Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ելքը՝ «Այո, մենք արեցինք»

Ելքը՝ «Այո,  մենք արեցինք»
13.01.2017 | 01:30

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման Բոստոնում հրաժեշտի ելույթ է ունեցել. «Եթե 8 տարի առաջ ասեի, որ ԱՄՆ-ը կհաղթահարի մեծ դեպրեսիան, կվերակենդանացնի ավտոինդուստրիան, կմտնի աշխատատեղերի ստեղծման ամենաերկար փուլ, եթե ասեի, որ նոր գլուխ ենք բացում կուբացի ժողովրդի հետ, առանց մեկ կրակոցի վերջ կդնենք Իրանի միջուկային զենքի ծրագրին և կվերացնենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ոգեշնչողին, եթե ասեի, որ ամուսնության հավասարության կհասնենք և ևս 20 միլիոն մարդու համար բժշկական ապահովագրության իրավունք կապահովենք, դուք կարող էիք ասել, որ ամպերի վրա սավառնում ենք,- ասել է նա:- Երկիրը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ոչնչացվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչները։ ԱՄՆ-ը նոր էջ է բացել Կուբայի հետ շփումներում»։

Նա հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը՝ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշելով ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: Ելույթի ժամանակ Օբաման կրկնել է առաջին ընտրության կարգախոսը՝ «Այո, մենք կարող ենք», և ավելացրել՝ «Այո, մենք արեցինք»: Անդրադառնալով սպառնալիքներին՝ Օբաման նշել է. «ԻԼԻՊ-ը փորձում է սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք չեն կարողանա հաղթել ԱՄՆ-ին, քանի դեռ չենք դավաճանել մեր Սահմանադրությանն ու սկզբունքներին, որոնց համար պայքարում ենք: Ռուսաստանի կամ Չինաստանի պես մրցակիցները չեն կարող համեմատվել աշխարհում մեր ազդեցության հետ, եթե մենք ինքներս չհրաժարվենք դրանցից և չդառնանք ևս մեկ երկիր, որը հոշոտում է իր փոքր հարևաններին»:


Հունվարի 20-ին, երբ նա կհեռանա Սպիտակ տնից ու Սպիտակ տուն կմտնի Դոնալդ Թրամփը, երբ իշխանությունը դեմոկրատները կհանձնեն Հանրապետականներին, կգտնվեն մարդիկ, որ կվիճարկեն այս գնահատականները, դեռ Նիկոլո Մաքիավելին էր ասում, որ իշխանավորի առաջին անհրաժեշտությունը երախտամոռությունն է, թերևս նկատի ունենալով նրա անկախությունը: Ինչպիսի՞ նախագահ կլինի հանրապետական Դոնալդ Թրամփը, ոչ ոք չի հանդգնում կանխատեսումներ անել՝ էքսցենտրիկ միլիարդատերը ամեն ինչ արել է՝ անկանխատեսելի լինելու համար: Բայց որքան էլ անկանխատեսելի լինի ԱՄՆ նախագահը, ԱՄՆ քաղաքականությունը անկանխատեսելիություն իրեն թույլ չի տա: Կլինի՞ էլիտայի փոփոխություն, իհարկե: Արդեն եղել է: ՈՒ շարունակվելու է: Ընդունելի-անընդունելի, վիճելի, կասկածելի, կամայական, խելամիտ, արդարացված, անմիտ՝ ամեն ինչի չափանիշը լինելու է աշխատանքի արդյունքը:


Հայաստանում դա ոչ մեկին չի հետաքրքրում՝ պետականության քառորդ դարը անբավարար ժամանակ է՝ այդ չափանիշին հասնելու համար, մենք դեգերում ենք պաշտոնյաների հայտարարությունների, մտադրությունների, հայտարարագրերի, սխալների ու հայտնագործությունների լաբիրինթոսում: Հասարակությունը Հայաստանում երկփեղկված է՝ կեսը ԵԼՔ է որոնում, կեսը՝ ՄՈՒՏՔ: ԵԼՔ որոնում են իրավիճակն անընդունելի համարողները, որ հեռանկար են փնտրում պետության ու երկրի կտրվածքով, իրական անվտանգություն, կենսամակարդակի իրական փոփոխություն, խոստումից գործի անցում: ՄՈՒՏՔ որոնողները այդ ամենը տեսնում են իշխանություն դառնալու մեջ ու հավատում են ՀՀԿ-ի հավերժությանը իշխանական Օլիմպոսում՝ հնարավորինս նրա ճառագայթների տակ տաքանալու և սատելիտ դառնալու միջոցով: Բոլորն էլ ճիշտ են: Մտածողության տարբերություն է՝ կեսն ապրում է այսօրվա օրով, կեսը համոզված է, որ կյանքն այսօր չի վերջանում: Չորոնենք նրանց սահմանը, չանվանենք մեծամասնություն ու փոքրամասնություն: Իշխանությունն ունի լծակներ ու գործադրելու է որքան և որտեղ կարողանա: Մեծամասնության ու փոքրամասնության սահմանն անցնում է մեզնից յուրաքանչյուրի միջով: ՈՒզո՞ւմ ենք փոփոխություն՝ բոլորովին այլ վարքագիծ կունենանք, հաշտվե՞լ ենք եղածին ու չենք հավատում փոփոխության՝ բոլորովին այլ է լինելու մեր վարքագիծը:

Գործնականում թե իշխանությունը, թե ընդդիմությունը ունեն նույն խնդիրը՝ մարդկանց մտածողության վրա ներգործելը: Եթե առաջին հայացքից իշխանության հնարավորությունները բազմապատիկ են՝ քարոզչամիջոցներ, հաղորդակցության անսահմանափակ տարբերակներ, վարչական մեթոդներ, ընդդիմության հնարավորությունը մեկն է ու անհերքելի՝ կյանքը, այսպես չի ապրվում: Գիտակցելուց գործողության անցնելն ամենաբարդ խնդիրն է, որ բախվում է շահերի ու հեռանկարների հաշվարկին, պատահականության ու պրագմատիզմի, ներքին ու արտաքին ազդեցությունների հաշվեկշռին: Հենց այդ հաշվարկին, ոչ թե ժողովրդին ապավինելը որևէ ընդդիմադիր ուժի թույլ չի տվել հայտարարել՝ «Այո, մենք դա արեցինք»:


Ի՞նչ պիտի իմանա միջին վիճակագրական ընտրողը Հայաստանում:
1. Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Իշխանությունը սկսում է ինքնափլուզվել, երբ միջոցից դառնում է նպատակ, նպատակից՝ ինքնանպատակ:
2. Սահմանադրության փոփոխությունից հետո ԱԺ ընտրությունները ինքնաբերաբար ստացել են նախագահական ընտրության կարգավիճակ՝ ընտրված խորհրդարանն է հետո նախագահ ընտրելու, որն այլևս չի ունենալու ներկա իրավասությունները: Ընտրված խորհրդարանն է ընտրելու վարչապետ, որ խորհրդարանական կառավարման պարագայում թիվ 1 պաշտոնյան է: Հայաստանում՝ 2018-ից հետո:
3. ՀՀԿ-ն ընտրությունների գնալու է մենակ, բայց ունենալու է սատելիտ կուսակցություններ անվանական ընդդիմության մեջ, որ իրականում, ինչ էլ իրենց անվանեն, ընդդիմություն չեն, այլ իշխանահետ կուսակցություններ:
4. Պետք չէ ոչ նրանցից, ոչ իրական ընդդիմությունից պահանջել միավորվել: Կեղծ միավորումները իշխանության գլխավոր զենքն են դառնալու ընտրությունների ժամանակ՝ թե ձայները փոշիացնելու, թե գործող Ընտրական օրենսգրքով իրենց ձայներին բոնուսներ ավելացնելու, թե հետընտրական զարգացումները կանխելու համար:
5. ՀՀԿ-ի ներսում բարդ խաղ է գնում՝ կուսակցությունը 2018-ից առաջ էլ կողմնորոշման խնդիր ունի՝ ո՞ւմ հետ է՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Նրանք ի վերջո դեմ հանդիման են հայտնվելու, ու մեկի հեռանալն ավելի հավանական է, քան երկուսի էլ քաղաքական ասպարեզում մնալը՝ ռեալ իշխանությամբ: Կա, իհարկե, մեկի վարչապետ, մյուսի նախագահ դառնալու պահեստային տարբերակը, բայց 2018-ից հետո նախագահի ու վարչապետի քաղաքական կշիռն անհամեմատելի է:
6. ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դարի որոշումը կայացնելու բարդությունը պայմանավորված է 2018-ի մոդելի ընտրությամբ: Գագիկ Ծառուկյանը նորից միջանկյալ գոտում է՝ քայլ աջ, քայլ ձախ, կարող է կրկնվել կրկեսի պատմությունը՝ մի քիչ ուշ, մի քիչ շուտ, ու նա չի գա: Բոլոր դեպքերում նրա համար բացառված տարբերակ է ընդդիմադիր դառնալը՝ կարողությունը թույլ չի տալիս:
7. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 9 տարի եղել է քաղաքականության ստվերային դաշտում, գլխավորը՝ պահպանել է ֆինանսական կայսրությունը, ներքին ու արտաքին կապերը, ու այդքանով վտանգավոր է ցանկացած իշխանության համար՝ ոչինչ չանելով էլ իրավիճակի վրա ազդեցություն ունի և ազդեցությունը կարող է քաղաքական կապիտալի վերածել խորհրդարանում:


Ի՞նչ պիտի հիշի միջին վիճակագրական ընտրողը ԱԺ ընտրություններից առաջ:
1. Չվաճառել ձայնը ոչ մեկին, ոչ մի գնով՝ ոչ ֆինանսական, ոչ վարչական, ոչ աշխատանք կորցնելու, ոչ որևէ այլ վտանգից պաշտպանվելու համար:
2. Ընտրությունների արդյունքը չհամարել կանխորոշված ու չնստել տանը ընտրությունների օրը՝ անտարբերությունը մեղք չէ, այլ՝ հանցանք:
3. Ընտրություններից հետո կյանքը շարունակվում է: Գալու է նաև 2022-ը:
4. Ձերբազատվել է պետք բոլոր միֆերից՝ իշխանությունը հավերժ է, ընդդիմությունը թույլ է, Ռուսաստանն է որոշում ընտրության արդյունքները, Արևմուտքն է որոշում ընտրության արդյունքները, մեկ ձայնը ոչինչ չի փոխի, ընտրություն չկա, կա նշանակում, ամեն ինչ արդեն որոշված է, և այլն, և այլն, և այդպես:
5. Երեք նախագահների եռանկյունին փորձելու է նորից փակուղի ստեղծել: Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է երկարացնել ՀԱԿ-ի խորհրդարանական կյանքը՝ քաղաքական մարգինալությունից խուսափելով: Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ չի հայտարարի, բայց վերադառնալու փորձեր կանի: Սերժ Սարգսյանի խնդիրը վարչապետ դառնալն է: Բայց երեքն էլ կարող են Կրեմլյան երազող մնալ, ոչ ավելին:
6. Նորաստեղծ կուսակցությունները՝ «Համախմբումից» մինչև «Երրորդ Հանրապետություն» ինքնուրույն քաղաքական ուժեր չեն, նրանց քաղաքական խնդիրը շահերի սպասարկումն է՝ տարբեր ժամանակներում կարող են նրանց տերերը փոխվել՝ նայած իրավիճակի, բայց միանշանակ նույնն է մնալու ռուսական կողմնորոշումը: Նրանց վրա չարժի ժամանակ կորցնել: Իրենց հետագա քաղաքական կյանքում փոփոխություններ մի ակնկալեք ոչ ՀՅԴ-ից, ոչ ՎՀԿ-ից, ոչ ԲՀԿ-ից, նրանք խորհրդարանում կլինեն այնքանով՝ որքանով ու կլինեն ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել են մինչև հիմա: «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» անազատ ու անժառանգ մնալու վտանգի առաջ են: Նրանց քաղաքական ճակատագիրը ոչ միայն անորոշ է, այլև անվճռորոշ:
7. Երեք կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Հանրապետության», «Քաղաքացիական պայմանագրի» ԵԼՔ դաշինքը ձևավորվող դասավորության մեջ խորհրդարան մտնելու ռեալ հնարավորություններ ունի, բայց խնդիրը, դատելով իրենց հայտարարություններից, մանդատը չէ, այլ իրավիճակի փոփոխությունը: Իսկ դա նվազագույնը պահանջում է քաղաքական երկրորդ ուժը լինել:
Ո՞վ կասի՝ «Այո, մենք դա արեցինք»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մարիա Շրայվերը՝ լրագրող, հրապարակախոս, «Պիբոդի» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, Բարաք Օբամայի ելույթից հետո գրել է. «Բարաք Օբամայի ելույթից հասկացա՝ մենք պետք է պայքարենք մեր վախի դեմ։ Մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք։ Մենք պետք է ընդունենք քաղաքացու դերը։ Քաղաքականությունը կարող է ավելի լավ լինել»։ Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկի ելույթից հետո որևէ չվարձավճարվող լրագրող չէր կարող գրել՝ քաղաքականությունը կարող է ավելի լավ լինել, ու մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք, մենք քաղաքացու դերը պիտի ընդունենք: ՈՒ եթե որևէ մեկին թվում է, որ Հայաստանի էլիտայի փոփոխությունը իշխող ¥կամ որևէ¤ կուսակցության ներսում տարիքային ցենզով վերուվարումներն են, նվազագույնը զվարճալի է: Ոչ մի տարբերություն 60-70 կամ 50-60, 40-50 կամ 30-40 ու նույնիսկ 20-30 տարեկան ՀՀԿ-ականների միջև, նրանք կարող են լինել խոպոպիկներով կամ ճաղատ, գեր կամ նիհար, գեղեցիկ կամ տասնյակ վիրահատություններով մարդատեսք ստացած ու ընդհանրապես չնայվող, լռող կամ լեզվանի, նրանք կարող են լինել տարատեսակ, բայց նրանց հայտնությունը իշխանության վերին էշելոնում բերում է 0 փոփոխություն` նրանք դավանում են նույն արժեհամակարգը, որով հայտնվել են կուսակցության մեջ, ճանապարհ անցել ու գնահատվել ծառայությունների դիմաց: Էլիտայի փոփոխությունը նախ և առաջ արժեհամակարգի փոփոխություն է, գիտակցական, հոգեբանական փոփոխություն, ոչ թե մտավորականներից սկսած մինչև փողոցի պատահական անցորդների հայտարարություններ, որ իրենք փոխվել են ու հետևաբար՝ փոխվել է երկիրն ու կյանքը: Չի փոխվելու, քանի դեռ չկա նպատակը՝ ինչը ինչով, ինչի համար ու ինչպես է փոխվելու: Լրագրողներից ոչ մեկին չի սպառնում Մարիա Շրայվեր դառնալու հեռանկարը, բայց քաղաքականությունը պարտավոր է ավելի լավը լինել: Քաղաքականությունն անբարո չէ, անբարո դարձնում են բարոյազուրկ քաղաքական գործիչները: Եվ միջին վիճակագրական հայերը, որ ընտելացել են ու հաշտվել:

Դիտվել է՝ 2003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ