Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ի ճակատագրական սխալը

ԱՄՆ-ի ճակատագրական սխալը
13.01.2017 | 00:57

Հայաստանի համար առաջնայինը բնակչության անվտանգության ապահովումն է: Աշխարհաքաղաքական ընդգրկուն հարցերի, դրանցում Միացյալ Նահանգների բացասական դերակատարության և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Արդեն տևական ժամանակ է, ԱՄՆ-ը և Եվրամիության նրա դաշնակիցները տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Եթե այս իրողությունը դիտարկենք իրադարձությունների ավելի լայն համատեքստում, ապա ինչի՞ մասին է վկայում այն, Ռուսաստանն ի՞նչ մարտահրավերների է ստիպված դիմակայում:
-Այո, ավելի քան երկու տարի է, ինչ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառում են տնտեսական պատժամիջոցներ։ Նշենք, որ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները «ռազմական գործողությունների» մի մասն են, որոնք ուղեկցվում են տեղեկատվական և հոգեբանական պատերազմի տարրերով։
Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունն արտահայտվում է Սիրիայում։ Հենց Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, սատարելով Ասադի կառավարությանը, պաշտպանում են Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը այն ժամանակ, երբ այն փորձում են վերածել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքի։ Անհերքելի է այն փաստը, որ Թուրքիան օժանդակում է «Ջեբհադ ան-Նուսրային» և նրան կից ահաբեկչական խմբավորումներին, նրանց ապահովելով ռազմական, ռազմաքաղաքական, ֆինանսական, նյութական և բարոյական ռեսուրսներով։ Անհերքելի է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Կատարը սիրիական արկածախնդրության գլխավոր խաղացողներից են։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն, Վարշավյան պայմանագրի լուծարումից հետո, առավելագույնս մոտեցել է Ռուսաստանի սահմաններին, տեղակայելով լրացուցիչ ռազմական ուժեր Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, այդ թվում՝ հակահրթիռային համակարգեր Ռումինիայի և Լեհաստանի տարածքներում։
Զինված պետական հեղաշրջման արդյունքում ՈՒկրաինայում իշխանության եկած ռեժիմը ամբողջությամբ սպասարկում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում, իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը կարող է վերածվել ֆիզիկական հաշվեհարդարի ՈՒկրաինայի ռուսալեզու բնակչության նկատմամբ, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և դրանց կայուն զարգացման օգտին։
Ավելին ասեմ. Լուգանսկի և Դոնեցկի շրջանների «ազատագրման» պատրվակով, ստանալով հրաման իրենց անդրօվկիանոսյան տերերից և հովանավորներից, ՈՒկրաինայի զինված ուժերը կարող են սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ռուսաստանի դեմ։
-Կարելի՞ է եզրակացնել, որ ԱՄՆ-ը նպաստում է նոր ռազմական հակամարտությունների առաջացմանը:
-Այս ամենի հետ մեկտեղ, Միացյալ Նահանգներն առանձնապես չի էլ թաքցնում իր մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ։ Առանց մեկնաբանությունների, մեջբերեմ Պենտագոնի բարձրաստիճան զինվորականի հայտարարություն-սպառնալիքը։
2016 թ. հոկտեմբերի սկզբին Պենտագոնում սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել գեներալ Մարկ Միլլին՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբի պետը։ Ինչպես գրում է «The Independent»-ը, նա հայտարարել է, թե «ԱՄՆ հզորության մասին» խոսքերը ուզում է հասցնել նրանց, ովքեր պլաններ են մշակում վնասելու «ամերիկացիներին, ամերիկյան ապրելակերպին և ԱՄՆ-ի դաշնակիցներին»:
«Ես ուզում եմ, որ լավ հասկանան նրանք, ովքեր ուզում են մեզ վնասել։ Ես ուզում եմ, որ ինձ լավ հասկանան նրանք, ովքեր ուզում են ոչնչացնել մեր և մեր դաշնակիցների ապրելակերպը»։
Նա հայտարարել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնածավալ պատերազմի հավանականության մասին։ Միլլին ասել է, որ նման ռազմական հակամարտությունը գործնականում «երաշխավորված է»։
ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ջոզեֆ Անդերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների առջև ծառանում են սպառնալիքներ ագրեսիվորեն տրամադրված պետությունների կողմից։ «Ո՞Ւմ է սա նման։ Ռուսաստանի՞ն»,- հարցրել ու պատասխանել է նա։
ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը նշել է, որ կա Չինաստանի հետ հակամարտության մեծ հավանականություն։ Ինչպես նշել է գեներալ Վիլյամ Հիքսը, Ռուսաստանի և Չինաստանի տեխնոլոգիական ձեռքբերումները ստիպեցին Միացյալ Նահանգներին պատրաստվել բռնություններին, որոնք վերջինս չի տեսել Կորեայի պատերազմից հետո։ Գեներալը կարծում է, որ սովորական հակամարտությունը մոտ ապագայում կլինի մահաբեր և արագ։
Այսպիսով, ԱՄՆ-ն իրականացնում է այնպիսի ռազմական քաղաքականություն, որի շրջանակում Ռուսաստանը դիտվում է որպես գլխավոր թշնամի։ Սակայն Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգները թույլ տվեց մի ճակատագրական սխալ, քանի որ թերագնահատեց Ռուսաստանի տնտեսական ներուժը, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու ունակությունը և ռուս ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակը։
-Ըստ Ձեզ, Միացյալ Նահանգների կատարած քայլերի առնչությամբ Ռուսաստանի պատասխանն ի՞նչ արտահայտություն ունի և կունենա:
-ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գրոհները և սպառնալիքները, որպես կանոն, չեն մնում առանց պատշաճ ուշադրության։
Այսպես. համեմատաբար վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Պետական դումայի քննարկմանը ներկայացվեց պլուտոնիումի վերամշակման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը, նշելով Միացյալ Նահանգների կողմից իրենց պարտավորությունների չկատարման փաստը։ Ռուսաստանը դադարեցրեց այդ համաձայնագրի կատարումը։
Օրենքի նախագիծը հետաքրքիր է հատկապես թվարկած պայմանների ցանկով, ավելի շուտ հիշեցնելով վերջնաժամկետի ներկայացում, քան սովորական օրենքի նախագիծ։
. Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայված Միացյալ Նահանգների ռազմական ուժերի կրճատում, որոնք տեղակայված են այն երկրների տարածքում, որոնք անդամակցել են ՆԱՏՕ-ին 2000 թ. սեպտեմբերի 1-ից հետո:
. Հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականությունից, որը պետք է արտահայտվի.
ա) ԱՄՆ 2012 թ. օրենքի չեղարկմամբ («Սերգեյ Մագնիտսկու օրենք») և 2014 թ. Ռուսաստանի դեմ և ՈՒկրաինայի ազատության սատարմանն ուղղված օրենքի դրույթների չեղարկմամբ,
բ) Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացմամբ,
գ) պատժամիջոցների պատճառով կրած կորուստների փոխհատուցմամբ, ներառյալ ԱՄՆ-ի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցների կիրառման պատճառով առաջացած կորուստները։
. ԱՄՆ-ի կողմից պլուտոնիումի վերամշակման հստակ պլանի ներկայացում, որը նախատեսված է պայմանագրով:
-Անդրադառնանք նաև ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների դերակատարությանը և այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են նրանք:
-Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան: Այստեղ առաջնային է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու հարցը, քանի որ տարածաշրջանի գլխացավանքն է ծայրահեղ իսլամիստների կենտրոնացումը Աֆղանստանում և հարակից մյուս մուսուլմանական երկրներում, որոնք արդեն տասնյակ տարիներ քողարկված կերպով գտնվում են այդ տարածաշրջանում։
Իսլամական խալիֆաթի ստեղծման կողմնակից ծայրահեղականները իրական սպառնալիք են հարևան պետությունների համար իշխանության փոփոխության, ժողովուրդներին շարիաթի օրենքների պարտադրման առումով, հետագայում Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով։
Բելառուս. Այն սահմանակից է արևմտամետ ուղղվածություն ունեցող ՈՒկրաինայի, Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ։ Ռուսաստանի համար Բելառուսը առանցքային գործընկեր է ռազմական և անվտանգության ոլորտում։ Ակնհայտ է, որ Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ռազմական ագրեսիայի դեպքում առաջին հարվածը, ինչպես և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, կընդունի Բելառուսը։
-Ի՞նչ կարող եք ասել ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին:
-Հայաստանի համար առաջնային խնդիր է բնակչության անվտանգության ապահովումը, քանի որ Ադրբեջանը չի բացառում ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծումը ռազմական ճանապարհով։ Ադրբեջանի համար զսպաշապիկ են մարտավարական «Սկադ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են Հայաստանի զինված ուժերի զինանոցում։
Հայաստանի մյուս հարևանը՝ Թուրքիան, Սիրիայում «Իսլամական պետության» վերջին ռազմական պարտություններից, ինչպես նաև չհաջողված ռազմական հեղաշրջումից հետո ձգտում է լավացնել ընդհատված հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, մինչ օրս, հայ-թուրքական և վրաց-թուրքական սահմանին կենտրոնացրել է 300 000 զինվոր, ի դեմս իր 3-րդ դաշտային բանակի, որի մարտական խնդիրը Հայաստանի և Վրաստանի գրավումն է։ Թուրքիայի կայսերական նկրտումները չեզոքացվում են Հայաստանի` Ռուսաստանի ատոմային հովանոցի պաշտպանության ներքո գտնվելու հանգամանքով։


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5246

Մեկնաբանություններ