Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարույրսևակյան ահազանգ՝ «շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն»

Պարույրսևակյան ահազանգ՝ «շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն»
10.01.2017 | 00:05

Հայաստանյան միջավայրում ընդունված մոտեցում կա, թե երկրի տնտեսության կայացումը հարկ է սկսել ինչ-ինչ երևույթների դեմ պայքարով։ Ոմանք այն կապում են կոռուպցիա և մոնոպոլիա հասկացությունների հետ, նրանց ընդդիմախոսներն այդ մոնոպոլիաների գոյությունը մասամբ անհրաժեշտ են համարում, երրորդները հիմնախնդիր են համարում ուսյալ հասարակության անհրաժեշտությունը, չորրորդները՝ արդարության հաստատումն ու օրենքի գերակայությունը և այսպես շարունակ։ Ակամա հիշում ենք ոչ վաղ անցյալի նույնանուն կոչերը, ինչը երկակի տրամադրություն է առաջացնում։

Հերթական կառավարության անարդյունավետության հետևանքով ասպարեզում հայտնվում է «լավագույն նորը լավ մոռացված հինն է» մոտեցումը, միամտի պահվածքով հիշատակվում են այլոց օրինակները, այս ու այն ազգի առանձնահատկությունները, մի խոսքով, ինչքան մարդ, նույնքան կարծիք։ Զուր չեն ոմանք նկատում, որ «Աստծո յուրաքանչյուր առավոտ մեր երկրում 3 մլն Նապոլեոն է արթնանում», հեղինակիս կողմից էլ հավելեմ՝ մի քանի հազար Չերչիլ և Ռուզվելտ։ Գիտեմ շատերին, որոնք արթնանալուց հետո, պարտադիր անհրաժեշտությունները չավարտած, հեռուստացույցն են միացնում ինչ-որ հաճելի լուր լսելու համար. նման մեկը լինելով, օրերս ռուսական «Բիզնես ալիք» հեռուստաընկերության հաղորդման հյուր Ա. Ռաբինովիչի հետևյալ խոսքերը լսեցի. «Հայրս ասում էր` հեռու մնա հայերից, նրանք խելացի մարդիկ են»։


Որ ասվածը ճշմարիտ է, անգամ՝ առարկություն չընդունող, փաստ է. այն հաստատվում է աշխարհի չորս կողմերում, Ավստրալիայից ու Սինգապուրից մինչև Եվրոպա ու Ամերիկա։ Մեր հայրենակիցն ամենուր հաջողակ է, նա կա բոլոր ոլորտներում, արժանանում է հարգանքի, իր ասպարեզում հեղինակություն է։ Նա նաև առատաձեռն է, իր միջոցներով համայնքային կյանքին է մասնակցում, շինարարություն իրականացնում հայրենիքում, Արցախում կառուցում, հող մշակում, կրթական, առողջապահական հաստատություններ հիմնում։ Բայց տարօրինակ իրավիճակ է առաջանում, երբ այս ամենը հայաստանյան միջավայրում ենք դիտարկում. չի հաջողվում ոչինչ մարդավայել անել, նաև խոստացվում է լավ բան անել, բայց ստացվում է տարօրինակից մինչև զայրույթ առաջացնող վիճակ, իր բազում բացասական հետևանքներով՝ մարդաբանական խեղումներից մինչև ահագնացող արտագաղթ, աղքատության խորացում ու համընդհանուր հուսալքություն։


Վերադառնալով հեռուստահյուրի մտքին՝ նկատենք, որ շարքային հայաստանցին անգամ իր հարկի տակ նման խոսքեր չի հնչեցնում, ո՜ւր մնաց միլիոնավոր հեռուստադիտողների առջև։ Անշուշտ, վստահ չեմ, որ շատերն են համամիտ այս մոտեցմանը, քանզի մեզանում հաճախ հնչող «եթե խելացի ենք, ինչո՞ւ հարուստ չենք» խոսքը պատասխան չունի։ 25-րդ տարին է՝ անկախ կարգավիճակում ենք, օգնողներն ու օգնությունները շատ ավելի են, քան խանգարողները, այսուհանդերձ, ունենք հայկական պետականություն, որն աղքատ է առավել քան։ Պատահական ընտրված աֆրիկյան Գանա երկրում 1 բնակչի հաշվով ստեղծվող համախառն ներքին արդյունքը 2014-ին կազմել է 4100 դոլար, Տոգոյում՝ 4900 դոլար, Վիետնամում՝ 5600 դոլար, Նիգերիայում՝ 6000 դոլար, Կոնգոյի Հանրապետությունում՝ 6600 դոլար... Շարունակելը միայն մեր պարագայում տխրություն է բերում, «ինչու»-ների առիթ ու պատճառ դառնում։ Իսկ ո՞ւր մնաց հեռուստահյուրի հնչեցրած շոյող կարծիքը, նման խոսքեր, հատկապես հայի աշխատասիրության և ներուժի մասին, հաճախ են հնչեցնում նաև ՀՀ բարձրագույն իշխանավորները։ Ստացվում է՝ շարքային քաղաքացին է մեղավոր, որ Հայաստան պետության կառավարումը չինովնիկությանը պատվիրակած երկրի տնտեսությունն այսչափ անմխիթար վիճակում է, երբ մեր 3000 դոլար ցուցանիշով հայտնվում ենք Բուրունդիի ու Բուրկինա Ֆասոյի, Աֆղանստանի ու Կոտ դþ Իվուարի կողքին, որոնք օրեր առաջ են կազմավորվել, հազիվ 30-40 տոկոս տառաճանաչ բնակչություն ունեն, չխոսելով մեզանում գիտահեն որակվող ոլորտների կադրային կարողունակությունից, որ ԱՄՆ-ի շուկան է գրավում։

Նվազագույնս տիրապետելով համաշխարհային տնտեսական վիճակագրությանը` վստահեցնում եմ, որ քիչ վերևում նշված երկրները մոտակա տարիներին կհայտնվեն առաջինը նշված երկրների տեղում, որոնք իրենց հերթին նոր զարգացում կապրեն։ Ընդամենը մի 10 տարի առաջ Գանայի ՀՆԱ-ն 1 բնակչի հաշվով 1900 դոլար էր, Տոգոյինը՝ 2200, Վիետնամինը՝ 1850, Նիգերիայինը՝ 970, Կոնգոյի Հանրապետությանը՝ 1530, կարճ ասած, կրկնակի-քառակի աճ, երբ ՀՀ-ի ցուցանիշն անփոփոխ է։ Աշխարհը շարժի մեջ է, միմյանց նայելով առաջ են գնում, խնդիրները լուծելով գերխնդիրների են մոտենում, մեզանում առաջնորդվում են «Մերն ուրիշ է» կարգախոսով, ծիրանով աշխարհին ճանաչելի դառնալու մտայնությամբ ու արհեստական արև ստեղծելու գաղափարով։ Չցանկանալով թերահավատություն տարածել՝ հուսանք, որ հայոց հավաքական միտքը մի օր կստեղծի այդ ջերմալուսատուն՝ այն նվիրաբերելով մարդկությանը։ Իսկ մինչ այդ հարկավոր է ապրել,՝ ցանկալի է լավ ապրել։
Ընդունված կարծիք կա, որ, ասենք, մարդիկ լավ են ապրում... Իսրայելում, ինչի ապացույցն է նաև հազարավոր հայաստանցիների հաստատվելն այս երկրում։ Ոչինչ, որ երկիրը կազմավորման օրից պատերազմում է, հայերիս կես տարածքն ունի, երբ բնակչությունը գրեթե քառապատիկն է և կայուն աճ ունի, հենց թեկուզ ծնունդների հաշվին։

Իսրայելում 1000 բնակչի հաշվով նորածինների թիվը 20 է, ՀՀ-ում՝ դրա մոտ կեսը, մահացությունը համապատասխանաբար 5 և 10 մարդ, կյանքի միջին տևողությունը 82 և 75 տարի։ Եվ այս ամենը, անլուրջ չհամարեք, խոզի մսի խորոված չվայելելու պարագայում, որից հայաստանցիներիս բացարձակ մեծամասնությունը տարին մեկ-երկու անգամ օգտվում է։ Ինչո՞ւ ենք հիշում խորովածը. որովհետև հայերիս մոտ լավ ապրելու նախապայմաններից մեկը նաև սննդակարգն է, ընտանիքը համով-հոտով կերակրելը, հյուրասիրությունն ու հյուրընկալումը։ Այսօրինակ զրույց մեզանում ընդունված չէ, այն փոխարինվում է «արժանավայել կենցաղ» արտահայտությամբ, այսինքն, ստամոքսով մտածելը հարգի չէ։ Միջազգային կառույցների հաշվետվություններում էլ մեր այս վիճակի բացատրությունը շատ զգուշավոր է՝ հայաստանցիների սնունդը պարզ է և հասարակ։


Վստահաբար պարզ ու հասարակ կարելի է գնահատել լավ ապրողի համարում ունեցող բոլոր իսրայելցիների սնունդը, միայն այն տարբերությամբ, որ նրանց սննդակարգի հիմնական բաղադրիչը թռչնի միսն է, հայերինս՝ մակարոնն ու կարտոֆիլը։ Եթե առաջինը մարդ-արարածը հաճելիորեն է վայելում, նույնը չես ասի մակարոնի ու կարտոֆիլի պարագայում, երբ վերջինը մեզանում նաև երկրորդ հաց է համարվում՝ բուն հացի առավել քան հաճախ օգտագործելու պայմաններում։ Եթե ՀՀ-ում միջին բնակչի հաշվով հացի տարեկան սպառումը մոտ 130 կգ է, նույնքան է չափահաս տարիքի բնակչի կողմից հավի մսի օգտագործումը Իսրայելում, քանզի միջին բնակչի հաշվով թռչնի մսի սպառումը մոտ 80 կգ է՝ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Այն լիովին պատրաստվում է թարմ մսից, երկիրն ամեն տարի 550 հազար տոննա հավի միս է արտադրում, լիովին բավարարում իր պահանջը։ Նկատենք, որ աշխարհում հավի մսի գերարտադրություն կա, միայն ԱՄՆ-ը, որն Իսրայելի հուսալի գործընկերն է, ամեն տարի այս մսատեսակի 3 մլն տոննա մատչելի գնով արտահանում է իրականացնում, որը գնելու խնդիր հարուստ Իսրայելը չունի։ Սակայն այս երկրի իշխանությունները չեն պատրաստվում իրենց քաղաքացի-ընտրողներին քիմիական ինչ-ինչ միջոցներով խոր սառեցման ենթարկված ներմուծվող հավի մսով կերակրել, ինչը 25 տարի շարունակ անում են ՀՀ-ում։ Տեղում արտադրվող 5-6 հազար տոննայի կողքին ունենք 35 հազար տոննա խոր սառեցված հավի միս, որը պարտադրված սպառում է մեր բնակչության որոշակի մասը, քանզի այն տեղականի կես գնով է վաճառվում։ Տարօրինակորեն իշխանությունը երբևէ հարց չի տալիս, թե այդ ինչպես է, ասենք, բրազիլացի թռչնապահներին հաջողվում այսչափ մատչելի գնով հավի միս վաճառել, որը հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից Հայաստան հասցնելով, հետն էլ խոր սառեցման վրա միջոցներ ծախսելով, 700-800 դրամով վաճառել, երբ Երևանի մերձակայքում արտադրվածը դրա կրկնակին է։

Չէ՞ որ ամեն անգամ մեծ թե փոքր թռչնաբուծարան բացելիս գործարարները հպարտորեն ՀՀ նախագահին զեկուցում են, որ ձվից մինչև 1 կգ հավի մսի ստացումը 35-38 օր է կազմում։ Հայտնի է, որ հավի մսի ինքնարժեքում որոշակի է թռչնանոցների ջեռուցումը, որը նվազագույնն է Իսրայելում ու Բրազիլիայում։ Այս պարագայում ինչո՞վ է պայմանավորված ցածր ինքնարժեքը Շվեդիայում՝ 1 տոննան՝ 685 դոլար (այս թիվը վերցրել ենք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարեկան տեղեկատուից)։ ՀՀ-ում նույն ցուցանիշը 1371 դոլար է՝ շվեդականի կրկնակին։ Եվ հարցը՝ ինչո՞վ է այն պայմանավորված, հնչում է ինքնաբերաբար։ Հարկե՞րն են բարձր, էներգակիրնե՞րն են թանկ, գերշահույթնե՞րն են հիմնավոր, թե՞ մեր կյանքի որակն է աննախադեպ, որ կարելի է բարձր գին վճարելով այդ կերպ պետբյուջեին օգնել։ Սրանք հարցեր են, որոնք հանրությունը հիմնավորապես չի տալիս, լռելյայն համակերպվում է դրանց հետ, հույս տածում, որ մի օր գները կկարգավորվեն։ Ավաղ, նախորդ հոդվածներից մեկում նշել ենք հավի մսի կիլոգրամի 1000 դրամ գինը Իրանում, տվեք հայաստանյան հանրությանն այս գնի պաղեցված հավի միս և սպառումը կհասնի, այսօրվա նաև ներմուծված խոր սառեցվածի տեսքով, 50-60 հազար տոննայի, միայն այս ոլորտի շրջանառությունը՝ 50-60 միլիարդ դրամի։ Այս գումարի շահույթը ներդրեք ՀՀ տնտեսությունում, աշխատատեղեր ստեղծեք և տրիլիոն դրամների շրջանառության միջոցով գործարար առողջ միջավայրի շնորհիվ միլիոնավոր դոլարների շահույթ ստացեք, աշխարհին հայաստանցուն ներկայանալի դարձրեք, ձեր հարստությունը վայելեք։ Այս գործընթացն առայժմ փոխարինվում է արտերկրներում արտադրվածը նաև արտերկրներից ստացված ֆինանսական միջոցներով մասամբ գնողունակ դարձած հայաստանցուն կողոպտելով. կներեք՝ առավել համեստ որակում չգտա։


Այսպես, հատկապես վերջին շրջանում մեզանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բիզնեսն է այն ոլորտը, որը հարկավոր է անվերապահ հոգածությամբ շրջապատել ¥հարկ վճարողը բիզնեսն է¤: Շարքային հայաստանցին հարցնում է՝ իսկ կա՞, արդյոք, բիզնես կոչված երևույթը Հայաստանի Հանրապետությունում։ Դիտարկելով ընդամենը մեկ, պատահականորեն վերցրած հավի մսի արտադրության ոլորտը, որն աշխարհի չորս կողմերում լուծում են առանց լուրջ ջանքերի, այսպես ասած, ձեռքի հետ, կարելի է որոշակի թերահավատության տրվել։ Եթե ՀՀ գործարար միջավայրը, ունենալով կառավարության խոստացած աջակցությունը, ի զորու չէ 1 բնակչի հաշվով հավի մսի համաշխարհային արտադրության 15 կգ ցուցանիշին մոտենալու, հազիվ արտադրելով 2-2,5 կգ, բիզնեսի ի՞նչ մակարդակի շուրջ է հարկավոր մտորել։ Ծանոթանալով ցանկացած դավանանքի երկրների տնտեսական վիճակագրությանը՝ համոզվում ենք, որ մարդ արարածի սննդակարգում այս մսատեսակն ընդունված է, այն ամենուր մատչելի է թե՛ գնի, թե՛ որակի առումներով, պատրաստվում է բացառապես թարմ կամ պաղեցված վիճակում։ Իշխանություններն ամենուր հոգ են տանում այս մասին, երբևէ իրենց քաղաքացիներին չպարտադրելով օգտվել քիմիական ինչ-ինչ միջամտություններով ստացված խոր սառեցված հավի մսից։ Եվրոպական երկրներ և ԱՄՆ այցելություններիս ընթացքում խոր սառեցված մսատեսակների ընդհանրապես չեմ հանդիպել, նույնն են պնդում նաև հեռավորարևելյան և միջերկրածովյան տարածաշրջանի երկրներ այցելած ընկեր-բարեկամներս։ Ամենուր այս աշխատակարգը բարդ գործ չեն համարում, պարզ ու հասարակ քայլերով այն կանոնակարգում են, գործարարության հիմնական առաջարկ-պահանջարկ սկզբունքին համապատասխանեցնում։ Հայկական գործարար միջավայրում հաճախ են հիշում Սինգապուրի օրինակը, պատեհ թե անպատեհ առիթներով նշում բազմազգ ու բազմակրոն մարդկանց այս հանրության օրինապաշտությունն ու կազմակերպվածությունը, իմա՝ մեզ էլ է պետք նման հատկանիշների կրողներ դառնալ, ուշադիր գտնվել հատկապես բիզնեսի հանդեպ։

Որևէ մեկը կասկածի չի ենթարկում այս մոտեցումը, բայց և ակնկալում է ուշադիր գտնվել նաև ՀՀ քաղաքացու հանդեպ, որտեղ գլխավոր պարտավորություն ունի գործարար-գործընկեր կողմը։ Արդեն հիշատակված Իսրայելի օրինակի կողքին Սինգապուրն էլ, որն ընդամենը քաղաք-պետություն է, գյուղտնտեսության նախարարություն չունի, յուրաքանչյուր տարի մինչև 100 հազար տոննա հավի մսի արտադրություն է իրականացնում, որը երբևէ չեն էլ բարձրաձայնում, քանզի կարիքը չունեն՝ հանրություն-իշխանություն բարերար միջավայրի շնորհիվ։ Փոխարենը ՀՀ քաղաքացին բարձրաձայնում է իր համեստ կենցաղի խնդիրները, որոնց դիմաց ստանում է մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներ, հիմնականում ընդհանրական խոսքեր։


Ի դեպ, հարկ վճարելու շուրջ, յուրաքանչյուր ամիս միջինը 100 հազար դրամի առևտուր անող և կոմունալ վճարներ իրականացնող հայաստանաբնակ ընտանիքը 20 հազար դրամ ավելացված արժեքի հարկ է վճարում։ Եթե այս մոտեցումը տարածենք ՀՀ ընտանիքների անգամ կեսի վրա, 50 մլրդ դրամի հարկային պատկեր կստանանք, որը նույնիսկ 10 խոշոր հարկատուները չեն վճարում։ Տողերիս հեղինակի շրջապատում մարդիկ կան, ովքեր հիմնավորում են, որ տարբեր հարկերի ու տուրքերի ձևով իրենց վճարումներն ավելին են, քան ստացած 40-հազարական կենսաթոշակները, բայց չգիտես ինչու, իշխանություններն իրենց չեն հիշում:


Ցավալի է այսօրինակ տրամադրությունների տրվել, այս միջավայրում ապրել։ Ի՞նչ կարող ես անել, չէ՞ որ «Մերն ուրիշ է» կարգախոսը ՀՀ շարքային քաղաքացու ընտրությունը չէ, այլ երկրի տնտեսությունն անհայտ ներկրումներով ու արտահանումներով կազմակերպողների երազանքը։ Նման մի վիճակում է, թերևս, Պարույր Սևակը գրել.
Երազել է տալիս մութը,
իսկ երազել մենք չենք ուզում.
-Շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Երևան-Գրաց, Ավստրիա

Հ.Գ. Հավի մսի արտադրության աննախադեպ աճ է արձանագրվում եվրոպական ողջ տարածաշրջանում: Լեհաստանում այն 2000-2013 թթ. եռապատկվել է, կազմել 1,7 մլն տոննա, 1 բնակչի հաշվով՝ 45 կգ, Իտալիայում և Իսպանիայում անցել է 1-ական մլն տոննան, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը 30-ական կգ է: Մսամթերքի արտադրության բարձր ցուցանիշներ են արձանագրվում Ավստրիայում: 8 մլն բնակչության հաշվով այն վերջին տարիներից յուրաքանչյուրում կազմում է 1 մլն տոննա, որի 550 հազար տոննան խոզն է, 300 հազարը՝ խոշորը, և 150 հազարը՝ հավը: Եվ այս ամենը լիարժեք անասնակերի արդյունքում, որի հիմնական բաղադրիչը եգիպտացորենի հատիկն է: Ավստրիայում այս մշակաբույսի արտադրությունը մոտենում է 2 մլն տոննայի, Եվրոպայում՝ 130 մլն տոննայի: Սակավահող աշխարհամասում այն աճեցնում են անգամ քաղաքների վարչական տարածքներում:

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ