Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջավախեցին ոգի էր, լույս, ճշմարտության փարոս, ըմբոստություն, գաղափար, պայքար

Ջավախեցին ոգի էր, լույս, ճշմարտության  փարոս, ըմբոստություն, գաղափար, պայքար
13.01.2017 | 11:49

Վերջերս հրատարակվեց հայ անվանի գյուղագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս ու բանաստեղծ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան) երկերի ժողովածուն: Ստվարածավալ (868 էջ) այս ժողովածուում տեղ են գտել Ջավախեցու տարբեր տարիների գրած և զանազան տեղերում տպագրված գործերը՝ պատմվածքներ, իրապատումներ, հուշագրություններ, հրապարակախոսական ակնարկներ, հեռագրեր, թարգմանություններ և այլն: Հեղինակի գործերի առաջին ամբողջական ժողովածուն է: Գրքի շնորհիվ լայն հանրությունն առաջին անգամ ծանոթանում է տերյանական գերդաստանի ևս մեկ ներկայացուցչի (հիշեցնենք` Ջավախեցին մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է), հայրենի Ջավախքին ու ողջ հայությանն անմնացորդ նվիրված այդ մեծ մտավորականի հետ: Գիրքը նախատեսված է պատմաբանների, բանասերների, ջավախքյան միջավայրով և տերյանագիտությամբ հետաքրքրվողների, ընթերցասեր լայն շրջանակների համար:


Ջավախեցու երկերի ժողովածուի կազմման վրա աշխատել ենք քրտնաջանորեն, նվիրումով ու համբերատարությամբ: Պահոցների և գրադարանների տարբեր ֆոնդերից յուրաքանչյուր հրապարակում, ակնարկ, հեռագիր կամ թղթակցություն, հուշ կամ իրապատում գտնելիս ապրել ենք հուզումնառատ պահեր: Թերթել ենք երկու տասնյակից ավելի անուն մամուլի («Մշակ», «Հորիզոն»)՝ տասնյակ տարիների համարների մաշված ու խունացած էջեր, ուսումնասիրել տասնյակ ժողովածուներ ու թարգմանական պրակներ: Եվ այս ամենն արել ենք մեծագույն հուզմունքով:
Իհարկե, մեզ համար մեծ հպարտություն էր, որ լայն հանրությանն ենք ներկայացնում տերյանական գերդաստանի` մինչ օրս քչերին հայտնի ևս մեկ ներկայացուցչի: Բայց մեր հուզմունքի իրական պատճառը Ջավախեցուն որպես երևույթ բացահայտելն էր: Մեծ ջավախքցու հուզախռով հոգու յուրաքանչյուր գաղտնարան թափանցելիս և այնտեղ մեծագույն արժեքներ հայտնաբերելիս երկար-երկար մտորել ենք, ավելի քան մեկդարյա հեռավորությունից խորությամբ հասկացել Ջավախեցու ապրումներն ու նպատակները, մտովի գնացել հայրենի Գանձա, Ջավախք և բոլոր այն միջավայրերը, որտեղ ապրել, ստեղծագործել ու պայքարել է Ջավախեցին:


Ջավախեցին ոգի էր, լույս, ճշմարտության փարոս, ըմբոստություն, գաղափար, պայքար:
Հայկական կամ օտար վայրեր` Ջավախք, Շչիգրի, Մոզդոկ, Անդիջան, Տաշքենդ և այլուր, տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա դառնում էր տեղի կրթական և հրատարակչական կյանքի կազմակերպիչն ու առաջնորդողը: Նրա գործերում արտացոլված են քսաներորդ դարասկզբի հայ գավառական, գյուղական միջավայրը, հայ դպրոցին, ուսուցչին, մտավորականին և, ընդհանրապես, տվյալ վայրում ապրող հայությանը հուզող խնդիրները: Իրավահավասարության և արդարության գաղափարները Ջավախեցու կյանքի ուղենիշն էին, որոնց տարածումը մեծ մտավորականի համար դարձել էր ժամանակի հրամայական:
Գրական անվանը համահունչ` Ջավախեցին մինչև իր կյանքի ավարտը մնաց որպես իր ծննդավայրը ներկայացնող մտավորական: Չնայած կյանքի որոշ հատվածներ ապրեց ծննդավայրից դուրս, սակայն Ջավախքի հետ նրա հոգևոր կապը մնաց անսասան, որն իր արտացոլումը գտավ նաև գրական ժառանգության մեջ: Փաստենք նաև, որ Ջավախեցու` հայրենի Ջավախքի տարբեր հիմնահարցերի վերաբերյալ արտահայտած մի շարք մտահոգություններն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, քանի որ, կերպարանափոխվելով իրենց ձևի մեջ, այդ խնդիրները գրեթե նույն բովանդակությամբ հասել են մեր օրերը: Դրանց վերաբերող շատ գաղափարներ ու առաջարկված ծրագրեր այսօր էլ, մեկդարյա հեռավորությունից քննելիս, ոչ միայն չեն հնացել, այլև ունեն կիրառական մեծ ներուժ:


Սեղանին ունենալով սույն ժողովածուն` ընթերցողն առավել խորությամբ կճանաչի թե՛ Ջավախքը, թե՛ ջավախքցուն, կճանաչի Ջավախեցուն` իբրև գյուղագրի ու հասարակական գործչի և, որ պակաս կարևոր չէ, կճանաչի Վահան Տերյանի գերդաստանի ևս մեկ ներկայացուցչի` մի պատվախնդիր ու սկզբունքային հայի:
Ջավախեցու երկերի ժողովածուի հրատարակության շրջանակներում մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի բոլոր անդամներին և անձամբ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանին, որոնք սիրահոժար գիրքը երաշխավորեցին հրատարակության, իր հերթին Վ. Դևրիկյանը գրեց գրքի գրախոսականը: Շնորհակալություն գրքի պատասխանատու խմբագիր, բ.գ.թ. Հայկազուն Ալվրցյանին, ում մասնագիտական խորհուրդների շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել հրատարակության դժվարին գործը: Գիրքը պատրաստ էր հրատարակության դեռ երկու տարի առաջ, սակայն, նյութական միջոցների բացակայության պատճառով, տպագրության չէինք կարող ներկայացնել: Շքեղ շապիկով, բարձրորակ թղթով, ծավալուն ու ներկայանալի այս գիրքն այժմ ընթերցողի դատին է հանձնվում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի նյութական աջակցությամբ: Մեր ծանոթության երեք տարիների ընթացքում ես բազմիցս եմ առիթ ունեցել հպարտանալու Հովհ. Մութաֆյանի՝ այդ ազնվագույն հայի ու արժանապատիվ քաղաքացու տեսակով: Նրա նվիրումը հայրենի Ջավախքին նոր չէ. ամբողջապես բարեգործական հիմունքներով նա բազմիցս է հանդես եկել Ջավախքի տարբեր հասարակական-մշակութային կառույցների հիմնման կամ հիմնանորոգման նախագծերով, իսկ այդ գործում նրա թագն ու պսակը, անշուշտ, աշուղ Ջիվանու տուն-թանգարանի նախագծումն էր:


Ահա այսպիսին էր Ջավախեցու երկերի ժողովածուի ծննդյան պատմությունը: Կասկած չունեմ, որ Ջավախեցիով կհրապուրվի ողջ հայությունը, իսկ նրա հայրենի ջավախահայությունն ու հայ ազգին բազում մտավորականներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական, պետական շատ գործիչներ տված Գանձայի հարազատ ժողովուրդը կպարուրվի հպարտության վեհ զգացումով:


Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ