Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լայնաշերտ դաշինք մշուշոտ հեռանկարներով

Լայնաշերտ դաշինք մշուշոտ հեռանկարներով
13.01.2017 | 00:41

2017-ը մեկնարկում է. քաղաքական առումով բարդ տարի, որը խոստանում է նախընտրական ու ընտրական բուռն հոգսեր։ Առաջիկա ամիսներին ականատես կլինենք նոր դաշինքների, քաղաքական միավորումների, վերաձևումների։

Եվ այդ ներկապնակում բավականին հետաքրքիր դեր է վերապահված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որի քաղաքական կարգավիճակը 2016-ի աշնանից ի վեր շարունակում է անորոշ ու ինտրիգային մնալ։ Գուցե նաև ինտրիգը դիտավորյալ եփվում է, ուռճացվում, խորհրդավորություն հաղորդում։ Պատահական չէ, որ ընտրական պրոցեսներում Օհանյանի հնարավոր դերակատարումն ու մասնակցության ձևաչափը մի պահ նույնիսկ ստվերել էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները։


Ընդ որում, որոշ փորձագիտական շրջանակների բնորոշմամբ, չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի անվան շուրջ հետաքրքրության ակտիվացումն արհեստածին է, ուղղորդված, և նրա միջոցով փորձ է արվում որոշակիորեն արագացնել կամ դանդաղեցնել ինչ-ինչ քաղաքական պրոցեսներ, այլ խոսքով ասած՝ Սեյրան Օհանյանին վերապահված է կատալիզատորի դեր։
Շարունակում է արդիական մնալ Սեյրան Օհանյանի և տարբեր գործիչների միավորման և համատեղ հանդես գալու թեման։ Ընդ որում, տարբեր աղբյուրներ, այդ թվում` իշխանամետ լրատվամիջոցներ, շրջանառում են ամենատարբեր անուններ։ Եվ այն տպավորությունն է, թե «Օհանյան&Co» գործընթացը հստակ նպատակ ունի՝ չեզոքացնել ոչ իշխանամետ ուժերի ազդեցությունը, «լղոզել» ընդդիմադիր դաշտը։
Սեյրան Օհանյանի գործոնը, բնականաբար, օգտագործվում է նաև ներՀՀԿական զարգացումների համատեքստում։ Իշխանական կուսակցության համամասնական ցուցակում ըստ ամենայնի դեռևս չեն հստակեցվել տարբեր քաղաքատնտեսական ազդեցության խմբերի դիրքերը։ ՈՒստի Սեյրան Օհանյանի շուրջ ուշադրության գերկենտրոնացումը ձեռնտու կարող է լինել խորհրդարանական ընտրությունների շեմին ներկուսակցական հարցերը լուծող հանրապետականներին, ինչու չէ՝ նաև Գագիկ Ծառուկյանին, ում քաղաքականություն վերադառնալու հարցը, ըստ երևույթին, դեռևս վերջնական որոշում չի ստացել։
ՈՒշագրավ է պաշտպանության նախկին նախարարի շփման ձևը հանրության հետ։ Ինչպես երևում է, նա նախընտրում է մարդկանց հետ հաղորդակցվելու վիրտուալ ձևաչափը։ Ֆեյսբուքը, փաստորեն, օգնում է Սեյրան Օհանյանին հեռու մնալու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից ու նրանց անհարմար հարցերից։ Քաղաքական գործունեության հայտ ներկայացրած գործիչը սոցցանցերով էլ հրապարակում է իր ելույթները, հղում իր ուղերձները։


Նման գործելաոճը նախկին զինվորականին հավանաբար խորհուրդ է տվել մասնագիտական PR խումբը։ ՈՒշագրավ է, որ քարոզչական այդ խումբը հայտնի է Սամվել Բաբայանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և նրանց շրջապատող խմբերի հետ համագործակցությամբ: Երիտասարդության, ինչպես նաև սփյուռքի հետ աշխատանքներում մեծ հույսեր են կապում նաև Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) «Միասնական Հայաստան» կազմակերպության ռեսուրսային հնարավորությունների հետ։ Արթուր Ալեքսանյանի պարագայում խոսքը նախ և առաջ ֆինանսական հնարավորությունների մասին է՝ հաշվի առնելով վերջինիս ազգակցական և այլ կապերը սփյուռքի հետ։ Այդ ռեսուրսները ներառում են նաև երիտասարդության շրջանում հայաստանյան շոու-բիզնեսի հանրահայտ ներկայացուցիչների։ Բացի այդ, սերտ կապեր կան սփյուռքի ճանաչված արվեստագետների հետ (Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանկյան և այլք): Եվ այս ռեսուրսներն օգտագործելով՝ կարելի է որոշակի տրամադրություններ ստեղծել ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդության շրջանում: Թեպետ մյուս կողմից հայտնի է, որ այդ շոու-բիզնեսի ներկայացուցիչները բավականին կախյալ են իշխանությունից և ընդհանուր առմամբ վերահսկելի են:


Վերադառնալով Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության առաջին քայլերին՝ նկատենք, որ դրանք, ըստ որոշ կարծիքների, շատ նման են Սամվել Բաբայանի քաղաքական վարքագծին և ինչ-որ չափով իմիջային առանձնահատկություններին։ Երկուսն էլ ունեն մարտական անցած ճանապարհ, հետպատերազմյա զինվորական գործունեություն, իշխանությունից անցում ընդդիմադիր ճամբար։ Այս համատեքստում, թերևս, պատահական չեն տեղեկատվական արտահոսքերը, թե Սամվել Բաբայանն իր աջակցությունն է ցուցաբերելու պաշտպանության նախկին նախարարին։
Շարունակելով Սեյրան Օհանյանի կերպարային առանձնահատկությունների թեման՝ նշենք, որ այն ունի ինչպես ակնհայտ դրական, այնպես էլ ակնհայտ և ոչ ակնհայտ բացասական նախադրյալներ, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ նրա քաղաքական կարիերայի վրա։


Անդրադառնանք նախ դրական գործոններին: Օհանյանը՝ որպես բարձրաստիճան զինվորական, ի տարբերություն գեներալի ուսադիր կրողներից շատերի, հանրության կողմից ընկալվում է որպես քաղաքակիրթ անձնավորություն և ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ զինվորական գործիչ: Սեյրան Օհանյանն ունի Արցախի հերոսի կոչում, ինչը բնորոշիչ է և, անկասկած, արժանի հարգանքի։ Այսպես կոչված տուժածի կերպարը նույնպես կարող է գործել հօգուտ նրա։ Բանն այն է, որ հասարակության մի ստվար զանգված կարեկցանքով է վերաբերվում իր ընկալմամբ նման կարգավիճակում հայտնվածների նկատմամբ:
Ի տարբերություն դրական գործոնների, նրա կերպարի վրա անդրադարձող բացասականները շատ ավելի են։ Սեյրան Օհանյանն ունի խոցելի կետեր։ Եվ առաջին հերթին պետք է դիտարկել այն, որ հայաստանյան, իսկ մինչ այդ նաև արցախյան իշխանական վերնախավում նրա բազմամյա ներկայությունը հասարակության լայն շրջանակներում ուղղակիորեն ասոցացվում է իշխանության վերնախավի հետ։ Եվ գոնե մոտ ապագայում նրան դժվար կլինի ձերբազատվել իշխանության մարդ լինելու պիտակից, և բողոքական ընտրազանգվածին համոզել հակառակը։ Առավել ևս, որ Սեյրան Օհանյանը համարվել է ՀՀ նախագահի մերձավոր շրջապատի մարդ։ Ընդ որում, կար ժամանակ, երբ նա դիտարկվում էր որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ։ Ս. Օհանյանը կարծես թե հասցրել էր բավականին «ընտելանալ» այդ մտքին և նույնիսկ այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքներ էր իրականացնում: Այս հանգամանքը, իհարկե, նրան կհիշեցնեն:
Ի դեպ, երբեմն Սեյրան Օհանյանի անձը բավականին խոցելի է դարձնում նաև նրա կնոջ հասարակական-քաղաքական ակտիվությունը սոցիալական ցանցերում ծավալած գործունեությամբ, ինչը ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթարկվում:
Պաշտպանության նախարարի անձի վրա բացասական է անդրադառնում նաև ապրիլյան պատերազմը, ինչը բացահայտեց բանակում առկա բազմաթիվ խնդիրներ։ Այս համատեքստում բարձրացվում է նաև նրա սեփականության խնդիրը։ Այս ամենին գումարվում է նաև նրա քաղաքական և հրապարակային բանավեճերի անփորձությունը։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Սեյրան Օհանյանը քննադատության և կոմպրոմատների պակաս չի ունենալու, ինչի դրսևորումներին արդեն իսկ ականատես ենք։ Նրա՝ որպես քաղաքական գործչի մեկնարկային հնարավորությունները բավականին համեստ են։


Իսկ ի՞նչ քաղաքական միավորումներում է նշմարվում Սեյրան Օհանյանը։ Նախ և առաջ դիտարկվում է Սեյրան Օհանյան-«Միասնական Հայաստան»-«Համախմբում» (Վարդան Օսկանյան)-«Երրորդ Հանրապետություն» (Վիկտոր Դալլաքյան) միավորումը: Այս ձևաչափին հակված է միանալու Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն, որոշ տարբերակներում նշվում է նաև Լ. Տեր-Պետրոսյանի «պարտվողական» ելույթից հիասթափված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Որոշ փորձագետներ նկատում են, որ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ դաշինքին միանալու շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ընդհանրապես այս նախագծի շուրջ նկատելի է ռուսաստանյան որոշ շրջանակների շահագրգռվածությունը։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այս հարցի շուրջ ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի ակտիվության մասին: Ի դեպ, ինչպես միշտ քննարկվում է նաև երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորվող դաշինքում քողարկված մասնակցության տարբերակը: Բացի արդեն «ավանդաբար» քոչարյանական համարվող դեմքերից որոշ աղբյուրներ նշում են նաև օհանյանական դաշինքում քողարկված, բայց ակտիվ դերակատարում ունեցող Ռ. Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի գործոնը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի հնարավոր գործընկերները նունպես, մեղմ ասած, «անբիծ» չեն և չափազանց խոցելի են քննադատության տեսակետից: Բավական է հիշատակել թեկուզ Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալի գործունեությունը:
Դատելով վերջին զարգացումներից՝ կարող ենք փաստել, որ Սեյրան Օհանյանի շուրջ նշմարվում է բավականին լայնասպեկտր դաշինք, որը լայնաշերտ է թե՛ կառուցվածքի, թե՛ արտաքին քաղաքական խաղացողների առումով։ Սակայն հարց է՝ արդյո՞ք այդ դաշինքը ԱԺ ընտրություններում կկարողանա հաղթահարել անհրաժեշտ 7 տոկոսի շեմը։ Մանավանդ որ դեռևս անհայտ է Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Վերջինիս քաղաքականություն մուտք գործելու պարագայում չի բացառվում ընդդիմադիր շատ ուժերից, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի դաշինքից, քվեների արտահոսք դեպի ծառուկյանական ուժ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ