Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
13.01.2017 | 00:07

(սկիզբը՝ այստեղ)

Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար մեզ պետք է մշտապես հիշել ու կատարել նրանց պատգամը՝ «այլևս երբեք»: Պետք է շարունակենք ապրել մեր հայրենի հողի վրա, բայց ապրենք այնպես, որ հեռու մնանք նման փորձանքներից, կառուցենք մեր տները, գործարաններն ու քաղաքները, բայց կառուցենք այնպես, որ դրանք լինեն երկրաշարժակայուն, ապրելու համար ապահով ու անվտանգ: Ի վերջո, պետք է հասկանալ, որ 1988 թվականի Սպիտակի ահավոր երկրաշարժը մեր տարածաշրջանի համար նորություն չէր (եղել է Գառնիի ավերիչ երկրաշարժը, մայրաքաղաք Անին է կործանվել երկրաշարժի պատճառով, եղել է 1926 թվականի Լենինականի երկրաշարժը), դա ոչ առաջինն էր և, ցավոք, ոչ էլ վերջինն է լինելու: Կորցրածը հետ չես բերի, բայց ստացած դասերը սովորելն ու մեր ականջներին լավ օղ անելը մեր սուրբ պարտականություններից մեկն է. հետագա գործողություններում մենք պետք է առաջնորդվենք նախկին սխալները չկրկնելու հրամայականով, այլապես անարգած կլինենք մեր անմեղ զոհերի հիշատակը: Նրանք զոհվեցին՝ սերունդների կյանքն ավելի ապահով ու անփորձանք տեսնելու հույսով ու հավատով: Սա է այն պատգամը, որը մենք պահում ենք մեր սրտերում՝ որպես Սպիտակի երկրաշարժի զոհերի ու տուժած քաղաքացիների հետնորդներ: Այս խրատները, առաջին հերթին, պետք է ուղենիշ դառնան մեր իշխանավորների, քաղաքապետերի, գյուղապետերի, ճարտարապետների ու շինարարների, շինարարությունների որակի վերահսկողության համար աշխատավարձ ստացող տեսուչների, իրավապահ մարմինների, երկրի իշխող կուսակցությունների, Ազգային ժողովի, կառավարության ու հանրապետության նախագահների համար:


28 տարի անց մենք ընդամենը կարող ենք փաստել, որ դեռևս չենք կատարել մեր պետական ու քաղաքացիական պարտքը երկրաշարժից տուժած քաղաքացիների նկատմամբ, շարունակում ենք ապրել մեր սովորական կյանքով՝ անփույթ վերաբերմունք ցուցաբերելով մարդկանց ճակատագրերի հանդեպ, բավարարվելով միայն հերթական ընտրություններում հաղթելու մտահոգությամբ: Մեր իշխանավորներն իրենց նախորդների նման շարունակում են ապրել ականջները թափահարելով, մինչև ականջները թաղվել են կոռուպցիոն գործարքների մեջ, ամեն ինչ գցել են ականջի հետև: Այդպես է, որովհետև ականջները քաշող Ստալինը չկա, իսկ մեր քննադատական-հրապարակային քննադատական ելույթները նրանց համար արժեք չունեն. մի ականջից մտնում է, մյուսից՝ դուրս գալիս:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀ Ազգային ժողով է բերել հերթական կարևոր նախաձեռնությունը՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի տեսքով: Բավականին դժվար է հասկանալ, թե որն է այս օրինագծի ընդունման բուն նպատակը: Եթե հավատանք արդարադատության նախարարի խոսքին, ապա պետք է ընդունենք, որ այն թույլ կտա պայքարել կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական ու այլ տիպի հանցագործությունների դեմ: Պայքարելը շատ լավ բան է, պետք է պայքարել, բայց ի՞նչն է խանգարում, որ պայքարենք մինչև վերջ, պայքարենք ու ջրի երես հանենք այն բարձրաստիճան պաշտոնյաների գործերը, որոնց պաշտոնավարման ընթացքում Հայաստանը հիմնավորապես թալանվեց, ու մեր խորհրդային բարգավաճ երկրից միայն կաշին ու ոսկորները մնացին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր հարուստ ու ապահով երկիրը թալանվեց մինչև վերջին թելը, իսկ մեր իրավապահները գլխի չընկան, չպայքարեցին տնտեսական հանցագործությունների դեմ՝ տրամադրության տակ ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հարուստ տեսականին, ինչո՞ւ է նախարարը հատուկ շեշտադրում ու կանխավ հայտարարում, որ այդ նոր օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Որտե՞ղ է թաքնված այդ օրենքի հիմնական դավ-խարդավանքը. նախկինում ապօրինաբար հարստացածների պաշտպանության խնդի՞րն է դրվում նոր օրենքի տակ, թե՞ փորձ է արվում «անաղարտ» լույսի ներքո պահել հայկական էլիտար դասին՝ հընթացս արգելափակելով նաև նորանոր մեծապատիվ գող-մուրացկանների մուտքն այնտեղ:


Հետևելով Արփինե Հովհաննիսյանի ելույթին, տեսնելով, թե ինչ նրբությամբ է նա կարողանում իր գեղեցիկ դեմքի ու ձեռքերի թեթև շարժումներով այս ու այն կողմ նետել իր փարթամ մազերն ու պատգամավորներին համոզում, որ նոր օրինագիծը հույժ կարևոր է Հայաստանի համար, գալիս եմ մի պարզ եզրահանգման. «Կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ» բառակապակցությունը վերաբերում է բոլոր կանանց՝ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, որովհետև նա իր գործը լավ գիտի ու գոտկատեղից ներքև մի այնպիսի հուժկու հարված է նախապատրաստում Հայաստանի տնտեսության համար, որի նշանակությունը, թերևս, միայն արդյունաբերողները գիտեն, ու մենք ազգովին կզգանք մոտ ապագայում: Պետք չէ բոբիկանալ՝ ջուրը չտեսած, նախարարն առաջարկում է ժամանակից մի քիչ առաջ ընկնել, պատշաճ կարգ ու կանոն հաստատել ու սպասել կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական ու այլ տիպի հանցագործությունների միջոցով ապօրինաբար հարստացողներին, բայց միայն նրանց, ովքեր ապօրինաբար կհարստանան մոտ ապագայում՝ սկսած 2017 թվականի հունիսի 1-ից: Շատ բան մեզ պարզ կդառնար, եթե հարգարժան նախարարը նշեր նաև օրենսդրական նախաձեռնության ֆինանսավորողին, որպեսզի հստակվեր հավերժական իրավաբանական հարցադրումը. ո՞ւմ է դա ձեռնտու:


Հայաստանում կան ավելի կարևոր խնդիրներ, որոնցով իմաստ ուներ հետաքրքրվել ու զբաղվել, բայց դրանցով չեն հետաքրքրվում ու չեն զբաղվում: Այն, որ Հայաստանի տնտեսությունը պետք է սկսի աշխատել, որ դա է մեր փրկության միակ բանալին, որ դա պատմական անհրաժեշտություն է, որ նահանջելու տեղ այլևս չունենք, որ հետևում խոր անդունդ կա, բոլորս ենք հասկանում:
Տնտեսության աշխուժացման համար, առաջին հերթին, պետք է կարողանալ ներդրումներ գտնել, ակտիվացնել ներքին ներդրումները: Դրանց տեղը բոլորս գիտենք, դրանք գտնվում են մեր մեծահարուստների գրպաններում ու բանկային հաշիվներում, նույն այն մեծահարուստների, որոնք ապօրինաբար հարստացել են մինչև 2017 թվականը: Դրանց մեջ մեծ տոկոս են կազմում ՀՀ նախագահներն ու վարչապետները: Ճիշտ է, նրանց վրա Արփինեի բերած օրինագիծը չի տարածվելու, նրանք «մերոնքական» են, բայց նրանք էլ, զուտ բարոյական սահմանափակումներից ու դուրս չցցվելու մտահոգությունից ելնելով, անմիջականորեն գտնվելու են նոր օրենքի ազդեցության տակ, դժվար թե հայ մեծահարուստներից որևէ մեկը ցանկանա հասարակությանը ներկայանալ ապօրինի հարստացած քաղաքացու կերպարով: Նոր օրենքը, ուզես, թե չուզես, անմիջական ազդեցություն է գործելու Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների ստրատեգիայի վրա՝ սահմանափակելով դրանց ծավալները: Օրինագծի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ պատգամավորները խոսում են թանկարժեք ավտոմեքենաներից, պերճանքի առարկաներից, դղյակաշինությունից կամ այլ դատապարտելի ճոխություններից, որոնք հիմք են դառնալու քրեական հետապնդումների համար: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ հայ մեծահարուստները որոշեն իրենց «կեղտոտ» փողերը ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը շատ կարևոր է երկրի համար ու շատ վտանգավոր ներդրողի համար: Ի՞նչ կլինի, եթե իմ ծանոթ մեծահարուստներից մեկը որոշի նախկինում իր չհայտարարագրած 100 միլիոն դոլարը 2018 թվականին տրամադրել Սպիտակում 3 հազար աշխատատեղով հելիոտեխնիկական գործարան կառուցելուն: Նոր օրենքը դա թույլ չի տա՝ ներդրումը համարելով քրեորեն պատժելի արարք: Այդպիսի արհեստական խոչընդոտներ հորինելով հնարավոր է կասեցնել ներքին ներդրումների ողջ գործընթացը մեր տնտեսության մեջ: Տարբեր հաշվարկներով, դրանք տատանվում են 20-60 միլիարդ դոլարի սահմաններում, դրանք այն գումարներն են, որոնք կուտակվել են Խորհրդային Հայաստանի նոմենկլատուրային աշխատողների, ՀՀ 1-ին, 2-րդ ու 3-րդ նախագահների շրջապատի գրպաններում: Այսպես, թե այնպես այդ նոր օրինագծի պատճառով երկրի նոր ինդուստրացման ծրագիրը կզրկվի ֆինանսական հսկայածավալ ներքին ներդրումներից, այդ գումարները բացարձակ ապօրինի ճանապարհներով եկել ու մտել են հայ մեծահարուստներից շատերի գրպանները, հիմնականում մնալով մեռած վիճակում: Ասել է՝ չեն դարձել այն բաղձալի կապիտալը, որը կարող էր աշխատել երկրի տնտեսության մեջ:


Դատելով նախարարի բերած օրինագծի հեռանկարից, դրանք կապիտալ չեն դառնա, համենայն դեպս, Հայաստանի համար: Դրանք, իհարկե, կարող են ու, որպես կլասիկ կապիտալ, արդեն աշխատում են արտասահմանում: Դրանց օրինակները շատ են: Հարց՝ ո՞ւմ է ձեռնտու նման հեռանկարը: Անկասկած, դա ձեռնտու է այն երկրներին, որոնք հետաքրքրված չեն Հայաստանի տնտեսության զարգացմամբ, դրանց մեջ են Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը, հավանաբար նաև Ռուսաստանը: Նման օրենքներն ու օրենսդրական նախաձեռնություններն են պատճառ դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է տեղում դոփել՝ մնալով գամված վիճակում:
Վլադիմիր Պուտինը փորձեց ապօրինի ճանապարհներով ձեռք բերված ֆինանսական միջոցները ներդնել Ռուսաստանի տնտեսության մեջ՝ համաներում հայտարարելով: Չօգնեց: Վեց ամսով երկարացրեց համաներման ժամկետները: Արդյունքները նկատելի չդարձան: Անօրինական կապիտալիստների մեջ կա վախի ու անվստահության սրված զգացողություն, որի հաղթահարման ճանապարհները պետք է դեռևս գտնել, զոռով ու խայտաբղետ օրենքներով վախեցնելով չի ստացվի:


Արփինե Հովհաննիսյանի նոր օրինագիծը կարող է և օգտակար թվալ իր ձևով, բայց ոչ երբեք բովանդակությամբ: Իսկ հետևանքները կարող են ճակատագրական դառնալ: Իհարկե, նման օրինագիծը շատ օգտակար կլիներ, եթե այն ընդունվեր 1985-92 թվականներին, երբ մեր երկրում ապօրինի հարստացման սինդրոմը նոր էր կյանքի ուղեգիր ստանում, իր առաջին քայլերն էր կատարում Գորբաչովի ժամանակ: Հետո միանգամից գրավեց իշխանավորների սրտերը, դարձավ կենսաձև, լավագույնս դրսևորվեց պրակտիկ գործերում և գագաթնակետին հասավ ԼՏՊ-ի օրոք ու միանգամից տարածվեց երկրաշարժից տուժածների համար նախատեսված օգնության վրա: Այստեղ փոխենք մեր զրույցի թեման ու տեղափոխվենք 1988 թվական, երբ աղետի գոտում ամեն ինչ տակնուվրա էր արված, ամեն ինչ խոր անորոշության մեջ էր, հազարավոր քաջնազարիկներ էին ի հայտ եկել, որոնց համար Սպիտակի աղետի գոտին դարձել էր թալանի գոտի, իսկական դրախտ քարվան կտրողների համար, ժամանակներն էլ խիստ նպաստավոր էին:
Այն ժամանակ մենք համոզված էինք, որ «Ղարաբաղ» կոմիտեն, հետագայում ՀՀՇ-ն ստեղծվել է հայ ժողովրդին փրկելու համար, որ այնտեղ են հավաքվել հայ ազգի հերոս մտավորականներն ու հետապնդում են միայն մեկ նպատակ՝ անկախություն և երջանկություն պարգևել բազմաչարչար հայ ժողովրդին: Բայց ժամանակները պարզորոշ ցույց տվեցին, որ ազգի «սերուցքը» ավելի կոնկրետ նպատակ էր հետապնդում. եկել էր հոշոտելու-թալանելու անտեր մնացած հայոց աշխարհը՝ ներառյալ Սպիտակի աղետյալ ժողովրդի համար ուղարկված մարդասիրական օգնությունը:


Ղարաբաղի ազատագրության համար կռվողը կռվեց, զոհվողը զոհվեց, հերոսական հայորդիների, նաև եղբորս, կյանքի ու արյան գնով մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը պահվեցին ու պահպանվեցին: Իսկ թե ինչ եղան ՀՀՇ-ականները՝ հայտնի է բոլորիս, նրանց մեջ է ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ն, որը 2016 թվականի դեկտեմբերին հանդես եկավ մի կարևոր «նախաձեռնությամբ»` գրավյալ հողերը պետք է հանձնել: Հավանաբար ԼՏՊ-ն հիշել է այն երանելի ժամանակները, երբ Հայաստանի վրա խոր գիշեր իջավ, երկրի ունեցվածքն ու մարդասիրական օգնությունը ամբողջովին թալանվեցին, վաճառվեցին օտարներին, իսկ Ղարաբաղը ծախելու գործը չհասցրեց: Ոչինչ, առջևում նոր ընտրություններ են, կարող է ստացվել, լավ է ուշ, քան երբեք:
1988 թվականի դեկտեմբերին աղետի գոտում սննդամթերքի զգալի պակաս կար, օգնությունը գալիս էր, մատակարարումները կային, բայց խիստ անկանոն էին, աղետի մեջ հայտնված մարդկանց պետք էր օգնել նաև օրվա սննդով: Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ում ստեղծել էինք Սպիտակի բնակչությանն օգնություն հասցնելու «Աննա» ֆոնդը, որի նպատակների մեջ ուրվագծված էին հետևյալ ուղղությունները. ա) Սպիտակի բնակչությանը օգնել սննդով, բ) մշակել աղետի գոտու արդյունաբերության վերականգնման տեխնիկական քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք օրակարգի մեջ են նաև մեր օրերում, գ) տրանսպորտային օգնություն ցույց տալ Սպիտակ ժամանող արտասահմանցի փրկարարներին ու շինարարներին: Ասեմ, որ Արտաշատից ու Աբովյանից մեզ հաջողվեց հավաքագրել մոտ 150 կամավորների, որոնք պատրաստ էին իրենց սեփական տրանսպորտային միջոցներն ու ժամանակը անշահախնդիր տրամադրելու և օգնություն ցույց տալու Հայաստան ժամանած փրկարարներին, նրանց դիմավորելու օդանավակայանում ու իրենց մեքենաներով անվճար հասցնելու մինչև Սպիտակի համապատասխան օբյեկտները: Այս հարցը զարգացում չունեցավ, որովհետև արտասահմանցիներին դիմավորելու գործը գտնվում էր ԿԳԲ-ի իրավասության դաշտում: Սպիտակի շտաբում ինձ բացատրեցին, որ փրկարարների անվան տակ կարող են գալ արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ հատուկ հսկողություն է պետք սահմանել: Հաշվի առնելով արտասահմանյան փրկարարների մեծ հոսքն ու ԿԳԲ-ի ունեցած սահմանափակ մարդկային ռեսուրսները, փրկարարների դիմավորման համար ներգրավված էին նրանց բարեկամները, դա էր պատճառը, որ Կիրովականի տուժածներին օգնության շտապող գերմանացիներն ընկան Բ.Տ.-ի ձեռքը, որի եղբայրը ԿԳԲ-ի կադրային սպա էր:
(շարունակելի)

Հ. Գ. Շնորհավորում եմ «Իրատեսի» հիանալի կոլեկտիվին ու թերթի բոլոր ընթերցողներին՝ նոր՝ 2017-ի առթիվ: Շնորհակալ եմ, որ «Իրատեսի» ընթերցողներն ուշադրությամբ են հետևում իմ հրապարակումներին ու մշտապես աջակցում իրենց օգտակար խորհուրդներով: Առաջիկա հրապարակումներում հոդվածաշարի խնդիրները չեն փոխվելու. փորձելու ենք վերլուծել, հասկանալ ԽՍՀՄ-ի փլուզման ու Հայաստանի տնտեսական անհաջողությունների բուն պատճառները, փորձելու ենք պայքարել մեր կյանքը արատավորող երևույթների դեմ, սինթեզել ու կյանքի ուղեգիր տալ առկա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ծրագրերին ու երկրի հզորացմանը միտված միջոցառումներին՝ ի փառս մեր սուրբ հայրենիքի ծաղկման ու բարգավաճման, ի սարսափ մեր թշնամիների:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ