Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի կարողանում հինգերորդ շարասյուն ձևավորել»

«Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի կարողանում հինգերորդ շարասյուն ձևավորել»
13.01.2017 | 01:17

Նախընտրական խմորումները շարունակվում են։ Եթե իշխանության ցուցակում լինել-չլինելու, կենաց-մահու խնդիրն է լուծվում, ապա ընդդիմադիր դաշտը մի քանի քայլ հետ է, այստեղ դեռ չեն կողմնորոշվել ինչպես և «ումով» են գնալու ընտրությունների։ Նախընտրական այս փուլի վերաբերյալ «Իրատեսին» իր գնահատականը ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ։

-Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն քաղաքական ուժերը, մասնավորապես ընդդիմադիրները, չեն շտապում իրենց ծրագրերում հստակություն մտցնել։ Ինչո՞ւ տևական ժամանակ քննարկման թեմա դարձած համախմբումները չեն կայանում։
-Հայաստանը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ օբյեկտիվ հիմքեր ունի։ Չկան քաղաքական կուսակցություններ։ Այսօր այդ միավորումները չեն ստացվում այն պարզ պատճառով, որ քաղաքական կուսակցությունների անվան տակ գործում են շահերով առաջնորդվող խմբեր, որոնց հետաքրքիր են կլանի շահը, խմբիշխանությունը, Հայաստանի քաղաքական բեմահարթակում տեղ զբաղեցնելը։
-Չկայացածությո՞ւնն է պատճառը, որ ընդդիմադիրները չեն կարող միայնակ մասնակցել ընտրությունների և գերադասում են դաշինքներ կազմել, որպեսզի գոնե անցողիկ շեմը հաղթահարեն։
-Հայաստանը կուսակցությունների խնդիրը լուծեց մինչև 2000 թվականը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարվածեց դաշնակցությանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ կուսակցությունները կապեց կերակրամանին։ Դասակարգային հարաբերությունները խճողվեցին, ու Հայաստանում դադարեց կուսակցական համակարգի կայացումը։ Առանձին չգնալու պատճառը և՛ չկայացածությունն է, և՛ ֆինանսական խնդիրը։ Ակնհայտ է, որ մեզանում քաղաքական մարքեթինգը և մենեջմենթն իրական բովանդակությունից կտրվել են և առուծախի են վերածվել։ ՈՒմ կուզենայինք տեսնել ընդդիմադիր հարթակում, այդ ֆինանսական ռեսուրսը չունեն։
-Ո՞Ւմ նկատի ունեք։
-Դեռ անցած ընտրություններին նկատել էի, որ առաջացել է դեմոկրատական ուժերի համախումբ, որն այս տարիներին հարվածներ ստացավ ու չի կարողանում ոտքի կանգնել։ Այսօր հարթակում հստակ նշմարվում է երկու ուժ՝ ՀՀԿ-ն, որտեղ հավաքված է Հայաստանի գործարար ու քաղաքականապես հասուն հատվածը (անկախ կլանների առկայությունից), երկրորդ բևեռը ԲՀԿ-ն է, որի վարքագիծն անհասկանալի է դառնում։ Եթե ես լինեի ՀՀ նախագահը, հանուն Հայաստանի շահերի, ԲՀԿ-ի համար ընտրություններին մասնակցելու նպաստավոր պայման կստեղծեի, որպեսզի քաղաքական դաշտում հստակ տարանջատում լինի։
-Փաստորեն, իշխանությունը վերահսկելի ընդդիմությո՞ւն պետք է ստեղծի։
-Այո, եթե պետությունները լավ իշխանություն են ունենում, վերահսկվող ընդդիմության հետ լավ պետություն են ստեղծում։ Վերահսկելը վատ բան չէ, եթե ազգային շահերը համընկնում են։ Եթե այս երկու ուժերը խաղի մեջ մտնեն, հասարակությունը կբևեռանա, կստեղծվի կարծիքների բախում, ինչից կշահի պետությունը։
-Բացի այս ուժերից, դիտարկենք նաև մյուս ուժերի հնարավորությունները, մասնավորապես ՀՅԴ-ի։
-ՀՅԴ-ն դադարել է քաղաքական կառույց լինելուց և դրսևորում է շահերի խմբի գործելաոճ։ Դաշնակցությունը, ըստ կանոնագրի և ծրագրի, ազգային և սոցիալիստական կուսակցություն է։ Ազգայինից հայտնի չէ՝ ինչ է մնացել, հիմա բոլորն էլ իրենց ազգային են համարում՝ ՀՀԿ-ից սկսած։ Իսկ սոցալիստական գաղափարախոսությունը ՀՅԴ-ն «լավագույն» ձևով մոռացել է։ Այն դեպքում, որ նա պետք է սոցիալիստական ուժերին համախմբեր, ինչպես Ֆրանսիայի սոցիալիստները, Անգլիայի լեյբորիստները, մինչդեռ գրկել է հանրապետականներին ու չի ուզում բաժանվել։ Այստեղ պետք է հիշել իտալացի քաղաքագետ Միխելսի ապացուցված օրինաչափությունը, որ կուսակցությունների քաղաքական ղեկավարությունները, տևական ժամանակ չունենալով ակտիվ գործունեության ցանկություն, օլիգարխանում են։ ՀՅԴ-ն, անկասկած, օլիգարխացած կառույց է, այսինքն՝ ավելի շատ նման է նրանց, քան իրեն։ Սա օրինաչափություն է և կոչվում է «օլիգարխիայի երկաթե օրենք»։
-Ընդդիմադիր դաշտում արդեն կա մեկ դաշինք, խոսքը «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների մասին է։ Այս միավորումից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։
-Նրանք, ովքեր պլանավորում են ընտրությունները, հայաստանյան մոտեցմամբ տիրապետում են քաղտեխնոլոգիաներին, այն է՝ կարճ ժամանակի համար հաշվել, հանկարծակիի բերել և խմբիշխանության շահերն իրագործել։ Սա իրենց համար շատ լավ է, իսկ պետության համար՝ շատ վատ։ Եթե նրանք կարողանան կարճ ժամանակահատվածում վարկանիշ ձեռք բերել և ընտրազանգված ապահովել, կարելի է ասել, որ արդյունքի կհասնեն։
-Մեկ այլ բևեռի շուրջ առայժմ դեռ խոսակցություններ կան. պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է մտադիր քաղաքականությամբ զբաղվել և համախմբել իր շուրջը ընդդիմադիրներին։ Նա հաջողելու հնարավորություն ունի՞։
-Նախ՝ Սեյրան Օհանյանը պետք է բացատրի ապրիլյան պատերազմում 100 զինվորի զոհվելու պատճառները։ Պիտի հասկանանք, չէ՞, թե ինչ կատարվեց բանակում, ինչու այդքան զոհեր ունեցանք, ինչու է բանակն այդքան կոռումպացված։ Նա սպայի ուսադիրի պատվից է խոսում, բայց մի բան պիտի ասեմ. չտեսանք, որ որևէ հրամանատար, ով ձախողել է, ինքնասպան լինի։ Օրինակ, առաջին հանրապետության տարիներին, երբ Կարսը հանձնեցին, ինքնասպան եղան։ Սպայի պատիվը սա է նշանակում։ Բա մենք գոնե լսվածի չափով շատ բան ենք ձախողել։ Երևի շատ է ուզում լինել քաղաքականության մեջ ու ամեն ինչ կողքի է դրել։ Նրա՝ ընտրությունների մասնակցության մեջ լավ բան չեմ տեսնում, բայց, ըստ օրենքի, կարող է մասնակցել։ Ժողովուրդը շատ խոհեմ է, ամեն ինչ հասկանում է։
-Այսօր անհասկանալի վիճակում է նաև «Ժառանգություն» կուսակցությունը։ Անունը կա, ամանում չկա։
-Այդ կուսակցության կորիզն ափսոս է՝ Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան։
-Խոսակցություններ կան, որ նրանք դաշինքի կողմնակից են, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ ընտրություններին միայնակ գնալու։
-Ինչպե՞ս գնան, ֆինանսական ռեսուրսը բավարա՞ր է։ Առանց գումարի ընտրությունների գնո՞ւմ են։
-ՀԱԿ-ի առումով ևս անորոշությունը պահպանվում է։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս ուժից։
-Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի կարողանում հինգերորդ շարասյուն ձևավորել, քանի որ, երևում է, նրանց ոչ ոք չի ուզում միանալ։ Ի՞նչ է նշանակում Ղարաբաղի վերաբերյալ նրա զիջումային քաղաքականությունը։ ՀԱԿ համագումարի նրա ելույթում ոչ մի խոսք չկար ներքին իրավիճակի մասին, այսինքն, նա օլիգարխիայի հավատարիմ ծառան է։ Անթույլատրելի է այս ընտրարշավը վերածել Ղարաբաղի հարցի քննարկման։ Ճիշտ կլիներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո Ղարաբաղի իշխանությունները հայտարարություն տարածեին, որ Հայաստանում որևէ մեկը չփորձի Ղարաբաղի անունից վերլուծություններով զբաղվել, և արգելեին իրենց անունից հայտարարություններ անել։ Նախընտրական շրջանում պետք է միայն երկրի ներսի հարցերը քննարկել։
-ՕԵԿ-ի առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք։
-ՕԵԿ-ն արդեն մի բան արեց, փչացրեց «Հայկական վերածնունդ» անունը։ Էլ ուրիշ անուն չկա՞ր։ Կդժվարանամ նրա հարցում որևէ կանխատեսում անել։
-Քաղաքագետի Ձեր ինտուիցիան ի՞նչ է հուշում, ինչպիսի՞ նախընտրական ու հետընտրական իրավիճակ կունենանք։
-Առաջին անգամ է, որ դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի, որովհետև այնքան է ամեն ինչ խառնված, ընդդիմադիր դաշտն այնքան անուժ է դարձել, որ ինչ-որ բան մոդելավորելը բավականին դժվար է։ Չնայած սխալ եմ համարում հայաստանյան իրադարձությունները պայմանավորել դրսի ազդեցությամբ, բայց կարծում եմ, շատ բան կախված է լինելու Թրամփ-Պուտին համաձայնություններից ու հակադրություններից։ Եթե Թրամփը համաձայնի, որ Կովկասը մնա Ռուսաստանի ազդեցության գոտում, վատ է լինելու։ Եթե չհամաձայնի, ապա դրական տեղաշարժեր կլինեն։
-Այս ընտրություններո՞ւմ էլ դրսի ազդեցությունը մեծ է լինելու։
-Փոքր երկիր ենք, բնականաբար, ազդեցություն լինելու է։ Չնայած մեծ երկրներում ևս առանց դրա չի լինում։ Գերմանիայում կլինի դրսի ազդեցություն, Հայաստանում չի՞ լինի։ Ռուսներն ու ամերիկացիները դեռ միմյանց հետ հարցեր չեն պարզել ու շատ բան կախված է լինելու դրա արդյունքից։
-Երբ քաղաքական ուժերն այս վիճակում են, ընտրությունը լինելու է վատի ու վատագույնի՞ միջև:
-Գյուղը կքած է վարկերի բեռան տակ, սեփական առտնին հոգսերից բացի՝ այլ մտահոգություն չունի։ Համայնքներում ավագանիները դարձել են կառավարչական ապարատի ծառան՝ վայելելով դրա բարիքները, այլ խոսքով՝ «ներքևից» պահանջ չի ձևավորվում։ Ժողովուրդը քաղաքական պայքարի մեջ ոչ կա, ոչ էլ որևէ դերակատարություն ունի։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ