ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Երբ Դմիտրի Պեսկովը փորձում է «խաբել» Վլադիմիր Պուտինին

Երբ Դմիտրի Պեսկովը փորձում է «խաբել» Վլադիմիր Պուտինին
13.01.2017 | 00:48

«Meждународная пилорама» հումորաշատ հեռուստատեսային շոու-ծրագրերից մեկի ժամանակ, որը վարում է մեր հայրենակից Տիգրան Քեոսայանը, հյուրը՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատմեց մի դրվագի մասին՝ առնչված իր ղեկավարի հետ փոխհարաբերություններին: Նախապես նա «իրազեկեց», որ զանազան միջազգային հանդիպումների ու միջոցառումների ժամանակ ինքը փակում է աչքերը «առավելագույնս կենտրոնանալու» և Պուտինի խոսքերի իմաստը ավելի լավ հասկանալու համար: Ահա և, երբ Պուտինը հռչակում էր Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձը, հեռուստախցիկը Պեսկովին բռնել էր… աչքերը փակ նիրհելիս: Ելույթն ավարտելուց երկու ժամ հետո Պուտինը զանգահարում է նրան և հարցնում, թե ինչ տպավորություն թողեցին այս կամ այն պահերը, շեշտադրումները:


-Հոյակապ էր, Վլադիմիր Վլադիմիրովիչ,- պատասխանել է Պեսկովը, ուղիղ նշանակետին խփեցիք,- լսարանն էլ ճիշտ ընկալեց:
Փոքր-ինչ լռելուց հետո շեֆը իրեն բնորոշ կիսահեգնական տոնով հարցրել է.
-Իսկ Դուք որտեղի՞ց գիտեք, Դմիտրի Սերգեևիչ, Դուք ամբողջ ժամանակ քնած էիք:
-Եվ Դուք ի՞նչ վիճակում հայտնվեցիք,- սադրիչ տոնով հարցրեց Քեոսայանը:
-Մեռած էի, թաղած չէի,- երևի այսպես կարելի է թարգմանել Պեսկովի «суицидальное состояние» արտահայտությունը:
Գուցե այլ պարագայում մի այլ ղեկավար անմիջապես աշխատանքից ազատեր իր «քնկոտ» ենթակային: Սակայն Պուտինը երբեք չի մանրանում և իր աշխատակիցներին նայում է գերազանցապես նրանց պրոֆեսիոնալ պիտանիության տեսակետից:


Պարզ է, որ Պուտինը բարձր է գնահատում իր մամլո խոսնակի աշխատանքը: Բարձրակարգ պրոֆեսիոնալ, որին վստահված է մեկնաբանել պետության ղեկավարի պաշտոնական դիրքորոշումները, նրա անունից հանդես գալ տեղացի և օտարերկրացի լրագրողների հետ հանդիպումների ժամանակ և այլն: Իր ղեկավարի պես նա ևս չի խուսափում սուր, վիճելի, սադրիչ հարցերից: Խոսում է անբռնազբոսիկ, առանց շաբլոնի, առանց կեղծ պաշտոնական կեցվածքի, եթե կա անհրաժեշտություն, կարող է տալ նույնքան սուր պատասխաններ: Բավականին հաճախ է «ինքնուրույն» հանդես գալիս հեռուստատեսությամբ, ռադիոյով, ամենատարբեր միջոցառումների ժամանակ: Բանը հասել այնտեղ, որ լրագրողները նրա միջոցով են ուզում «պեղել» նախագահի անձնական կյանքի մանրամասները, ինչպես է նա անցկացնում իր աշխատանքային օրը և այլն:


Նույն ոճով է աշխատում նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Եթե Պուտինը շատ ավելի անմիջականորեն է արտահայտվում, ապա Սերգեյ Լավրովի մեջ գերակշռում են դիվանագիտական ձևակերպումները, որոնք էլ «վերծանում է» Զախարովան: Նույնքան հրապարակային է, որքան Պեսկովը: Զախարովային շատ հաճախ է իր հաղորդումներին հրավիրում ճանաչված հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը: Հեռուստադիտողները լայն պատկերացում են կազմում ընթացիկ ամենատարբեր քաղաքական իրադարձությունների մասին:


Եվ, առհասարակ, Ռուսաստանի քաղաքական կյանքին բնորոշ է հրապարակայնությունը: Եթե ոչ ամեն օր, ապա պարբերաբար իրենց խնդիրների մեկնաբանություններով հանդես են գալիս նույնիսկ ուժային գերատեսչությունները: Եվ սեփական քաղաքացիների հետ անմիջական շփման այս պրակտիկայի սկզբնավորողը, իհարկե, Վլադիմիր Պուտինն է: Լրագրողների հետ նրա վերջին՝ 12-րդ ուղիղ հեռուստահանդիպմանը ներկա էր լրատվամիջոցների 1400 ներկայացուցիչ:
Ինչի համար է ասվում այս ամենը: Դիտում ես Հայաստանի հեռուստաալիքները, ծանոթանում մամուլին և հազվադեպ ես հանդիպում Հայաստանի նախագահի ու արտգործնախարարության մամլո խոսնակների ելույթներին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հայաստանցի լրագրողների մի մասը իրենց այս գործընկերներին չի էլ ճանաչում, նույնիսկ դեմքով: Խոսքը չի վերաբերում այս անձանց պրոֆեսիոնալ մակարդակին, բնավ, հնարավոր է, որ նրանք էլ բարձրագույն կատեգորիայի մասնագետներ են: Սակայն նրանք զոհն են այն հակազգային մթնոլորտի ու մտայնության, որ ռուսական թերթերից մեկը բնորոշել էր հետևյալ կերպ՝ Հայաստանի ղեկավարությունն ապրում է իր կյանքով, ժողովուրդը՝ իր: Նման պարագայում շատ բան չես լուսաբանի: Վտանգավոր է: Կարելի է նույնիսկ արդարանալ, թե Հայաստանը փոքր պետություն է, և խնդրահարույց իրադարձություններ շատ տեղի չեն ունենում: Բայց պետք չէ կույր ձևանալ ու չտեսնելու տալ այն բազում հարցերը, որ կուտակվել են հայ հասարակության մեջ, և որոնց պատասխանները նա վաղուց չի ստանում: Իրազեկման կոչվածները պարզապես լռում են:


Լրագրողների հետ վերոհիշյալ ուղիղ հեռուստահանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը միջոցառումը վարող իր մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին բարեկամաբար դիտողություն արեց, որ նա ճիշտ չի վարվում, հարց տվողների մեջ նախապատվությունը տալով «կրեմլամետ» լրագրողներին:
Հայաստանում նման բան հնարավո՞ր է:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ