ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»

«Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»
10.01.2017 | 09:11

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Աստվածամոր պատվականությունը» ուսումնասիրությունը գրելիս, բացի Սուրբ գրքից, օգտվել եմ Հակոբոս Տյառնեղբոր պարականոն ավետարանից` մեր Փրկչի մանկության մասին, հիմք ընդունելով աստվածաբանության դոկտոր Եզնիկ Ծ. Վարդապետ Պետրոսյանի պարականոն ավետարանների մասին դիտումը, թե այդ գրականության դեմ ոչ թե պիտի պատերազմել, այլ դրանցից խելամտորեն օգտվել` ի շահ եկեղեցու և հավատի հաստատման, հետևյալ դրույթներով. «...Միևնույն ժամանակ պետք է ընդունել նաև պարականոն գրականության կարևորությունը այսօր, մեզ համար: Որովհետև եթե իրենց գրության ժամանակ մեծ դժվարություններ հարուցեցին Եկեղեցուն, և իրենց դեմ հրավիրեցին Եկեղեցու պայքարը, այսօր մեզ համար օգտակար են հետևյալ պատճառներով.
ա) Մեզ տալիս են Հին Եկեղեցու ոգեկան, և երբեմն էլ ծիսական դրության պատկերը, հետևաբար ունեն պատմական նշանակո.ւթյուն... Պարականոն գրքերը բացառիկ նշանակություն ունեն առաջին քրիստոնյաների բարքն ու սովորույթները, ակնկալիքներն ու երազանքները, խնդիրներն ու վախը, ցավերն ու հիասթափությունները ուսումնասիրելու համար:
բ) Այս տեքստերը շատ անգամ ներշնչման աղբյուր են եղել հին քրիստոնեական և միջնադարյան արվեստի և գրականության համար:
գ) Պատճառ են դարձել եկեղեցական մի շարք տոների (օրինակ` Ընծայումն Սուրբ Աստվածածնի...):
դ) Պարականոն գրքերը անուղղակիորեն նպաստում են առաքելական ավանդության ճշմարտության, ուղղափառության և վավերականության ըմբռնմանը» (1996 թ., Սուրբ Էջմիածին. «Հայրաբանություն», Ա հատոր, էջ 261- 262):

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Աստվածածինը մեր հոգևոր շտապօգնությունն է, մեր աղոթքների առաջին հեռախոսազանգն ընդունողը: Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան Աթո՛ռ փրկության, Աղբյո՛ւր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ, և հարյուրավոր են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է, և մեծ սրբերն իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալու և առավել պայծառանալու:
Հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձը եղավ Հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու և նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ Հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երևալով պատվիրեց ու ասաց` կգնաք Հայաստան:
«Մեզ համար (Հայոց աշխարհում) լույս ծագեց, (կանանց) միջոցով, որոնցով որ մեղքն էր աշխարհ եկել... որովհետև Աստծո համար ամեն ինչ հնարավոր է», Հռիփսիմյան կույսերի առաքելության և նրանց Հայաստան ուղարկող Աստվածածնի մասին գրեց Երանելի այր Խորենացին։
Եվ երախտապարտ հայ ժողովուրդը բազմաթիվ սքանչելի երգեր և շարականներ ձոնեց սրբուհի մայր Աստվածածնին:
Գրեթե անհնար է ժողովրդի մեջ առանց արցունքի լսել այդ գերահրաշ երգերը, մանավանդ երբ անկեղծ սրտով են կատարվում:
Տիրամայրը հայ քրիստոնյայի նեղության ժամին առաջին օգնության հասնողն է ու մխիթարողը, ժողովրդական լեզվով ասած՝ «մեր հոգևոր շտապօգնությունն է», մեր աղոթքի հեռախոսազանգը առաջինն ընդունողը, ասես մշտապես սպասելիս լիներ մեր դիմում խնդրանքին և մեծ մասամբ անպատասխան չի թողնում: Այդ բանի համար ենք նեղության ժամին առաջինը դիմում նրան: Եվ Նա պատասխանում է մեզ մխիթարող հոգածություններ գործադրելով, մի բան, որի մասին բազմաթիվ վկայություններ կան թե՛ հայ, թե՛ միջազգային իրականության մեջ:
Հայ քրիստոնյաներիս համար Տիրամայրը Հայոց մխիթարության Մայրն է ու սրբության սկիզբ վստահարանը, սրբություն, որ ակնածության մղելով խոնարհեցնում է մանուկներիս` մեր Տիրոջ` Քրիստոսի կատարելության և Հայր Աստծո առաջ:
Մեր խոսքը շարունակենք Մեսրոպ Վարդապետի (Մաշտոցի) շարականից մեկ իմաստուն հատվածով.
«Բարեգութ ծնող, լսելի արա Որդուդ ականջին, իմ՝ քո ծառայի պաղատանքները, և ինձ համար էլ աղերսիր նրան, զի ամենայն ինչ, որ Դու կամենաս, կարող ես և քեզ՝ Աստծուց երբևէ մերժում չի լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստված մեզ Հայր անվանվեց և Աստվածորդին երկրում երևաց, շրջեց մարդկանց մեջ, ճանաչեցրեց Սուրբ Հոգուն և մենք Նրա սրբությամբ մաքրագործվեցինք»:
Պարզապես սքանչելի է` հստակ, անմիջական մտքով, հար և նույնը Եղիսաբեթի աղաղակին, որ Սուրբ Հոգով լցվելով ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»:
Եթե ուշադիր լինենք` ամեն ազնվական ծնունդ է Տիրամորով սկսվում, և մենք մկրտվելով Տիրամորն ենք որդեգրվում, որ ինչպես գրկանոց մանուկ Հիսուսին, մեզ ևս գրկում, սկսում է հոգեպես սնել ու մեծացնել: Այդ մասին իսկ Տիրամայրն ինքն է իր միջազգային երևումներից մեկի ժամանակ ասել: Մեջբերենք. «Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում և իմ հոգով են ապրել»։
Այս երևման կոչը վերջին ժամանակներում հոգով եռալու և Նեռին ընդդեմ լինելու մասին է, այսինքն` մեր ժամանակների մասին, քանի որ 666 նշանակիր գազանն արդեն պատմականորեն է գտնվում աշխարհում:
Սուրբ Գրիգոր Նարեկացին Տիրամորը նվիրած ադամանդակուռ առանձին ներբողից բացի, իր Ողբերգության Մատյանում մեր խիստ նեղությունների ժամին Տիրամոր ապավինությանը դիմելու առանձին բաժին ունի` երեք աղոթքներով: Մեջբերենք այդ սքանչելի, կենդանարար աղոթքներից մեկը, որ պատշաճ զգացինք մեր հերթին ինքներս էլ թարգմանել` ողջ մատյանով հանդերձ.

ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ
(Բան Ձ)
Քո բազկատարած սուրբ աղոթքներով օժանդակի՜ր ինձ, Դո՛ւ խոստովանված Մա՛յր կենդանության։ Երբ այս աշխարհի հովտից դուրս ելնեմ, այնպե՜ս արա, որ առանց լլկանքի իմ մուտքը լինի Երկնային կյանք, Որդուդ պատրաստած օթևաններում։ Որպեսզի ես էլ, որ ծանրաբեռնվեմ մեծ հանցանքներով, իմ վախճանի մեջ ծանր բեռներիցս այլևս ազատվեմ։ Տագնապի օրս Դո՛ւ այլափոխիր ցնծության տոնի, Դու որ բուժեցի՛ր երկունքը Եվայի։ Բարեխոս եղիր նաև ի՛նձ համար, խնդրի՛ր, աղաչի՛ր, որովհետև աննկարագրելի մաքրությանդ համար, հավատում եմ, թե՝ խոսքդ կընդունվի։ Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներո՛վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՛ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո։ Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ՝ Բարձրյալի՛ Խորան։ Մեծ դաժանությամբ այսքան ընկածիս սո՛ւրբ Ձեռքդ մեկնիր, Տաճա՛ր Երկնային: Արդ փառավորի՛ր Քեզնով քո Որդուն, որ Աստվածորեն ինձ համար էլ իր ողորմությունը և Քավությունն իմ հրաշագործի, ո՛վ Դու Աղախին և Մա՛յրդ Աստծո։

«ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԲՈԼՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԻՆՁ ԵՐԱՆԻ ԿՏԱՆ»
«Օրհնյալ ես դու կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ավետարան ըստ Ղուկասի, 1:42): Մարիամ Կույսի համար աղաղակեց Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը, որ պիտի ծներ Հովհաննես Մկրտչին:
«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:4648):
Եվ եթե աղանդներում Մարիամին չեն օրհնում, ինչպես Եղիսաբեթը, ինչպես մենք` առաքելականներս, և երանի չեն տալիս, ինչպես բոլոր սերունդները, ապա երիցս անկարելի է, որ այդ վարմունքը լինի Սուրբ Հոգու առաջնորդությունից, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին Ինքն Իրեն երբևէ հակառակ չի լինում»:
Սակայն որպեսզի Մարիամը ծնվեր և նրանից Քրիստոս, նախորդող արժանի սերունդների մասին Քրիստոսի ծննդաբանության մեջ կարդում ենք. «Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ» (Ավետարան ըստ Մատթեոսի, 1:1-7): Հավատի և աստվածպաշտության ամենակատարյալ քառասուներկու սերնդի պտուղը եղավ Աստվածամայրը: Եվ Աստված նախ ծնեց երկրորդ, արդեն արժանավոր Եվային, որից միայն ծնեց Երկրորդ, արդեն անարատ Ադամին, մեր ամենքի Տիրոջն ու Փրկչին:

ՀԻՍՈՒՍ ԼՍՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ
Հիսուսի մարդեղությունը Մարիամ Կույսով էր: Եվ Մարիամը իրենով իսկ Հիսուսին փոխանցեց Դավիթ արքայի հոգևոր ողջ ժառանգությունը: Եվ մոր կողմից մարդ Հիսուս այդ ժառանգությամբ էր ասում. «Ես Դավիթ արքայի Որդին եմ»: Եվ շատ բաներ, որ Հիսուս որպես Աստված «դեռ ժամանակը չէ» ասելով` չէր կամենում անել, սակայն Իր գերազանց մոր մարդկային խղճմտանքին տեղի տալով` իրականացնում էր, ինչպես, օրինակ, Կանա քաղաքի հարսանիքում, որտեղ գինին չբավարարեց, և Հիսուս մոր ո՛չ թե խնդրանքով, այլ նրա պատվերով ջուրը գինու վերածեց. «Այս առաջին նշանն էր, որ Հիսուս արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 2:1-11):
Ինչպես տեսնում ենք հարսանքատերերը անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, քանի որ գինին վերջացել էր: Եվ Տիրամայրը ո՛չ թե խնդրեց իր Որդուն, այլ պահանջեց, թե` «գինի չունեն»: Եվ թեպետ Հիսուս պատճառաբանեց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել», սակայն մայրը վստահ էր, որ Որդին իրեն չի մերժի, ուստի և, առանց Հիսուսից համաձայնության խոսք առնելու, մայրական երկրորդ պահանջն է առաջադրում` սպասավորներին դիմելու միջոցով. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: Եվ Հիսուս հրամայեց ջուր լցնել վեց կարասները, որոնցից յուրաքանչյուրը հարյուրլիտրանոց էր, և ջուրը կարասների մեջ ընտիր գինի դարձավ:
«Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել» խոսքից կարելի է տրամաբանել, որ շատ անգամ էր մոր հուշումով Հիսուս մխիթարել, օգնել նեղության մեջ ընկած մարդկանց, և այս ահռելի հրաշքը աշակերտների համար թեպետ առաջին անգամ էր, որ տեսան, բայց Որդու հրաշագործելը առաջին անգամ չէր մոր համար: Որովհետև մայրը քաջատեղյակ էր, որ իր Աստված Որդու համար անհնար բան չէր եղել և չկար: Այլապես չէ՛ր միջնորդի օգնել:
Տիրամոր բարեխոս միջնորդությունը այսօր էլ կա և կարող է լինել յուրաքանչյուր արժանավորի խնդրանքով` նույն զորությամբ, ինչպես Կանայի հարսանիքի ժամանակ: Միայն թե հարկ եղած չափի հավատ ունենալ է պետք:
Աստծո եկեղեցիներում Տիրամոր բարեխոսությանը դիմելը առաջնակարգ տեղ ունի բոլոր ժամանակներում:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԻՐԱՄՈՐ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՂԱՎ
Հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Նա մի օր ինձ վկայեց, թե Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կայացավ Աստծո հրամաններից վախեցած Ստալինի կարճ ժամանակյա դարձով, Աստվածածնի բարեխոսության շնորհիվ:
Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց: Դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորև` «Ստալինիադա», Ռաձինսկի` «Ստալին»): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942-ին Լիբիայի հոգևոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ և աղոթքներով փակվում է քարե նկուղում և խնդրում Տիրամոր բարեխոսությունը Ռուսաստանի հաղթանակի համար: Աղոթքի ու ճգնության երրորդ օրը Տիրամայրը տեսիլքի մեջ երևում է նրան և թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատ արձակի հոգևորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ինչից հետո միայն Ռուսաստանը կսկսի հաղթել: Եղիան Աստվածածնի թելադրած Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգևոր առաջնորդներին, իսկ նրանք նամակը փոխանցում են եկեղեցահալած ղեկավարին: Քրիստոսից վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. հոգևորականներին սկսում են ազատ արձակել բանտերից, և միայն 1942 թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, երբ պետությունը մեծ գումարների կարիք ուներ, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի: Նրա հրամանով ողջ ԽՍՀՄ-ում, 1942-ից սկսած, փակվում են «Անաստված» անունով թերթերը և փոխարենը լույս են տեսնում հոգևոր հանդեսներ, Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում՝ հոգևորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ` այդպես պատվելով Աստվածածնի բարեխոսությունը:
Ստալինի՝ դեպի Աստվածդարձի մի շարք այդպիսի կատարումներով պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, և ԽՍՀՄ-ը սկսեց հաղթել:
Հայտնի է, որ Ստալինը պատմությանը հայտնի ամենահրեշավոր մարդկանցից էր, սակայն Աստված անգամ այդ հրեշավոր մարդու ձեռքով էլ բարիք գործեց` Տիրամոր բարեխոսությամբ:

«ԱՀԱ ՔՈ ՄԱՅՐԸ»
Իր մոր` Մարիամի համար խաչափայտի վրայից պատվիրեց Հիսուս Հովհաննես աշակերտին, ում սիրում էր. «Ահա քո մայրը»:
«Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին Նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:2627):
Բնականաբար, ինչպես մեր Տերը իր ամենասիրելի աշակերտին` Հովհաննեսին ասաց. «Ահա քո մայրը», նույնպես և առաջին հերթին յուրաքանչյուր քրիստոնյայի, ում սիրում է: Եվ, բնականաբար, ինչպես Իր մորն ասաց Հովհաննեսի համար. «Ահա քո որդին», նույնպես և բոլոր ժամանակներում, բոլոր քրիստոնյաներիս է Քրիստոսի խոսքը վերաբերում, նրանց, որոնց Տերը սիրում է:

«ԱՀԱ ՔՈ ՈՐԴԻՆ»
Տերունի Խոսքը ամենաառավելը առաքյալների միջոցով ընդունեց առաքելական սուրբ եկեղեցին. «Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ»: Ըստ այդմ, առաքելական եկեղեցիների բեմերում Տիրամոր պատկերն է` մանուկ Հիսուսը գրկին: Իսկ խորաններից ձախակողմյանը Տիրամոր բարեխոսությանը դիմելու համար է նախատեսված, աջակողմյանը` քահանայական ծառայության: Այսինքն, առաքելական եկեղեցին Հովհաննես առաքյալի նման, ըստ Տիրոջ պատվերի. «Տիրամորն իր մոտ առավ»:
Եվ, բնականաբար, «Ահա՛ քո մայրը» խոսքը վերաբերում էր Տիրոջ բոլոր առաքյալներին, ոչ միայն Հովհաննեսին, այլև Հովհաննեսի միջոցով բոլոր առաքյալներին, բոլոր եկեղեցիներին և բոլոր քրիստոնյաներիս, ում Տերը սիրում է:

ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԳԵՐԱԿԱ Է ՄԵՐՁԱՎՈՐԻ ՍԻՐՈՒՑ
«Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, և քո՛ւյր, և մա՛յր» (Մատթեոս, 12:4650):
«Մինչ Հիսուս դեռ խոսքն ուղղում էր բազմությանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ: Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խոսել»: Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: Եվ իր ձեռքը երկարելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները, որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, և քո՛ւյր, և մա՛յր» (Մատթեոս, 12:46-50):
Կամ. «Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան և եկել ենք քո հետևից»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տներ և եղբայրներ, և քույրեր, և մայրեր, և որդիներ, և ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է՝ հավիտենական կյանք» (Մարկոս 10:28-30):
Այս ամենը և էլի նման շատ խորհուրդներ կան Ավետարանում, ուսուցանում են մեզ, որ երկնքի թագավորության խնդիրները առավե՛լ են, անփոխարինելի՛, քան ընտանեկանը, քան մերձավորների սերը: Քանի որ առաջին պատվիրանը «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո անձից առավել»-ն է, իսկ երկրորդը` «Սիրի՛ր քո ընկերոջը (մերձավորին) ինչպես քո անձն ես սիրում»: Եվ այս ուսուցումը Աստծո Կամքի ու Ավետարանի գերակա նպատակներից է և ո՛չ թե արհամարհանք մոր ու եղբայրների, մերձավորների սիրո հանդեպ: Պատվիրանն ասում է. «Հարգի՛ր քո հորը և քո մորը, որպեսզի երկա՛ր ապրես», իսկ Հիսուս ողջ օրենքը լավագույնս պահեց, բնականաբար նաև` ծնողների՛ն հարգելու: Իսկ «Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, և քո՛ւյր, և մա՛յր» խոսքով` Աստծո կամքի գերական ըմբռնելու խնդրի ուսուցումն է քրիստոնյաներիս: Նախ Աստծո՛ Կամքի կատարումը, որով է արքայության դուռը բացվում մեր առաջ, ապա մերձավորների սերը: Եվ այս երկրորդը` «մերձավորների սերը», առաջինով է միայն արքայության ճշմարտության մեջ:
Այս ամենը առավել լավ պատկերացնելու համար Տիրոջ խոսքից հիշենք այն երիտասարդին, որ ասում է. «Հայրս մահացել է, գնամ թաղեմ, ապա կգամ քո հետևից»: Եվ Տերը պատասխանում է. «Թող մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելին, դու ա՛յժմ արի իմ հետևից»: Ղուկասի Ավետարանում այս դրվագը առավել է հստակ-հասկանալի. «Հիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայությունը»: Խնդիրն այն է, որ մեռած հորը ոչ մի բանով չէր կարող օգնել այս երիտասարդը, իսկ Տիրոջ կողքին աստվածապաշտ դառնալով` մեծապես կարող էր օգնել հորը` նրա մահի՛ց հետո էլ` ըստ Քրիստոսի տված ուսուցումների, ով Իր Հարությամբ դուռ բացեց ննջեցյալներին օգնելու և որը մայր առաքելական եկեղեցում գործում ու ներգործում է ննջեցյալների կարգով` յուրաքանչյուր տաղավար տոնից հետո: Եվ այս երիտասարդը կեղծ հայրասեր պիտի լիներ, եթե մարդկային ավանդապահությամբ վազեր իր հորը թաղելու, և գուցե հետ չգար էլ, իսկ Հիսուս Քրիստոսի պատվերը «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայությունը» կատարելով, պիտի կարողանար ճշմարիտ օգնել իր հորը նրա մահից հետո էլ: Բանն այն է, որ, ըստ Աստծո օրենքի, ծնողների հոգիները սերտ կապված են զավակներին, և զավակները մի քանի սերունդ պատասխանատու են մնում ծնողների մեղքերի համար: Բայց, երբ զավակները Աստծո արքայությունն են քարոզում, ապա ծնողների հոգիները ևս մասնակից են դառնում այդ քարոզությանը, գտնում ապաշխարություն, որից բարձր բան ո՛չ մի թանկարժեք թաղումով չէին կարող գտնել: Եվ այդ ու այլ բազմաթիվ իմաստուն ու կատարյալ օգուտներից բացի` հավիտենական կյանքն էլ պիտի երիտասարդը ժառանգեր:
Նույն բանը Հիսուս ուսուցանում է առավել կատարյալ լինելու հետևյալ խրատով. «Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթեոս, 10:34-42): Այսինքն, առաջին պատվիրանը, բնականորեն, Աստծո Կամքն է, որ ամենաօգտակարն ու անփոխարինելին է մեզ համար, երկրորդը` մերձավորի, եղբոր ու ընկերոջ սերը: Այդ է մեզ ուսուցանում Հիսուս: Եվ այս ուսուցումը, որ տալիս է, թանկ ու պայծառ իմաստություն է քրիստոնյաներիս հարատև ու պայծառ կյանքի համար:
Եթե Աստվածամոր օրինակով է Տերը կյանքի հացի այս գանձը մատուցում մեզ, ապա ո՞ւր կմնանք մենք ու մեր ծնողները, եթե խոնարհ չլինենք Տերունական առաջնակարգ այս սերմը ևս մեր մեջ ներառել:
ՈՒստի, երբ բոլոր կանանցից ամենաօրհնյալ կնոջ` Իր մորը և Իր եղբայրներին Տերը երկրորդված է տեսնում այդ պահին Աստծո Կամքը կատարողներին համեմատած, մերձավորներին երկրորդ պատվիրան տանելով, ապա ո՞ւր կմնանք մենք, եթե չլսենք կամ այլ կերպ եթե մտածենք: Երբ ամեն վայրկյան չէ, որ Աստծո կամքի կատարման մեջ ենք, մանավանդ` ոմանք: Սակայն Քրիստոսի` «Ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր, և քո՛ւյր, և մա՛յր» խոսքով Աստծո Եկեղեցի՛ն է հաստատվում որպես Հոգևոր ընտանիք, որպես Երկնայի՛ն մայրություն, և որպես Երկնայի՛ն եղբայրություն: Այսինքն, Տերը ո՛չ թե արհամարհեց բոլոր կանանցից գերազանց Իր մորն ու ընտիր եղբայրներին, ինչպես աղանդներում են Խոսքին անգետ մնալով բամբասում, այլ հաստատեց Աստծո՛ գերակա Կամքն ու Աստծո՛ Եկեղեցին, որին սպասավորելու էին կոչված թե՛ Իր գերազանց մայրը, որպես Աստծո կամքի մեջ բարեխոս միջնորդ, և թե՛ Իր ընտիր եղբայրները, որպես Աստծո գերակա կամքին սպասավորներ:
Այս բարձրավեհ ճշմարտությունները, ցավոք, ոմանք շուռ են տալիս, որպես թե ծնողներին, մերձավորներին արհամարհել, անարգել է խրատում Հիսուս` առաջ բերելով առաքելական այն հանդիմանանքը, թե «Երբ եղբորդ, որին տեսնում ես, չես սիրում, ապա և վստահելի չէ, թե սիրում ես Աստծուն, որին չես տեսնում»: Կամ Քրիստոսի հանդիմանանքը ծնողներին արհամարհողների մասին. «Իսկ դուք ինչո՞ւ զանց եք առնում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդության պատճառով. Քանի որ Աստված ասաց. «Մեծարի՛ր քո հորը և մորը. և ով վատաբանում է հորը կամ մորը, մահվամբ պիտի պատժվի: Իսկ դուք ձեր հոր կամ մոր համար ասում եք. այն, ինչ ինձնից օգտվելու ես, Աստծուն ընծա է. ուրեմն՝ Աստծու խոսքը արհամարհում եք ձեր ավանդության պատճառով: Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեզ վրա և ասել. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած, բաժանված է ինձնից: Զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում» (Մատթ., 15:39):
Որովհետև մարդիկ կան, ովքեր Տիրոջ խոսքը չարաշահությամբ են ներկայացնում` իրենց ծնողներին ու հավատակիցներին զրկելու նպատակով: Որպես թե հանուն Աստծո կամքի ընծա է այն, ինչ պիտի տային նրանց, և... չեն հարգում-խնամում իրենց ծնողներին կամ ունևոր լինելով` չեն օգնում հավատակից աղքատ եղբայրներին: Բամբասելով, իբրև թե Հիսուս է պատվիրել, երբ, ցավոք, իրենք Ավետարանը հասկանալով չեն կարդում և կամ դիտմամբ են շեղում ճշմարտությունից դուրս մնալով ու հայտնվելով ծանր, անտանելի դատաստանների մեջ, որ իրենք իրենց մոլորումը արդարացնեն:

ՀԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀՈՎՍԵՓԻ ՈՐԴԻՆԵՐՆ ԷԻՆ.ԻՆՉՈ՞Ի ԵՆՔ ՏԻՐԱՄՈՐԸ ԿՈՒՅՍ ԴԱՎԱՆՈՒՄ
Ասվածից ոմանք հարց են ծագեցնում, որից էլ անգիտությամբ ծնեցնում խավարամիտ հայտնի բամբասանքը, երբ ասում են, թե Մարիամը, մեր Տեր Հիսուսից բացի, այլ զավակներ էլ ուներ. «Սա հյուսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում. և սրա եղբայրները՝ Հակոբոս, Հովսեփ, Սիմոն և Հուդա: Եվ սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն. և արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը» (Մատթեոս, 13):
Եվ թյուրընթերցման պատճառով, որովհետև ոչ մի տեղ գրված չէ, թե Հիսուսի եղբայրները Մարիամից են ծնվել, աղանդներում ավելացնում են. «Հապա էլ ինչպես կարող էր Մարիամը Կույս մնացած լինել»:
Հիշենք, որ Ավետարանը սեղմ գրվածք է, և լավ հովիվները պարտավոր են եկեղեցու հոգևոր պատմությամբ էլ այն լրացնել: Ինչպես Հովհաննես առաքյալն է իր Ավետարանում ասում. «Գրեցի այնքանը, որ հավատաք Աստծո Որդուն»: Ըստ այդմ, մայր առաքելական եկեղեցում ավետարանիչների գրիչ առածների բացը լրացնում է եկեղեցու հոգևոր պատմությունը, որ Աստծո հուշումով ժամանակակից մեծերի կողմից շարադրվեց, որպեսզի թյուրընթերցումները բացառվեն:
Անդրադառնանք եկեղեցու պատմությանը` այս կարևոր խնդրով: Հովսեփ արդարը` Մարիամի նշանածը, իր մահվան ժամին Մարիամի խնամքը հանձնեց Հակոբոս արդարին, որ Հովսեփի ավագ որդին էր, ապա Խաչի վրայից Տերը Իր մոր խնամքը հանձնեց Հովհաննես սիրելի աշակերտին և նրա միջոցով` առաքելական սուրբ եկեղեցուն: Ահա նույն Հակոբոսը, Հովսեփի որդին, գիրք գրեց Հիսուսի մանկության օրերի մասին: Մեր Մովսես Խորենացին, որ առաքելական եկեղեցու պատմությունը լավ գիտեր, հիշատակում է, որ Հովսեփ արդարը, երբ տասնչորսամյա Մարիամի հետ նշանվեց` արդեն քառասուն տարեկան էր: Իսկ Հակոբոսի գրքից հայտնի է, որ քառասնամյա Հովսեփը մինչև տասնչորսամյա Մարիամի հետ նշանվելը արդեն հասուն որդիներ և դուստրեր ուներ, իսկ կինն էլ մահացել էր:
Սակայն Կամքն Աստծունն էր, որ Հովսեփ արդարը, Դավիթ Սաղմոսերգուի տոհմից լինելով, ինչպես Մարիամն էր, իր կարևոր տեղն ու դերն ունենար մարդկության փրկության գործում, մեր փրկության գործում` պատսպարան ու խնամարկու դառնալով իր տոհմակից Մարիամին և Աստծո Որդի մանուկ Հիսուսին, որպես արյունակից հարազատների:
...Այդ ժամանակներում տաճարի սպասավորները, ովքեր արտաքուստ լավ գիտեին մարգարեությունները ըստ Եսայու. «Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ»: Եվ այդ արքայական գիտելիքն ունենալով, սպասավորները, ըստ ժամանակների քննության, արդեն քանի սերունդ Դավթի ցեղի աղջիկներին երեք տարեկանից սկսած վերցնում էին տաճար, խնամում նրանց, լուսավորում աստվածճանաչությամբ, պաշտամունքով, հոգևոր կարգուկանոններով, արժանավոր անոթներ էին դարձնում սպասվող սրբազան հղիության համար, իսկ երբ կույսերի տասնչորս տարին լրանում էր, և որևէ մեկի մեջ հղիության նշաններ չէին տեսնում, փող էին հնչեցնում, թե կույսերին մարդու ենք տալիս, ամուրիները թող գա՛ն, նշանվե՛ն: Եվ կույսերին` այդ խմբի կույսերին, ամենքին էլ մարդու էին տալիս: Այդպես Մարիամը երեք տարեկանից սկսած` աշխարհից լրիվ մեկուսացած ապրեց տաճարում, հոգևոր խիստ կարգուկանոնների, աղոթքների, ծոմուպահքերի մեջ: Ծնողների միակ զավակն էր` ծնված նրանց օր ծերության ժամանակ, Տիրոջ պարգևն էր` ի պատասխան ծնողների հարատև պահեցողության և աղոթքների: Եվ ծնողներն էլ խոստացել էին, որ երբ մանկան երեք տարին լրանա` կհանձնեն տաճարին, որ գուցե իրենց դուստրն էր կոչված դառնալու Մեսիայի մայրը:
Մարիամենց խմբի կույսերի տասնչորս տարին լրացել էր, սակայն հրեա տաճարականները կույսերից որևէ մեկի մեջ հղիության նշաններ չէին տեսել, և մունետիկը ազդարարեց, որ ամուրիները գան նշանվելու: Հովսեփ արդարը, որ անվանի հյուսն էր, մունետիկի ձայնը լսեց, երբ իր գործի վրա էր: Եվ Սուրբ Հոգին իջավ Հովսեփի վրա, և նա ուրագը ձեռքից ցած նետելով` ակամա վազեց տաճար: Հավաքվեցին ամուրիները: Կույսերի անունները գրել էին տախտակե սալիկների վրա, և ամուրիներից ով սալիկ էր վերցնում, նշանվում էր այնտեղ գրված անունն ունեցող կույսի հետ: Երբ Հովսեփ արդարը վերցրեց այն սալիկը, որի վրա Մարիամ Կույսի անունն էր գրված, այդժամ նախախնամական միջնորդությունը կատարված տեսնելով` Աստծո Հոգին թողեց Հովսեփին, և Հովսեփը փոշմանեց, որ եկել էր նշանվելու: Եվ փորձեց հրաժարվել, ասելով թե. «Ես մեծ գերդաստան ունեմ, բավական տարիք, հասուն զավակներ, ամո՛թ է ինձ համար այս երեխայի հետ նշանվել: Եվ ընդհանրապես ամուսնանալու միտք չեմ ունեցել: Չեմ էլ հասկանում, թե ինչու եկա»: Այդ ժամ քահանաները խստորեն հանդիմանեցին Հովսեփին. «Չէ՞որ ինքնակամ եկար, հիմա Աստծո տաճա՞րն ես ծաղրում քո հրաժարվելով», և Հովսեփին բազում նախատինքներ տալով` Մարիամին նրան հանձնեցին: Եվ քանի որ Հովսեփն էլ էր Դավթի տոհմից, ինչպես Մարիամը, և իմանալով, որ Մարիամի ծնողներն էլ արդեն մահացել են, Հովսեփը, որպես Մարիամին հարազատ և արդար մարդ, մտածեց պահել Կույսին, որպես իր երեխաներից մեկին, և մարդու տալ: Եվ երբ Գաբրիել հրեշտակը Ավետիս բերեց սրբուհի Կույսին, Հովսեփը իր հյուսնության աշխատանքի բերումով տանը չէր, հեռու էր իր բնակավայրից: Եվ երբ ամիսներ անց տուն վերադարձավ, սուրբ Կույսին գտավ հղի, ծանրացած վիճակում: Աստծո Հրեշտակը Հովսեփին երազում այցելելով հայտնեց, որ «Մարիամն է Աստծո ընտրյալ այն Կույսը, որ պիտի ծնի Մեսիային, մարդկության Փրկչին, որին սպասում էին հրեաները` Դավթի ցեղի կույսերին տաճարում մեծացնելով»: Սակայն հարկ էր, որ Մեսիայի ծնունդը թաքուն մնար տաճարականներից, որովհետև հրեաները Հիսուս Քրիստոսին մարմնավոր թագավոր էին պատկերացնում և ոչ թե հոգևոր և կամա-ակամա` ավելի վաղ կսպանեին Նրան, քան որ հետո պիտի նույնն անեին խաչը հանելով: Եվ նաև, որ Մարիամ Կույսին բամբասելու առիթ չլիներ, Հովսեփը, ըստ տաճարի նշանադրության, մարդկանց առջև հայտարարվեց Մարիամի ամուսին, իսկ Հիսուսին մարդիկ ընդունեցին որպես Հովսեփի որդի: Ինչպես հրեաներն էին ասում. «Սա հյուսնի որդին չէ՞»: Սակայն Տեր Աստծուն նվիրյալ Հովսեփ արդարը այդուհետ դարձավ ամենամեծ խնամակալը Մարիամի ու մանուկ Հիսուսի, և պահապան հրեշտակի պես եղավ նրանց կողքին` բոլոր փորձությունների ու հալածանքների ժամանակ, բնականաբար ամուսնական երկրավոր ու մեղսավոր կապ երբևէ՛ չունեցավ Աստծո Մոր` Մարիամ Կույսի հետ: Եվ Մարիամ Կույսից միայն Հիսուս ծնվեց:
Սակայն բոլոր քրիստոնյաներս ենք Մարիամ Կույսին հոգևոր երեխաներ, քանի որ որդեգրությամբ Հիսուսի եղբայրը կամ քույրը դառնալով` մեր Հայրը դառնում է Ինքը` Հայր Աստված` Մարիամի Երկնային Ամուսինը, իսկ Մայրը` Հիսուսի Մայրը` Մարիամ Կույսը, կանանցից ամենաօրհնյալը:
Աստծո խոստումը կատարվեց, Հիսուս ծնվեց Դավթի տոհմի կույսից, սակայն այն հրեաները, որ չընդունեցին Մեսիային, և քանի որ նրանք մարմնավոր թագավոր էին ակնկալում և ոչ թե հոգևոր, Նրան սպանեցին և շարունակեցին Մեսիային սպասել` կույսերին նախ տաճարում, ապա տաճարի ավերումից հետո, ընդհատումներով, իրենց հավատքի միավորումներում մեծացնել ու մարդու տալով, մինչև որ մեր ժամանակներում արդեն ծնվել է Նեռը, քանի որ Համաշխարհային բաբելոնացումը և Նեռի 666 նշան թիվը արդեն ի հայտ են եկել: Սա, այսօր աշխարհ մտնող կեղծ հիսուսը ծնվել է մի կեղծ կույսից` Դանի ցեղից սատանայացած մեկի հետ թաքուն շնանալով: Եվ համարելու-հայտարարելու, ստելու են, թե իբր «Սուրբ Հոգուց է հղիացել»: Եվ այլասերման այդ ճարպիկ ու սատանայացած պտղին մոլեռանդները դարձնելու են այսօրվա գլոբալացված աշխարհին թագավոր, որպես «Մեսիա» և «Քրիստոս» հռչակելով, քանի որ այս սուտ քրիստոսը իրենց նպատակներին հարմար էր և ոչ թե ճշմարիտը, որին սպանեցին խաչելության միջոցով: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր Երկրորդ գալստով` այդ սուտ քրիստոսին պիտի սատակեցնի, իսկ նրա կողմնակիցներին պիտի մատնի ծանրածանր պատիժների` իրենց անօրենությունների համեմատ, որովհետև օրհնյալ է Աստված Իր խոստումներով: Ամե՛ն:
Իսկ աղանդավորներից նրանք, որ կեղծավորում են, թե միայն Սուրբ գրքի վկայությամբ են իրենք առաջնորդվում, եկեղեցու սրբազան պատմությունը չեն ընդունում և համարում են, թե Հիսուսի եղբայրներն ու քույրերը Մարիամից են ծնվել, թեպետ Գրքում այդ մասին վկայություն չկա, նրանց համար հետևյալ եղանակով վկայենք, ըստ Աստծո օրենքի, որովհետև թե Հովսեփը և թե, մանավանդ, Մարիամը Աստծո ամենակատարյալ օրինապահներից էին։
Ըստ Աստծո օրենքի` կինը իրավունք ունի ամուսնանալու ամուսնու մահից հետո, կամ երբ ապահարզանով ազատված է: Սակայն Հայր Աստված` Մարիամի Ամուսինը Անմահ է, հետևաբար և մարդկության լավագույն օրինապահ դուստրը` Մարիամը, ըստ Աստծո օրենքի, երբևէ այլ այրի կին չէր կարող լինել: Իսկ երբ Տերը իրենց կանանց թողնողներին է հանդիմանում նրանց «խստասիրտներ» անվանելով, և Հայր Աստծո Կամքով է այդ հանդիմանանքները տալիս, արդեն բացառված պիտի տեսնենք, որ Հայր Աստծուց Մարիամը Իր Որդուն ծնելուց հետո «արհամարհված» լիներ կամ ապահարզան ստացած, որ վերստին ամուսնանար: Երբ Մարիամ Կույսը սկսած երեք տարեկանից մեծացավ տաճարի ամենաօրինապահ հոգևորականների ձեռքի տակ:
Աշխարհում ամենավատթար բաներից մեկը բամբասանքն է, որ հաճախ առաջանում է խավարամտությունից և սրա քույրերից` նենգությունից և ստախոսությունից:
Քրիստոնյաներիս մեջ սրբուհի Մարիամ Աստվածամոր բարեխոսություններին հուսադրողներիս թիվն այնքան շատ է, որ մեր ընտանիքներից, աշխատավայրերից բացի, քրիստոնյա զորքերի մեջ եթե դիտարկում անենք, զինվորների ծոցում առավել շատ կարող ենք Մարիամ Աստվածածնի նկարը` մանուկ Հիսուսը գրկում տեսնել, քան հարազատ իրենց ծնողների: Որ խորհրդանշան խոստովանություն է, թե մենք էլ ենք Մարիամի երեխաները, մենք էլ ենք Հիսուսի եղբայրներն ու քույրերը:
Եվ երանի կլինի, որ Մարիամի բարեպաշտության խոնարհությունը մեր բոլոր մայրերը, բոլոր քույրերը, բոլոր կանայք ունենային, և թող Մարիամ Աստվածամոր նման աստվածապաշտ սրբուհիները շատանան ազգերի մեջ: Ամե՛ն:
Ահա թե ինչու ենք մենք իրավամբ և խորապես պատճառաբանված` Աստվածամորը Կույս ընդունում-դավանում, քանի որ դա է արդարը և ճշմարիտը: Այն, որ Ավետարանում հիշատակված Հիսուսի եղբայրներն ու քույրերը Հովսեփի զավակներն էին` Հովսեփի կնոջից ծնված:
Եվ վերջում, մեր ժամանակակակիցների աղոթքը Աստվածածնի բարեխոսությանը դիմելու խնդրանքով.
Սրբուհի՛ Աստվածածին, Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար, որ լինենք սո՛ւրբ և արդար ժողովուրդ, որ մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսի Խոսքով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ արժանավորվենք Աստծուդ արդարությանը և Երկնքի արքայությանը, ազատվելով մեր կյանքը գետնող ամենա՛յն ախտասիրություններից և չարիք ծնող ամենա՛յն անօրենություններից ու զազրախոսություններից: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6256

Մեկնաբանություններ