Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ սպասել վարչապետից, եթե նա ցանկանում է իրեն ՀՀ իշխանական համակարգում հաստատել

Ինչ սպասել  վարչապետից, եթե նա ցանկանում է իրեն ՀՀ իշխանական համակարգում հաստատել
10.01.2017 | 09:02

Այն վիճակը, որում այժմ գտնվում են մեր երկիրը, մեր բնակչությունը, այլ կերպ, եթե ոչ օրհասական, հնարավոր չէ անվանել: Ամենաթռուցիկ հայացքով իսկ տեսանելի է, որ ժողովրդի կենսամակարդակը օր օրի վատթարանում է, հասարակության տարբեր խավեր որոշակի պարբերականությամբ կորցնում են մինչ այդ իրենց ունեցած զբաղվածության և ապահովվածության կարգը: Հասարակությունը կենտրոնանում է ամենաստորին, ամենաանապահով ու չպաշտպանված խմբում: Դա տենդենց չէ, այլ, այսպես ասած, հայկական թրենդ:


Գիտենք, որ մեր երկրում տնտեսություն, որպես այդպիսին, չկա, որովհետև հետխորհրդային մի քանի տարիներին մեր նորաթուխ իշխանությունները արմատախիլ արեցին այն, ինչ բազում սերունդների տքնաջան աշխատանքով և հսկայական նյութական միջոցների ներգրավմամբ ստեղծվել էր խորհրդային տարիներին: Ծախեցին ամենը, փոշիացրին: Այն, ինչ մնաց, կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, բայց դրանք էլ սեփականաշնորհված, թե պետական, չեն աշխատում կամ աշխատում են էքստենսիվ տեխնոլոգիաներով, ցածր օգտակարությամբ՝ թե՛ արտադրողի, թե՛ հատկապես բյուջեի համար:
Պատճառը հարկային, մաքսային անտերությունն է, բանկային դիկտատուրան, մենաշնորհները, կոռուպցիան, ապրանքների, ծառայությունների գների, սակագների անհասկանալի, անվերահսկելի մոնոտոն աճը, որոնք բնում թաղում են ցանկացած միտք, նախաձեռնություն, ձեռնարկում՝ ցանկացած ոլորտում:


Մարդիկ պարզապես գոյատևելու խնդիր են լուծում, որոնք դեռ կարողանում են՝ այստեղ, որոնք ոչ՝ տուն-տեղ թողած գնում են մի կտոր հաց որոնելու: Կճարեն, չեն ճարի, կվերադառնան, թե ոչ՝ ո՞ւմ է հետաքրքրում:
Հասարակությո՞ւնն է մեղավոր, որ ինքն այսօր այս վիճակում է, թե՞ կան ուրիշ մեղավորներ ևս: Այո, հասարակությունն ունի մեղքի իր ծանրակշիռ բաժինը, դրան դեռ կարող ենք անդրադառնալ: Բայց կան և այլ մեղավորներ, որոնց ընչաքաղցության, անձեռնհասության պատճառով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են այս վիճակում. մեր իշխանությունները, վերին օղակներում, թե ամենաստորին՝ յուրաքանչյուրն իր չափով:
Պետությունը, հատկապես մեր, որ բազում արտաքին խնդիրների մեջ է ներքաշված, իրավունք չունի տնտեսությունը թողնելու ինքնահոսի. կզարգանա՝ կզարգանա, չի զարգանա՝ մենք ի՞նչ անենք: Իրավունք չունի այնքան խեղճացնելու տնտեսությունը, որ իր երկրի քաղաքացուն հարկադրի իր օրվա ապրուստը (և ոչ թե մեծ փողեր) ձեռք բերելու համար լքել երկիրն ու գնալ այնտեղ, ուր դրա չնչին հնարավորությունը կա:


Մեր անկախ երկրի իշխանությունները երբևէ իրենց առջև խնդիր չեն դրել երկրում ձևավորելու իրական տնտեսական միջավայր: Նրանք իրենց հարկային, մաքսային և մնացած լծակներն օգտագործել են միայն ժողովրդից հնարավորինս շատ վերցնելու համար՝ առանձնապես խորամուխ չլինելով դրա հետևանքների մեջ: Մեր հարկային քաղաքականության «տիտանների» խելքը բավականացրել է միայն գործունեության տարբեր փուլերում ընդօրինակելու այս կամ այն երկրի հարկային մոդելը՝ հատվածական: Ամբողջովին կրկնօրինակել չեն կարող, քանի որ մեր երկրում չկա այն տնտեսական միջավայրը, որը գործում է ընդօրինակման ենթակա երկրում, և չեն ստեղծվում այն արդյունքները, որոնք կարող են հարկվել այս կամ այն կերպ: Այսինքն, մենք սահմանում և ներդնում ենք ֆիսկալ համակարգը, որը ոչ մի հետևանքային կապ չունի այն տնտեսության հետ, որի նկատմամբ կիրառվում է: Քանի որ միջավայրը տնտեսական չէ, իսկ նպատակը միայն գանձումների ցանկալի մակարդակ ապահովելն է, տարեցտարի խստացնում են չափորոշիչները, որոնք թույլ են տալիս գործարարից խլել ավելի ու ավելի շատ: Այն գործարարը, որն աշխատում է իր համար սահմանված կանոններին ենթարկվելով, աստիճանաբար զրկվում է թե՛ շահույթից, թե՛ շրջանառու միջոցներից, թե՛ ունեցվածքից, լրացնում է չքավորության ու արտագաղթի ճիրաններում հայտնված հասարակության հատվածը: Որովհետև այդ «քաղաքականությունը» թալանի քաղաքականություն է և ոչ մի կապ չունի իրական տնտեսության շնչառության հետ, հատկապես, երբ այդ քաղաքականությունն իրականացնողի համար նշանակություն չունի՝ իր «պացիենտը» կենդանի՞ է, թե՞ արդեն մեռած:


Փոփոխությունների անընդհատությունը մի նպատակ է հետապնդել. գործարարին անընդհատ նոր խնդիրների առաջ կանգնեցնել, որպեսզի նա հանկարծ չհիմնավորվի, ոտքերի տակ հող չզգա: Ամե՛նը, ինչի վրա գործարարը կարող է հույս դնել, հարկային և նման պաշտոնյաների բարեհաճությունն է:
Որոշակի պարբերականությամբ, իշխանական համապատասխան կառույցները շոուներ են ներկայացնում կոռուպցիոն բացահայտումների, պետությունից թաքցրած, այսպես ասած, ստվերային տնտեսության և պետությանը հասցված վնասների մասին: Ասել է թե, պետությունը պայքարում է դրանց դեմ, ինչպես կարողանում է, այնպես չէ, թե աչքաթող է անում: Բնականաբար, հայտնաբերվածները միջինից ցածր տրամաչափի չինովնիկներ են, եթե դա կոռուպցիայի դեպք է, իսկ ստվերային գործունեության փորձ արած գործարարներն էլ իրենց տնտեսությունը կազմակերպել են կա՛մ նկուղում, կա՛մ տան հետնաբակում՝ ծածկի տակ:


Սա խորհրդային մտածելակերպի արդյունք և շարունակություն է: Այն ժամանակ էլ կային այդ կարգերին հատուկ արատներ, որոնք սահմանված էին, և դրանց դեմ պայքարում էին ԽՍՀՄ ստեղծման օրից մինչև նրա փլուզումը: Պայքարել մի բանի դեմ նշանակում է գոյակցություն, համատեղ կյանք: Ապրում են՝ միմյանց դեմ պայքարելով:
Պայքարել, հատկապես անպտուղ, պետք չէ: Պետք է հասկանալ, թե ինչ է այն, և ինչ միջավայր պետք է ստեղծել, որտեղ այդ երևույթը գոյատևել չի կարող:
Ի՞նչ է ստվերը տնտեսության մեջ: Իրական տնտեսության մեջ իրական ստվերը համապատասխան մարմիններից գործարարի թաքցրած շրջանառության ծավալներն ու ուռճացված ծախսերն են և, որպես դրա հետևանք, թաքցված շահույթ ու չվճարված հարկեր: Հաշվի առնելով, որ մեզ մոտ հնարավոր չէ ճիշտ աշխատել և զարգացնել գործը, գործարարը փորձում է ցանկացած հնարավորությամբ փախցնել իր իսկ ունեցվածքից փշրանքներ, քանի դեռ հարկայինը չի նկատել: Հայտնաբերված այդպիսի դեպքերի մի մասը հանրությանը ներկայացվում է համապատասխան աստառով՝ ստվերային եկամուտներ, չվճարված հարկերի տեսքով պետությանը հասցված վնասներ: Դրանով նաև հիմնավորվում է տոտալ ստուգումների քաղաքականությունը՝ նկարում են մի թիվ, որ պետք է վճարի գործարարը իր տույժային և կոռուպցիոն բաղադրիչներով հանդերձ: Այս ամենը՝ այն գործարարների հետ, որոնք բարձր հովանավորություն չունեն:


Կան և այնպիսիները, որոնք այս ավարառուների համար անհասանելի են, և այդ դեպքում հարկային-մաքսայինը յոլա է գնում նրանով, ինչ կշպրտեն: Սրանք հենց այն գործարարներն են, որոնք վայելում են բարձրագույն իշխանության հովանավորությունը՝ օլիգարխները: Այն մասին, թե սրանց մոտ ինչ ստվերային փողեր են պտտվում, շատ է խոսվում, բայց դեռ տեսնող չի եղել, որովհետև այդ ներկայացումները կազմակերպողների ձեռքերը սրանց չեն հասնում:
Անգամ մոտավորապես կկարողանա՞նք պատկերացնել, թե այդպիսիներն իրեց բիզնեսի իրական շրջանառության որ մասն են թաքցնում և, համապատասխան հարկեր չվճարելով, ինչպիսի՛ վնասներ են հասցնում պետությանը: Իսկ եթե երջանկահիշատակ Սլավիկ Չիլոյանի նման մեր մտքում կարողանանք միավորել այդ մեծ վնասները, ի՞նչ «հսկայական վնաս կստանանք»: Պատկերացնո՞ւմ եք: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ բյուջետային մուտքեր կստանանք, եթե մի «կախարդական փայտիկով» կարողանանք վերացնել այդ «հսկայական ստվերը»:


Այստեղ արդեն գործ ունենք մեկ այլ տնտեսական անոմալիայի՝ մենաշնորհների հետ, որոնք, որպես կանոն, ուղեկցվում են հարկային արտոնություններով և մաքսային անվերահսկելիությամբ: Գրված, թե չգրված՝ կապ չունի: Նույնիսկ հարկային ու մաքսային վատ օրենքներն այնքան չեն վնասում տնտեսությանը, եթե դրանք կիրառվում են բոլորի համար հավասարապես, որքան դրանցով նախատեսված պահանջների շրջանցելիությունը որոշ տնտեսավարողների համար՝ իշխանությունների հովանավորությամբ, որքան այն չինովնիկների անպատժելիությունը, որոնց թույլտվությամբ, հաճախ օժանդակությամբ տեղի են ունենում անօրենությունները հօգուտ օլիգարխների և նույն չինովնիկների կողմից ստեղծվող անհարկի, անհիմն արգելքներն ու խոչընդոտները մյուս տնտեսավարողների համար: Մեր տնտեսությունում տիրապետողները մի քանի ընկերություններ են, որոնք թե՛ ժողովրդի աչքի առաջ են, թե՛ իշխանությունների խոշորացույցի տակ: Բոլորի համար ստեղծված, ստեղծվող, փոփոխվող արտոնյալ պայմանները, հնարավորությունները տրված են նույն ենթատեքստով: Եթե նրանցից այսօր վերցնում են ավելի շատ, քան երեկ էին վերցնում, նրանք վաղը ժողովրդից կվերցնեն ավելի շատ, քան այսօր են վերցնում:


Հաջորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը ապրանքների և ծառայությունների գների ու սակագների խնդիրն է: Մեր և մեզ նման տնտեսություններին հատուկ մի ոչ պակաս ստվերային դաշտ է նաև գների ձևավորման, այսպես ասած գնագոյացման ոլորտը, որը, ըստ էության, անբարեխիղճ գործարարի համար ոսկի երակ է: Արտադրվող, ներկրվող ապրանքների գները ոչ մի կապ չունեն կատարվող ծախսերի ծածկման և գործարարի համար շահավետ վերարտադրություն ապահովելու բնական գործառույթի հետ: Դրանք պայմանավորված չեն պահանջարկով և իրական շուկայական հարաբերություններով: Եթե ոչ, պահանջարկի ավելանալուն զուգահեռ ոչ թե գները պիտի բարձրանան, ինչպես մեզ մոտ է կատարվում, որպեսզի ստանան ավելի մեծ շահույթ նույն ծախսի դիմաց, այլ արտադրության ծավալները՝ միավորից ստացվող եկամուտը հաստատուն պահելով: Պետության ուշադրության կիզակետում պետք է լինեն արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող յուրաքանչյուր ապրանքի գնի կառուցվածքը, ծախսերը՝ իրենց բաղադրիչներով, հարկերը և շահույթը: Այդ ամենը վերահսկելու և կենսականորեն պիտանի միջավայր ¥թե արտադրողի կամ իրացնողի, թե սպառողի համար¤ ձևավորելու մարմին պիտի գոյություն ունենա, որի լիազորությունների շրջանակում պետք է լինեն յուրաքանչյուր ապրանքի արտադրության կամ ներմուծման ու իրացման հետ կապված բոլոր ռեալ ծախսերի հաշվարկը՝ տվյալ տնտեսավարողի համար հարմարավետ աշխատելու և վաստակելու հնարավորությամբ, սպառողների իրական եկամուտների և ապրանքների որոշակի խմբերի հասանելիության վերաբերյալ հնարավորինս հավաստի տեղեկատվության տրամադրումն ու պատկան մարմիններին առաջարկություններ ներկայացնելը:


Մենք, կարծես, ունենք այդպիսի գործառույթների համար նախատեսված մարմին՝ ՏՄՊՊՀ, որը պիտի վերահսկեր ապրանքների ու ծառայությունների գներն ու կատարեր հակամենաշնորհային աշխատանք: Այն պարզապես միջոց է տնտեսության մեջ անելու այն, ինչ պետք է իշխանություններին, ոչ թե տնտեսությանը: Գրեթե նույնը կարելի է ասել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին:
Այն, ինչ մեզ մոտ կոչվում է «կայացած բանկային համակարգ», ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդին թալանելու, հարստահարելու ավարտուն «գործիքակազմ»: ՀՀ քաղաքացին այդ երևույթի ոտնձգություններից պաշտպանվելու ոչ մի միջոց չունի, և չկա մեկը, որ եթե ոչ երկու, ապա թեկուզ մեկ ոտքով ընկղմված չլինի այդ ճահճի մեջ: Բանկային գործառնությունների ցանկացած ոլորտում, որն առաջարկվում, գովազդվում և հրամցվում է ՀՀ քաղաքացուն, ամենուր թակարդներ ու ծուղակներ են, և նրան, ով գոնե մեկ անգամ առնչվել է այդ հաստատության հետ, միայն հրաշքը կարող է օգնել անփորձանք հեռանալու այնտեղից:
Իսկ առնչվել այդ երևույթի հետ ՀՀ քաղաքացուն պարտադրում են նրա կենսապայմանները, անձնական, ընտանեկան, գործնական ցանկացած խնդիր լուծելու համար դրամական միջոցների աղետալի սղությունը: Մարդկանց արդեն սովորեցրել են, որ իրենց օրվա խնդիրը լուծելու համար կարող են գրավի տակ դնել ունեցվածքը՝ լինի բնակարան, մեքենա, ոսկեղեն, հողամաս, թե մեկ այլ բան: Գիտենք, որ ընդհանուր իրավիճակը բարեկեցության մակարդակի բարձրացման հույսեր չի ներշնչում, բայց անգամ այդ դեպքում սթափ գնահատելով իր անելիքը, մարդը գրավ է դնում իր, ասենք ոսկեղենը, և ձեռք բերած գումարով հաղթահարում առաջացած խնդիրները: Բանկային պայմանագրերի լեզուն, մտածողությունը հունից կարող են հանել անգամ շատ պատրաստված հաճախորդին: Սակայն նա գիտի, որ իր հնարավոր եկամուտներով և պայմանավորված ժամանակի մեջ՝ տոկոսադրույքներով հանդերձ, մարելու է բանկից ստացած գումարը: Եվ նա վճարում է գրաֆիկով սահմանված գումարները, սպասելով այն օրվան, երբ կկարողանա հետ վերցնել գրավադրված գույքը: Անգամ, եթե չկարողանա էլ վճարել, մարդը հոգեբանորեն իրեն նախապատրաստում է գրավադրված ունեցվածքից հրաժարվելու մտքին, որպես անհավանական, բայց տարբերակի: Այդպիսի անհավանական իրավիճակ կարող է առաջանալ մարդու հետ, երբ նրան ընդամենը մեկ ամսվա վճար է մնում կատարել, և նա կազատվի բանկի առաջ ունեցած իր պարտավորություններից: Այսինքն, ինքնակամ իր գույքից հրաժարվելու մարդու պատրաստակամությունը չարամտություն անվանել չես կարող, հակառակ դեպքում այդ վճարումներից նա կխուսափեր հենց սկզբից՝ դրել էր գույքը, ստացել էր գումարը և վերջ: Դրամը՝ ինձ, գույքս՝ Ձեզ: Թվում է՝ ամեն ինչ պարզ է, բայց, իհարկե, ոչ: Բանկն ունի իր մեթոդոլոգիան: Բանկը դիմում է դատարան, և դատարանն էլ ընդունում է նրա հայցը: Չնայած այստեղ ընդհանրապես հայցի բովանդակություն չկա, և դատարանը վարույթ սկսելու իրավունք էլ չունի:

Հակառակ դեպքում, ինչի՞ մասին էին պայմանավորվել բանկը և քաղաքացին: Ո՞րն է «գրավադրում» հասկացության իմաստը: Այո, բանկը պնդում է, որ քաղաքացին, իր գույքից հրաժարվելուց բացի, պարտավոր է վճարել այսքան և այսքան գումարներ, որոնք առաջացել են ¥այստեղ ամեն ինչ կարելի է գրել, որովհետև ինչ էլ գրվի, գործարքի բուն իմաստի հետ կապ չունի¤, և լրացուցիչ ակնկալիքի չափն անգամ կարող է գերազանցել գրավադրված գույքի արժեքը:
Իսկ մեր դատարաննե՜րը, դատական ակտերի հարկադիր կատարողնե՜րը, ոստիկանությո՜ւնը...
Ոչ, ոչ, այս ամենի մեջ ամենակարևորը, իհարկե, մեր Կենտրոնական բանկն է: Կներեք, չեմ կարող ասել, ամենակարևո՞րը, թե՞ ամենամեղավորը:


Ապրանքների գների ու մատուցվող ծառայությունների սակագների մի անորակելի տիրույթ է դեղերի վաճառքի և բժշկական ծառայությունների մատուցման, ազգաբնակչության համար դրանց հասանելիության խնդիրը: Այն, որ փորձում են առողջապահության ոլորտում բիզնես անել, դա ճիշտ տեղում բիզնես անելու անկարողություն է նշանակում: Բիզնես անել անկամ տարեցի, հիվանդ երեխայի, անդամալույծ դարձած մարդու շուրջ՝ կարծում եմ, բարոյական չէ: Գիտենք՝ ինչպիսի գումարներ են պահանջում հաճախորդից բժշկական մեկ հետազոտության համար, եթե այն կատարվում է «նոր դիագնոստիկ ապարատով»: Արդյո՞ք այդ սարքավորման նոր լինելը հիմք է տալիս հետազոտության մեկ սեանսի համար աստղաբաշխական գումար սահմանել: Ի՞նչ կալկուլյացիա է դրվում դրա հիմքում: Իսկ եթե շենք-շինություննե՞րն էլ են նոր: Հետաքրքիր է, ի՞նչ կալկուլյացիա կներկայացնեին, եթե մենք իրավունք ունենայինք այն պահանջելու:


Բիզնես անողները այս երկրից չեն, չգիտեն, թե այս երկրի քաղաքացին ինչպես, որքան է վաստակում և ինչին է բավականացնում նրա վաստակածը: Սա աբսուրդ է, բայց սա մեր իրականության աբսուրդն է կամ աբսուրդի իրականությունը:
Նորագույն սարքավորումներով բարձրորակ բժշկական հետազոտություն անցնելու և մասնագիտական բարձր որակավորումով արված եզրակացությունը հաճախորդի համար «թանկ» արժե, բայց ո՛չ այդ ծառայության համար նրանից գանձվող գումարի առումով, այլ իր առողջության կամ, Աստված մի արասցե, հիվանդության մասին ճշգրիտ պատկերացում և բուժման լավագույն ճանապարհ ընտրելու առումով, նաև այդ հաստատության, նրա մասնագիտական անձնակազմի համբավի առումով, որը առողջապահական հիմնարկի համար իրական կապիտալ պիտի համարվի:


Անդրադառնանք մեր երկրի տնտեսության մեջ, հասարակական կյանքում շատ էական բացասական դերակատարություն ունեցող մենաշնորհների խնդրին: Ներկրման մենաշնորհ, արտահանման մենաշնորհ, արդյունահանման մենաշնորհ, արտադրության մենաշնորհ: Այս արատների դեմն առնելու համար պետք չէ տարբեր ոլորտներ վերահսկող օլիգարխներին հերթով դնել զոհասեղանին և մորթել քոռ դանակով: Որպեսզի ասելիքը հնարավորինս զերծ մնա պայմանականություններից, մեկ կոնկրետ օրինակով կխոսենք այն տնտեսական մեխանիզմի մասին, որը կա՛մ վերացնում է այդ մենաշնորհը, կա՛մ զրոյացնում է նրա բացասական ազդեցությունը թե՛ տնտեսության, թե՛ սպառողական շուկայի վրա: Ենթադրենք, մենաշնորհը վերաբերում է մեկ ապրանքատեսակի ներկրմանը (բանան, շաքարավազ կամ ուրիշ մի բան): Պետական այն ծառայությունը, որի մասին վերևում խոսեցինք (ապրանքների շուկաների, գնագոյացման, մատակարարումների, լոգիստիկ հնարավորությունների ուսումնասիրության համար նախատեսված), նախ պիտի տա ներկրվող ապրանքի բնութագիրը, որ ցանկալի է տեսնել մեր շուկայում, պիտի փնտրի այն մոտակա ու հեռավոր բորսաները կամ մեծածախ առևտրի կետերը, որոնք իրացնում են այդ բնութագրով ապրանքը, ճշտի դրանցում գներն ըստ չափաքանակների, տեղափոխման տարբերակները, հաշվարկի դրանցից յուրաքանչյուրով ներկրման ծախսերը, պահպանության, տեղական շուկայում իրացման ծախսերը, հաշվարկի հարկային, մաքսային վճարների չափերը, ավելացնի հարմարավետ աշխատելու, վերարտադրություն ապահովելու և վաստակելու տոկոսադրույքները: Դրանից հետո մնում է հաշվարկել ապրանքի մեկ միավորի գինը, որով այն կարող է առաջարկվել գնորդին: Ենթադրենք, այդ ամենը կատարված է, և մենք ստացել ենք, որ այդ ապրանքի մեկ միավորը պիտի իրացվի այսքան դրամով: Յուրաքանչյուր գործարար, ընկերություն, որը կներկրի և կիրացնի այդ բնութագրով ապրանքը առաջարկված գնային միջակայքում, հարկային, մաքսային մարմինների համար պիտի լինի ու մնա անձեռնմխելի: Հարկայինը նրա հետ կարող է կնքել տարեկան պայմանագիր, և եթե անգամ ընթացիկ տարվա մեջ ապրանքի ձեռքբերման և իրացման ծախսային մասում թույլատրելի ¥նախօրոք՝ պայմանագրով սահմանված¤ տիրույթում կարող են լինել տեղաշարժեր հօգուտ գործարարի, ոչ մի պատրվակ չպիտի լինի նրանից խլելու հաջողակ տարվա պտուղները: Նույն տիրույթում նա կարող է տեր կանգնել նաև հնարավոր վնասներին:


Եթե մեր ամենամեծ ու միակ ներկրողը իր գործունեությունը շարունակում է՝ ընդունելով առաջարկված խաղի կանոնները, նա շատ արագ «ժողովրդին թալանողից» վերածվում է անհրաժեշտ մի օղակի, որը մատչելի գներով որակյալ ապրանք է առաջարկում: Հակառակ պարագայում, նրա համար, դարձյալ առանց խորանալու ներկայացվող հաշվարկների մեջ, պիտի կիրառվի շատ որոշակի տույժերի մեխանիզմ, և այդ կերպ հարկված լրացուցիչ միջոցները ոչ թե անհասցե պիտի հոսեն բյուջե կոչվող տակառի մեջ, այլ ձևավորեն այդ ապրանքի անվանումով ֆոնդ, որտեղից կհատուցվեն սպառողի հավելյալ ծախսերը: Տույժերի ծավալը պիտի գերազանցի գործարարի ստացած գերշահույթը՝ անիմաստ դարձնելով նրա տնտեսական գործունեությունը իր ընտրած ենթատեքստով:


Կարող ենք պատկերացնել նաև, որ այդ գործարարը, ընկերությունը կհրաժարվեն առաջարկված պայմաններով գործունեություն իրականացնելուց, կդադարեցնեն այն: Այսինքն, կվտանգվի բնակչության ապրանքային ապահովման գործընթացը: Պետությունը պարտավոր է գնալ ոչ ստանդարտ քայլերի: Այն, համապատասխան մարմնի միջոցով, գնահատում է գործարարի, ընկերության ունեցվածքը, որը ներգրավված է այդ ապրանքատեսակի ներկրման, արտադրության, իրացման գործում: Գնահատումից հետո նրան պարտադրում է պայմանագիր, ըստ որի, պետությունը գնում է այդ բիզնեսը, պետությունն ինքը նշանակում է կառավարիչ այդ բիզնեսի վրա՝ նախկինում ոլորտը տնօրինող գործարարին հեռացնելով այդ բիզնեսին որևէ մասնակցությունից ու նրան զրկելով ազդեցության որևէ հնարավորությունից: Այդ բիզնեսի հետագա գործունեությունից ստացված շահույթով պետությունը տարեցտարի մարում է ոլորտի նախկին տիրոջ առաջ պարտադրված պայմանագրով ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները: Նույն հաջողությամբ պարտադիր պայմանագրի կնքումից անմիջապես հետո պետությունը կարող է աճուրդի հանել այդ բիզնեսը՝ չխախտելով գործունեության արդեն սահմանված կանոնները: Հաջող իրացման դեպքում ձեռք բերված միջոցները նույնպես կարող են օգտագործվել թե՛ պայմանագրային պարտավորությունների կատարման, թե՛ պետական այլ ծրագրերի իրականացման համար:
Կհրաժարվե՞ն, թե՞ կաշխատեն: Ավելի լավ չէ՞ հանգիստ խղճով վաստակել այն, ինչը քեզնից ոչ ոք չի խլի:


Հաջորդ կարևոր հարցը երկիր ներդրումներ բերելու խնդիրն է: Իշխանամետ տեսակետները լսելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մեր տնտեսությանը, այս վիճակից դուրս գալու համար, պակասում են միայն ներդրումները: Ներկայացվում են մեր երկրում բիզնես միջավայրի գնահատականներ՝ ներդրումային լավագույն հնարավորություններով, հորդորում գումարներ ներդնել այնտեղ: Բայց ո՞վ կդնի իր փողերը մի սնդուկի մեջ, որտեղից գողանում են: Հատկապես մեծ փողերը: Այդպիսի հորդորներն ու կոչերը՝ արժանապատի՛վ կեցվածքով, որ հնչեցնում է մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը, լուրջ գործարարի մեջ կարող են առաջացնել միայն հեգնական վերաբերմունք: Իսկ այդ հորդորների մոնոտոն կրկնությունը՝ տաղտուկ: Ինչին և ականատես ենք:


Սրանք այն կոորդինատներն են, որոնք թույլ են տալիս, թեկուզ հատվածական, տեսնել մեր երկրի հասարակական-տնտեսական տեղանքը, հասկանալ անկման խորությունը և պատկերացնել անելիքների մասշտաբները:
Չկարծեք, թե չարաշահում եմ «պարտադրել» բառը: Այն խնդիրները, որոնց լուծման համար որպես ճանապարհ պետությունը հարկադրված է լինելու օգտագործել պարտադրանքը, այլ, այսպես ասած, շուկայական լուծումներ չունեն: Այն, ինչը մեզ բաժին է հասել, իրական շուկայական հարաբերություններ չեն, այլ այլասերված շուկա: Բազար: Օլիգարխը, որն արդեն սովորել է իր գործում գերշահույթ ստանալ և նույն կերպ էլ սովորել է տալ որոշակի մասը տանիք ունենալու դիմաց, սեփական կամքով չի փոխվի, և իհարկե, չեն էլ թողնի: Նրա ինքնակամ համաձայնությունը՝ աշխատել փոքր շահույթով, հնարավոր է միայն տանիքի բացակայության կամ բացառման դեպքում: Նույնը վերաբերում է նաև մենաշնորհային դիրք ունեցող ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք ինքնակամ երբեք չեն գնա սակագների փոփոխության՝ դեպի նվազում (անգամ, եթե այդպիսի նախադեպ ունենք), առանց ձեռք բերված գաղտնի համաձայնության, որի արձագանքը չի ուշանալու: Մեր երկրում հաստատված տնտեսական հարաբերությունները վայրի շուկայի բնութագրեր ունեն, որոնց առաջն առնելու համար պատկան պետական մարմինը պիտի կիրառի ոչ ստանդարտ, միայն մեր իրավիճակին հատուկ և դրանով թելադրվող լուծումներ՝ առանց խորշելու դրանց անվանումներից, կամ հնարավոր պիտակավորումից:


Ընդհանրապես, այսօրվա տնտեսական, քաղաքական, հասարակական, սոցիալական, ֆինանսական, իրավական, մշակութային, գիտակրթական անոմալ դաշտը շտկելու համար պետք են պարտադրվող միջոցներ, և կապ չունի, թե դրանք ում են պարտադրվում՝ օլիգարխների խմբի՞ն, մենաշնորհային որևէ կառույցի՞՝ անկախ պատկանելությունից, կրոնական, գաղափարական, բարոյական շեղումներ քարոզող կազմակերպությունների՞ն, բնակչությանը սեփական հողում գերեվարած բանկերի՞ն, թե՞ էլ ում: Պիտի՛ պարտադրել: Պարտադրվող միջոցներ և անվերապահ կատարման միջավայր, դա է միակ ճանապարհը, որը թույլ կտա ամեն ինչ դնել իր ճիշտ տեղում:


Հավանաբար, ոչ մեկի մեջ կասկած չի առաջացնի այն տեսակետը, որ այսօրվա վիճակի գլխավոր պատասխանատուն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որը, երկար տարիներ լինելով իշխանության ղեկին, ոչ միայն փորձ չի արել որոշակի խնդիրների լուծումով պարպել հասարակության մեջ կուտակվող լարվածությունը, այլև ամբողջությամբ կտրվել է իրականությունից, իր կողմից իրականացվող կոսմետիկ բարեփոխումները համարում է ավելի քան բավարար և ոչ միայն մտադիր չէ հրաժարվելու իշխանությունից, այլև ինտրիգների, տարբեր պրոյեկտների և անձանց միջոցով ձգտում է պառակտել, քայքայել, զրոյացնել հակաիշխանական ցանկացած նախաձեռնություն: Կարծիք կա, որ վարչապետը դրսի ուժերի կողմից է պարտադրված մեր իշխանություններին: Հատկապես, եթե դա այդպես է, նա պիտի ձգտի իր վրա կատարված դրույքը իրացնել: Իսկ դրան հասնելու ճանապարհ, որը կարող է շրջանցել թվարկված խնդիրները, չկա: Միայն դրանց լուծումով նա կարող է առանձնանալ հանրապետական-իշխանական գորշ ֆոնից: Չի՞ անի, կմնա այդ ֆոնի մեջ: Գործը կսպասի հաջորդին:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ