Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գարոն Դինքի պայքարը տեղափոխել է իշխանական ու քաղաքական հարթակներ»

«Գարոն Դինքի պայքարը տեղափոխել է իշխանական ու քաղաքական հարթակներ»
17.01.2017 | 01:42

Թուրքիայի հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայերենով շնորհավորել է մարդկանց Սուրբ Ծնունդը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի, մեզի մեծ ավետիս»,- ասել է պատգամավորը: Թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք աննախադեպ այս միջադեպի մասին, մասնավորապես հետաքրքրվելով` պատգամավորի այս քայլը ակամա մղո՞ւմ էր, թե՞ դիվանագիտական քայլ:


-Ստամբուլից առաջադրված և ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը առաջին անգամ չէ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ամբիոնից հայերեն խոսք է հնչեցրել: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2015-ի ամռանից ի վեր, քանիցս հայոց լեզվով արտահայտվել է օրենսդիր մարմնում: Պետք է հիշեցնեմ, որ 2015-ին խորհրդարանի նիստերում Փայլանը կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը: Ընդհանրապես պիտի նկատել, որ Փայլանի մուտքը խորհրդարան՝ իր ելույթների բովանդակությունը, թիրախավորված քննադատությունը, շատ հանդուգն էր թուրքական իշխանությունների համար: Եվ դա մի երկրում, որտեղ ազատ խոսելը կարող է խոսողի համար լինել դատավճիռ ու բանտարկության պատճառ: Այդուհանդերձ, հայ պատգամավորը վախի նշաններ ցույց չի տալիս ու շարունակում է քաղաքական խիզախություն հանդես բերել: Հերթականը այն էր, որ Ծննդյան տոների կապակցությամբ, Քրիստոսի Ծննդյան ավետիսը հայերեն հնչեցրեց խորհրդարանի ամբիոնից մի երկրի, որտեղ քաղաքական իսլամը քիչ-քիչ ավելի ագրեսիվ է դառնում, որտեղ «Թուրքիան աշխարհիկ պետություն պիտի մնա» լոզունգի ու պաստառի համար կարող են ձերբակալել մարդկանց: Հայ պատգամավորի ելույթը հակված եմ դիտելու քաղաքական համապատկերում ու քաղաքական ուղերձով: Նա, որպես քրիստոնյա ազգային փոքրամասնության պատգամավոր, իր հայերեն ելույթներով ընդգծում է հայկական ներկայությունը Թուրքիայի խորհրդարանում և հիշեցնում ազգային խնդիրների համար պայքարի մասին: Փայլանը ակնհայտորեն վերակենդանացնում է հայ քաղաքական միտքը Թուրքիայում: Նրան արդեն ընկալում են որպես Հրանտ Դինքի գործի նորովի շարունակող: Եթե Դինքի գործունեության ասպարեզը հասարակականն էր, ապա Գարոն Դինքի պայքարը տեղափոխել է իշխանական ու քաղաքական հարթակներ: Սա պիտի դիտել թուրքահայության քաղաքական պայքարի մեկնարկ, քանի որ կես դար շարունակ թուրքահպատակ հայությունը հնարավորություն չի ունեցել իր խնդիրները ձևակերպելու իշխանական ու քաղաքական հարթակներից:


-Ինչպե՞ս արձագանքեց Թուրքիան Փայլանի ամանորյա ուղերձին: Ի՞նչ դրական ու բացասական հետևանքներ կարող է ունենալ հայ պատգամավորի քայլը:
-Ազգային մտածողության դրսևորումները, առավել ևս` հրապարակային, Թուրքիայում գրեթե միշտ էլ բացասական հետևանքներ են առաջ բերում: Ռասիստական տարրերը, իսլամի ռադիկալ հատվածները ատելության մթնոլորտ են շիկացնում, սպառնալիքներ հնչեցնում, իսկ որոշ դեպքերում` նաև գործադրում: Էլ չեմ խոսում իշխանությունների մասին, որոնք քրեական և այլ ճանապարհներով անընդհատ փորձում են հալածել ազատամիտ, այլախոհ և այլազգի գործիչներին: Թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր բավականաչափ համարձակություն են ունենում դուրս գալու թուրքական պետական մտածելակերպի դեմ։ Կոնկրետ Գարոյի դեմ դեռ քրեական հետապնդումներ չկան, բայց նրա կուսակիցներից, գործընկեր պատգամավորներից շատերն այսօր արդեն հայտնվել են կալանավայրերում: Փայլանի սուրբծննդյան շնորհավորանքը թուրքական լրատվական հարթակներում արձագանքներ չստացավ, մնաց սոցկայքի տիրույթում: Պիտի ենթադրել, որ հետտոնական պասիվությունը և արտակարգ դրության պայմաններում լրատվականների սահմանափակ գործունեությունը լայն հնչողություն չհաղորդեցին Փայլանի ելույթին: Բայց Փայլանը այն գործիչներից չէ, որ հարմարվողական և զիջողական կեցվածք դրսևորի Էրդողանի վարչակազմի հանդեպ: Վստահաբար` նա կշարունակի նույն ոճով: Եթե ազգային շահի տեսանկյունից նայենք, ապա հենց նրա նման գործիչներ են պետք համայնքին՝ գոտեպինդ մնալու և մեր արդար դատին հետամուտ լինելու համար: Հակառակ դեպքում աթեշյանական էրդողանահաճո վարքագիծը կդառնա համատարած և թուրքահայ գաղութը կդարձնի կամազուրկ զանգված կամ գործիք՝ թուրքական պետության ձեռքին: Իսկ եթե նայում ենք Թուրքիայի պետականության շահի տեսանկյունից, ապա Փայլանի նման գործիչներով է հնարավոր փակել ավտորիտար ռեժիմին գերի մնալու ճանապարհը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ