Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հովհաննես Մկրտիչը դարձավ ծագող Արեգակի առաջին վկան

Հովհաննես Մկրտիչը դարձավ  ծագող Արեգակի առաջին վկան
13.01.2017 | 11:00

Տեսնես ո՞վ է այդ երանելին, որ անձամբ Հիսուսի բնութագրմամբ կանանցից ծնվածներից ամենամեծն է համարվում։ Ըստ Ավետարանի` մի անգամ Հիսուսն Իր աշակերտներին ուսուցանելիս ասաց. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում՝ հողմից շարժվող եղե՞գ: Հապա ի՞նչ տեսնելու ելաք՝ փափուկ զգեստներով զարդարված մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորների պալատներում են: Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, առավե՛լ քան մի մարգարե, որովհետև նա է, որի մասին գրված է. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին Քո առջևից, որ Քո առաջ քո ճանապարհը պատրաստի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է» (Մատթեոս 11. 7-12)։

Այս խորհրդավոր սրբի մասին Սուրբ գիրքը ամենաշատ տեղեկություններն է փոխանցում, նույնիսկ առավել շատ, քան սուրբ Տիրամոր մասին, քանզի նա պետք է լիներ այն ամենակարևոր մեկը, ով պետք է այնպիսի անբասիր ու սուրբ կյանքով ապրեր, որ նրա խոսքը օրենքին հավասար մեծություն ունենար, որովհետև նա պետք է վկայեր անձամբ Աստծո Որդու մասին, Ով աշխարհ էր եկել, բայց դեռ հայտնի չէր մարդկանց։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՇՔՆԵՐԸ
Համաձայն Ղուկասի Ավետարանի, որը միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Հովհաննեսը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր սակայն զավակ չունեին, ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, Սուրբ Հոգով լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված Մեսիայի (Քրիստոսի) գալստյանը, բնական կասկած է առաջացնում Զաքարիայի մեջ, քանզի ինքն ու իր կինը արդեն առաջացած տարիքում էին ու երբեք երեխա չէին ունեցել։ Որպես ծննդյան առաջին նախանշան, մինչև Հովհաննեսի ծնվելը հրեշտակապետը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25)։

Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո համրացած Զաքարիան մեկնում է տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիսաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, որն արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է շարժվել։ Հայոց եկեղեցական մեկնիչները մանուկի շարժը կամ խաղը մոր որովայնում մեկնում են որպես ապագա սրբի երկրպագությունը Տեր Հիսուսի առջև։ Նրա ծննդից հետո երկրորդ հրաշքը եղավ այն, որ իր հոր՝ Զաքարիայի լեզուն բացվեց, և նա սկսեց օրհնաբանել Աստծուն։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես, որ թարգմանվում է աստվածաշնորհ կամ Աստծո ողորմություն: Իսկ Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ «նա բնակվում էր անապատում ու սնվում էր վայրի մեղրով ու մորեխներով, մինչև այն օրը, երբ երևաց Իսրայելում»։ Երբ նա դարձավ երեսուն տարեկան, սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3.2)։ Հովհաննեսի անապատական անբասիր կյանքի վկայությունը մարդկանց մեջ այնքան զորեղ էր, որ նրա խոսքերը ժողովուրդն ընդունեց որպես մարգարեի խոսք, մանավանդ շուրջ 400 տարի նրանք մարգարեի խոսք չէին լսել, երբ վերջին անգամ վկայվել էր, որ անապատում կանչողի ձայնը պետք է լսեք, ով պետք է նախապատրաստեր Տիրոջ շավիղները։ «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առջև» (Մարկ. 1. 2, հմմտ. Մաղաքիա. 3. 1)։ Եվ ինչպես դեռ չծագած արևի մասին վկայում են արշալույսի խավարը ճեղքող ճառագայթները, այդպես էլ Հովհաննես Մկրտիչը դարձավ ծագող Արեգակի առաջին վկան խավարի ու մահվան շուքի ձորում նստած մարդկանց։ Եվ Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված. Նրա անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1. 6-8)։ Ահա Լույսին՝ Քրիստոսին, նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), որ նշանակում է առաջնորդ։ Իսկ հավատավոր մեր ժողովուրդը Հովհաննեսին յոթ անվան տեր սուրբ է կոչել ու այդ մասին երգեր հորինել։


Հովհաննեսն իր քարոզներով ապաշխարության էր կանչում մեղավոր ժողովրդին մկրտության արարողությամբ, բայց պետք չէ շփոթել Քրիստոնեական Մկրտության խորհրդի հետ, որ Սուրբ Հոգով է կատարվում: Իսկ ապաշխարություն ասելով Հովհաննեսը նկատի ուներ հրաժարումը նախկին մեղավոր կյանքից և զղջումով դարձն առ Աստված: Մկրտությունը, որ կատարում էր Հովհաննեսը Հորդանան գետում (այստեղից էլ նրան տրվող Մկրտիչ մակդիրը), կատարվում էր ամբողջական ընկղմումով ջրի մեջ։ Բայց հստակ էր նաև, որ Մկրտչի սկսած մկրտությունը նախապատրաստումն էր իր հետևից Եկողի առաքելությանը, Ով պետք է Սուրբ Հոգով մկրտեր, «…որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3.10), «Որ Տիրոջ քամհարը Իր ձեռքում է, և կմաքրի Իր կալը, ցորենը կհավաքի Իր շտեմարանում և հարդը կայրի անշեջ կրակով» (Մատթ. 3. 12, Ղուկ. 3: 17)։ Հովհաննեսի խոսքի զորությունն ու ապրած սուրբ կյանքը այնքան ազդեցիկ էին, որ նույնիսկ շատերը կարծեցին, թե նա սպասված Մեսիան է՝ Քրիստոսը, ու նրան հարցաքննելու են գալիս անգամ հրեա առաջնորդները: Այստեղ Հովհաննեսը փաստում է իր Քրիստոս չլինելը և վկայում, որ ինքը այն մեկն է, որ պատրաստում է Աստծո Գառի՝ Քրիստոս Հիսուսի ճանապարհը, ճանապարհը Մեկի, ՈՒմից նա չափազանց փոքր է, ՈՒմ առաջ անգամ խոնարհվել և արձակել Նրա կոշիկների կապերը չի կարող (հմմտ. Հովհ. 1.15-28), այն Մեկի, Ով պետք է մկրտի Հոգով և հրով (Մարկ. 1.7)։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻՑ
Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն՝ Հիսուսի Մկրտությունը Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդից ճիշտ 30 տարի հետո՝ նույն օրը։ Այս Մկրտության մասին ամենաընդարձակը ավետարանիչներից խոսում է Մատթեոսը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3. 13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3. 21), և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3. 22)։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԼԽԱՏՈՒՄԸ
Քրիստոսի մկրտությունից հետո Հովհաննես Մկրտչի առաքելությունը ավարտվում է և Տիրոջ թույլտվությամբ նրան բանտարկում են. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրա ավելացրեց այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3.17)։ Քանզի Հովհաննես Մկրտիչը՝ որպես ճշմարիտ մարգարե, մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու. ա. Ամուսնություն եղբոր կնոջ, բ. Ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն, գ. Կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու։


Մկրտչի հանդիմանությունը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը, և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին, բայց քանի որ Հերովդեսը երկնչում էր Հովհաննեսից, նրան համարելով մեծ մարգարե, չէր համարձակվում ձեռք բարձրացնել նրա վրա։ Բայց մի օր հարմար առիթն ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «ՈՒզի՛ր ինձնից, ինչ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «ՈՒզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագավորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6. 22-29)։ Հովսեփոս Փլավիոսը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից):

Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնիվ, նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք Մաղաքիա արք. Օրմանյանի այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին: Ըստ ավետարանների՝ երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14. 12, Մարկ. 6. 29)։ Գոյություն ունեն մի շարք ավանդություններ՝ կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է Ագաթանգեղոս պատմիչը՝ տեղեկացնելով, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքները և ամփոփելով՝ եկեղեցի է կառուցել այդ տեղում: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է Արցախի իշխան Ջալալ Դոլայի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և Գանձակ տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին՝ Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:
Որպես վերջին տեղեկություն ընթերցողին. Հովհաննես Մկրտչի ծննդյան հիշատակման օրը այս տարի տեղի կունենա հունվարի 14-ին՝ նույնանուն եկեղեցում, որը գտնվում է Կոնդ թաղամասում:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ