Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միքայել Արամյանցի դղյակը խորհրդանիշ է

Միքայել Արամյանցի դղյակը խորհրդանիշ է
13.01.2017 | 00:30

Հարգարժան պարոն վարչապետ


Արձագանքելով ծրագրերի, առաջարկների սպասելիքների Ձեր հրապարակային կոչին, շարադրում եմ սույնը: Խոսքը վերաբերում է Միքայել Արամյանցի` Ախթալայում գտնվող ամառանոցին, որը վերջնականորեն ավերումից փրկելու համար կայացրիք առարկայական որոշում, ինչն արժանի է խորին շնորհակալության: Կասկած չունեմ` խոսքի տեր մարդ եք և ամառանոցը վերականգնելու ուղիներ կգտնեք: Սակայն ինձ մտահոգում է այլ հանգամանք` վերակառուցվելուց, վերանորոգվելուց հետո ինչի՞ է այն ծառայելու: Այդ դղյակը սովորական կառույց չէ, խորհրդանիշ է, ահա թե ինչու առաջարկում եմ, որ այն դառնա Հայ բարերարների տուն-թանգարան:


Առաջարկս ունի երկու` բարոյական և գործնական հիմնավորում:
Նախ, ո՞վ էր Միքայել Արամյանցը: Նրա կենսուղին հար և նման է աշխարհասփյուռ հայ դրամատերերից շատերին: Տարրական կրթություն ստացած գյուղացի տղան պատանեկան հասակից ներքաշվեց առևտրի ասպարեզ, տքնաջան աշխատանքով ու սեփական քրտինքով դրամագլուխ վաստակեց, կորցրեց, չընկճվեց, մանուֆակտուրայի ու շաքարի առևտրով նոր կապիտալ կուտակեց ու մուտք գործեց Բաքվի նավթարդյունաբերություն` դառնալով «Բալախանի ընկերակցություն» հայապատկան ֆիրմայի բաժնետեր: Ինքը պատճառ դարձավ, որ նավթարդյունաբերություն ոտք դնի ապագա «նավթարքա», բոլոր ժամանակների անգերազանցելի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Վերջինս 1889 թ. գնեց «Բալախանի ընկերակցության» բոլոր բաժնեմասերը` թողնելով միայն Արամյանցին և նրան հատկացնելով Ռուսական կայսրությունում նավթի վաճառքից ստացված շահույթի 1/4-ը: Դրանից հետո Արամյանցն այլևս բիզնեսով չզբաղվեց, Բաքվի ունեցվածքը վաճառեց, միլիոններով տեղափոխվեց Թիֆլիս ու նվիրաբերվեց բարեգործությանը: Մտադիր չեմ այստեղ մեկ առ մեկ թվարկել նրա բարեսիրական գործերը ¥այդ մասին բազմիցս գրել են թե այլք, թե ես¤, սակայն նշեմ միայն մեկ փաստ. Բորչալվի գավառում, Մանթաշյանցի նման, հող գնեց, հիմնեց Արամաշեն գյուղը և անհատույց տրամադրեց համիդյան ջարդերից փրկված փախստականներին:


Բաքվի 1-ին գիլդիայի վաճառական, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, «Ս. Ստանիսլավի» շքանշանի ասպետ, Թիֆլիսում հիվանդանոց, հյուրանոցներ, կինոթատրոն, բնակելի շենքեր կառուցած, հայ մտավորականներին, կրթական հաստատություններին առատաձեռնորեն աջակցած Արամյանցը վախճանվեց 1922-ին` լիակատար թշվառության մեջ, և նրա գերեզմանն անգամ անդառնալիորեն ավերվեց:
Մի՞թե չարժե, որ նրա` գերեզման իսկ չունեցող մարդու, կառուցած դղյակը դառնա յուրատեսակ հուշարձան, հուշահամալիր:
Պարոն վարչապետ, մեկ-երկու անգամ ի լուր հայտարարել եք, թե բարեգործությունը խղճի արգասիք է: Բացարձակապես իրավացի եք, ավելին` առաջին բարձրաստիճան պաշտոնյան եք, որ այդպիսի միտք է բարձրաձայնել: Հիմա կուզենայի հարցնել` եթե բարերարությունը մարդկային խղճի արգասիք է, ապա մեր հասարակությունում չկա՞ տարրական խղճի պակաս, դեֆիցիտ, և պետության խնդիրը չե՞ն բարոյական նորմերի պահպանման հանդեպ հոգատարությունը, խղճի զարթոնքի խթանումը: Դա պետական գործառույթ է, և դա շատ լավ հասկանում էր, ի մասնավորի, ցարական իշխանությունը, որը XIX դ. կեսերից բարեգործությունը վերածել էր ներքին քաղաքականության կարևոր բաղադրյալի:
Կուզենայի Ձեզ հիշեցնել` ակադեմիական հայագիտությունը վաղուց ապացուցել է, որ հայերիս կապիտալը ունի 25 դարի գրավոր պատմություն: Որ հայ ժողովրդի ձևավորման հատկանիշներից մեկը առևտրատնտեսական գործունեությունն է: Որ կապիտալի արդյունք բարերարությունն ունի 17 դարի պատմություն, սկիզբ է առել Հայաստանում քրիստոնեության հաստատումից և քրիստոնեական արժեհամակարգի անքակտելի մասն է:

Որ պետականազուրկ և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ինքնապահպանվել է ազգին նվիրյալ դրամատերերի` իսկական բարերարների շնորհիվ: Նրա՛նք են եկեղեցի ու վարժարան կառուցել, նրա՛նք են վճարել քահանային ու վարժապետին, նրա՛նք են օժանդակել մտավորականին, նրա՛նց ենք պարտական գրատպության համար: Ավելին, թողել են հազարավոր կտակներ` իրենց ունեցած-չունեցածը տրամադրելով ազգի կարիքները հետմահու հոգալու համար:
Բայց եթե բարերարությունը մեր ազգի սքանչելի, անկրկնելի, աշխարհով մեկ հպարտանալու հավաքական հատկանիշն է, ապա երախտամոռությունը` մեր հոռեգույն առանձնահատկությունը: Մենք կորցրել ենք երախտագիտության զգացումը, այսօր այդ պատմական բարերարներին ո՞վ է հիշում, և արդյո՞ք նրանք արժանի չեն, որ Արամյանցի դղյակը դառնա իրենց տունը, իրենց հուշատունը:
Անցնեմ գործնական առաջարկների:


Առաջին: Ես մեր ազգային կապիտալի ու բարերարության վերաբերյալ 15 գրքի և հարյուրավոր հոդվածների հեղինակ եմ: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում ժողովել եմ հազարավոր էջերից բաղկացած ահռելի փաստական նյութ, որի մեջ զգալի թվաքանակ են կազմում բարերարների կենսագրությունները, լուսանկարները, փաստաթղթերը և այլն: Հայտարարում եմ` ես պատրաստ եմ իմ մտավոր սեփականությունը տրամադրելու ապագա տուն-թանգարանին: Թող ստեղծվի մի հանձնախումբ կամ հոգաբարձուների խորհուրդ, որը չափորոշիչներ կսահմանի և ընտրություն կկատարի:
Երկրորդ: Բարերարների մի մասը ժառանգներ չունի (Հ. Պեզճյան, Գ. Եղիայան, Մելքոնյան եղբայրներ, Լազարյաններ և այլք), սակայն շատերն ունեն շառավիղներ (Ա. Մանթաշյանց, Մ. Արամյանց, Ալեք Մանուկյան, Թորոսյան-Տարասովներ և այլք), որոնք կարող են ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերել ապագա տուն-թանգարանին, այլև տրամադրել արխիվային փաստաթղթեր, անձնական իրեր և այլ նյութեր:


Երրորդ: Տուն-թանգարանը պետք է լինի կրթամշակութային և հետազոտական հաստատություն: Քանի որ մեր բարերարները գործել են աշխարհի բազմաթիվ երկրներում, ապա զանազան միջոցառումներ կարելի է կազմակերպել այդ երկրների կառույցների հետ` կամրջելով ժողովուրդների միջև բարեկամությունը: Նույն նպատակին կծառայի Արամյանցի թենիսի կորտի վերականգնումը, որտեղ կարող են մրցումներ կազմակերպվել:
Չորրորդ: Հասկանալի է` Արամյանցի ամառանոցի վերականգնումը և տուն-թանգարանի ստեղծումը խիստ ծախսատար գործ է: Ի թիվս այլ աղբյուրների, շատ կարևորում եմ ժողովրդական հանգանակությունը: Ինչո՞ւ: Մենք ունեցել ենք երկու բազմանդամ բարեսիրական հաստատություններ` «Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունը» և Թիֆլիսի «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» (երկուսն էլ վերացվեցին 1921-ին): Դրանք ամեն Սուրբ Ծնունդի ու Զատկի կազմակերպում էին դրամահավաք: Եթե, օրինակ, Մանթաշյանցը տրամադրում էր 200 ռուբլի, ապա դպրոցահասակ երեխաները տալիս էին իրենց օրապահիկներից տնտեսած 50 կոպեկը, և կարևորը գումարի չափը չէր, այլ մասնակցությունը: Թող որ մեր պարագայում էլ գումարը լինի խորհրդանշական, բայց մարդիկ մասնակցություն ունենան Խղճի տան կայացմանը:
Հինգերորդ: Ի՞նչ կտա տուն-թանգարանը տեղական համայնքին` Ախթալային: Տնտեսական, տուրիստական զարգացում և հանրահռչակում:


(Կուզենայի փակագծերի մեջ նշել հետևյալը: Անմեղսունակ ադրբեջանցիները, որոնք ցուցիչ չեն ոչ մեզ, ոչ աշխարհի համար, ունեցել են ընդամենը մեկ բարերար` մի անկիրթ, անտաշ մարդ: Երբ Մանթաշյանցը երբեմն ժամանում էր Բաքու, նա մարդ էր կցում «նավթարքային», թե` հետը գնա, տես ինչ բարեգործություն է անում, ինձ պատմիր, որ ես էլ անեմ: Այսօր այդ ադրբեջանցին Բաքվի կենտրոնում` նախկինում իրեն պատկանող շենքում, տուն-թանգարան ունի: Ես սա չեմ ասում թասիբի գցելու համար, պարզապես Ախթալան Բաքվի բերանը կփակի):


Ի վերջո, ի՞նչ կուզենայի.
ա) որ Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, հռչակվեր Բարերարության օր կամ Բարերարաց հիշատակի օր, այդպիսի օրեր երկար ժամանակ նշվում էին Նոր Ջուղայում ու Թիֆլիսում,
բ) կրթության ու գիտության նախարարությանը հանձնարարվել է ձեռնարկատիրական գիտելիքներ դասավանդել դպրոցում: Չգիտեմ ինչ և ինչպես կանեն, բայց շատ կուզեի, որ դպրոցականներն այցելեին Ախթալայի թանգարան: Եթե 1000-ից մեկը ապագայում դառնա բարերար և աջակցի մնացած 999-ին, ապա թանգարանի ստեղծումը լիովին արդարացված կլինի,
գ) որ ապագա թանգարան այցելեին ներկայիս դրամատերերը, տեսնեին նախորդներին ու հասկանային, որ իսկական բարեգործությունը թելադրված չի լինում, որ խիղճը պարտադրանքի հետ առնչություն չունի: Եթե իրենք ցանկություն ունեն թանգարանի ցուցասրահում տեղ գրավելու, պիտի պարզապես ազգին ծառայեն:
Հարգարժան պարոն Կարապետյան, քանի որ չեք սիրում երկարաբանություններ, ես էլ աշխատեցի լինել հնարավորինս կարճառոտ: Փորձեցի ընդամենը գաղափարը շարադրել, չխորանալով բազմաթիվ մանրամասների ու լրամշակումների մեջ:
Բայց ես հաստատապես մեկ բան գիտեմ` Հայաստանին անհրաժեշտ է բռնապետություն` խղճի դիկտատուրա:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ