Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանի նախագահը «տնային առաջադրանք» թողեց Երևանին

Իրանի նախագահը «տնային առաջադրանք» թողեց Երևանին
17.01.2017 | 01:00

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցին Հայաստանում վաղուց էին սպասում՝ համենայն դեպս դեռ 2016 թ. տարեվերջից առաջ: Այցն առնվազն երկու անգամ հետաձգեցին. մեկ սպասվում էր, որ նա Հայաստան կգա օգոստոսին՝ Բաքու կատարելիք այցից հետո: Այնուհետև սպասում էին հոկտեմբեր-նոյեմբերին:

Բայց, ինչպես նշեցին տարբեր լրատվամիջոցներ, Ռոհանիի Երևան այցի ճիշտ ամսաթիվը հայտարարվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցից երկու օր հետո, ուր վերջինս հանդես եկավ Իրանի հասցեին ուղղված մի շարք քննադատական հայտարարություններով: Տարբեր մարդիկ տարբեր կերպ գնահատեցին նման զուգահեռները, թեև հայտնի է նաև, որ Երևանից Ռոհանին մեկնեց Ղազախստան, որտեղ մի քանի օր առաջ եղել էր նաև Նեթանյահուն: Կառավարող հանրապետական կուսակցությունում ¥ՀՀԿ¤, օրինակ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ որևէ փոխադարձ կապ տեսնել դրանում: Որոշ փորձագետներ, օրինակ, Աննա Փամբուխչյանը «Իրազեկ քաղաքացիների միությունից», ընդհակառակը, համարում են, որ «Հասան Ռոհանիի այցը Երևան ոչ միայն հայ-իրանական բարեկամության, այլև իրանա- իսրայելական թշնամության դրսևորում է»:


Այդպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, թեև, իհարկե, Թեհրանում անուշադրության չեն մատնել իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության ղեկավար Յոսա Կոհենի խոսքերը, որը, մեկնաբանելով վարչապետ Նեթանյահուի Ադրբեջան կատարած ուղևորությունը, ընդգծել է այդ այցի խիստ կարևորությունը և խոստովանել, որ «Մոսսադի» մի շարք փորձառու սպաներ գտնվում են Բաքվում «ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, հեղաշրջումների կանխման և բազմապիսի տարածաշրջանային դաշինքների ստեղծման ասպարեզում ադրբեջանական ԱԱՆ-ի հետ «Մոսսադի» համագործակցության լայն ծրագրի շրջանակներում»: Բայց, իհարկե, այնքան էլ տրամաբանական չէր լինի, որ Իրանը Հայաստան «վազեր» անգամ այնքան էական առիթով, ինչպիսին «Մոսսադի» ղեկավարի կողմից Ադրբեջանի հետ իսրայելցիների վաղուց արդեն շարունակվող համագործակցության այս կամ այն փաստի հրապարակումն է:

Նույնիսկ, օրինակ, արցախյան խնդրի կարգավորման հարցի ոլորտում: Շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին դեռ 1992-ի գարնանը շրջանառվում... «հակամարտության գոտի իսրայելական գյուղատնտեսության մասնագետների ուղևորության» մասին տվյալները, և ո՞ր ապուշը պիտի հավատար, որ դիմակայության կատաղի փուլերից մեկում իսրայելցիները պետք է «ուսումնասիրեին հակամարտության գոտում գյուղատնտեսության վարման հնարավորությունները»: Կամ 4-5 տարի առաջ իրանցի նորակոչիկ սահմանապահին հենց Իրանի տարածքից առևանգելու և Իրանին նրա դիակը վերադարձնելու դեպքը («լեգենդ» էր տարածվել, թե տարաբախտ տղան, իբր, կրակ էր բացել «սահմանը խախտելու» ժամանակ, վիրավորվել էր և այլն): Ես պնդում եմ, որ նույնիսկ տարբեր երկրներում Իրանի դեսպանություններում մարդիկ կային, ովքեր գիտեին, որ սադրանքին մասնակցել են իսրայելցի «մասնագետները»:


Կարծում եմ, որ Իրանի նախագահի այցի շարունակական հետաձգումները ամենևին էլ կապված չէին Նեթանյահուի Ապշերոն կատարած այցից և Ադրբեջանի վերաբերյալ «Մոսսադի» ղեկավար Կոհենի հայտարարությունից ունեցած «ակնկալիքի» հետ: Չեմ կարծում նաև, թե դա կապված էր Հայաստանի իշխանությունների վարքագծից Իրանի գոհ կամ դժգոհ լինելու հանգամանքի հետ, թեև դա չի կարելի 100 տոկոսով բացառել: Մի առիթով ես արդեն ուշադրություն եմ հրավիրել այն բանի վրա, որ, օրինակ, հենց փոխվեց Հայաստանի պաշտպանության նախարարը, անմիջապես նոր նախարար Վիգեն Սարգսյանին այցի եկավ Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Իրանի պաշտպանության փոխնախարար, բրիգադային գեներալ Նասրոլլահ Քալանթարիի գլխավորությամբ, վստահություն հայտնելով, որ այցի (18 հոկտեմբերի) նպատակը միայն պաշտոնակալության առթիվ շնորհավորական նամակի հանձնումը չէ, ինչպես հաղորդվել էր պաշտոնական լրատվությամբ, և որ իրականում Վիգեն Սարգսյանի հետ պարոն Քալանթարի զրույցի օրակարգում «ծածկագրված էին» հետևյալ բառերը. «քննարկվեցին հայ-իրանական երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ»: ՈՒշադրություն դարձրեք, Իրանի փոխնախագահը չէր շնորհավորանքներով շտապել Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կամ մի որևէ այլ ոլորտի փոխնախարար, ասենք, առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերով ու շնորհավորանքներով. եկել էր միայն բրիգադային գեներալ Քալանթարին: Եվ արդեն այդ քայլով Իրանը, իմ կարծիքով, ասաց շատ բան, եթե ոչ ամեն բան:

ՈՒշագրավ է ինչ-որ տարակերպություն Հասան Ռոհանիի Երևան կատարած այցի գնահատականներում: Հայկական պաշտոնական տեղեկատվությունն ես կարդում, դա «մեկօրյա պաշտոնական այց» է: Կարդում ես իրանական աղբյուրները, այդ թվում` պաշտոնական (IRNA, ISNA, IRIB և այլն), դա սոսկ «երեք երկրներով եվրասիական տարածաշրջանային շրջագայության առաջին փուլն է»: Այսինքն, Երևան այցելությունը լավագույն դեպքում «մոտ է» «աշխատանքային այցին», բայց ոչ նույնիսկ կարճաժամկետ պաշտոնական այցի: Ոմանք կասեն՝ ի՞նչ տարբերություն:

Դիվանագիտական գործերից ու արարողակարգերից փոքր-ինչ գլուխ հանողները գիտեն, որ տարբերություն կա և էական: Ահա, խնդրեմ, Հայաստանի նախագահը Մոսկվայում եղավ, չէ՞, աշխատանքային այցով, և դարձյալ 2016 թ. վերջին, թեև այնտեղ մասնակցեց ԱՊՀ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ¥ՀԱԽ¤ շրջանակներում կայացած գերպաշտոնական միջոցառումների: Չէ՞ որ նրա այցը չի ընկալվում իբրև նախատոնական օրերին Ռուսաստան կատարած պաշտոնական այց: Եվ չէ՞ որ, համաձայնեք, Հայաստանի նախագահի քննարկած խնդիրները յուրովի կարևոր են Հայաստանի համար, օրինակ, ի՞նչ է լինելու, հիմա շրջափոխության սկզբունքով Հայաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը գլխավորելո՞ւ է ՀԱՊԿ-ը, թե՞ ոչ: Հարցը լուծում չստացավ ո՛չ ամռանը, ո՛չ աշնանը, երբ Երևան էին այցելել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը և նույնիսկ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, հետաձգեցին տարեվերջին: Ճիշտ է, Նոր տարուց առաջ էլ հարցը չլուծվեց:


Այդուամենայնիվ, չնայած Մոսկվայում տեղի ունեցած նախատոնական միջոցառումները խիստ կարևոր էին Հայաստանի համար, Սերժ Սարգսյանի այցը համարվում է աշխատանքային, ոչ թե պաշտոնական: ՈՒստի և, Հայաստանի հարգելի պաշտոնական լրատվամիջոցներ, Հասան Ռոհանիի այցը պաշտոնական այց չէր, թեև Երևանում անցկացված բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Իրան այցելելու հրավեր ստացավ, ինչը շնորհակալությամբ ընդունվեց հայկական իշխանությունների կողմից: Իրանական Սահմանադրության համաձայն, ընդամենը Իրանի կառավարության ղեկավարի (քանի որ Իրանում պարզապես չկա վարչապետի պաշտոն) գործառույթներ իրականացնող անձը ուներ սոսկ Եվրասիայի երեք երկրներով աշխատանքային շրջագայության առաքելություն, որոնք այսօրվա դրությամբ առաջնային նշանակություն ունեն Թեհրանի համար: Պարզաբանեմ, թե ինչու: Հայաստանում հուլիս էր եղել, կառավարություն էր փոխվել, այդ թվում, մասամբ փոխվել էին ուժայինների ղեկավարները: Թուրքիայում տեղի ունեցած «տարօրինակ իրադարձությունների» ֆոնին, Սիրիայի ու Հալեպի կապակցությամբ լկտի մեղադրանքների ֆոնին (իսկ դրանք Արևմուտքի կողմից հնչել էին ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հասցեին), նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի «սիլի-բիլիի» ֆոնին Հայաստանում կայունության պահպանման գործոնը (որպեսզի մեր երկիրը չվերածվի ԱՄՆ-ի և Իսրայելի «խոնարհ հարսի») գերխնդիր է դառնում Իրանի համար: Իսկ չէ՞ որ Իրանը մշտապես պատրաստվում է այն բանին, որ Դոնալդ Թրամփի պաշտոնակալումից հետո ԱՄՆ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը կսրվի և կհասնի անմիջական առճակատման: Համենայն դեպս՝ նույն Սիրիայում և Իրաքում, Պարսից ծոցի երկրների գոտում ու Եմենում:


Թե ինչու Ղազախստան՝ հասկանալի է: Նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ՈՒզբեկստանի հետ կապված «հարցեր» լինելու պարագայում հիմա միայն Ղազախստանն է այն երկիրը, որի կայունությունը կասկածներ չի հարուցում: Միաժամանակ, ի վերջո, Ղազախստանը Միջին Ասիայում Իրանի քաղաքականության հեռանկարային «պատուհաններից» մեկն է և այն հանրապետությունը, որի կարծիքն «անցնում է» ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: ՇՀԿ-ի առնչությամբ Իրանն առաջարկել է արագ կարգով լուծել իր լիիրավ անդամության հարցը, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա շատ առարկայորեն ու իրատեսորեն քննարկվում է սահմանամերձ գոտիներում և մի քանի «հատուկ գոտիներում» ազատ առևտրի միանգամից մի քանի (ոչ թե մեկ) գոտու ստեղծման հարցը: Բացի այդ, Իրանը ցույց է տալիս, որ գնահատում է Նուրսուլթան Նազարբաևի ավանդը գարնանային-ամառային սրացումների ժամանակ Թուրքիային «հանգստացնելու» գործում: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ Նեթանյահուի այցը Աստանա Իրանի համար գլխավոր գործոնը չէր: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, այստեղ էլ ամեն ինչ պարզ է. Իրանն արդեն մի քանի տարի սպասում է ՆԱՏՕ-ի և նրան հարող երկրների զորքերի լիակատար դուրսբերմանը հարևան Աֆղանստանից, և Թեհրանում շատ լավ գիտեն, որ Աֆղանստանի տարածքից հարևան երկրներ «Թալիբանի» և «Իսլամական պետության» (ԻՊ) արմատական ահաբեկիչների հնարավոր ներթափանցման ճանապարհին ամենաթույլ օղակը հենց Ղրղզստանն է: Բացի այդ, ղրղզները նոյեմբերի վերջին անհասկանալի նկատառումներով խոսակցություն բացեցին Կանտից ռուսական ռազմաօդային բազայի դուրսբերման մասին: «Սուրբ տեղը դատարկ չի մնում»՝ սովորեցնում է ռուսական ժողովրդական ասացվածքը, և այն առումով, որ նույն նոյեմբերին Իրանը նախազգուշացրեց, թե մտադիր է իր ռազմական բազաներն ունենալ այն բոլոր վայրերում, ուր տեսնում է իր շահերը, շրջափակել և վերահսկել Ղրղզստանը, ապա սա էլ է դառնում Իրանի պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրներից: Ի դեպ, օտար պետություններում բազաներ ստեղծելու Իրանի ախորժակը վատ չէ. Եմեն, Աֆրիկա, առավել ևս, Սիրիա:


Այն, ինչ հաղորդել են հայկական և ռուսական լրատվամիջոցները Երևանում կայացած բանակցությունների մանրամասների մասին, քաջ հայտնի է, և ես չեմ կրկնի այդ հաղորդագրությունները: Շատ ավելի հետաքրքիր է այն, թե իրանական լրատվամիջոցներն ինչպես են լուսաբանել պարոն Ռոհանիի եվրասիական տարածաշրջանային շրջագայության առաջին փուլը: Հավատացեք, լուսաբանման մեջ տարբերություն կա: Առայժմ վերցնենք միայն IRNA գործակալության տվյալները: «Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի կոչ արեց առևտրատնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման նպատակով լիովին վերականգնել բանկային կապերը Հայաստանի հետ: Նա այդ դիտարկումներն արեց Երևանում իրանա-հայկական առևտրական կապերի խորացմանը նվիրված խորհրդաժողովի փակման արարողության ժամանակ. «Իրանցի և հայ ձեռնարկատերերը պետք է ծանոթանան առևտրատնտեսական համագործակցության հարցերում երկու երկրների հնարավորություններին և դրանք օգտագործեն ի բարօրություն երկու երկրների»,- ասաց նախագահ Ռոհանին: Նա ասաց նաև, որ Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք պետք է հող նախապատրաստեն համագործակցության զարգացման և կապերի ընդլայնման ճանապարհին եղած խոչընդոտների վերացման համար: Նախագահը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև վիզային անցակարգի վերացումը կարևոր քայլ է զբոսաշրջության, մշակութային և գիտական կապերի ընդլայնման ճանապարհին:

Ինչ վերաբերում է Հայաստան իրանական գազի արտահանումն ընդլայնելու ջանքերին, ապա նախագահ Ռոհանին ընդգծեց բանկային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ֆինանսական և վարկային փոխանակության, ինչպես նաև մաքսատնային ծառայությունների դյուրացման կարևորությունը գործարարների ու մասնավոր հատվածի համար, նախագահ Ռոհանին ասաց, որ այս ազատ գոտին կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացմանը»:
Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի աշխարհագրական դիրքին, նախագահ Ռոհանին ասաց, որ երկու երկրները կարող են տարանցիկ միջանցք դառնալ Հյուսիսի և Հարավի միջև, որ կապը Սև ծովի ու Պարսից ծոցի միջև մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների համար: «Ինչ վերաբերում է երկու երկրների միջև արտոնյալ առևտրին, ապա պետք է խոշոր քայլեր ձեռնարկեն թե՛ Իրանը, թե՛ Եվրասիան»,- ասաց Ռոհանին: Նա երկու երկրների կառավարություններին կոչ արեց դրական քայլեր ձեռնարկել տնտեսության, գիտության ու տեխնիկայի ասպարեզում համագործակցությունն արագացնելու ուղղությամբ:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ