Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մեղվի նման աշխատասեր մեր ժողովուրդը սրան չէ, որ արժանի է»

«Մեղվի նման աշխատասեր մեր  ժողովուրդը սրան չէ, որ արժանի է»
10.01.2017 | 09:24

«Իրատեսի» հյուրն է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ:

-Ի՞նչ է կինոն Ձեր կյանքում:
-Եթե շատ կարճ, ապա կբնութագրեի այսպես. կինոն նման է ծաղիկներով լեցուն մի գեղեցիկ ճահճի, ուր, խաբվելով գեղեցկությանը, կարող ես մխրճվել ու այլևս դուրս չգալ:
-Դուք 23 տարեկանում եղել եք Խորհրդային Հայաստանի «Ֆիլմ» թերթի հիմնադիր խմբագիրը, իսկ արդեն 8 տարի է՝ խմբագրում եք «+Կինո» ամսագիրը: Ի՞նչ կարող եք ասել մեր ազգային կինոյի մասին:
-Զարմանալի մի դիտարկում. Խորհրդային Հայաստանի թվացյալ անազատության և գրաքննության պայմաններում ստեղծվել են «Եռանկյունին», «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Երկունք», «Նռան գույնը», «Սարոյան եղբայրներ», «Հայրիկ», «Նահապետ», «Խաթաբալա», «Կտոր մը երկինք», «Աշնան արև», «Մեր մանկության տանգոն» և բազմաթիվ խաղարկային ֆիլմեր: Խրուշչովյան ձնհալից հետո Հայաստանը վերածնունդ ապրեց: Հիմա ուզում եմ մեր այս անկախության շրջանի ֆիլմերը թվարկել, պարզապես դժվարանում եմ: Մեկ-երկու լավ գործ կա, սակայն… ՈՒ եթե ես եմ դժվարանում ընտրել, էլ հանդիսատեսն ի՞նչ անի: Կարճ ասած` կինոյի հարցում ես դեռևս 20-րդ դարում եմ, 21-րդ դար դեռ չեմ տեղափոխել: Այդուհանդերձ, վերջին շրջանի կինոդաշտի բազմազանությունը սկսել է հետաքրքիր արդյունքներ տալ:
-Պատճա՞ռը։
-Մտաբերենք մի հին պատմություն: Ամենայն Հայոց Հայրապետը համայնքներից մեկն այցելելիս զգում է, որ, ընդունված կարգի համաձայն, եկեղեցու զանգերը չեն հնչում: Երբ Վեհափառը սպասավորին հարցնում է, թե ինչու եկեղեցու զանգերը չհնչեցին, սպասավորը պատասխանում է. «Դրա համար 40 պատճառ կա, Վեհափառ Տե՛ր»: Ասում է՝ «Թվարկիր»: Սպասավորը սկսում է թվարկել. «Նախ՝ զանգ չունենք»: Վեհափառ Հայրապետն ասում է. «Բավական է, էլ մի թվարկիր»:
Հիմա իմն է: Նախ` «զանգ» չունենք: Իսկ մնացյալ 39 պատճառները թվարկելու համար թերթի ծավալը չի բավականացնի:
-Այդ դեպքում կինոյից անցնենք այլ հարցերի: Որո՞նք են, ըստ Ձեզ, անկախության տարիների ձեռքբերումներն ու թերությունները:
-Այն, որ կայացել ենք: Ափսոս, իհարկե, խելամիտ վարվելու դեպքում` պահպանելով գիտական և արդյունաբերական խորհրդային շրջանի գոնե 50 տոկոսը, այսօր ուրիշ Հայաստան կունենայինք:
Բանակը մեր մեծագույն ձեռքբերումն է: Մենք աչքի լույսի պես պիտի պահենք այն: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի հետ մի քանի անգամ եղել ենք առաջին գծում, դա մի ուրիշ աշխարհ է` շաղախված հայրենասիրությամբ ու ոգու կամքով: Վկան` ապրիլյան 4-օրյա պատերազմը։ Կարծում եմ, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, մեծից փոքր, առանց խտրականության, պիտի զինվորագրվենք, առանց իմն ու քոնը անելու, առանց տարանջատելու` հարուստ է, թե աղքատ: Բոլորս, ինչպես Իսրայելում:
Իսկ թերություններ` որքան ուզես: Անկախության այս 25 տարիներին իսպառ բացակայում է ազգային գաղափարախոսությունը: ՈՒզում ես հակահայկական ֆիլմ նկարահանել, խնդրեմ, փող գտիր, ինչ ուզում ես` նկարիր: Փող գտիր, ինչ ուզում ես հեռուստաէկրանից բեմադրիր, հաղորդիր: Փող գտիր, ուզում ես Հանրապետության հրապարակի զարդանախշերը ոչնչացրու: Օտարամոլությունը, զանազան ֆոնդերից եկող դրամաշնորհները մեր տունը քանդում են: Հարստության, անկշտության, չտեսության մոլուցքը մեր տունը քանդում է: Էս խեղճուկրակ, ընչազուրկ երկրում էդ պլպլան, հաշվենկատ հարսանյաց հանդեսներն ու շքեղ հուղարկավորություններն ի՞նչ են տալիս Հայաստան աշխարհին, նրա հզորացմանը: Երևանը հեղեղված է օտարալեզու գրերով ու պաստառներով: Խորհրդային շրջանի շքերթների քրոնիկան նայեք և կտեսնեք` միայն հայերենն է գերիշխում, մեկ-մեկ էլ` ռուսերենը: Հիմա չորս կողմում անգլերենն է: Խոսքը լեզվի իմացության մասին չէ, խոսքը օտարամոլության, ես կասեի, ստրկամտության մասին է, որը գալիս է դարեր շարունակ պետականություն չունենալուց: Ժամանակն է, որ խելքի գանք: Այս տարի վրացիները «Ոսկե ծիրան» կինոփառատոնին բարձրակարգ խաղարկային մի ֆիլմ էին ներկայացրել (բնականաբար՝ սուբտիտրերով), լեզուն՝ վրացերեն, տիտրերը՝ վրացերեն, հիացել էի: ՈՒզում էի գոռալ` տեսեք, սա է պետականությունը, սա է ազգային պետությունը: Իսկ մենք, անգլերենին չտիրապետելով, ամենուր անգլերեն ենք գրում: Դրանից գեղարվեստական խոսքի արժեքը չի բարձրանում: Ո՞ր մեկը թվարկես: Ամենուր կորցնում ես անհատականությունդ, ազգային արժեքներն ու նորմերը, որոնք մեկ սերնդի ջանքերով չէ, որ ստեղծվել են: Էս գլոբալիզացիա ասածդ էլ անհայրենիք մի բան է, մանկուրտ դարձնելու մեթոդ, որպեսզի դառնաս հեշտ կառավարելի, մոռանաս՝ ով ես դու և որտեղից ես գալիս: Մեկ-մեկ, երբ «թերթում» եմ հեռուստահաղորդումները, ինձ թվում է, թե, տաշի-տուշիից բացի, ուրիշ բան չկա, ու ոչինչ չտվող, էժանագին սերիալներից բացի, ուրիշ բան չունենք ներկայացնելու: Ինչ էլ ներկայացնում ենք, սխեմատիզմի ու պրիմիտիվիզմի սահմաններից այն կողմ չի անցնում: Ես չեմ տեսել մի հաղորդում կամ հաղորդաշար, որտեղ խոսվի ճշգրիտ գիտություններից, որով, ի դեպ, Խորհրդային Հայաստանը հայտնի էր աշխարհով մեկ: Համբարձումյանի, Մերգելյանի, Ալիխանով եղբայրների, Սիսակյանի, Շահինյանի և այլոց ազգանունները խորհրդավոր մի աշխարհ էին բացում: Հիմա իսպառ մոռացության ենք տվել 1917-ի հեղափոխության պրոլետկուլտականների նման, որոնք իրենցից առաջ ստեղծվածը ժխտում էին բացարձակապես (ի դեպ, «Շողակաթ» հեռուստաընկերությունը անդրադառնում է): Հիմա` ռեյտինգ, հա ռեյտինգ: Հանդիսատեսին արդեն դեբիլացրել ենք, մեզ էլ՝ հետները: Այս ամենի ճանապարհը փակելը գուցե հեշտ չէ, բայց դեռ ուշ էլ չէ: Այսօր աշխարհը դարձել է է՛լ ավելի էգոիստ, է՛լ ավելի անարդար: Ավելի քան 25 տարի է` Ղարաբաղը դեֆակտո անկախ է: Այն Արցախը, որի արձագանքները նախ Բեռլինի պատը քանդեցին, հետո էլ` հզոր խորհրդային իմպերիան, այդ անարդար աշխարհի պատճառով է, որ դեռ չի ճանաչվել: Կոսովոյի անկախությունը ճանաչեցին, իսկ Ղարաբաղինը` ոչ: Հեռուն չգնանք. նույնիսկ մենք այս 25 տարիներին կորցրինք ճանաչման բազմաթիվ պահեր: ՈՒրեմն մեզանում պիտի փնտրենք այն բոլոր բացերը, որոնք տեղ են գտել անկախության 25 տարիներին: Իսկ դրա համար էլի 40 պատճառ կա: Ես հասկանում եմ, որ, գտնվելով պատերազմական իրավիճակում և միաժամանակ առաջնորդվելով դեմոկրատական արժեքներով, դա չափազանց բարդ խնդիր է պետության համար: Այդպես եղել են Հին Հունաստանն ու Հին Հռոմը: Մեր ժողովուրդը դարերից եկող ինքնապահպանման ապշեցուցիչ հատկանիշներ ունի: Մեղվի նման աշխատասեր մեր ժողովուրդը սրան չէ, որ արժանի է: Մեր ազգային հարստությունը ո՛չ նավթն է, ո՛չ էլ ոսկին: Մեր հարստությունը մեր միատարր ժողովուրդն է, որը չի հանդուրժում անարդարությունն ու անկշտությունը, որ ցեցի նման մտել են մեր մեջ և կամաց-կամաց ուտում ու քանդում են: Սա նաև համակարգից եկող երևույթ է, որը վերացնելու համար մեր մեջ վճռական ուժ պիտի գտնենք: Դրա համար միայն ու միայն հայրենանվեր ղեկավարներ են պետք` վերևից ներքև:
-Դուք հաճախ եք ասում, որ 1960-ականներից հետո Հայաստանը ռենեսանս ապրեց` մինչև 1988 թվականը: Ինչո՞ւ այդ ամենն ի չիք դարձավ:
-Ի չիք դարձավ, որովհետև մեր երկրի անկախության կայացման հիմքը սխալ դրվեց: Բարեփոխման անվան տակ մենք մեր ձեռքով ամեն ինչ քանդեցինք ու ավերեցինք՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն, և տեղը գրեթե ոչինչ չստեղծեցինք: Այդ առումով Բելառուսն ու Ղազախստանը ամեն ինչ պահպանեցին, էլ չասեմ, որ Թուրքմենիան քնած տեղը անկախացավ և, շնորհիվ նավթի և գազի, ծաղկուն երկիր դարձավ: Այնպես որ, պետք չէ շատ պարծենալ, թե անկախացանք, հա անկախացանք: Գուցե մեկ տարի ուշ անկախանայինք, աղետի գոտին կվերակառուցվեր: Չէ, ո՞նց կլինի, մենք պիտի լինեինք առաջինը... Իսկ հիմա անկախ Հայաստանի կայացած բանկային համակարգը ամբողջովին ստրկացրել է մեր ժողովրդին: Մեկ-մեկ ինձ թվում է, թե պարսկական լուծն ավելի թեթև է եղել, քան հայկականը: Սա, անշուշտ, կատակով:
-Ի՞նչ կասեիք այսօր ձեռնարկվող փոփոխությունների մասին:
-Ճշմարիտն ասած, ես երբևէ կողմնակից չեմ եղել խորհրդարանական կառավարմանը: Ինչո՞ւ: Որովհետև մենք անհատականությունների ժողովուրդ ենք: Մեծ հաշվով, քանակական առումով, չինական մի մեծ գյուղ ենք, ուստի նախագահական ղեկավարումը ճիշտ եմ համարում: Անկեղծորեն խոստովանեմ, որ բոլորս, ոչ ավելի-ոչ պակաս, կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, կա՛մ էլ մի ուրիշ բարձր պաշտոնում ենք ուզում լինել: Ցավոք, մեր դժբախտությունը նաև դրանից է գալիս: Կարծում եմ՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Անշուշտ, վերջին փոփոխություններն ինչ-որ չափով հույսի, գուցե և հավատի նշույլ են արթնացնում: Ժամանակին ես գրել եմ, որ լիարժեք փոփոխությունը պետք է համակարգային լինի: Ինչպես մեծ պոետն էր ասում՝ ոչ թե ուսուցչին պետք է փոխել, այլ դասագիրքը: Հիմա մենք զբաղված ենք ուսուցչին փոխելով, իսկ դասագիրքը ամբողջ կացութաձևն է, որովհետև կիսահղիություն չի լինում: Այն սիստեմը, որը մեկին հնարավորություն է տալիս դառնալու միլիարդատեր, իսկ մյուսին` աղբամանից հաց հավաքող, արդեն սիստեմ չէ: Եթե շուկայական հարաբերությունները բարգավաճ առաջընթաց ստեղծելու նախադրյալ լինեին, այսօրվա Կոնգոն և ՈՒգանդան ամերիկյան ապրելաձև կունենային:
Ժամանակին Տիտոյի հարավսլավական համակարգը կարող էր մոլորակի համար տնկարան դառնալ, ի դեպ, որից Չինաստանն օգտվեց, սակայն, ցավոք, այդ տնկարանը ոչնչացվեց, իսկ Միլոշևիչը բանտում իր մահկանացուն կնքեց: ՈՒրեմն բարեկեցիկ համակարգը մեծ կորպորատիվ ընկերություններին և օլիգարխներին պետք չէ, նրանց միակ նպատակը` փո՛ղ, փո՛ղ, էլի փո՛ղ։ Իմ համոզմամբ, փոփոխությունը հանուն փոփոխության ավելի վտանգավոր է:

Զրույցը՝
Մարիամ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ

Հ. Գ. -Ձեզ հետ վարած հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ մամուլում և համացանցում լայն քննարկման առարկա դարձավ առաջին նախագահի ելույթը, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Հարցը շատ տարողունակ է, կաշխատեմ կարճ պատասխանել:
Ա. Կարծում եմ, ելույթը Բիշքեկի 1994 թվականին ձեռք բերված զինադադարի նորացված կոնցեպցիան է, որը ես համարում եմ հաղթած երկրի պարտված դիվանագիտություն: 1990-ականներին Կամո, Ազատ, Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն գյուղերը Շահումյանի շրջանի հետ աններելիորեն հանձնեցինք թուրքին և սահմանը հասցրինք մինչև այսօրվա սրախողխող արված Թալիշ գյուղ: Հետո՞… մինչև ո՞ւր: Դարերը դեռ մի կողմ թողած, անկախությունից 25 տարի հետո էլ չհասկացանք, թե ով է թուրքը և ինչ նպատակներ է հետապնդում:
Բ. Ելույթն ինչ-որ չափով ազդակ էր վերջերս ձևավորված ռուս-թուրքական ալյանսին և համանախագահ երկրներին, որ եթե մենք իշխանության գանք, պատրաստ ենք անգամ մեծ զոհողությունների գնով զիջումների գնալու…
Գ. Այս մեկն ինձ ավելի շատ է մտահոգում:
Այն կարող է հակամարտության սեպ դառնալ ինչպես մեզանում, այնպես էլ հայկական երկու հանրապետությունների միջև: Մեզանում դա արդեն իսկ ծլարձակում է:
Դ. Վերջերս տարածաշրջան պաշտոնապես մուտք գործեց նոր խաղացող` Իսրայելը, և առանց այն էլ փխրուն խաղաղությունը դարձավ ավելի հեղհեղուկ: Ի դեպ, ըստ մամուլի` ժամանակին իր ելույթներից մեկում Իսրայելի նախկին վարչապետ Բեգինը, ոչ ավելի, ոչ պակաս, ասել է, որ իրենց ավետյաց երկիրը Ղարաբաղն է: Ի՞նչ իմանաս, թե սրա տակ ինչ է թաքնված:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ