Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոհեր ժողովրդի և պիղատոսների մասին

Խոհեր ժողովրդի և պիղատոսների մասին
13.01.2017 | 01:14

Ամեն տարի Փրկչի լույս աշխարհ գալու օրվա առթիվ մեծ սիրով դիտում եմ տարբեր հեռուստաալիքներով Տիրոջ մասին ցուցադրվող ցանկացած ֆիլմ: Որքան էլ դիտես այդ ֆիլմերը, երբեք չես հոգնի, և դիտումն էլ ամեն անգամ նորանոր խոհեր է առաջացնում, փիլիսոփայական մտքեր, սկսում ես յուրովի դատել մարդ-անհատի, ժողովրդի մասին: Ահավոր է դիտել Քրիստոսին խաչելության տանելուց առաջ սկսվող պատժի շարանը: Որքան սարսափելի, անմարդկային են այդ կադրերը, այնքան խոր ես սկսում ատել սինագոգ կոչված հոգևորականների ողջ էությունը, որքան տառապում է Քրիստոսը հռոմեացի զինվորի մտրակի դաժան հարվածներից, այնքան պայծառանում էին հրեա հոգևորականների դեմքերը, չերևացող նրանց հոգու խորքից կարծես խինդ ու զվարճանք էր հորդում:

Քրիստոսին դատելու օրվանից այս աշխարհում հիմք է դրվել անարդարությունների շարանին, այդ դատավարությամբ ապացուցվում է, որ մարդ դատավորը երբեք չի կարողացել և չի էլ կարող արդար դատավճիռ կայացնել, եթե այդ վճռով սասանվելու է տիրող դասակարգի փոքրիկ շահն անգամ: Պիղատոսը հռոմեացի բարձրաստիճան պաշտոնյա էր կամ, ինչպես դիմում էին նրան, պրոկուրատոր: Պրոկուրատորը համոզված էր Քրիստոսի անմեղության մեջ և դա բացահայտ ասում էր սինագոգի բարձրաստիճան հոգևորականներին (անգամ չանսաց կնոջ հորդորներին, չազատեց Քրիստոսին) և նրանց դժգոհությունից խուսափելու համար, ինչը կարող էր հանգեցնել խռովության, հրաժարվեց ինքնուրույն վճիռ կայացնելուց և այդ վճռի կայացումը հանձնեց… ժողովուրդ կոչված զանգվածին, հաստատ համոզված լինելով, որ այդ զանգվածը չէր կարող արդար դատավճիռ կայացնել: Եվ եղավ այն, ինչ եղավ: Ժողովուրդը ձայնակցեց հանցագործ Բարաբբայի ընկերների կոչին, բղավելով. «Ազատություն Բարաբբային, մա՛հ Քրիստոսին»:

Պիղատոսը լվաց ձեռքերը և կարող էր հանգիստ ասել` այդ ես չեմ դատապարտել մահվան անմեղ մարդուն, այլ ժողովուրդը: Նման պիղատոսներ առայսօր լիքն են աշխարհում , որոնք միշտ էլ անարդար դատավճիռներ են կայացնում, բայց, ի տարբերություն Պիղատոսի, ժողովուրդ կոչված հանրության առջև ձեռքերը ցուցադրաբար չեն լվանում: Պիղատոսը ժողովրդի առջև գոնե ցուցադրաբար փորձում էր արդար երևալ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Տիրոջ խաչելության օրվանից արդյո՞ք շատ բան է փոխվել աշխարհում՝ կմտածի սովորական մարդը: Մինչդեռ խոր մտածող մարդու համար պարզից էլ պարզ է՝ փոխվել է միայն վճռի կայացման ձևը, բովանդակությունը մնացել է նույնը: Եվ դա է մարդկության հարատև ճակատագիրը:

Դիտվել է՝ 3752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ