Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Անահիտ» մրցանակը՝ հայ կինոարտադրության խթան

«Անահիտ» մրցանակը՝ հայ կինոարտադրության խթան
27.12.2016 | 22:00

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը:
«Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:


Լրագողներին այս մասին իրազեկեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոակադեմիայի խորհրդի անդամներ Դավիթ Մուրադյանը, Անետա Երզնկյանը, գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը:


Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ Լյումիեր եղբայրների կազմակերպած առաջին կինոցուցադրության օրը, որը նշվում է որպես Համաշխարհային կինոյի օր: Դավիթ Մուրադյանի մեկնաբանությամբ` դա մի առիթ է՝ հավաստելու, որ հայկական կինոն մաս է կազմում համաշխարհային կինոյի՝ ունենալով իր հասցեն, իր նկարագիրը:


Մրցանակաբաշխությունը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:
Մրցույթին մասնակցելու համար 45 հայտ է ներկայացվել՝ 11 անվանակարգում: Հայկական ազգային կինոակադեմիայի 35 անդամների առաջին քվեարկությամբ մրցունակ է ճանաչվել 14 ֆիլմ, որոնք կպայքարեն սահմանված մրցանակների համար:
«Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը կորոշի լավագույններին հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն խաղարկային ֆիլմ, Լավագույն վավերագրական ֆիլմ, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն անիմացիոն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն օպերատոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն նկարիչ, Լավագույն կոմպոզիտոր:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը և խորհրդի անդամները՝ կինոաշխարհում ծանրակշիռ վաստակ ունեցող անձինք՝ Դավիթ Մուրադյանը, Անետա Երզնկյանը, Գարեգին Զաքոյանը, Էդգար Բաղդասարյանը, Լևոն Աթոյանցը, Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանը, Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Սիրանույշ Գալստյանը, Արծվի Բախչինյանը, Ռուբեն Գևորգյանցը, Ռուդոլֆ Վաթինյանը, այլք կորոշեն «Անահիտի» մրցանակակիրներին:


Ներկայացված են Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ», Արա Մնացականյանի «Դատավարություն», Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն», Հարություն Խաչատրյանի «Փակուղի», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան», Գոհար Խաչատրյանի «Էքսպեդիցիա X», Արմինե Հարությունյանի «Մշո գեղեն» և այլ ֆիլմեր:


Կինոգործիչներից «Անահիտ» մրցանակի են հավակնում Հարություն Խաչատրյանը, Դավիթ Սաֆարյանը, Վիգեն Չալդրանյանը, Մհեր Մկրտչյանը, Արթուր ՈՒստյանը, Արմեն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Սևադա Գրիգորյանը, Աշոտ Ադամյանը, Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը և այլք:
«Անահիտ» մրցանակաբաշխության նախօրեին Դավիթ Մուրադյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Կարծիք կար, որ հայկական կինոն սակավարյուն է դարձել, ֆիլմերը քիչ են: Կյանքը, այնուամենայնիվ, ապացուցեց, որ այսօր մենք արդեն ունենք մեր երկրի համար լայնածավալ կինոարտադրություն, ինչը շատ ուրախալի է, որովհետև միշտ անհրաժեշտ է շատ կինոարտադրանք, որպեսզի երևա սերուցքը»:
«Իրատեսը» հետաքրքրվեց, թե որքանո՞վ է կոմպրոմիսային եղել ներկայացված ֆիլմերի ընտրությունը՝ բարձր արվեստի, կինոյի գնահատման համաշխարհային չափորոշիչների հետ համեմատության առումով:


«Մեծ ռեժիսորներին գնահատում ես այլ չափանիշով, իհարկե: Մեր ազգային կինեմատոգրաֆը, որը նոր է ոտքի կանգնում այսօր, քանի որ խորհրդային պետության կործանման հետ այն ևս կործանվել էր, չես գնահատի այդ չափանիշներով: Մեր պատերազմից, մեր երկրաշարժից, մեր սև ու մութ տարիներից հետո հայկական կինեմատոգրաֆը կործանվեց, ծախվեցին կինոթատրոնները, կինոստուդիան, և հայկական կինոն նոր-նոր սկսել է ոտքի կանգնել: Ինչ խոսք, մենք ունենք այն, ինչ ունենք, և եղածից ենք ընտրում: Գուցեև մեր ընտրած լավագույն ֆիլմը ոչ մի փառատոնում չկարողանանք տեղավորել, բայց հայ հասարակությունը սիրով կդիտի այն, կգնահատի, որովհետև վաղուց իր ֆիլմերը չի ունեցել, չի տեսել: Այս ճանապարհը, որ մենք բացում ենք, հետագայում պիտի իր շարունակությունն ունենա, նպաստի հայ կինոարտադրությանը»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Անետա Երզնկյանը վստահեցրեց. «Ես ֆիլմերն ընտրելիս առաջնորդվել եմ հենց բարձր չափանիշներով, եթե անգամ համաշխարհային շուկայում այն չընդունեն»:
Դավիթ Մուրադյանի պատասխանն այսպիսին էր. «Երբ ես նայում եմ ֆիլմը, այն մտովի չեմ համեմատում Ֆելինիի կամ Ֆրենսիս ֆորդ Կոպոլայի ֆիլմերի հետ, ընդամենը համեմատում եմ արվեստի հետ: Եթե այն ինձ համար համեմատելի է արվեստի հետ, ես ձայնս տալիս եմ այդ ֆիլմին»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ