Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զատիկյանն արժանապատիվ ընդունել է մահը, հավանաբար հավատալով, որ մի օր պատմությունը կարդարացնի իրեն

Զատիկյանն արժանապատիվ ընդունել է մահը, հավանաբար հավատալով, որ մի օր պատմությունը կարդարացնի իրեն
17.01.2017 | 00:35

Քառասուն տարի առաջ Խորհրդային Միությունում, Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում տեղի է ունեցել առաջին ահաբեկչական ակտը: Ահաբեկչության կատարման մեջ մեղադրվել են ազգային միասնական կուսակցության (ԱՄԿ) երեք անդամներ` Ստեփան Զատիկյանը, Զավեն Բաղդասարյանը և Հակոբ Ստեփանյանը: Փոքր-ինչ առաջ անցնենք և նշենք, որ եթե Մոսկվային պետք է եղել (Ժիրինովսկու նման պրովոկատորների պակաս Ռուսաստանի քաղաքական էլիտայում երբեք չի զգացվում), իր քաղաքական շահերից ելնելով, հերթական եղբայրական ջերմ զգացմունքներ են ցուցանել մեր թշնամի հարևանների նկատմամբ և Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքներով մեկ անգամ չէ, որ անդրադարձել են Մոսկվայի մետրոյում հայ ահաբեկիչների «իրականացրած» պայթյունին: Ես ծանոթ չեմ քրեական գործին, չգիտեմ, թե ինչպիսի ցուցմունքներ են տվել մեղադրյալները, և արդյոք այդ ցուցմունքները չե՞ն կորզվել նրանցից, ինչպիսի մակարդակով է իրականացվել (եթե, իրոք, իրականացվել է) նրանց պաշտպանությունը։ Ծանոթ չեմ մեծ թվով վկաների ասածներին, փորձագիտական եզրակացություններին և քրեական գործով անհրաժեշտ բոլոր մանրամասներին։ Բայց ուշադիր կարդալով տվյալ ժամանակի լրագրությունը, անվանի ակադեմիկոս Սախարովի այդպես էլ անպատասխան մնացած արձագանքը և ամենակարևորը` կայացված մահվան դատավճռի հապճեպ կատարումը, հասկանում եմ` ինչ-որ բան այնպես չէ:


Մահվան դատավճռի հապճեպ կատարման կապակցությամբ կարելի է հիշել Մոսկվայի «Օվկիանոս» մթերային խանութի տնօրենին, որին Խթը-ի քննիչը համոզում է տալ խոստովանական ցուցմունք (փաստորեն, առաջարկում է համագործակցել նախաքննության հետ), ինչը և անում է վերջինս։ Բայց երբ դատարանում հայտնում է, որ յուրաքանչյուր ամիս երկու հազար ռուբլի կաշառք է տվել Մոսկվայի քաղկոմի քարտուղար Գրիշինին, դատական նիստը հապճեպ հետաձգվում է։ Իսկ մյուս օրը կարդացվում է դատավճիռը` գնդակահարություն: Եվ ինչ, այն ի կատար է ածվում հենց կալանավորների տեղափոխման համար նախատեսված հատուկ մեքենայում: Այսինքն, երբ շոշափվում էր պետության բարձրաստիճան պաշտոնյայի կամ պետության էական «շահը», երկրում կատարվում էր օրենքով չգրված ցանկացած հանցագործություն:


1965 թվականից, այսինքն` Եղեռնի 50-ամյակի հիշատակումների օրվանից սկսած, Հայաստանում գլուխ էր բարձրացրել պատմական հիշողությունը, և ոմանք Կրեմլում փորձում էին ամեն կերպ պիտակավորել հիշողությունը, կարծելով, թե ուժով, սպառնալիքով և պետական մակարդակի բարձրացված ահաբեկչությամբ հնարավոր է մեռցնել հիշողությունը։ Փաստորեն երկրում շարունակում էր եռալ տարիներ շարունակ առկա, բայց մարդկանց հիշողության մութ շղարշով պատված ազգային հարցը:
1977 թվականի հունվարի 8-ին` ժամը 17.33-ին, «Իզմայլովսկայա» և «Պերվոմայսկայա» կայարանների միջև վագոնների «պերեգոնի» ժամանակ տեղի է ունեցել առաջին պայթյունը: Հաջորդ պայթյունը` 19.05 րոպեին, տեղի է ունեցել թիվ 15 մթերային խանութի առևտրային դահլիճում, որը գտնվում էր Բաումանի շրջանում, իսկ հինգ րոպե անց` թիվ 5 մթերային խանութի մոտ, որ գտնվում է Հոկտեմբերի 25-ի անվան փողոցի վրա: Անփորձ, մինչ այդ երբեք նման արարք չկատարած երեք անձինք 1,5 ժամվա ընթացքում իրականացնում են խոշոր ահաբեկչական ակտեր և այն էլ երկրի սրտում` Մոսկվայում: Հաստատ կարելի է ասել, ինչ-որ բան այն չէ:


Ահաբեկիչներին, կազմակերպիչներին երկրով մեկ փնտրել են ավելի քան կես տարի և նրանցով զբաղվել են երկրի դատախազության, ներքին գործերի նախարարության և Խթը-ի լավագույն քննիչները: Հարցաքննվել է ավելի քան 500 վկա, և նրանցից որևէ մեկը հստակ չի կարողացել նկարագրել հանցագործների արտաքին տեսքը: Բնականաբար երկրով մեկ բացակայում էին նկարահանող, տեսագրող սարքերը: Քննչական խմբի անդամներից մեկը հիշում է, որ բաժանմունքի պետ Նիկոլայ Մատկովսկին, որը և ղեկավարում էր քննչական խումբը, կարգադրում է հանել Հոկտեմբերի 25-ի փողոցի վրա գտնվող պատմաարխիվային ինստիտուտի տանիքի ողջ ձյունը և հալել: Անշուշտ, աշխարհում հայտնի Շեռլոկ Հոլմսը և Ջեյմս Բոնդը իրենց հանճարեղ մտքերով ոչինչ էին խորհրդային այդ քննիչի համեմատությամբ, որի անունը, սակայն, այդպես էլ չի գրվել աշխարհի հայտնիների շարքում։


Նախորդ երկու պայթյունները կատարվել են փակ տարածության մեջ, իսկ վերջինը` ոչ թե խանութի ներսում, այլ մոտ: Իսկ դա ունի իր բացատրությունը, այն է` КГБ-ի նախօրոք ծրագրած և իրականացրած, իսկ հետո բացահայտած հանցագործություն: Իմ այս շատ պատասխանատու դատողությունը կհիմնավորեն հետագա քննչական գործողությունները: Եվ հենց տանիքից կհայտնաբերվի զարթուցիչ ժամացույցի փոքրիկ սլաքը, որն արտադրվել էր Երևանի ժամացույցի գործարանում: Եթե արվել է առաջին քայլը, ուրեմն հանցագործներին պետք է փնտրել Հայաստանում: Եվ փնտրտուքը հանգեցնում է նրան, որ 1977 թվականի հոկտեմբերին նրանք եղել են Կուրսկի կայարանում, վերցրել են Մոսկվա-Երևան գնացքի տոմս, հետո հենց կայարանում մոռացել են պայուսակ, որի մեջ եղել է ռումբ և «Երևան» գրառմամբ պիջակ, ինչպես և գլխարկ, որի վրա կային մի քանի սև մազեր:
Կարելի է ասել, ճաշի նախապատրաստման համար բոլոր անհրաժեշտ «մթերքները» պատրաստ էին, մնում էր միայն խառնել և դնել կրակին:
Վրաստան-Հայաստան սահմանագլխին, գնացքի մեջ ձերբակալում են Հակոբ Ստեփանյանին և Զավեն Բաղդասարյանին, որոնք խոստովանում են, որ կազմակերպիչը Ստեփան Զատիկյանն է: Զատիկյանը ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, աշխատում էր Երևանի էլեկտրամեխանիկական գործարանում: Դեռևս ուսանողական տարիներին նա կազմակերպել էր ընդհատակյա ԱՄԿ-ն:


Հայաստանում, ինչպես արդեն ասացինք, աճում էր ազգային հիշողությունը, և այդ հիշողության վրա ձևավորվում էր ոչ թե հակասովետական, այլև պատմական անարդարության վերացումը և պայքարը այն բանի դեմ, որ ԽՍՀՄ կոչվող հզոր երկրում փորձում էին անիմաստորեն ջնջել այն, որովհետև նման հիշողության առկայությունը վկայում էր հենց այդ երկրում իշխող կուսակցության ձեռամբ ժամանակին քաղաքական ինչ-ինչ նպատակներով կատարված հանցագործ անարդարության մասին։ Եթե Արևմտյան Հայաստանը ամուր դաջված էր յուրաքանչյուր հայի սրտում, ապա Նախիջևանն ու Ղարաբաղը աճող սերնդի ոչ միայն աչքերում էր, այլև քթի տակ: Եվ բոլորն էլ զգում էին, առավել ևս Մոսկվայում, որ այդ հարցը հասունանում է, և հարցի բանական լուծման փոխարեն շարունակում էին գործել նախկինի պես` բիրտ ու կոպիտ ուժային մեթոդներով:
Մեկ օրում երեք պայթյուն Մոսկվայում, այն էլ այնպիսի երիտասարդների կողմից, որոնք նախկինում երբեք նման արարքով աչքի չեն ընկել, միանգամայն անհավանական էր: Աբսուրդ էր և այն հանգամանքը, որ (պայթյուններից մեկը, մտաբերենք, կատարվել էր մթերային խանութին կից փողոցի տարածքում) շենքի տանիքի ձյունն են հալեցնում, որ գտնեն անհրաժեշտ ապացույցը, որը պիտի ելք հանդիսանար «հանցագործության» բացահայտման համար:


Տաշքենդի օդանավակայանում Խթը-ի երիտասարդ աշխատողը մի կնոջ մոտ նկատում է Կուրսկի կայարանում գտնվող` ռումբով պայուսակի նման մի պայուսակ, և հետագայում պարզվում է, որ նման պայուսակներ արտադրվում են նաև Երևանի կաշվեգալանտերեայի ֆաբրիկայում: Սա ևս մի վառ ապացույց է, որ ամեն ինչ ուղղված է ահաբեկչական ակտի հայկական տարբերակին: Որ երկրի իրավապահ մարմինները, հատկապես Խթը-ն, տարիներ շարունակ նման գործեր սարքելու մեծ վարպետներ էին, ոչ ոք չի կասկածում: Պարզ է, որ «ահաբեկիչների» գնդակահարումով Խթը-ն նպատակ ուներ վերացնելու 1966 թվականին Հայաստանում հիմնադրված ԱՄԿ-ն, չնայած այն իրողությանը, որ նրա ակտիվ անդամներին և հիմնադիրներին` Հայկազ Խաչատրյանին ու Շահեն Հարությունյանին, 1968 թվականին հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար դատապարտել էին:
Զատիկյանը գերազանց գնահատականներով ավարտել էր դպրոցը և համարվում էր կուսակցության լիդերը: Նրանք ունեին գաղտնի տպարան և հրատարակում էին «Փարոս» թերթը: Դա չլսված բան էր տոտալիտար երկրի համար, ուրեմն այն պետք էր արմատախիլ անել: Եվ արմատախիլ անելու միակ ճանապարհը որոշ անձանց, հատկապես պարագլխին, դատավճռով ֆիզիկապես ոչնչացնելն էր։ 1979 թվականի հունվարի 20-ին տեղի է ունեցել դատավարությունը: Զատիկյանը չի ընդունել իր մեղքը և դատարանի ամբիոնն օգտագործել է քաղաքական նպատակներով, մյուս երկուսն ընդունել են իրենց մեղքը: Փաստորեն, ակտի կազմակերպիչը, որին կարելի է համարել ուղեղը, չի ընդունում իր մեղքը, դատարանում հայտարարում է, որ ինքը հրաժարվում է այդ դատաստանից (судилище) և դատապաշտպանի կարիք չունի: Զատիկյանը դատավարության ընթացքում իրեն պահել է արժանապատիվ, գթասրտության կոչ չի արել և լավ է հասկացել, թե ինչպես են վերջանում պատվերով դատավարությունները: Ես եմ մեղադրողը և ոչ թե ամբաստանյալը: Երկիրը իրավական չէ, և դա պետք է հասկանալ: Այդ դատավարությունը ոգևորել էր խորհրդային բոլոր այլախոհներին: Հատկապես ազդեցիկ էր հայտնի այլախոհ Անդրեյ Սախարովի ձայնը: Նա համաշխարհային հանրությանը կոչ էր անում պահանջել հրապարակային հետաքննություն անցկացնել և դրան մասնակից դարձնել արտասահմանյան փորձագետներին ու իրավաբաններին: Իր հայտարարության համար Սախարովը հրավիրվել է ԽՍՀՄ գլխավոր դատախազություն և նախազգուշացվել քրեական պատասխանատվության մասին, նախապես կեղծ և շինծու տեղեկություններ տարածելու համար: Հետագայում Սախարովն իր գրքում կգրի, որ Զատիկյանին իմացողները փաստում են` ահաբեկչությունը նրա սկզբունքներից հեռու էր: Ճչացող փաստ է, որ դատապարտյալների հարազատներին չեն թողել մասնակցել դատավարությանը: Եվ ավելի ճչացող փաստ, որ դատավճիռը կատարել են շատ արագ: Ինչ իմանաս, գուցե հենց մեղադրյալներին տեղափոխող ավտոմեքենայում, ճանապարհին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Այսօր, երբ ահաբեկչությունը դարձել է աշխարհի թիվ մեկ չարիքը, խոսել վերոհիշյալ մեղադրյալների արդարացման մասին, մանավանդ որ նրանք դատապարտվել են նման հոդվածով, աբսուրդ է:
Հուսանք և հավատանք, որ նման բոլոր գործերով վերջին հաշվով պատմությունը կբացահայտի ճշմարտությունը: Բայց մի բան պարզ է` Զատիկյան անհատների ջանքերով է ճաք տալիս ցանկացած բռնապետություն: Դա է ապացուցում պատմության ընթացքը:
Կուզենայի պատմական երկու օրինակով տալ նաև «մեղադրյալների» դատահոգեբանական վիճակը:
Հայրս` Արիս Գրիգորի Հովսեփյանը, ստալինյան եռյակի կողմից դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման և 6 տարվա ազատ աքսորի: Հայրս պատմում էր, որ քննիչների մոտ տանելուց առաջ իրեն մի լավ մշակում էին ծեծելով: Չնայած դաժան մեթոդներին, հայրս հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքից. «Երկու քննիչ էին քննում: Մեկն իսկական դահիճ էր, մյուսը մարդկային որակներից զուրկ չէր: Հերթական քննության ժամանակ դահիճին պետը կանչեց, և ես մենակ մնացի մյուս քննիչի հետ: Նա հազիվ շշնջալով ասաց` իզուր ծեծ մի կեր, խնայիր առողջությունդ, քեզ չեն գնդակահարելու (դատավճռի չափը գրում էր եռյակի քննիչը), առողջությունդ քեզ պետք կգա»: Հայրս հավատում է այդ մարդուն և խնայում է առողջությունը, այսպես ասած, սև սքեմը քաշել է վրան և համակերպվել տիրող վիճակի հետ: Այն էլ ասեմ, որ երբ Խթը-ի պադվալում քացով խփել էին հորս որովայնին, ստացած գրիժան վերադառնալուց հետո երեք անգամ վիրահատեցին, բայց մի փոքր անզգուշություն, և այն նորից գլուխ էր բարձրացնում:
Երկրորդ դեպքը կապված է նույնպես քաղբանտարկյալ Աբել Իսկանդարի Օրդուխանյանի հետ: Ասեմ, որ 20 տարեկան հասակում նա եղել է Ալավերդու քաղկոմի քարտուղարը: Նա դիմանում է անասելի կտտանքներին և երբեք չի խոստովանում չարածը: Նրան առաջադրված մեղադրանքով սպառնում էր մահապատիժ: Երբ քննիչը նրան ներկայացրել է պետին և ասել է, թե չի խոստովանում մեղքը, պետը ակամայից հարցրել է` ո՞նց, այդքան ծեծից հետո՞... «Այո»,- եղել է պատասխանը: Եվ ինչ, նրա մահապատիժը փոխարինվել է 20 տարվա ազատազրկմամբ:
Հավանաբար, հորս նման, Բաղդասարյանը և Ստեփանյանը հավատացել են քննիչի տված խոստումներին, թե անկեղծ խոստովանանքը թեթևացնում է մեղքը և... իսկ Զատիկյանը, որը և խելացի էր, և լավ գիտեր Խթը-ի ողջ ստորությունները, հրաժարվում է հանուն «թեթև» պատժի համագործակցելուց քննիչների հետ: Զատիկյանն արժանապատիվ ընդունել է մահը, հավանաբար հավատալով, որ մի օր պատմությունը կարդարացնի իրեն:
Հավատանք:

Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ