Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նրա հոգևոր վազքը հնարավոր չէր ընդհատել

Նրա հոգևոր վազքը հնարավոր չէր ընդհատել
13.01.2017 | 11:05

Տխուր է, երբ Սուրբ Զատկի օրերին մի գույժ ևս «ժամադրության» սպասում ուներ Թբիլիսիում: Անահիտ Բոստանջյան ճանաչված բանաստեղծն ու թարգմանչուհին, հասարակական գործիչն ու հիանալի մտավորականը, լավագույն մեր ընկերուհին կնքեց իր մահկանացուն: Թերևս՝ Տիրոջ կամքով, նաև անհանգիստ այս ժամանակով էր թելադրված նրա անսպասելի վախճանը:


Անահիտ Բոստանջյանը, արմատներով սերված Ջավախք աշխարհի ակունքներից, այս անցողիկ աշխարհին թողեց արժեքավոր գործեր` գրքեր, թարգմանություններ, գրական և մշակութային հարուստ գանձեր և բարի, լուսավոր անուն, որը կմնա ճանաչողներիս սրտում: Անահիտը պլաններ ու ծրագրեր ուներ, որոնք, ավա՜ղ, անավարտ մնացին: Անահիտ Բոստանջյան անունը կմնա երկու քրիստոնյա ազգերի բարեկամության, հայ-վրացական պատմական բարիդրացիության լուսավոր էջերում: Հիշարժան դրվագներ կան պատմելու հմայիչ ու ժրաջան մեր գործընկերուհուց, որ տարիներ շարունակ ստեղծագործում էր ի շահ հայոց գրականության, մշակութային կապերի ամրացման, հայ-վրացական լեզվական ու թարգմանչական արվեստի զարգացման:
Անտարակույս, Անահիտ Բոստանջյանի գիրն ու հասարակական, ստեղծագործական ողջ գործունեությունը կապված են երկու ազգերի դասական, արդի գրականության լուսաբանումներին, պոեզիայի փոխադարձ նվիրումների սերտացմանը: Անահիտ Բոստանջյանի հոգևոր վազքը հնարավոր չէր ընդհատել, քանզի նրա գրչի, մտքի, գործելակերպի ընթացքը մնայուն հետագծեր ամրագրեց երկու ազգերի նորդարյա մշակութային ուղեգծերում:
Անահիտ Բոստանջյանի գրելանյութի «սրտի» զարկերակներում կար նվիրում, սեր` հանդեպ հայի ու վրացու դարավոր, հարազատական կապերի, գրական այն կամրջող օղակների, որոնք ագուցված էին երկու ժողովուրդների հարատևող ճանապարհներում՝ անկախ քաղաքական զանազան վայրիվերո անցուդարձերից:
Անահիտ Բոստանջյան գրողի, մտավորականի պոետական հոգեխորքում տրոփում էր մի սիրտ, ուր ամեն վայրկյան մի ոսկեդուռ բացվում ու փակվում էր երկու դրկից ազգի գրամշակների դեմ, որոնք ամրակուռ ու ոսկեզօծ էին դեռևս Հայոսի ու Քարթլոսի նախասկիզբ ակունքներից: Անահիտ Բոստանջյան հայուհին բազմաբնույթ գործերի մեջ առանձնացնում էր կարևորը` բարեկամության վեմը հաստատուն, ամուր պահել, քանզի այն դարեր շարունակ հարազատորեն են պահպանել Սայաթ-Նովան ու Շոթա Ռուսթավելին, Հովհ. Թումանյանն ու Ծերեթելին, Սունդուկյանն ու Ճավճավաձեն, Սևակն ու Դումբաձեն: Նրանք իրենց խորախորհուրդ տաղանդով տարբեր ժամանակահոլովույթի մեջ կյանքն ու իրական ապրելակերպը բարի երգ ու ծնծղա են դարձրել ինչպես վրացի պոետը կասեր` երկու ազգի համակեցության խորհրդանիշ հանդիսացող «օջախը, դրոշը, ճշմարտությունը»:
Արդ, հիշելով` Տերյանի հետաքրքրության պրպտումները հանդեպ վրաց ազգի լեզվի, քերականության հիմունքները, նաև պատեհ է նշելը` հետաքրքիր էր Անահիտի իմացության խորությունները առ բառագիտությունն ու պոետական արվեստի նրբանուրբ գիտելիքները... Նա հայերենի կողքին վրաց լեզվի պաշտամունքով խոկում էր, արարում հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն թարգմանություններ: Բազմաթիվ հեղինակների գործեր բնագրերից թարգմանում էր ¥վիրահայ գրողներից շատերի գործերը հիշարժան դարձնում, «ծաղկեցնում» իր հմուտ թարգմանությամբ: Գրական նոր մտահղացումներ ուներ Անահիտը, որոնք, ավա՜ղ, անավարտ մնացին և կորստի ցավ պատճառեցին ընթերցողին:
Անակնկալ, անակնկալ էր մշակույթի, պոետական արվեստի մեջ փայլուն գործերով առլեցուն Անահիտ Բոստանջյանի վաղաժամ հեռացումը, որն այնքա՜ն ցավալի ու ողբերգական եղավ ճանաչողներիս համար: Հայոց և վրաց բարձրագահ Պառնասում նույնչափ սուգ է, որովհետև այս օրերին Թբիլիսիում ապրող ու հայոց գրական արվեստի համար ստեղծագործող մի խոսուն աստղի շողշողումը մարեց ընդմիշտ: Բայց՝ ո՛չ, ո՛չ երիցս, Անահիտ Բոստանջյանի թողած գիրը, նրա հոգևոր ոսկեգանձերը աներկբա կմնան հավերժի մեջ` միշտ լուսարար ու խոսուն, երկու ժողովուրդների հավատարմության լույս փաղանգներում:
Անահիտ Բոստանջյանը մի մարտիկ էր, որ հայ-վրացական գրական սահմանում աննահանջ ու ըմբոստ պահեց իր հոգու, գրչի արիակամությունը, և այդ ոգին, անկասկած, կմնա եկող սերունդների լուսե ուղիներում:


Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ