Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Եթե այս նախագիծը դարձավ օրենք, մենք կունենանք դեպրեսիվ երեխաներ»

«Եթե այս նախագիծը դարձավ օրենք, մենք կունենանք դեպրեսիվ երեխաներ»
23.12.2016 | 17:59

ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» մերժելի օրինագծի առնչությամբ այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում մանկավարժ, հոգեբան, մանկական կենտրոնի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր խոսքը սկսեց թումանյանական տողերով.


Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում` չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկություն, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք, անհետ չքացած:
Մանկավարժը ցավ հայտնեց այսօր մեր հասարակությունում նկատելի փոփոխությունների առնչությամբ, որոնք հետևանքն են նրա, որ գենդերային հավասարությունը մտցրել են Հայաստան:


«Գենդերային հավասարության պայմաններում կինը կորցնում է իր կանացիությունը, իսկ տղամարդն իր առնականությունը, այդ իսկ պատճառով թե՛ ծնողների վարքագիծը, թե՛ երեխաների վարքագիծը որոշակիորեն փոխվում է,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:- Ունենք առաջարկելու շատ բաներ, օրինակ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի այս նախագիծն առաջ քաշելու փոխարեն, կարող ենք լավացնել այն կառույցները, որոնք թերի են գործում, ոչ թե մի ամբողջ ինստիտուտ, մի ամբողջ համակարգ ստեղծել, որպեսզի կարողանանք այդ խնդիրները վերացնել:
Եթե այս նախագիծը դարձավ օրենք, մենք կունենանք դեպրեսիվ երեխաներ, կունենանք երեխաներ, ովքեր հենց իրենք արդեն տրավմատիկ կլինեն, քանի որ երեխայի սնման առաջին աղբյուրը մայրն է, չէ՞ որ երեխան մոր հետ ունի էմոցիոնալ շփում: Իսկ ո՞վ ասաց, որ երեխաները, խլվելով ընտանիքից կամ օտարվելով ընտանիքից, չեն ապրելու դեպրեսիաներ ապաստարաններում կամ այն վայրերում, որտեղ նրանք տարվելու են: Ո՞վ ասաց, որ մորից բացի, կլինի որևէ հոգեբան կամ որևէ մանկավարժ, որ կարող է երեխային այդ գորովը, այդ սերը փոխանցել: Նման բան ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող:
Ես նախ դեմ եմ բոլոր տեսակի բռնություններին, բայց «հոգեբանական բռնություն» տերմինը, որպես այդպիսին, գոյություն չունի, մենք օգտագործում ենք մի տերմինալոգիա, որ անգամ հոգեբաններն են խուսափում արտահայտել, դա օտարածին, օտարամոլ, ուղղակի գեղեցիկ փաթեթավորված մի տերմին է, որ բերել ենք օտար ազգից ու փորձում ենք յուրացնել որպես մերը: Եթե նայենք խեղաթյուրված աղբյուրներին, այնտեղ նշվում է` հոգեբանական բռնությունը դա մի տեսակ է, որը պատճառում է տառապանք անձին: Բայց չէ՞ որ անձին տառապանք պատճառում են նաև սովորական ստրեսները: Օրինակ, երեխան նստած է համակարգչի մոտ, ծնողն արգելում է խաղալ համակարգչային խաղեր: Ի դեպ, ինձ մոտ գալիս են սաներ, եթե ունեն վարք, որն ագրեսիվ է, դեպրեսիվ է, խնդիրը, արմատն անընդհատ հայտնաբերում ենք համակարգչային խաղերում»:


Ըստ բանախոսի, խնդրի լուծման համար պետք է մանկապարտեզներում հոգեբանների հաստիքը վերականգնել, դպրոցներում այդ հաստիքները շտկել, ծնողների հետ աշխատանքներ կատարել:
«Վերջապես,- շարունակեց հոգեբանը,- ընտանիք ինստիտուտի օգտին, որպես հոգևոր, սոցիալական ամրության, պետք է քարոզչություն գնա հեռուստատեսության միջոցով, լրատվության միջոցով, ոչ թե լինեն հիմար սերիալներ, որոնք երեխաներին սովորեցնում են ծամածռություններ անել, ծաղրել ծնողներին, ծնողի արժեքն իջեցնել: Արդյունքում բարձրաձայնում են, թե երեխաները ենթարկվում են բռնության»:
Մամուլի ակումբի հյուրը նշեց նաև, որ որոշակի տարիքային փուլերում երեխաները նյարդային են լինում, չհիմնավորված արարքներ, վատ պահվածք դրսևորում:


«Որպեսզի այդ պահվածքը կարողանանք ճիշտ շտկել, կարողանանք դաստիարակել,- շարունակեց նա,- պետք են հոգեբան-մանկավարժներ: Իսկ մենք ի՞նչ ենք անում, նախադպրոցական հաստատություններում կրճատում ենք հոգեբանի և սոցիալական աշխատողի հաստիքը, դպրոցներ են մտնում հոգեբաններ, որոնք թերի կրթություն ունեն և ընդհանրապես ոլորտից չեն հասկանում, չեն աշխատում երեխաների հետ, չեն աշխատում ծնողների հետ»:


Արդյունքում` պատճառները վերացնելու փոխարեն, ասպարեզ է բերվել մի օրենքի նախագիծ, որը հղի է մի շարք վտանգներով, ինչպես ասում են, աչքը շինելու փոխարեն, հոնքն էլ է հանելու:


Արթուր ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4543

Մեկնաբանություններ