Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ներկայիս Ռուսաստանը հզոր է, և Բաշար Ասադին չի սպառնում Սադամի ճակատագիրը»

«Ներկայիս Ռուսաստանը հզոր է, և Բաշար Ասադին չի սպառնում Սադամի ճակատագիրը»
10.01.2017 | 00:10

Սիրիայում այժմ առկա իրավիճակի, սիրիական պատերազմի և դրա պատճառների, հնարավոր զարգացումների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների շուրջ է մեր հարցազրույցը Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի պատվո հյուպատոս ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Հավելենք, որ հիշյալ ակադեմիան միջազգային գիտական կենտրոն է և Մակեդոնիայի ազգային ակադեմիայի հետ համատեղ` միջազգային գիտական ծրագրի շրջանակներում, իրականացնում է աշխարհաքաղաքական խնդիրներին առնչվող հետազոտություններ:

-Պարոն Սարգսյան, նախ փորձենք գնահատել Սիրիայում այժմ առկա իրավիճակը:
-Եթե հետևենք եվրոպական կամ ռուսական որոշ փորձագետների արտահայտած կարծիքներին, ապա, ըստ նրանց, Սիրիայում ընթանում է երրորդ կամ չորրորդ համաշխարհային պատերազմ: Բոլորն ասում են համաշխարհային պատերազմ, բայց ես կարծում եմ, սա միջազգային պատերազմ է, որովհետև իրականում Սիրիայում պատերազմին մասնակցում է պետությունների երկու խումբ: Պետությունների երկու կամ ավելի խմբի մասնակցությունն արդեն խոսում է այն մասին, որ տվյալ երկրում ընթանում է միջազգային հակամարտություն: Սա իսկապես միջազգային պատերազմ է: Միջազգային, որովհետև այս կամ այն կերպ մասնակցում են մի կողմից` Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իսրայելը, մյուս կողմից` Սիրիայի գործող իշխանությունը և նրա դաշնակիցները` Իրանը, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանի զինուժը, շիա կրոնական խմբերի զինյալները: Իսրայելի մասնակցության կամ դերակատարության մասին շատ քիչ են խոսում, բայց հենց Իսրայելի աշխարհաքաղաքական շահերից են բխում Բաշար Ասադի վարչակարգի տապալումը և Սիրիայի մասնատումը: Իրականում հենց Իսրայելի առանցքային դերակատարությամբ է սկսվել Սիրիայում պատերազմը: Ձեր հարցին պատասխանելու կամ Սիրիայում հնարավոր զարգացումները հասկանալու համար, պետք է անդրադառնանք այն խնդրին, թե ում կողմից, ինչպես և ինչու սկսվեց սիրիական պատերազմը:
-Իրոք, շատ բան կարծես մոռացվել է, բացի այդ, շատերը չգիտեն ճշմարտությունը, հետևաբար հստակեցնենք` ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ սկսեց գրեթե ողջ Սիրիան ավերած այդ պատերազմը:
-Սիրիայի հարավում, Իսրայելին սահմանակից Դերաա քաղաքում 2011 թ. ամռանը երեխաները պատի վրա ներկով գրել էին հայհոյախառն խոսքեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին: Դրան հետևել են երեխաների ծեծը, բանտարկումը: Այդ գործողություններն իրականացրել են Դերաա քաղաքի ոստիկանները: Ոստիկանների քայլին հաջորդել է բողոքի հանրահավաք` երեխաներին ազատ արձակելու պահանջով: Հանրահավաքի ժամանակ անհայտ դիպուկահարները սկսել են կրակել ոստիկանների, սիրիական բանակի զինվորների վրա, որին հաջորդել է բանակի կողմից Դերաայում ռազմական դրության հաստատումը, ապա սկսվել է միջսիրիական հակամարտությունը սուննիների և ալավիների միջև: Բաշար Ասադը լինելով փոքրամասնության` ալավիների ներկայացուցիչ, կառավարում էր պետությունը: Իշխանության կամ ալավիների կողմից մեծամասնության` սուննիների ներկայացուցիչներին Դերաայում կոտորելը հանգեցրեց ձնագնդի էֆեկտի` հակամարտությունը Դերաայից տարածվեց Դամասկոս, Դամասկոսից Ռաքքա, Ռաքքայից` Դեր Զոր, Հալեպ, և շարունակվում է մինչ օրս: Մենք մինչև հիմա չենք հասկացել կամ բավարար չափով չենք կարևորել, որ միջէթնիկական, միջկրոնական բախումների գործոնը Մերձավոր Արևելքում, Բալկաններում, նույնիսկ Կովկասում թեև անտեսված, բայց թիվ մեկ խնդիրն է: Հետագայում ապացուցվեց, որ Դերաայում սիրիական բանակի զինվորների և ոստիկանների վրա կրակող դիպուկահարները «Մոսադի» գործակալներն էին: Դերաայից մինչև Իսրայել ընդամենը 30-35 կիլոմետր է: Այդտեղից և այդպես սկսվեց սիրիական պատերազմը:
-Ինչո՞ւ Իսրայելը դիմեց նման սադրանքի, ինչո՞ւ էր նրան պետք այդ պատերազմը:
-1976-ին Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի ղեկավարը, Սիրիայի նախկին նախագահ, Բաշար Ասադի հայր Հաֆեզ Ասադը, Լիբանանի նախագահ Էլիաս Սարգիսը, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, Պաղեստինի ղեկավար Յասիր Արաֆաթը, ինչպես նաև Իսրայելի այն ժամանակվա վարչապետը կնքել էին պայմանագիր, ըստ որի, Լիբանանի նկատմամբ վերահսկողությունը հանձնվում էր Սիրիային: Սիրիական բանակը ստացել էր Լիբանան մուտք գործելու իրավունք, որպեսզի կանխի առճակատումը: Հետագայում Սաուդյան Արաբիային ձեռնտու չէր խաղաղ իրավիճակը Լիբանանում և Սիրիայում, և Սաուդյան Արաբիան Էր Ռիադից Լիբանան էր ուղարկել թագավորական ընտանիքի գլխավոր շինարարին` օլիգարխ, միլիարդատեր Ռաֆիկ Հարիրիին (սուննի): Նրան, ըստ էության, նշանակելով Լիբանանի վարչապետ, Սաուդյան Արաբիան քանդեց միջլիբանանյան կրոնական և աշխարհիկ համայնքների ձևավորած կոնսենսուսը: Ռաֆիկ Հարիրին սկսել էր կատարել գործողություններ, որոնք հարցականի տակ էին դրել 1976 թվականին Էր Ռիադում կնքված խաղաղության հիշյալ դաշնագիրը: Ի սկզբանե, Սաուդյան Արաբիայի նպատակն իր կողմից վստահելի անձ ներկայացված Ռաֆիկ Հարիրիի միջոցով Լիբանանից Սիրիայի զորախմբի վռնդումն էր: 2005 թվականին Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, որում մեղադրեցին Սիրիայի հատուկ ծառայություններին, բայց իրականում դրա հետևում կանգնած էին Իսրայելի գործակալները, սկսվեց հակամարտություն Սիրիայի և Լիբանանի միջև: Լիբանանի իշխանությունները պահանջեցին սիրիական զորքերը դուրս բերել Լիբանանից: Բանից պարզվում է, որ Թամարի և Լևանտի հատվածում, Սիրիայի և Լիբանանի ծովային հատվածում (Լևանտի ավազան) գտել էին գազի հսկայական պաշարներ` նվազագույն հաշվարկներով 3,5 տրիլիոն խորանարդ մետր, և քանի որ Սիրիայի ու Լիբանանի միջև չկա ծովային սահմանի հստակեցում, Իսրայելի իշխանությունները բացահայտ հավակնություն ներկայացրին այդ գազային պաշարների նկատմամբ: Հավելեմ, որ դեռևս 2008-2010 թթ. Կատարի էմիր Ալ-Թանին սկսեց ջերմ սիրախաղ Բաշար Ասադի հետ` նպատակ ունենալով Կատարից գազամուղ անցկացնել մինչև սիրիական Բանիյաս նավահանգիստ` Կատարի բնական գազը Եվրոպա արտահանելու համար: Բաշար Ասադը, Իրանը, ինչպես նաև ռուսական «Գազպրոմը» դեմ էին այդ ծրագրին: Որպեսզի Իսրայելը Սիրիայի և Լիբանանի ծովային հատվածում հայտնաբերված գազն իրենով անի, անհրաժեշտ է համարել և անհրաժեշտ է համարում տապալել Բաշար Ասադի վարչակարգը, Սիրիան ներքին երկպառակություններով, հակամարտություններով և արտաքին միջամտությամբ թուլացնել, մասնատել, որպես պետություն, ըստ էության, կործանել, դրանով ազատվել նաև Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու խնդրից: Չմոռանանք, որ Գոլանի բարձունքները գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ, և 2011 թվականին Բաշար Ասադը ՄԱԿ-ում Իսրայելից պաշտոնապես պահանջեց վերադարձնել Գոլանի բարձունքները: Այս նախապատմությունը ներկայացնում եմ, որ հասկանալի լինի, որ Սիրիայի նկատմամբ դավադրությունն առաջին հերթին Իսրայելի աշխարհաքաղաքական շահերի արտահայտությունն է, երկրորդ հերթին կապված է Սաուդյան Արաբիայի նավթային ու գազային շահերի հետ: Բացի այդ, կար ու կա Սաուդյան Արաբիայի սուննի կրոնապետերի քամահրական վերաբերմունքը ալավի Բաշար Ասադի հանդեպ, քանի որ նրանք Բաշար Ասադին և, ընդհանրապես, ալավիներին համարում են ոչ ճիշտ մուսուլման, ավելի շատ ինտեգրացված քրիստոնյաներին ու նույնիսկ հեթանոսներին, որովհետև ալավիների կրոնում շատ ծիսական տարրեր վերցված են քրիստոնեությունից և նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Իսկ վահաբիզմը, որի հիմնական կենտրոնը Սաուդյան Արաբիան է, համարվում է ծայրագույն սուննիական կրոնապետություն, քանզի Մեքքան և Մեդինան գտնվում են Սաուդյան Արաբիայում և, ըստ նրանց, իրենց մուֆթիի խոսքը` ֆեթֆան է համարվում թիվ մեկը մուսուլմանական աշխարհի համար: Ի դեպ, հակամարտություն կա նաև շիա պարսիկների և սուննի արաբների միջև, որոնց կենտրոնն այս պահին համարվում է Սաուդյան Արաբիան, ինչպես շիա մուսուլմանական աշխարհի կենտրոնը համարվում է Իրանը, մասնավորապես` Ղոմ քաղաքը, որտեղ թաղված է իրենց առաջնորդը: Շիա-սուննի հակամարտության արտահայտությունն այսօր տեսնում ենք նաև հենց Հալեպում: Այստեղ արդեն տևական ժամանակ իրար դեմ կռվում են մի կողմից իրանական, աֆղանական, լիբանանյան («Հըզբոլլահ») կամավորական զորախմբերը` բասիջները, Իրանի ապագա նախագահի հիմնական թեկնածու, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի գլխավորությամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները, մյուս կողմից` սուննիական աշխարհի, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի և Կատարի թագավորական ընտանիքների կողմից ֆինանսավորվող, «Ալ Քաիդայի» իրավահաջորդը համարվող «Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական կազմավորումը, ամենաահավոր մարդասպանների` Նուրէդդին Ալ Զիկիի խումբը, Թուրքիայի կողմից կառավարվող, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակը», «Իսլամական պետության» զինյալները, ահաբեկչական այլ զորախմբեր:
-Ըստ Ձեզ, Սիրիական պատերազմն ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ:
-Մի շարք պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախումն այսօր կարող է Սիրիայում հանգեցնել կամ այս պատերազմի ավելի գլոբալացման, կամ մարման: Ես կարծում եմ՝ գործընթացն այս պահի դրությամբ, շնորհիվ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի, գնում է դեպի մարում: Սիրիայում այսօր գործում է Չինաստանի «Սիբիրյան վագրեր» հատուկ ջոկատայինների շուրջ 180-հոգանոց խումբը, Չինաստանը Սիրիային մատակարարել է 100-ից ավելի անօդաչու թռչող սարքեր` դրոններ, որպեսզի հետևեն Սիրիայում գործող, Թուրքիայի, Իսրայելի և, հատկապես, բրիտանական հետախուզության ստեղծած, Թուրքիայի կողմից կառավարվող ույղուրների միջազգային ահաբեկչական խմբավորմանը` «Թուրքեստանի իսլամական ճակատին»: Խոսքս այդ կազմակերպության մոտ 1800 անդամների, Չինաստանի քաղաքացի ույղուրների մասին է, որոնցից Չինաստանը մեծ վտանգ է սպասում, և որոնք արևելյան Հալեպից վերջերս 40 ավտոբուսով տեղափոխվեցին Իդլիբ: Չինաստանի Սինցզյան-ՈՒյղուրյան ինքնավար շրջանի (հայտնի է նաև որպես Արևելյան Թուրքեստան, մինչև 1936 թվականը, Մաո Ցզեդունի կողմից գրավվելը, կոչվել է Արևելյան Թուրքեստան, այն թուրքերի բնօրրանն է) այդ բնակիչները նույն թուրքերն են: Չինական բանակը, հատուկ ծառայությունները վերջերս մտել են ՈՒրումչի և հիմա էլ այնտեղ են, հավաքել են բոլոր ույղուրների 23 միլիոն անձնագրերը, արտասահման մեկնելու համար նրանք պետք է հատուկ թույլտվություն ստանան: Սա արվել է, որ ույղուրները չմեկնեն Թուրքիա, Իրաք, Սիրիա և չհամալրեն Սիրիայում կռվող «Թուրքեստանի իսլամական ճակատ» միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերը:
-Անդրադառնանք 2016-ի նոյեմբերի 24-ին թուրքական բանակի նկատմամբ իրականացված պատժիչ գործողությանը և դրան հետևած Էրդողանի հայտարարությանը: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ կապակցությամբ:
-Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից ուղիղ 1 տարի հետո` 2016 թվականի նոյեմբերի 24-ին, Հալեպից հյուսիս-արևելք, մոտ 40 կիլոմետր հեռու գտնվող Էլ Բաբում սիրիական ռազմական զորախումբը պատժել է թուրքական բանակին, թուրքական բանակը տվել է 18 զոհ, 28 վիրավոր: Էրդողանը դրանից հետո հայտարարել է, որ թուրքական զինուժը մտել է Սիրիա, որ տապալի Բաշար Ասադին ու նրա վարչակարգը (դրանով իսկ ընդունել է, որ Թուրքիան ագրեսոր է), որին հաջորդել է Պուտինի հեռախոսազանգը Էրդողանին: Պուտինը նրան հիշեցրել է Թուրքիայի և Ռուսաստանի գլխավոր շտաբների միջև առկա պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել դեռևս 2016 թ. սեպտեմբերի 16-ին Անկարայում ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վ. Գերասիմովի մասնակցությամբ:
-Ինչի՞ մասին է այդ պայմանավորվածությունը:
-Այն, որ Թուրքիան օգոստոսի 24-ին ներխուժել է Սիրիայի տարածք` քրդերից Ջարաբլուս քաղաքն ազատելու համար, և որ Թուրքիան Հալեպից պետք է ձեռք քաշի: Ինչպես հայտնի է, 2016-ի հուլիսին չհաջողված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար Թուրքիան մեղադրեց Միացյալ Նահանգներին, պահանջեց Գյուլենի արտահանձնումը և Ինջերլիքից ամերիկյան զորքի դուրսբերումը: Նույն 2016-ի օգոստոսի 23-ին Ջոն Բայդենն այցելել է Անկարա, և Էրդողանի հետ աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան կդադարեցնի Ինջերլիք ռազմաբազայից Միացյալ Նահանգների զորքի դուրսբերման և Գյուլենի արտահանձնման պահանջը, եթե ԱՄՆ-ը քարտ բլանշ տա Թուրքիային` 7-10 օր ռազմական գործողություններ իրականացնելու Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Ռոժավայի շրջանի կանտոնների (արևմտյան քրդական հատված) հանդեպ: Դրանից անմիջապես հետո թուրքերը մուտք են գործել Սիրիայի տարածք, առաջինը` Ջարաբլուս, խոստացել էին Ջարաբլուսում մնալ 10 օր, որի ընթացքում պետք է բաժանեին Քոբանիից և Հասեկից մինչև Հալեպ և Իդլիբ ընկած տարածքում քրդական հատվածների միացումը: «Եփրատի վահան» կոչված այդ ռազմական գործողությունը, որը պետք է տևեր 7-10 օր, շարունակվեց նաև դրանից հետո: Թուրքիան բառի բուն իմաստով խաբեց, նրա զորքերը շարունակեցին խորանալ սիրիական տարածքում: Թուրքական զորախումբը մինչ այժմ Սիրիայում է, Սիրիայի տարածքի հյուսիսում գտնվող շուրջ 5000 քառակուսի կիլոմետր արդեն օկուպացրել է թուրքական բանակը: Նրանք փորձել են շարժվել նաև դեպի արևելք, որը Պուտինի և Էրդողանի միջև պայմանավորվածության խախտում էր, որովհետև Էլ Բաբ, Հալեպ հատվածները գտնվում էին և լինելու են սիրիական, ռուսական, իրանական զորախմբերի վերահսկողության տակ: Թուրքերը փորձել են մտնել Էլ Բաբ, որովհետև դրանով կգրավեին ռազմավարական նշանակության ճանապարհների հանգույցը, որից դեպի Ռաքքա, դեպի Թադմոր, դեպի Դեր Զոր տարածքներում Թուրքիան կդառնար գլխավոր խաղացողը: Սակայն թուրքերին պատժել են, այնուհետև Պուտինը զանգել է Էրդողանին և հասկացրել, թե կարմիր գծերը որոնք են, որից այն կողմ ճանապարհ չկա, և թուրքերը կարծես հասկացել էին դա: Սակայն թուրքական բանակը շարունակում է Էլ-Բաբի զավթման օպերացիան: Թեև թուրքական բանակը կրում է մեծաքանակ կուրուստներ՝ 28 տանկ և ՀՄՄ, 470-510 զոհ, այնուամենայնիվ, թուրքերին չի հաջողվում գրավել սիրիական փոքրիկ Էլ-Բաբ քաղաքը: Տեղի ունեցավ այն, ինչի մասին ասել էի ավելի վաղ` խոսելով ռուս-թուրքական ռազմական դաշինքի մասին: 2016 թ. դեկտեմբերի 23-ին, երբ Մոսկվայում հողին էին հանձնում Անկարայում հրապակայնորեն սպանված Ռուսաստանի դեսպան Ա. Կառլովին, ռուսական ռազմական օդուժը պաշտպանելով թուրքական զինվորներին, հարձակվում էր Էլ- Բաբի վրա: Սա ռուս-թուրքական կայացած ռազմական դաշինքի սկիզբն էր: Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությանը, ապա, ինչպես հայտարարեց ՌԴ նախագահը, «դա չի կարող ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա»: Ի դեպ, ըստ իմ ունեցած տեղեկության, արևելյան Հալեպից, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի», նույն ինքը` թուրքական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող զորախմբի, ինչպես նաև «Թուրքեստանի իսլամական ճակատի» զինյալների (ույղուրների) դուրսբերումը պայմանավորված է Պուտին-Էրդողան համաձայնությամբ, որպեսզի ռուսական ավիացիան չավերի արևելյան Հալեպը: Հալեպի գրավման դիմաց, ի դեպ, Կրեմլը Էրդողանին հանձնեց «Գազպրոմի» և «Գազպրոմբանկի» մասնաբաժինները (գնահատված մոտ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար) թուրքական Akfel Holding-ում: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ. Akfel Holding-ն ազգայնացվեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Բարաթ Ալբայրաքի կողմից (Ալբայրաքը նախագահ Էրդողանի փեսան է): Արևելքում ամեն ինչ իր գինն ունի: Մինչ այդ, Միացյալ Նահանգները երեք անգամ խոստումնազանց եղավ, Լավրով-Քերի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը 10 օր ժամանակ էր ուզել, որ կարողանա տարանջատել, այսպես կոչված, խաղաղ գրոհայիններին ահաբեկիչներից, ինչից հետո Սիրիայի ու նրա դաշնակիցների զինուժը կարող էր պատժել ահաբեկիչներին: Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր, սակայն Միացյալ Նահանգներն իր խոստումը չկատարեց, ահաբեկիչները զինադադարն օգտագործեցին ի շահ իրենց և ժամանակ շահեցին: Ի դեպ, հիմա սրանով է պայմանավորված Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում Լավրովի, Կարասինի, Բոգդանովի և Ռյաբկովի նկատմամբ անվստահությունը, նույնիսկ Կրեմլում դժգոհ են արտգործնախարարության նշածս չինովնիկներից, որոնք, կոպիտ ասած, կերան Միացյալ Նահանգների կուտը: Կա նաև կասկած, որ սա Իսրայելի խաղն էր, որպեսզի Սիրիայում պատերազմը խորանա, և Սիրիան, որպես այդպիսին, գոյություն չունենա, լինի այնպիսին, ինչպիսին ներկայիս Իրաքն է: Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքը համարվում էր Պաղեստինի թիվ մեկ պաշտպանը և արաբական աշխարհում Իսրայելի թիվ մեկ թշնամին, Սադամին վերացնելուց և երկիրը քանդելուց հետո, հիմա նույն ձեռագիրն ուզում են օգտագործել Սիրիայում: Սակայն, մեկ տարբերություն կա. այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իրաքում սկսեց «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը, Խորհրդային Միությունը, նույն Ժիրինովսկին, նույն Պրիմակովը, նույն Գորբաչովը դավաճանեցին, որովհետև 1990 թվականին դեռ գործում էր ԽՍՀՄ-ի և Իրաքի միջև ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիրը, որի դեպքում Խորհրդային Միությունը պարտավոր էր ռազմական աջակցություն ցուցաբերել Իրաքին: Դա տեղի չունեցավ, սկսվեց Իրաքի քայքայումը, որին 2003 թվականին, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, հաջորդեց ԱՄՆ-ի և Անգլիայի բացահայտ ագրեսիան Իրաքի նկատմամբ, որին նույնիսկ Ֆրանսիան և Գերմանիան էին դեմ: Այն ժամանակ Պուտինը կամ Ռուսաստանը թույլ էին, դրա համար միայն վետոյով դեմ եղան, բայց ներկայիս Ռուսաստանը հզոր է և, ի դեմս Պուտինի, շատ ավելի լուրջ, հետևաբար, կարծում եմ, Սադամ Հուսեյնի և Իրաքի ճակատագիրը Բաշար Ասադին և Սիրիային չի սպասելու: Սա նաև Հայաստանի շահերից է բխում, որովհետև Սիրիայում դեռ կա հայկական համայնք, կա հայկական քաղաքակրթության մեծ շերտ: Չմոռանանք, որ Հալեպի մայր բերդը կառուցվել է Տիգրան Մեծ արքայի օրոք, նա 5 տարի եղել է Հալեպի տիրակալը: Հայտնի է, որ ով գրավի Հալեպը, նա կգրավի Սիրիան: ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի նպատակը (համենայն դեպս, մինչև վերջերս) Հալեպը երկու մասի բաժանելն է, որից հետո արևելյան Հալեպը հռչակվելու է «Իսլամական պետության» մայրաքաղաք, ինչին հաջորդելու է Սիրիայի մասնատումը: Դրանով էր պայմանավորված հատկապես Հալեպի նկատմամբ ամբողջ վայնասունը և պայքարը նրա համար: Սակայն, նկատի ունենալով Ռուսաստանի վճռական գործողությունները, Միացյալ Նահանգներն իր ռազմական գործողություններն այժմ կենտրոնացրել է հիմնականում իրաքյան Մոսուլում, որտեղ պաշտոնապես ունի մոտ 6-հազարանոց զորախումբ, և շուրջ այդքան էլ` ոչ պաշտոնապես, խոսքս մասնավոր ռազմական կառույցների մասին է` «Ակադեմի», «Բլեքվաթըր», որոնցում պայմանագրային սկզբունքով ծառայում են նախկինում Իրաքում ծառայած զինվորականները: Մոսուլում գործում են նաև ԱՄՆ-ի ավիացիան, Ֆրանսիայի ավիացիան: Կարծում եմ, կա հստակ բաժանում` Մոսուլն անցել է Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հսկողության տակ, իսկ Հալեպը կռվախնձոր էր մի կողմից` Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Լիբանանի (ի դեմս «Հըզբոլլահի»), և մյուս կողմից` Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իսրայելի միջև: Անցյալ ժամանակով եմ արտահայտվում, որովհետև Հալեպի ազատագրման խնդիրն արդեն գրեթե լուծված է և այն բաժին է հասել Ռուսաստանին: Սիրիայի ճակատագիրն ամբողջապես, և Հալեպինը՝ մասնավորապես, ցանկանում են որոշել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները հունվարի 23-ին Աստանայում (քաղաք Ղազախստանում): Պուտինն ուզում է ստանալ նոր «Յալթա -2»՝ աշխարհի նոր վերաբաժանման համար, դա, կարծում եմ, հետագայում կվերաբերի նաև Հայաստանին և Արցախին: Կթույլատրի՞ արդյոք աշխարհը դա թուրքին, ռուսին ու պարսիկին, կիմանանք շուտով:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5292

Մեկնաբանություններ