորհրդային հայասիրական), որ փոխանցվել է հերոսականության աննկարագրելի ոգի դրսևորած մեր քաջարի ֆիդայիներից: Այդ ֆիդայիները կռվի դաշտից ոչինչ չբերեցին, մինչդեռ նրանց թափած արյան վրա շատ ճիվաղներ, բայց ոչ հայրենիքը, հարստություն կուտակեցին:


Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն հասկացության քաղաքական բովանդակությանը, ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև հետագա նրա քանքարաշատ մտքերի վերլուծության հասնելը, նշեմ, որ տարիներ առաջ հրապարակավ առաջ էի քաշել այն միտքը, որ ես, որպես բարձր թոշակ ստացող, տալիս եմ իմ մեկ ամսվա 400 հազար թոշակը բանակին, Լևոն Տեր-Պետրոսյանն այսքան, Ռոբերտ Քոչարյանը, եթե իրոք 4 միլիարդ ունի, ապա գոնե 500 միլիոն, Սերժ Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը, Լֆիկն այսքան, Գագոն այսքան, թալանչի գեներալներն այսքան և արդյունքում ստացվում էր մի պատկառելի գումար, մոտ 5 միլիարդ դոլար: Հը, նորից եմ կրկնում, Լևոն, պատրա՞ստ ես քո «չթալանով» կուտակված հարստությունից մի պատկառելի գումար տալու բանակին: Այդ առանձնատունը, որը զավթել ես դու ապօրինի հաստատված օրենքով օրինականացնելով, չար լեզուներն ասում են՝ 100 միլիոն դոլարից ավելի արժե, ինչ է պետք քեզ: Հիշիր ՈՒրուգվայի նախագահին, որը ոչ թե ճառեր է ասում, կուրծք է ծեծում, այլ պրակտիկ օրինակ ծառայում: Ես ավելին եմ ասում, ազգ-բանակ գաղափարը հիանալի է, և մենք պարտադրված ենք դրան և ոչ թե 1000-ական դրամներով, այլ ամեն գյուղում, թաղում, ըստ տարիքային խմբերի, ստեղծելով մարտական ջոկատներ, անհրաժեշտ հանդերձանքով, զենքով, որը ամրացված կլինի ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբին և, Աստված ոչ արասցե, պատերազմի ժամանակ ջոկատի հրամանատարը գիտի, ուր գնալ: Հանրապետությունում առաջ քաշվող ազգ-բանակ գաղափարը քննադատելու համար, Լևո՛ն, ամենևին էլ պետք չէ պատմական էքսկուրս կազմակերպել: Հասկանում եմ, դրանով ցանկանում ես ընդգծել քո պատմական գիտելիքները և ոչ ավելին: Ի՞նչ կապ ունի մոնղոլական արդարացված պատմական փորձը մեզ հետ: Ազգ-բանակ գաղափարով մենք ցանկանում ենք աշխարհակա՞լ դառնալ: Հայկական բարձրավանդակում հազարամյակներ առաջ ձևավորված արմենոիդ ցեղերը այդ ե՞րբ են ցույց տվել իրենց ագրեսիվությունը: Մեր խաղաղ էությամբ մենք համատեղելի որևէ եզրեր չունենք մոնղոլների հետ: Շվեյցարականն էլ մեզ համար օրինակ չէ, քանզի նրա բախտը բերել է այդ հարցում, որովհետև նրան նվաճել ցանկացողները գոնե քաղաքակիրթ են եղել և ոչ թե բիրտ ու դաժան մահմեդական (այդ բառն ընդգծելով ես նկատի ունեմ միայն թուրքին): Թուրք` բռնաբարող ու թալանող... որքան էլ փորձեմ բնութագրել մի ազգի, այն ավելի կատարյալ չի լինի, քան հանճարեղ Հյուգոյի խոսքերը՝ ամեն տեղ սուգ ու ավեր, թուրքերն են անցել այս կողմերով: Լևոն, այսօրվա թուրք-ադրբեջանցի Ալիևն ինչո՞վ է տարբերվում Աբդուլ Համիդից, Էնվերից կամ Թալեաթից: Մարդասպանին հերոսի կոչում տվող Ալիևը պատրաստ է ոչ թե անորոշ, այլ կոնկրետ փոխզիջման: Կառաջարկեի գնալ Բաքու, որտեղ քեզ սիրով կընդունեն, բանակցիր Ալիևի հետ որպես հայ անհատ և համոզված եմ, ինչպես Դեմիրելի, այնպես էլ Ալիևի պարագայում կասես՝ մենք մեր խոսքն ասացինք, մնացածը Ալիևը պիտի ասի:


Իսրայելի օրինակը: Ասեմ, Լևոն, որ դա էլ մեզ համար օրինակ չէ: Արաբա-իսրայելական ատելությունը (անգամ պատերազմի ժամանակ) այնպիսին չէ, ինչպես հայ-թուրքականը: Փաստեմ՝որտեղ մտել է իսրայելցի զինվորը, արաբ խաղաղ բնակիչը չի փախել: Ավելին, ամեն օր հազարավոր պաղեստինցիներ աշխատանքի են գնում Իսրայել և հետ վերադառնում: Նրանց ատելությունը գենետիկորեն չէ: Հայ-թուրքական ատելությունը գենետիկորեն է: Եվ այսօր էլ, XXI դարում, այդ ատելությունը նկատելի է թուրք կառավարողների կողմից: Դու կոչ ես անում բանակցել մի թուրք ադրբեջանցի նախագահի հետ, որի հետ նորմալ մտավորական մարդը թույլ չի տա իրեն սեղան նստել: Ինչ անուն տալ Ջուղայի պատմական խաչքարերը ոչնչացնող ճիվաղին: Լևոն, դու խաղա որպես մեծ «մտածող», դա քո գործն է, բայց մի՛ փորձիր անարգել Եռաբլուրում հանգչող այն հազարավոր զինվորներին, որոնք ընկան հայոց հողի համար, մի՛ փորձիր անարգել լապատկայով կռված, բայց դիրքը չհանձնած այն զինվորին, որի համար քո և քեզ նմանների քաղաքական խաղերը մեկ են: Այս հողը Հայաստանն է և վերջ:


Ծննդյան օրվանից գոյության համար պայքարող Իսրայելն այսօր վերածվել է ագրեսորի:
Այսօր ինչ գործ ունի իսրայելական զինվորը Հալեպում: Հավանաբար մտածում են, որ Ասադին տապալելով մեկընդմիշտ կլուծվի Գոլանի բարձունքների հարցը: Լևոն, մենք Իսրայել չենք: Միայն մեկ պատճառով, որ Իսրայելի ղեկավարները թալանչի չեն, գռփող ագահներ չեն, անկուշտ գայլեր չեն: Ծնված օրվանից Իսրայելը գտնվում է պատերազմի մեջ, բայց և՛ կյանքն է լավանում, և՛ ներգաղթն է շատանում, և՛ երկրի արդյունաբերությունն է զարգանում: Ոչինչ չեղած տեղում նրանք հզոր պետություն ստեղծեցին, իսկ մենք, ավելի ճիշտ՝ դուք, իշխանության գալով, ժառանգեցիք հզոր արդյունաբերական Հայաստան, և ի՞նչ արեցիք: Ի՞նչ եղան այն 800 մեծ և փոքր ձեռնարկությունները, գործարանները, ֆաբրիկաները... Բոլորը մսխեցիք, թե՝ թողարկվող ապրանքը մրցունակ չէ: Եթե մրցունակ չէին այնտեղ աշխատող դազգահները, այն գնող երկրներում մրցունա՞կ դարձան: Թող բավարարվեիք 100 գործարան յուրացնելով, չեմ ասում՝ լափելով: Մնացած 700-ից 650-660-ը ծախեիք և 10-ը արդիական մրցունակ գործարան սարքեիք, ու այսօր և՛ երկիրը ծաղկած կլիներ, և՛ հայը չէր արտագաղթի երկրից: Շրջափակումով բացատրել թալանը արդարացված չէ: Բենզին ներկրում են, ցորեն ներկրում են, պատրաստի ամեն ինչ ներկրում են, հումք հնարավոր չէ՞ր ներկրել: Հնարավոր էր: Բայց քո իշխանության առաջին իսկ օրից քո անհայտ տերերն ասում էին՝ քանդիր այս գործարանը, քեզ այսքան կվճարենք, և նման վճարման արդյունքում ավերվեց Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունը: Մի օր մի արտասահմանցի պատմում էր, որ շատ հայ պաշտոնյաների անուններով արտասահմանում հսկայական գումարներ կան, և ոչ մի հաշվարկ չի կարող հիմնավորել, թե որտեղից. Հայաստան այդքան գումար մուտք չի եղել: Արտասահմանցու դատողությունը մեկն էր, դա քանդված գործարանների արժեքն է, որ մուտք չի եղել Հայաստան:


Լևոն, միջնադարյան պատմական էքսկուրսները, Լաստիվերցուն, Երզնկացուն, խաղաղություն, բարօրություն հիշատակելը ոչ միայն ավելորդ են, այլև անիմաստ: Այդ ով չի ուզում այդ քաղցր բառերն ունենալ իրական կյանքում: Քո դատողություններից կարելի է եզրակացնել, որ մենք` հայերս, կամ մեր ղեկավարությունը ռազմատենչ ենք և չենք ուզում խաղաղություն: Դու հարցրու նրանց (թուրքին, ադրբեջանցուն) ուզո՞ւմ են այդ խաղաղությունը, թե՞ ոչ, և ի՞նչ գնով: Ամենակարևորը՝ ի՞նչ գնով: Չորսօրյա պատերազմը ցույց տվեց նրանց ախորժակի և այդ ախորժակին անհամապատասխան մթերքի (տվյալ դեպքում՝ կռվելու ունակությունը) բացակայությունը: Չորսօրյա պատերազմը սկսվել է Ռուսաստանի թույլտվությամբ: Հավանաբար Ալիևը համոզել էր Պուտինին, որ չորս օրում կվերցնի Ստեփանակերտը, և հայերս կվազենք Պուտինի դուռը: Մինչդեռ պատերազմը ցույց տվեց, թե ովքեր ենք մենք: Ինչպես երկրաշարժը ցույց տվեց... Շատերն էին կարծում, թե երկրաշարժով կվերջանա ղարաբաղյան մեր պայքարը: Պատերազմը ցույց տվեց հենց Ռուսաստանին, ռուս կառավարողներին, որ թուրքի դեմ հայ ժողովուրդը միասնական է: Այն օգնությունը, որ կազմակերպվեց կարճ ժամանակում ճակատի համար, միայն խորհրդային մարդուն էր հատուկ, այն էլ ասեմ, որ մեր օգնությունն ավելի վեհ էր, որովհետև այն ինքնաբուխ էր: Այդ չորսօրյա պատերազմում Սերժ Սարգսյանը սխալ թույլ տվեց: Պիտի հայտարարվեր, որ Սարգսյանը սրտի ծանր տագնապով հոսպիտալացվել է, և բանակը շարժվեր առաջ: Այսինքն` Պուտինին պատասխանող չէր լինի, և պատերազմի արդյունքում մենք կունենայինք ոչ թե 800 հեկտարի կորուստ, այլ հազարապատիկ ավելի տարածքների ազատագրում: Չորսօրյա պատերազմից հետո «Սասնա ծռերի» ելույթները, հակառուսական տրամադրությունների բացահայտ դրսևորումները հասկացրին մեր «բարեկամին», որ նվիրվածությունն էլ չափ ու սահման ունի: Ասելիքս է` եթե ժողովուրդը միասնական է... դժվար է հաղթել այն ժողովրդին, որ գիտե ինչի համար է կռվում, ասել է Լենինը: Մենք գիտենք՝ ինչի և ում համար ենք կռվում: Ասում ես՝ փոխզիջում: Տարածքներ տալ և ստանալ Ղարաբաղի համար ինչ-որ անորոշ, մշուշոտ ապագա: Այդ որտե՞ղ են միջազգային դիտորդները արդարացի հարց լուծել: Ղարաբաղի հարցը լուծել է հայ ժողովուրդը, և հարցի հետագա լուծման համար ոչ թե մենք պետք է խնդրողի դերում լինենք, այլ պարտվող կողմը: Լևոն, եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է միլիարդների զենք գնում: Անգամ եթե Ղարաբաղն էլ տանք, միևնույն է, հայերս գենետիկորեն ընդունելի չենք թուրքի համար: Անգամ Զուլֆիկար Բհուտտոն է ասել՝ հայերը ոսկորի նման մխրճվել են մուսուլմանական աշխարհի կոկորդում: Լևոն, ևս հարյուր տարի է պետք, որ թուրք կառավարողը գոնե մի քիչ մարդ դառնա: Այսօր Եվրոպան կարծես հասկանում է, թե ով է թուրք կառավարողը, իսկ դու հայ ժողովրդից պահանջում ես գնալ զիջումների: Լևոն, հավատա, մի տասը տարի հետո Թուրքիան այդ տարածքներում չի լինելու: Եթե թուրքի մեջ չի եռում օսմանիզմի գաղափարը, ի՞նչ գործ ունի Թուրքիան Հալեպում: Ազգ-բանակ գաղափարը պիտի մտնի մեր էության մեջ: Ի՞նչ իմանաս՝ 1917 թվականի նման մի բան չի՞ կրկնվի Ռուսաստանի հետ: Մեզ կենսական տարածքներ են պետք: Արյամբ ձեռք բերված հողը թուրքը ոսկով չի ծախում՝ ասել է Աբդուլ Համիդը: Կամ էլ, ուր մտնում է Մեհմեդինը սրով, դուրս չի գալիս գրչով՝ ասել է մեկ ուրիշ թուրք: Արյամբ ձեռք բերված հողը մենք ինչի՞ դիմաց պիտի զիջենք:


Երբ կարդում էի Լևոնի, այսպես ասած, կոչը, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, մտավորականությունը պիտի սատարեն իշխանություններին Ղարաբաղի հարցում զիջումների գնալու դեպքում, ակամայից հարց ծագեց մեջս՝ արդյոք իշխանությունները որպես ջոկեր չե՞ն փորձում օգտագործել Լևոնին զիջումների գնալու համար, ինչպես ինքն էր ժամանակին Բլեյանին ուղարկում Բաքու` ժողովրդի տրամադրությունը ստուգելու համար: Լևոն, մի՛ պրկիր այս հոյակապ ժողովրդի զգացմունքները: Եթե մութ ու խավար տարիներին ժողովուրդը 200-հազարանոց ցույց էր անում քո հեռանալու համար, և հիշում ես, չէ՞, պատերին ինչ Լևոն էին գրում, և երբեք մտադրված չէր Ղարաբաղի հարցում զիջումների, այսօր հենց այնպես ինչ-որ անորոշ կարգավիճակի համար ժողովուրդը պիտի գնա՞ զիջումների: Կամ էլ որպես խաղաղության աղավնի ես ցանկանում ներկայանալ ռուսի տիրակալին, թե ես պատրաստ եմ Ղարաբաղի հարցում փոխզիջումային տարբերակի, հավանաբար հույսը դնելով Ռուսաստանի ղեկավարների կարճ հիշողության վրա: Չէ, Լևոն, ռուսները լավ են հիշում 1990-ական թվականների քո հակառուսականությունը: Չէ, դու այդպես էլ մարգարե չդարձար, ռուսները Անդրկովկասից ոչ միայն չհեռացան, անգամ ամրապնդվում են Անդրկովկասում: Եվ դա վատ չէ:


Ես միշտ ասել և կրկնում եմ, որ Լևոնը մտավորական չէ, ասենք, ինչպիսիք էին Բաբկեն Ներսիսյանը, Հրաչյա Թամրազյանը, Հրաչյա Սիմոնյանը և շատերը: Հիմնավորեմ:
Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում: Մեզ (ինչպես Նիկոլայը կասեր` մենք` Նիկոլայ Երկրորդս) բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի: Այստեղ կարելի է միայն ասել` այ մեծամիտ, եթե մարդիկ քեզ հետ համամիտ չեն և ունեն սեփական կարծիք, նշանակում է՝ տգե՞տ են, կարճատե՞ս են, պոռոտախո՞ս: Եվ դու նման մտածելակերպով հիմք դրեցիր անկախացած Հայաստանում այն ամեն լավի ոչնչացմանը, որ ստեղծել էր ժողովուրդը թեկուզ բռնակալական 70 տարիներին: Ցինիզմի օրինակները շատ են Լևոնի պրովոկացիոն ելույթում:
«Ելույթս գուցե դառը ստացվեց,- ասում է նա,- բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին հուսադրել և արժանապատիվ ելք ցույց տալ` ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»: Վերջացնեմ, ասելով, Լևոն, անցած դարի 90-ականներից դու առավել, քան այսօր Մխիթարյանն է, ազգի հույսը, ուրախությունն ու հպարտությունն էիր: Այսօր հույս ունենք ու հավատում ենք, որ Մխիթարյանը Լևոնի նման չի մսխի այդ ուրախությունն ու հպարտությունը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Մարդ Աստծո, դու մարած քարտ ես: ՈՒրախացիր (հե՜յ գիտի, Քաջ Նազար) քո բախտով, որ խելքիցդ առաջ է ընկել: Խորհուրդներդ ժողովուրդն ընկալում է որպես բայղուշություն, որը վատ է: Դու Երեմիա մարգարե չես: Հիշիր Մարտի 1-ի զոհերին և այդ օրը հանգիստ քնելու քո ցինիկ խոսքերը:

Դիտվել է՝ 4829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ