«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ստեփանոսը, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր ու մեծամեծ նշաններ էր անում»

«Ստեփանոսը, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի  գործեր ու մեծամեծ նշաններ էր անում»
23.12.2016 | 10:20

Ստեփանոս Նախավկան դարձավ Քրիստոսի աստվածաշեն կառույցի առաջին հիմնաքարերից մեկը, որը պետք է կրեր հետագա դարերի բոլոր փորձությունների փոթորիկն ու հաստատուն մնար մինչև մեր օրերը, պատրաստվելով Տիրոջ երկրորդ գալուստը դիմավորելուն։
Ավետարանական «Գործք առաքելոցում» Ստեփանոսի մասին կարդում ենք. «Ստեփանոսը, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր ու մեծամեծ նշաններ էր անում»։ Նա Տիրոջ նորահաստատ եկեղեցու սարկավագներից էր ու անվախորեն մարդկանց վկայում էր հարուցյալ Հիսուսի մասին, ինչը, իհարկե, դուր չէր գալիս փարիսեցի հոգևորականներին ու օրենսգետներին, որոնք ատամները կրճտացնելու աստիճանի բարկանում էին նրա դեմ, բայց անզոր էին որևէ բան անելու, քանզի վախենում էին ժողովրդից, որովհետև Ստեփանոս սարկավագի խոսքը հաստատվում էր բազում հրաշքներով ու բժշկություններով։

Բայց սատանան քնած չէր, ու ինչպես միշտ հնար գտան և սուտ վկաներ բռնելով, թերահավատ ժողովրդին գրգռեցին և, բռնելով Ստեփանոսին, քարշ տվին ատյան, որտեղ այդ սուտ վկաներն ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասելուց այս սուրբ տեղի (իմա՝ Սողոմոնի տաճարի) և օրենքի դեմ, ու լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թե՝ Հիսուս Նազովրեցին Ինքը պիտի քանդի այս տաճարը և փոխի օրենքը, որ Մովսեսը մեզ տվեց»։ Եվ բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, նրան (Ստեփանոսին) նայելով տեսան, որ նրա երեսը հրեշտակի նման էր» («Գործք առաքելոց» 6.13-15)։ Այնուհետև Ստեփանոսին խոսք է տրվում պատասխանելու այդ սուտ վկայությունների դեմ։ ՈՒ զարմանալին այն է, որ ամբողջ Ավետարանում ամենաերկար խոսքը (երեք ամբողջական էջ) գրված է հենց այս հատվածում, որտեղ Ստեփանոսը հանգամանալից խոսում է հայր Աբրահամին Աստծո երևալու, ապա Եգիպտոսում հրեաների գերության, Մովսես մարգարեի առաջնորդությամբ այդ գերությունից ազատվելու, որից հետո Հիսուսի փրկագործության մասին, ՈՒմ մասին մարգարեացել էր նույն Մովսեսը և Որին սպասում էր ամբողջ ազգը, ապա վերջում խոսքն ուղղում է ատյանում նստածներին. «Կամակորներ, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծո կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք, ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։ Ձեր մարգարեները որի՞ն չհալածեցին և սպանեցին նրանց, որոնք նախապես պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ»։ Եվ այս ամենը լսելով` ատյանում ժողովվածները, ատամները կրճտացնելով, զայրանում են Ստեփանոսի վրա ու քաղաքից նրան դուրս հանելով քարկոծում։ Եվ այդտեղ քարկոծողները իրենց զգեստները դրեցին Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի մոտ։ Իսկ երբ Ստեփանոսին քարկոծում էին, նա աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ հոգին», և, ծնկի գալով, բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա մեղք մի համարիր դրանց»։ Եվ երբ այս ասաց հոգին ավանդելով, մեռավ։ Այդ մասին նաև եկեղեցու հայրերից սուրբ Աթանաս Ալեքսանդրացին է գրել. «Ատյանի պահին ոչ ոք չկար Իսրայելի տասներկու ցեղերի երևելի թագավորներից կամ բարի իշխաններից, որպեսզի արդարի իրավունքներին սատար լիներ, այլ բոլորը քահանաների հետ փութով եկել էին արդարի արյունը թափելու համար՝ սրերով զինված՝ ընդդեմ անպարտելի ախոյանի: Չկար մեկը, որ խորհեր նրա մասին…, այլ բոլորը, իբրև իժի ծնունդներ, իրենց թույնը թափում էին նրա վրա, ինչպես մինչ այդ արել էին անճառելի և անստվեր Լույսին, Հոր ճշմարիտ Բանին, կենարար Հիսուսին…»։


Ահա սա է ամբողջ պատմությունը, որ գրված է ավետարանական այս հատվածում, ու կարծես թե վերջ. ինչ եղավ, եղավ։ Բայց իրականում դրանից հետո պիտի կատարվեր Տիրոջ խոսքը, որ նախապես ասել էր Իր աշակերտներին. «Մինչև ցորենի հատիկը չմեռնի, ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում պտուղներ կտա»։ Եվ ահա այդ առաջին նահատակ Ստեփանոսի մահից հետո տարիներ անց այն Սողոսը՝ սպանության հավանություն տվողներից այդ վկան, հետագայում ինքն էլ տեսիլքով հանդիպելով Հիսուսին, դարձի է գալիս ու դառնում ամենաեռանդուն առաքյալներից մեկը, որ Իսպանիայից սկսած մինչև Հռոմեական կայսրության հեռավոր սահմանները պետք է տարածեր փրկության Ավետարանի խոսքը. իսկ այդ առաքյալի անունն էր Պողոս։


Մնում է իմանալ, որ ըստ վկայաբանական աղբյուրների, սուրբ Ստեփանոսը Հուդայի թագավորական տոհմի շառավիղ էր: Քրիստոսի մահապատժի ժամանակ նա, դեռևս պատանի, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Քրիստոսին բերեցին քահանայապետի տուն, իր գլխի վարշամակը Ստեփանոսը փռեց Տիրոջ ոտքերի տակ, որով ցույց տվեց իր անսքող համակրանքը Փրկչի հանդեպ: Այս տեսնելով՝ քահանայապետը նրան հեռացրեց ծառայությունից: Քրիստոսի հրաշափառ Հարությանը ականատես լինելով՝ սբ Ստեփանոսը դառնում է առաքյալների գործակիցը: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ նրան մկրտել են սուրբ Պետրոս և սուրբ Հովհաննես առաքյալները: Պատմվում է, որ նրա մկրտության պահին ջրի վրա երևացող լույսի պսակ է հանգչել նրա վրա: Այդ պատճառով նրան անվանել են «Ստեփանոս», որ հունարեն նշանակում է «պսակ»:


Ըստ վկայագիրների՝ սբ Ստեփանոսին իրենց ագարակում թաղել են Պողոսի ուսուցիչ Գամաղիելը և Հիսուսի գաղտնի աշակերտ Նիկոդեմոսը, որտեղ հետագայում թաղել են նաև նրանց: Որոշ ժամանակ անց բոլոր սրբերի, նրանց թվում նաև սբ Ստեփանոսի նշխարները հայտնաբերեց Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի հայրապետ Հովհանը դրանք դրեց Սուրբ Սիոնի մեջ: Հինգերորդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում գտավ սբ Ստեփանոսի տապանակը և բերեց Կ. Պոլիս, որի միջոցով բազմաթիվ հրաշքներ գործվեցին: Հետագայում սբ Ստեփանոսի տապանակն ու նշխարները բերվեցին Վենետիկ և ամփոփվեցին Վենետիկի Սուրբ Գևորգ կղզու մայր եկեղեցում:
Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սբ Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ Ստեփանոսի հիշատակը նշում է Ավագ տոների հետ՝ դեկտեմբերի 25-ին կամ հաջորդ օրը (եթե դեկտեմբերի 25-ը կիրակի կամ պահոց օր է լինում):


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Ինչպես Ստեփանոսն է համարվում առաջին նահատակը տղամարդկանցից, այնպես էլ մեր ազգը կարող է պարծենալ, որ առաջին կույս նահատակը հանուն Քրիստոսի, եղել է հայուհի Սանդուխտ կույսը, որը Բարդուղիմեոս առաքյալի քարոզությամբ դարձի եկավ հեթանոսությունից առ ճշմարիտ Աստված, ու ի վերջո նահատակվեց իր հոր՝ Սանատրուկ թագավորի հրամանով։


ՈՒրեմն խնդրենք այդ երկու օրհնյալ նախավկաների բարեխոսությունը մեր համայն ազգի բարօրության ու Տիրոջը հավատարիմ մնալու համար, քանզի Հայոց ազգը նմանապես առաջին նախավկան է բոլոր ազգերի մեջ, որոնք պետականորեն ընդունեցին Հիսուսին որպես Տեր և Փրկիչ։

Դիտվել է՝ 2734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ