Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղեղնավոր աքաղաղի նետասլաց ծուղրուղուն (ի նվիրում հայոց կառուցվող պետականությանը)

Աղեղնավոր աքաղաղի նետասլաց ծուղրուղուն (ի նվիրում հայոց կառուցվող պետականությանը)
13.01.2017 | 11:26

ՆԱԽԵՐԳԱՆՔ-ՑՈՒԳՑՎԱՆԳ


Վաղը հին-նոր տարին է: Քունքերիս մեջ ինչ-որ թմբուկ քայլերգ է թմբկահարում: Կարմրահեր և արծաթակտուց աքաղաղն է դա, 2017-ի խորհրդանիշն ու պահանջատերը: Սակայն չէ՞ որ աքաղաղը հրաշապիկ արևելյան կենդանակերպի խորհրդանշան-տոտեմն է, մերը աղեղնավորն է: Այսպիսով, թևակոխել ենք աղեղնավոր-աքաղաղի տարեշրջան: Ինչ խոսք, սքանչելի օրեր են մեզ սպասում, հողմաղացը անաչառ է, այն ամենուր թև ու թիկունք է դառնալու երկրի քաղաքացիներին, բնականաբար, հողմացրելու է բոլոր ապաքաղաքացի-հակահերոսներին:
Ամե՜ն...

ԱՍՔ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԲԱՆԱՆԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ
Վստահ եմ՝ չեք մոռացել 2016-ի վերջին յոթնօրյակի համադամ եղելությունները: Վերհիշենք, զի դրանք այսպես թե այնպես, փոխանցվել են 2017 թվականին: Ինչե՜ր արեց Կապիկը իր վերջին շնչում: Տարեվերջին հակամենաշնորհային բանանը հասավ Հայաստան, բայց նրա գինը բնավ չնվազեց, մնաց միհրանաքեթրինյան գնանշման ձևաչափում: ՀՀ-ում վաճառվող բանանը ամենաթանկն է Եվրասիայում: (Չարենցը կբացականչեր՝ բա՜ս...): Բայց չէ՞ որ այս բանանը այլընտրանքային է և խորհրդանշում է 3-րդ հանրապետության իշխանությունների և կառավարության հանրապետության տնտեսության մենաշնորհազրկման մեկնարկը: Փոխարենը նվազեցին գազի և էլեկտրաէներգիայի սակագները, ըստ հանրապետության գլխավոր սակագնավերաքննիչ Ռոբերտ Նազարյանի՝ նվազեցին էապես, գազը՝ 7 դրամով, էլէներգիան՝ 1 դրամ 22 լումայով: Այսինքն՝ այս տարի շարքային սպառողներս 1 չամչաբուլկի ավելի կգնենք: Եվ ահա այս դարակազմիկ իրադարձությունը, չգիտես ինչու, ինձ մղեց հեղաշրջիչ մի մտքի. ժամանակը չէ՞ հողմացրելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, զի այն մոլախոտ է, սակագները (ինչպես գրեթե ամեն բան, ինչպես բանանի գինն ու ընդդիմադիր ընդվզումների ձևաչափը) կարգավորվում են Կրեմլ-Բաղրամյան 26 երկխոսությամբ:

ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցվող շենքի հիմքում մի հայկազուն որձաքար տեղադրեց «Ֆենիքս ավիա» ընկերության հիմնադիր, նախկին օդաչու արգո Ճաղարյանը՝ Հակոբ. «Մենք պատերազմող երկիր ենք և դատապարտված ենք սեփական ավիափոխադրող ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է գտնվում շուկան, շահութաբե՞ր է այդ ընկերության աշխատանքը, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ պետությունում պետք է լինեն ոչ պակաս, քան երկու ավիափոխադրողներ: Ընդ որում՝ փոխադրողներից մեկի բաժնետոմսերի ոչ պակաս, քան 51 տոկոսը պետք է պատկանի պետությանը»: (51 տոկոսը վերահսկիչ փաթեթն է: Վաղուց ժամանակն է, որ պետությանը պատկանի, առհասարակ, երկրի բոլոր ռազմավարական, շահութաբեր ոլորտների վերահսկիչ փաթեթը):

Իսկ կառավարական տանը խանդավառ մի տոնահանդես էր: Մեկ ժամում վավերացվեց 3 վարկային պայմանագիր, երկրի վարկային բեռը ծանրացավ ևս 190 մլն դոլարով, և սա համարվեց մեր հանրապետության (անշուշտ նաև՝ մեր իշխանությունների և կառավարության) միջազգային բարձր վստահության հերթական երաշխիքը: (Եթե ՀՀ-ին վարկավորում-պարտք են տալիս, ուրեմն նրան վստահում են, սա է այսօր մեր իշխանակառավարիչների հավատո հանգանակը: Հուսանք, որ մինչև տարեվերջ պետական պարտքը չի հատի 10 մլրդ դոլարի սահմանագիծը):

Նշյալ վարկամուրացող հաղթարշավը նոր սխրանքի մղեց կառավարությանը, վարչապետը քննարկման ներկայացրեց «Ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամ» սրտառուչ նախագիծը: (Ռազմավարական նախաձեռնությունները վաղո՜ւց են հրապարակվում «Իրատեսի» պետականակերտիչ էջերում, այս մասին փիքր կանենք քիչ անց):

Երջանկությունը տանս երդիկից հանկարծ բամփեց հողմահարված գլխիս: Այո՛, ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հայոց նախագահի պատգամը՝ նորագիր հանրապետական վարչապետին հայոց, կարծես կենսագործվում է. Լիսկան, համաձայն սեփական հայտարարության, լքում է կուսակցական-պետական դիրքերը և ամրագրվում քաղաքական հետնախորշերում: Լիսկան 3-րդ հանրապետության քրեաքաղաքական հակահամակարգի հանգույցներից է, այս հակահամակարգին բնորոշ է կատարյալ անտարբերությունը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության իրական ճակատագրի հանդեպ և սրբակենցաղ նվիրումը սեփական ասպատակային շահերին: (Ժամանակը մի՞թե չի հասունացել, որ լիսկայակերպ և այլ քրեաքաղաքականներին պատվով-անպատկառ և անարգանքով-հարգալից արտաքսենք երկրից: Հասունացել է, էն էլ ինչպե՜ս):

ՀՀ ՊԵԿ-ի նախագահ տիար Վարդանը՝ Հարությունյան, ավելի ուղղամիտ էր, նաև՝ երազկոտ: Նախաամանորյան իր ասուլիսում նախ հայտարարեց, որ, այո՛, թռել և թռնելու է բիզնես դասի սրահներում, էկոնոմ-դասի ավիատոմսի գումարին հավելելով գումարներ սեփական գրպանից: Այո՜, ուղղամիտ է տիար Վարդանը, զի նաև խրոխտ հայտարարագրեց, որ հեծանվով կամ էլ ձիով չի պատրաստվում հասնելու աշխատավայր: Համաձայն չեմ, քանզի հեծանվով (կամ էլ ձիով) աշխատավայր հասնելը ոչ միայն ստեղծագործական այլընտրանք է, այլև առողջարար է: Սակայն նշյալ պատմաքաղաքական ասուլիսի մեխերն այլ էին: Նախ՝ երկրին իրազեկվեց, որ խոշոր հարկատուները (առավել հասկանալի ՝խոշոր հարկատուն քրեաօլիգարխն է) թերավճարել են 42 մլրդ ՀՀ դրամ: Այսինքն՝ շուրջ 87 մլն դոլար: Թե այս ահռելի գողոնը ինչպես պետք է վերադարձվի պետությանը, նա չլուսաբանեց: Թերևս (սա՝ ըստ իս) նրանց պետք է ձեռնաշղթայել, պարտադրել, որ ողջ գողոնը լումայի ճշտությամբ մուծեն պետգանձարան, հետո պետք է նրանց մի հինգ տարով զրկել ՀՀ քաղաքացիությունից: Երկրորդ ասուլիսյան մեխը պարզապես հեքիաթային էր: Տիար Հարությունյանը ՊԵԿ-ի համակարգված կոռուպցիան վերացնելու նպատակով պետք է զորագրի 2500 տեսուչ, որոնք, հանուն իրենց երեխաների պայծառ ապագայի, կաշխատեն համակարգում 50-70 հազար դրամանոց աշխատավարձով: Նվիրյալ տեսուչը, անշուշտ, դեմ չէ նման կենսաթոշակաչափ վարձավճարով, այն էլ հանուն երեխաների լուսափթիթ ապագայի, աշխատելու ՊԵԿ-ում, պայքարելու կոռուպցիայի և ստվերի դեմ: Բայց նրա բոկոտն ու կիսաքաղց զավակները դժվար թե ներեն իրենց սնանկ, թեկուզ և ազնիվ հորը: Ելքը սա է՝ նվիրյալ այս զորաբանակի յուրաքանչյուր տեսուչին պետք է պետականորեն ապահովել ծառայողական հեծանիվներով (կամ էլ ձիերով) և անվճար ճաշով:

Փառահեղ հաշվետվությամբ փակեց տարին մայրաքաղաքի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ տիկին Անահիտը՝ Բախշյան. արգո տիկինը շուրջ 200 նշանակալից հանրային խնդրով և հարցով դիմել է իշխանություններին և կառավարությանը և հաճախ շահել է: Դե, ես ոնց չառաջարկեմ տիկին Բախշյանին անպատճառ հայտավորվել 2017-ի ապրիլյան խորհրդարանում: (Ձայնս զձեզ, արգո տիկին):

«ԴՐԱՅՎ» ԿԱՄ «ԴՐԵՅՖ»
Մոռանալո՞ւ բան է անցած դեկտեմբերի 26-ին վարչապետի մամլո ասուլիսում հնչած այս պարբերությունը՝ ուղղված ԶԼՄ աշխարհին. «Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից և՛ քննադատություն, և՛ խորհուրդ, և՛ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որ այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական»: Հարգարժան իմ անգին տիար, մի՞թե «ՈՒրբաթօրյա հողմաղացը» անձամբ Ձեզ չի յուղում և դեղում, փորձելով սատարել առհասարակ հայության և վերջապես հայաստանաբնակ հասարակության երազած հիմնարար փոփոխություններին: Դուք, խնդրում եմ, շրջագայեք հողմերիս միջօրեականներում և համագործակցեք տողերիս հեղինակի հետ, չեք փոշմանի, հավատացեք: Բայց դադար առնենք և ունկնդրենք 2016-ին դեպի հավերժություն ճամփորդած չքնաղախոհ պոետ Սարուխանին Հրաչյա.
Ինչքան էլ մտմտաս անթերի,
Բառերը սրինգ չեն կամ քնար,
Կցնդես՝ ու չես էլ պատկերի
Վաղորդյան գեղգեղանքն
անհնար...

Ինչ խոսք, մշուշոտ-ձյունասրսուռ են վաղորդյաններս, սակայն կառուցողական են և անթերի: Եվ ահա Ձեր վարչապետական խոհասեղան-մարտադաշտին եմ ներկայացնում շրջադարձային մի ոլորուն փաթեթ: Փաթեթն այս փերթ առ փերթ փաթաթվեց ի սեր տիար Կարեն Կարապետյանի նախաամանորյան խոստովանանքի. «Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին»: Ես կավելացնեի՝ հույժ անհրաժեշտ են, և խորհուրդ կտայի գերհարգարժան վարչապետին, այնուամենայնիվ, գիշերը մանկան պես անխռով քնել, ցերեկը կատաղի պայքար մղել: Մղել՝ հենվելով «Իրատես»-ում հրապարակվող գիտագործնական անզուգական նյութաշարերի ողին և կողին: Առանձնացնում եմ 3 պատկառազդու հեղինակի՝
1. Վահան Համազասպյան,
2. Գեղամ Քյուրումյան,
3. Ստյոպա Խոյեցյան:
Այժմ թույլ տվեք մեկ-երկու բարոյագեղագիտական բնույթի ամոթալի փաստ ներկայացնել Ձեր վարչապետական ուշադրությանը:
. ՀՀ-ն տարածաշրջանի գլխավոր ջրբաշխն է, էլեկտրաէներգիա է արտադրում ավելցուկով, բայց և այնպես հայկական էլէներգիայի սակագինը ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ տարածքում:
. Խորհրդային լեռնամարզական առողջարանների շարքում մի առանձին շուք ունեին Ծաղկաձորն ու Բակուրիանին: Նախաամանորին փորձեցի հստակեցնել 5-հոգանոց ընտանիքիս մեկշաբաթյա բարեկեցիկ հանգստի տուրքը նախ հայոց Ծաղկաձորում, այնուհետև վրացական Բակուրիանիում: Ծաղկաձորում մենատուն-քոթեջում պահանջեցին 5000 դոլար, Բակուրիանիում՝ 1100:
. 2016-ին ՀՀ-ն ստացել է 7510 տոննա մարդասիրական օգնություն, որը 10 տոկոսով ավելի է, քան 2015-ի օգնությունը: Եվ այլն...

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Նախ և առաջ անհրաժեշտ է երկիրը դարձնել իր օրինական գույքի և կայքի վերահսկիչ փաթեթի տերը:
Նախ և հետո անհապաղ պետք է չեղարկել ՀՀ-ի բարձրաստիճանավորների և վերջիններիս շուրջը մակաղած մանկլավիկների գերծախսարար գործուղումները: Եթե, այնուամենայնիվ, գործուղվելու են, ապա միայն սահմանամերձ համայնքներ:
Եվ վերջապես՝ բարձրագույն մի հրամանագրով, մի օրենքով փրկօղակային, և մի որոշմամբ վերջնագրային բարձրաստիճան պետծառայողների բոլոր հայտարարագրերում ամրագրված-նվիրաբերված դոլարային միլիոնները ազգայնացնել:
Առակներն այս զինչե՞ր ցուցանեցին...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ