ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կուսակցական շինարարության նոր փուլի «ճողփյունը»

Կուսակցական շինարարության նոր փուլի «ճողփյունը»
10.01.2017 | 00:08

Ավանդաբար ամեն տարեսկզբի ամփոփվում են նախորդ տարվա արդյունքները: Երբ նայում ես, թե ինչեր են եղել Հայաստանում 2016-ին, անկեղծ ասած, ոչինչ էլ չես ուզում ամփոփել, թեև հասկանում ես, որ տարին կարևոր է եղել, փաստորեն՝ նախընտրական: Չէ՞ որ 2017 թ. պլանավորված են հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք, Հայաստանի փոփոխված սահմանադրության համաձայն, երկրի համար չափազանց շատ բաներ կկանխորոշեն և թույլ չեն տա անտեսել 2016 թ. իրադարձություններն ու փաստերը:
Ինչպես միշտ, «ազդակը» բխում էր ոչ թե մեր ներքին կյանքի ոլորտից, այլ Արցախից: Մենք դեռ կհասցնենք խոսել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին, բայց փաստը մնում է փաստ, որ շատերն էին հասկանում, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի գործողությունների դժգունությունը և հետագա իրադարձությունների ու փաստերի բազմանշանակությունը վաղ թե ուշ կհանգեցնեն ինչ-որ հանգուցալուծման: Մենք նման հանգուցալուծման պես բան տեսանք ընթացիկ տարվա հուլիսին՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) Էրեբունու գնդի վրա կատարված հարձակման ժամանակ: ՈՒ դարձյալ, ինչպես անիծված 90-ականներին, Երևանի փողոցներում հայը հայի էր սպանում. ասացեք, մեր ազգի նման սակավաթիվ ազգի համար դրանից ավելի վատ բան կարո՞ղ է լինել: Այդ իրադարձությունները դեռ հետաքննվում են, և ոչ մի պարզորոշ արդյունք չկա:


«Հուլիսի առեղծվածը» այդպես էլ բացահայտված չէ, մինչդեռ հենց դրանում են թաքնված շատ բանալիներ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, սկսած օգոստոսից: Ինչևէ, դառնանք ՊՊԾ Էրեբունու գնդի գրավման և երեք ոստիկանի սպանության «ֆենոմենին»: ՈՒզում էին «Սասնա ծռերի» անդամները, թե ոչ, բայց նրանք աջակցեցին նրանց, ովքեր մշտապես խոսում են Հայաստանի ներքին թուլության մասին և, ավելին, աշխատում են է՛լ ավելի թուլացնել այդ «ներքին թուլությունը»: ՈՒզում էին, թե ոչ, սակայն նրանք շատ երկիմաստ ժամանակ էին ընտրել իրենց ահաբեկչական արարքի համար. իսկ դա ահաբեկչություն էր, եթե կան զոհեր: Վերջերս Թուրքիայում փորձ եղավ պետական հեղաշրջման, այն օրը, երբ «Սասնա ծռերը» գրոհեցին երևանյան ոստիկանական գնդի վրա ¥ի դեպ, իսկ ինչո՞ւ ոչ որևէ օլիգարխի՝ Հայաստանի իսկական «տերերի», թիկնազորի վրա¤, ոստիկանների վրա հարձակումներ եղան Վրաստանում, Ղազախստանում, մի շարք այլ երկրներում... Եվ Թեհրանում, Մոսկվայում, նույնիսկ մեզ մոտ՝ Երևանում, ընդ որում՝ անգամ ամենաանիրազեկ մարդիկ նկատել էին, որ, ախր, «բողոքի ակտեր» են տեղի ունենում հիմնականում Իրանի ու Ռուսաստանի «միջև» ընկած երկրներում: Ահա և ձեզ իբր սոսկ «ներքին անկայունություն» ընդամենը մեկ մարտական խմբի ձեռքով:


Երկրորդ «ասելիքը» հուլիսի և երևանյան ոստիկանության վրա հարձակման մասին է. և այսպես, բոլորիս աչքն էին խոթում այն հանգամանքը, թե մենք անպաշտպան ենք մեր սեփական երկրի ներսում: Ներքին անվտանգություն չկա, երևի այն պատճառով, որ 2016-ի սկզբին մեզանում փոխվեց ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Կամ էլ մի այլ պատճառով: Համաձայնեք, ոստիկանության վրա հարձակումն այն հանցանքներից է, որ ընդունված է համարել պետական հանցագործություն: Դա սոսկ ՊՊԾ Էրեբունու գնդի վրա հարձակում չէր, դա հարձակում էր պետության վրա: Եվ պետությունը ձախողեց ներքին անվտանգության քննությունը: Համաձայնեք, քանի որ Երևանի գրեթե կենտրոնում կարելի է անարգել զավթել ոստիկանության գնդի տարածքը, ապա մարզերում առհասարակ, ցանկության դեպքում, կարելի է գրավել թե՛ գյուղեր, թե՛ քաղաքներ: «Սասնա ծռերի» պարոնայք հաստատ այդ մասին չէին մտածել: Իսկ իշխանություննե՞րը: Չէ՞ որ նրանք «ի պաշտոնե» պարտավոր էին մտածել և կանխատեսել նման իրավիճակները՝ հենց հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մեկ անգամ էլ կրկնեմ. 2016 թվականը մեզանում ակնբախորեն համոզեց, որ մենք իրավունք չունենք մեր ներքին անվտանգությունը համարել պետության կողմից ապահովված ու երաշխավորված: Որքա՞ն կարելի է, պարոնայք հանրապետականներ, կալանավորել և ազատ արձակել Հայաստանի ոչ քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանին, անգամ եթե նա 1991-94 թթ. պատերազմի հերոս է: Հունիսին դուք նրան կալանավորել էիք հերթական անգամ, հուլիսին տեղի ունեցավ ՊՊԾ Էրեբունու գնդի վրա զինված հարձակումը: Հիմա հասկանում եք, որ սպառնալիքի տակ (իրեն «ցույց տալու» ինչ-որ մեկի ցանկության պատճառով, օրինակ) կարող հայտնվել ցանկացած մարդու կյանքը, կարևոր չէ՝ կնո՞ջ, թե՞ երեխայի, ծերունո՞ւ, թե՞ երիտասարդի:

2016 թ. հուլիսին «Սասնա ծռեր» ջոկատի թույլ տված արարքը տեսած լինելով, որևէ մեկն այսօր կարո՞ղ է հայ հասարակությանը երաշխիք տալ, որ հետագայում պատերազմի վետերանների մի ուրիշ ջոկատ էլ չի ցանկանա իրեն նման «սխրանք» թույլ տալ: Իսկ եթե առհասարակ «արտասահմանցի հյուրեր» լինե՞ն: Չէ՞ որ աչքներիս առաջ ամեն ինչ տեսնում ենք: «Արտասահմանցի հյուրերն» օգնեցին Հայաստանից Ադրբեջան փախչելու ամբողջ ընտանիքի, և դրա հետևանքով ինչ-որ տեղ Բաքվի հեռուստաստուդիաներում սկսում են վայրահաչել հայազգի դավաճանները:
Բայց այդ մասին հետո: Ապա մենք ուրախ-ուրախ, ինչպես հաղորդեցին որոշ լրատվամիջոցներ, Ամուլսարի հանքավայրը (արդյո՞ք հանքավայր է) հանձնեցինք Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին: Տարիներ շարունակվող վիճաբանություններից հետո: Այն բանից հետո, երբ «ձեռք թափ տվեցին» բնապահպանների նախազգուշացումների վրա: Նույնիսկ նախագահը Ամերիկայում հանդիպում ունեցավ միջնորդի՝ «Lydian International Led» ֆիրմայի ղեկավար Հովարդ Սթիվենսոնի հետ: Ահա ինչ մակարդակով տվեցին այն, ինչի ձայնը վաղ թե ուշ, համոզված եմ, կլսի ամբողջ Հայաստանը: Հետո՞ ինչ, որ գիտնականներն ու բնապահպան կազմակերպությունները շարունակում են տագնապ հնչեցնել: Շարունակում են ասել ու գրել՝ սպառնալիքի տակ է Ջերմուկի առողջարանային գոտին, Սևանի ավազանն անգամ: Ամենահետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի վերջին միստր Սթիվենսոնն ինքն էլ խոստովանեց, թե, այո, սպառնալիք կա:

Բայց «ջենթլմենաբար» խոստացավ. «Մենք պարտավորություն ենք ստանձնել Ամուլսարի հանքավայրը կառուցել և շահագործել անպայման լավագույն փորձին համապատասխան, և ցիանիդների օգտագործման միջազգային կոդեքսին միանալը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Ժամանակակից պատասխանատու արդյունահանումը վերահսկվում է մի շարք կարևոր նախաձեռնություններով, որոնք նպաստելու են անվտանգ շահագործման ապահովմանը, բնապահպանական և սոցիալական վերահսկողությանը և շահագործման արդյունավետ կառավարմանը: Կոդեքսը այդ կարևոր նախաձեռնություններից մեկն է: Դրան միանալու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հանքավայրի կառավարման խիստ վերահսկողությունը, և դա Ամուլսարում օրինակելի հանքավայր կառուցելու մեր պարտավորության ևս մեկ ապացույցն է»:


Ես չեմ հավատում անգլիացի այդ ջենթլմենի և ոչ մի խոսքին: Համապատասխանաբար, չեմ հավատում մեր կառավարության երաշխիքներին: Ինչո՞ւ: Թե անգլիացիներն ինչպես են «տերուտնօրինություն արել» միջազգային կանոններին ու կոդեքսներին «համապատասխան», ասենք, Հնդկաստանում, ամբողջ աշխարհին է հայտնի: ՈՒզում եք իմանա՞լ: Ցանկացած համապատասխան համացանցային կայքի «որոնում»-ում հավաքեք «ըւՏտՈսրՍՈÿ ՍՈՑՈրՑՐՏՒՈ» և կարդացեք: Հնդկաստանում աշխատել է անգլո-ամերիկյան «Յունիոն կարբայդ» ընկերությունը: Կասեք թե՝ Հնդկաստանը «երրորդ աշխարհի» երկի՞ր է, նրա հետ այլ կերպ չէին էլ վարվի՞: Սխալված կլինեք: Մեր հանդեպ Մեծ Բրիտանիայի թագավորական բոլոր սերունդների վերաբերմունքը միշտ եղել է և կլինի շատ ավելի վատ, քան Հնդկաստանի և հնդիկների հանդեպ: Հիշեցնում եմ, «Ադրբեջանի» մոգոնումը, առհասարակ, անգլիական հղացում է, մոգոնում չեղած մի բանի, գիտակցում, որ այդ պարագայում ոչնչացման սպառնալիքի պիտի ենթարկվեն արդեն նաև Անդրկովկասի հայերը: Բայց 2016 թվականին Հայաստանի իշխանությունները հնարավոր են համարում մոռանալ հարազատ երկրի բնապահպանական անվտանգության մասին և Ամուլսարի կասկածելի (շահագործման անվտանգության տեսակետից) ոսկեհանքը հանձնում են հայ ժողովրդի թշնամիներին: Իսկ հնդկական Բհոպալում աղետի պատճառը մինչև հիմա պարզված չէ, թեև պայթյունը տեղի է ունեցել 1984 թ. դեկտեմբերին: Բայց ահա թե ինչ է հայտնի. հնդկական «Աղետից վայրկյաններ առաջ» հեռուստահաղորդման մեջ այն հետևությունն է արվել, թե չնայած սաբոտաժի սկզբունքային հնարավորությանը, աղետի հանգեցրած շղթայի առաջին օղակը եղել է ձեռնարկության արտադրանքի պահանջարկի գնահատման տնտեսական սխալը, ինչը հանգեցրել է վնասով աշխատող ձեռնարկության ղեկավարության վրա ընկերության տերերի տնտեսական ճնշմանը, նպատակ ունենալով կրճատել ծախսերը, որոնք իրենց հերթին արդեն հանգեցրել են անմիջական պատճառին՝ գործարանում անվտանգության ապահովման միջոցառումների հաշվին տնտեսմանը:

Հաղորդման մեջ ասվում է, որ պաշտպանական բոլոր համակարգերը եղել են կամ փչացած, կամ անարդյունավետ: Դե արի ու մի մտածիր, որ մի օր հանկարծ «Lydian International Led» ֆիրմային էլ կթվա, որ իրենք սխալ են գնահատել հանքավայրի չափերը և հնարավոր շահույթը՝ արդյունահանումից մինչև իրացում: Եվ հանկարծ դրանից հետո սկսեն տնտեսել: Եվ տեղացի հայերին՝ «Lydian Armenia» քույր ընկերության իրենց ստրուկներին, ստիպեն անել այս կամ այն, կամ, ընդհակառակը, ոչինչ չանել:


Ապա մեզանում հետևեց կառավարության փոխման «աշնանային մարաթոնը», միառժամանակ անց նաև կուսակցական շինարարության նոր փուլի «ճողփյունը»: Ոչ այնքան հեռու անցյալի սիրված «Վազք» ֆիլմի «խավարասերների վազքը» հիշեցնող իրարանցում: «Խաղադրույքներն արված են, պարոնայք»: Ծառուկյանն ազդարարում է քաղաքականություն վերադառնալու մասին: Ես հարց ունեմ՝ իսկ ինչո՞ւ: Մի՞թե մենք բոլորս արդեն «բարգավաճել ենք», կամ բոլորն արդեն մարզպետի պաշտոն են ստացել: Ճիշտ է, կան մասնագետներ, որոնք համոզված են՝ ընդունելով վերադառնալու որոշում, Ծառուկյանը հազիվ թե դիմի միջկուսակցական բլոկների ու գործակցության նախկին կառույցների վերականգնմանը: Այս կարծիքին է, օրինակ, նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, և նրան չհավատալու հիմքեր չկան. նա շատ իրազեկ է մեր ներքին կյանքին առնչվող ամեն հարցում: Ահա «կոնգրեսականները» ազդարարում են «Բարգավաճ Հայաստանի» հետ դաշինքի մասին, իսկ մեկ ուրիշի մոտ էլ նախկին պլաններն են ձախողվել: Մեկ ուրիշն էլ առհասարակ դիմում է նոր ձևաչափի ընդունման: Վեցերորդները «համախմբման» են կոչում՝ անհասկանալի է ինչպիսի և հանուն ինչի: Չարժե կեղծել. բոլոր ցրիվ եկողներից հետաքրքրություն կա միայն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, որովհետև նա, զուտ որպես քաղաքական գործիչ, քիչ է հայտնի շարքային ընտրողին, իսկ մնացած բոլորին ժողովուրդը ճանաչում է «ուղնուծուծով». այդ գործիչները ոչ մի նոր բան չեն կարող ո՛չ ասել, ո՛չ առաջարկել:

Եվ ո՞վ պիտի հավատա նրանց: Լրատվամիջոցները տեղեկացնում են. «Ես որոշել եմ ակտիվորեն մասնակցել քաղաքական, մասնավորապես նախընտրական գործընթացներին»,- գրել է գեներալ-գնդապետ Օհանյանը Facebook-ում:


Նա նշել է, որ չի կարող դիտորդի կարգավիճակով հանգիստ ու անտարբեր հետևել երկրում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացներին: Երբ երկրում փորձում են ձևավորել կառավարման նոր համակարգ, ամեն քաղաքացի, քաղաքական կուսակցություն իրավունք ունեն և պարտավոր են օգտագործել իրենց կարողությունը: «Նախարարական պաշտոնին ես հրաժեշտ տվեցի հանգիստ, այնուհետև մերժեցի ինձ առաջարկված բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ուզում եմ փորձս, գիտելիքներս ու ջանքերս ինքնուրույն ներդնել մեր երկրի ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու գործում»,- գրել է Օհանյանը: Այն մասին, որ Արցախի հերոսը ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է գլխավորի, այսպես կոչված, «վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններից մեկը», հայկական մամուլն արդեն բավական վաղուց է գրում: Նշվում է նաև Օհանյանի գլխավորելիք կուսակցության անվանումը՝ «Երրորդ հանրապետություն»: Օհանյանի PR-ի հարցերով զբաղվելու է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային ժողովում պետության ղեկավարի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Հոկտեմբերի 11-ին Դալլաքյանն ինքը հրաժարական տվեց և այդ ժամանակվանից ի վեր հանդես է գալիս բարձրագոչ հայտարարություններով, որոնց Հայաստանում լրջորեն վերաբերվող չկա: Գուցե և իզուր, իսկ գուցե՝ ըստ արժանվույն: Օրինակ, իր հրաժարականի օրը հայտարարեց, որ եթե իր ելույթից հետո իր հետ կամ իր ընտանիքի անդամների հետ մի բան պատահի, «ապա դրա պատասխանատուն կլինի Սերժ Սարգսյանը»:

Մինչև դեկտեմբերի 20-ը Դալլաքյանի հետո ոչինչ չէր պատահել, ինչը նրան թույլ կտար հերթական մամուլի ասուլիսում հայտարարել, թե Սերժ Սարգսյանը, իմանալով, որ իր ենթական մտադիր է հեռանալ պաշտոնից և միանալ ընդդիմությանը, նրան կաշառք է առաջարկել պաշտոնի բարձրացման ձևով: Բայց էությունը ո՞րն է: Շատ պարզ. նոր խորհրդարանում տեղ ունենալու հավանականություն ունի ընդամենը 4-5 կուսակցություն, բայց արդեն հիմա ակնհայտ է, որ ինչքան շատ ընդդիմադիր կուսակցություն մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնքան նոր խորհրդարանում ավելի ներկայացուցչական կլինի ՀՀԿ-ի ներկայությունը: Սա էլ հենց, թերևս, Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական ռազմավարությունն է:


Իսկ հիմա «ազգի դավաճան» գործոնի մասին: Ավաղ, 2016-ը ապացուցեց, որ փողով թե համոզմունքով, սակայն մեզանում կան առանձին անարգ մարդիկ, ովքեր թե՛ Արցախը «կտան», թե՛ ոսոխի կողմը կանցնեն ու Հայաստանի թշնամու մոտ «աշխատանքի» կմտնեն: Ազգանունները չեմ թվարկի, նողկալի է: Զգացողությունն այնպիսին է, որ, անուն-ազգանուն ասելով, ինչ-որ լպրծուն ու գարշահոտ բանի ես դիպչում: Վատ է, որ նախկին նախագահը որոշել է այդ ալիքի վրա նորից հասարակությանը հրամցնել այն թեման, թե կապիտուլյացիան ևս ելք է: Այլ կերպ չեմ կարող գնահատել ՀԱԿ-ի վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այս ամենը կոչվում է ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Մի բան կասեմ. անիծվեն նրանք, ովքեր կաջակցեն դավաճաններին ու կանարգեն 1991-94 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ և 2016 թ. ապրիլին զոհված մեր հազարավոր երիտասարդ հայրենակիցների հիշատակը:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ