Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դուք ցույց տվեք, թե ինչով եք ՀՀԿ-ից լավը»

«Դուք ցույց տվեք, թե ինչով եք ՀՀԿ-ից լավը»
17.01.2017 | 01:26

Իշխանությունում շարունակում են լարված սպասել Սերժ Սարգսյանի որոշմանը։ Ցուցակում լինելու հարցը տանջում է բոլորին, բայց երևում է` քչերին է հաջողվել այդ հարցը «փակել» դրական ելքով։ Նախորդ խորհրդարանում ՀՀԿ-ն իր հետ բերեց մի քանի կուսակցությունների, այդ թվում` քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։ Նրանց համար ի՞նչ որոշում ունի իշխող կուսակցությունը։ Ինչպե՞ս է ՔԴԿ-ն մասնակցելու ընտրություններին, հնարավո՞ր է նորից ՀՀԿ-ի հետ ընտրությունների գնա։ Մինչ հարցին անդրադառնալը պարոն Հարությունյանն ընդգծեց. «Ընդհանրապես համագործակցությունը կարող է արդյունավետ լինել, եթե գաղափարական հենքով կուսակցություններն են միավորվում, որոնք ունեն հանրային կյանքի կազմակերպման միանման մոտեցումներ»։

-Այսօր Դուք գաղափարական միավորումներ տեսնո՞ւմ եք։
-Անկեղծ ասած, ոչ միշտ։ Ցավոք, շատ կարճաժամկետ քաղաքական նպատակների համար են դրանք, ավելի հստակ` առաջիկա ընտրություններում արդյունքներ գրանցելու համար։ Սա կարճաժամկետ քաղաքական նպատակ է, որը հանրային կյանքին, քաղաքական գործընթացներին որակ ու բովանդակություն չի հաղորդելու։ Ժամանակը ցույց կտա, գուցե սխալների և փորձերի մեթոդով կկարողանա՞նք գտնել զարգացման հունը։ Ինչ վերաբերում է ընտրություններին մեր մասնակցությանը, մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՔԴԿ-ն առանձին չի կարող մասնակցել և ունենալ արդյունք։ Այն պարզ պատճառով, որ այդչափ ռեսուրսների չենք տիրապետում։ Որևէ պատրանք չունենք և չենք ներկայանում խիստ հավակնոտ քաղաքական ծրագրերով։ Սակայն ունենք գաղափարական ընդհանրություններ ՀՀԿ-ի հետ, անցած տարիներին մեր և հանրապետականի համագործակցությունն արդյունավետ է եղել։ Սա միայն իմ գնահատականը չէ, կարծում եմ` նաև ՀՀԿ-ի։ Այս համագործակցությունը կարող է պահանջարկված լինել, բայց պարզ է նաև, որ որոշում կայացնողը ես չեմ։ Քաղաքական կոռեկտությունն անգամ ենթադրում է, որ չեմ կարող իմ ցանկությունները, կշիռն ու պոտենցիալը պարտադրել որևէ մեկին, նույնիսկ ամենահաջողված համագործակցության դեպքում։ Սա քաղաքական որոշում է, որը պետք է կայացնեն ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը։ Հիմա այդ գործընթացներն են ընթանում։
-Հստակություն դեռ չկա՞։
-Առայժմ՝ ոչ։ Անկեղծ լինեմ, ինձ նույնիսկ թույլ չեմ տա որևէ մեկից հարցնել, թե ինչ են մտածում։
-Դուք շեշտեցիք, որ Ձեր և ՀՀԿ-ի գաղափարները համընկնում են։ Արդյոք մի՞շտ է այդպես։ Խորհրդարանում երբևէ չի՞ եղել, որ ՀՀԿ-ի և Ձեր մոտեցումները հակադրվել են, չեք ցանկացել կողմ քվեարկել, բայց ստիպված եք եղել։
-Համընկնել ասելով նկատի պիտի ունենալ հայեցակարգային հիմնադրույթները։ Օրինակ, պետության կարգավորիչ դերում և շատ այլ հարցերում մենք տարաձայնություններ չունենք, բայց շատ նախագծերի առնչությամբ ես բազմաթիվ առաջարկություններ եմ ներկայացրել։
-Մամուլը բազմիցս է գրել, որ ՀՀԿ-ում որոշումները միանձնյա են կայացվում, և խորհրդարանն ընդամենը դակում է «վճիռները» չնայած շատերը հակառակ կարծիքն ունեն։
-Այդպես չէ։ Ինքս բազմիցս մասնակցել են ՀՀԿ խորհրդի նիստերին, հավատացնում եմ, ամեն ինչ չէ, որ հարթ է անցնում։ Լինում են մտքերի փոխանակումներ, բախումներ։ Բայց կա նաև կուսակցության քաղաքական որոշումների կատարման աներկբա մոտեցում։ Մինչ որոշում կայացնելը բոլորս էլ ազատ ենք խոսելու, քննարկելու, քննադատելու, սակայն երբ որոշումը կայացվեց, պետք է այն ի կատար ածվի։ Սա չի նշանակում դակել կամ պարտադրել։ Ի վերջո, դու ազատ ես ու կարող ես դուրս գալ այդ քաղաքական ուժի կազմից, լքել այդ նավը։ Իսկ ո՞վ ասաց, որ իմ մոտեցումն է ճիշտ, ես եմ վերին ճշմարտություն ներկայացնողը, գուցե ձե՞ր մոտեցումն է ճիշտ։ Այս առումով նման տեսակետ հայտնողներին պետք է հիասթափեցնեմ. ներկուսակցական ժողովրդավարությունը նշանակում է մինչ որոշում կայացնելը մտքերի ազատ բախում, որոշում կայացնելուց հետո՝ վերջ։
-Ինչպես ՔԴԿ-ն, այնպես էլ մյուս կուսակցությունները (բացառությամբ ՀՀԿ-ի) չեն կարող միայնակ մասնակցել ընտրություններին և արդյունք արձանագրել, քանի որ չունեն ֆինանսներ և ռեսուրսներ։ Նույնիսկ ընդդիմադիրները պետք է իշխանության բարեհաճությունը վայելեն, որ խորհրդարանում տեղ ունենան։ Աբսուրդ է ստացվում մենք անցնում ենք խորհրդարանական համակարգի, երբ կուսակցությունների դերն ու նշանակությունը մեծանում են, իսկ մեզանում կայացած, ինքնուրույն կուսակցություններ չկան։ Ինչպիսի՞ կառավարում է մեզ սպասում։
-Համաձայն չեմ Ձեր այն դիտարկմանը, թե, բացի ՀՀԿ-ից, մյուսները չունեն ռեսուրսներ։ Առնվազն երկու-երեք կուսակցություն գիտեմ, որոնք կարող են ինքնուրույն մասնակցել՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը։ Նրանց քաղաքական հաջողությունը կախված չէ բացառապես ՀՀԿ-ի բարյացակամությունից։ Բացարձակ համակարգեր գոյություն չունեն, երբեմն նույնիսկ ընդդիմությունը և իշխանությունն են համագործակցում, պետք չէ նրանց դիտել քաղաքական հակառակորդներ, թշնամիներ։ Ես ավելի շատ նախընտրում եմ քաղաքական խճանկարը, որտեղ կարող են լինել ամենատարբեր կոնֆիգուրացիաներ։ Պարզապես այդ խճանկարի հրապուրանքը միշտ պետք է պահել։ Ինչ վերաբերում է կուսակցությունների կայացմանը, սա բարդ խնդիր է։ Այնպես չէ, որ եկեք հավաքվենք ու կուսակցություն ստեղծենք։ Ես հաճելիորեն հիացած եմ հանրապետության նախագահի վարքով, ամեն շաբաթ հրավիրում է ԳՄ նիստ, որոշումները հասցնում սկզբնական կառույցներին, նրանք զեկույցներ են ներկայացնում, նախագահը դրանք լսում է, համապատասխան եզրահանգումներ անում։ Կուսակցություն կայացնելը մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Մեր կուսակցությունները ձախողվում են հենց այս մոտեցումը, ինչպես նաև քաղաքական, գաղափարական հենք չունենալու պատճառով։ Սա շատ կարևոր է։ Արհեստական, հանուն լիդերի քաղաքական հաջողությունների ապահովման կառույց ստեղծելն ապագա չի խոստանում։ Այդպիսի կառույցը չի կարող կուսակցություն լինել, այն կարող է ընդամենը մեկանգամյա խնդիր լուծել։ Կուսակցաշինությունը նաև համախոհների լուրջ թիմ է պահանջում։ Շատ էական է, որ կուսակցությունն իր գործունեությունը կառուցի ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, մեկի, այլ հանուն հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինն իրականացնելու։ Մեր ընդդիմության 99 տոկոսը ձախողվում է նաև այս պատճառով։ Նրանք ընդդիմադիր են, քանի որ պայքարում են Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի դեմ, բայց հանրությանն ինչ են առաջարկում, շատ քչերից կարող ես լսել։ ՀՀԿ-ից լավ ոչ մեկն իր թերությունները չի կարողացել բացահայտել։ Եթե նրանք մատնանշում են մեկ-երկու բան, անցած տարվա փետրվարի 12-ին նախագահն ամբողջովին ներկայացրեց իշխող կուսակցության խոցելի տեղերը։ Ասում են՝ ՀՀԿ, դու վատն ես։ Լավ, վատն է բայց դա նշանակո՞ւմ է, որ դուք եք լավը։ Ո՜չ։ Դուք ցույց տվեք, թե ինչով եք լավ ՀՀԿ-ից։ Իրենց ողջ քաղաքական մարտավարությունը, ռազմավարությունը կառուցում են ինչ-որ մեկին սևացնելու ճանապարհով։ Հանրությունը շատ լավ գիտակցում է` ով ով է։ Գործող իշխանության գինը հանրությունից առավել ոչ մեկը չգիտի։ Խորհրդարանական համակարգին անցումը նաև հանգեցնելու է այն բանին, որ կուսակցությունների ազդեցիկ լինելը կորոշվի ոչ թե կուսակցականների թվով, այլ հանրային կյանքում իրական փոփոխություններ կատարելու ներուժով։ Այսինքն, պարզ կլինի` գործ ունենք թիմի՞ հետ, թե՞ մեկ-երկու հոգու կարիերա անելու։ ՈՒնեցել ենք, չէ՞, քաղաքական ուժեր, որոնք հաջողություն արձանագրելուց հետո իրենց կազմից չեն կարողացել մի նախարար նշանակել։ Ընտրություններում 540 հազար ձայն ստացած կուսակցությունից երկու ամիս հետո ոչինչ չի մնացել։ Դրանք կուսակցություննե՞ր են, իհարկե՝ ոչ։ Նրանք պետք է հասկանան, որ այդպես քաղաքականությամբ զբաղվելու բարոյական իրավունք չունեն։
-Փաստն այն է, որ այսօր էլ՝ նախընտրական շրջանում, նույն ուժերի հետ գործ ունենք, բացառությամբ մեկ-երկուսի, որոնց մեթոդոլոգիան նույնն է։
-Այո, բոլորի պայքարի ձևը նույնն է՝ ընդդեմ ՀՀԿ-ի։ Սա դատապարտված մեթոդ է, քաղաքականապես ծույլի, անբանի վարքագիծ։ Այնքան հեշտ է աշխատողին քննադատելը, չաշխատողին ինչպե՞ս քննադատել։ ՀՀԿ-ն երեք կառավարություն կարող է իր կազմից ձևավորել, որևէ ընդդիմադիր կուսակցության հարցրեք՝ ով է իրենց պաշտպանության, ֆինանսների ապագա նախարարը։ Ոչ ոք չի կարող անուն ասել, բայց ձգտում են իշխանության։ Քիչ չեն եղել կուրծք ծեծողները, որոնց պաշտոն ստանալուց երկու ամիս հետո մտածել ենք` ոնց նրանցից ազատվենք։ Ես կցանկանայի, որ իմ քաղաքական ընդդիմախոսը լիներ հմուտ և փորձառու, այդ դեպքում ես ինքս էլ ինձ վրա պիտի աշխատեմ, որ մրցունակ լինեմ։
-Դուք խոսում եք ՀՀԿ-ի առավելություններից, բայց եթե այդ կուսակցության «տակից» հանենք իշխանական լծակները, ֆինանսները, գաղափարախոսություն կմնա՞։
-Այո, հաստատապես։ Ոմանց թվում է, թե ՀՀԿ-ն մրցունակ է միայն իշխանական լծակներով։ Իհարկե, դա շատ կարևոր գործոն է, բայց, ի տարբերություն շատ կուսակցությունների, ՀՀԿ-ն լրջորեն մտածում է իր ներսում քաղաքական որակյալ ներուժ ստեղծելու մասին։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ