Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Դիմադրություն լինելո՞ւ է: Ամեն օր

Դիմադրություն լինելո՞ւ է: Ամեն օր
17.01.2017 | 01:52

2016-ի սեպտեմբերի 13-ից վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ի հունվարի 13-ին, այն էլ ուրբաթ, որոշեց ամփոփել իր կառավարության 100 օրը: Ընդարձակ նախաբանով նա տվեց Հայաստանի տնտեսության ախտորոշումը, ներկայացրեց տեսլականը, ասաց՝ ինչ է արվել 100 օրում: Ի սկզբանե վարչապետը դժկամությամբ էր պատասխանում քաղաքական հարցերին՝ հայտարարելով, որ ասուլիսի թեման 100 օրվա ամփոփումն է: 100 օրում նա ՀՀԿ անդամ է դարձել, ուրեմն՝ քաղաքականության մաս: Ամբողջ խնդիրը դա է՝ կա՞ Կարեն Կարապետյանը քաղաքականության մեջ, թե՞ չկա: Դատելով իր պատասխաններից՝ չկա: Եվ չի լինի՝ դատելով մամուլի հրապարակումներից՝ Հայաստանում չբնակվելու, հետևաբար պատգամավոր առաջադրվելու իրավունք չունենալը, Սերժ Սարգսյանի ամենամեծ սխալը լինելը, դժգոհությունը նրա stand up-ներից:

Մանրամասներ, որ հավաքում են ընդհանուր պատկերը: Պետական գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ոչ միայն Հայաստանում չբնակվելու, այլև մարսեցի լինելու դեպքում նրան կներառեր իր ցուցակում, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար: Բեմ կբարձրանար Դավիթ Հարությունյանը (կարևոր խնդիրը Արփինե Հովհաննիսյանին չէին վստահի) ու անխռով տեսքով կհիմնավորեր, որ Հայաստանում ապրելը կամ Ռուսաստանում ապրելը նույնն է՝ Հայաստանը 2013-ից ԵԱՏՄ անդամ է, Կարեն Կարապետյանը կարող էր այդ տարիները Բելառուսում ու Ղազախստանում անցկացնել, միևնույն է, առաջադրվելու իրավունք կունենար: Եթե չի ցանկանում Սերժ Սարգսյանը, մնում է պնդել, որ հրաժարվել է Կարեն Կարապետյանը՝ չցանկանալով երկրորդել երկրորդ նախագահի կեղծիքով նախագահի թեկնածու առաջադրվելու նախադեպը:
Գրեթե երեք ժամ տևած ասուլիսում Կարեն Կարապետյանն անթաքույց ջանում էր սահմանազատվել նախորդ վարչապետներից՝ ժպիտով, զայրալից, նստած, կանգնած, պիջակով, անպիջակ՝ «սիրելիներին», «հարազատներին»՝ նրանց միջոցով հասարակությանը, հույս ունենալով հասկացնել, որ ինքը քրեաօլիգարխիկ համակարգի մաս չէ, ոստիկան չէ, քաղաքականության մեջ չէ, ապագայի սցենարները կապում է ներկայի աշխատանքի, իր թիմի ու իր անքուն գիշերների հետ: Երբևէ լսե՞լ եք նման խոսք Հովիկ Աբրահամյանից կամ Տիգրան Սարգսյանից: ՈՒ նրանցից էլ առաջ: Մարսեցի չէ՞: Եթե մարսեցի չլիներ, կախտորոշե՞ր, որ ՀՀ պետական կառավարման համակարգը, թեև խոշորածավալ չէ, ունի բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան, հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում, նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս կամ այն մակարդակի մարմինների ստեղծման ու ուռճացման միտում, որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների և պարտականությունների անհամաչափ բաշխման դրսևորումներ, հաշվետվողականության և պատասխանատվության կոլեկտիվ տարրալուծման միտում ու իբրև տեսլական պետական կառավարման ոլորտում կառաջարկեր դասական բյուրոկրատիայի հետխորհրդային տարբերակից անցնել ճկուն, արդյունավետ և նախաձեռնող համակարգի: Մարսեցի չլիներ, կասե՞ր, որ առողջապահության համակարգում կա պետության երաշխավորած բուժօգնություն ու սպասարկում ստացող շահառուների շրջանակի, նրանց մատուցվող բժշկական ծառայությունների ծավալի անհամապատախանություն բյուջեից հատկացվող միջոցներին, հատկացվող բյուջետային միջոցների և ստացված արդյունքների անհամաչափություն, առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի անհամաչափ բաշխում, որակյալ բուժօգնության և սպասարկման միասնական ստանդարտների բացակայություն, առողջապահական ծառայությունների նպատակայնության, հետագծելիության ապահովման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման, որակի կառավարման գործուն մեխանիզմների արդյունավետության ցածր մակարդակ` պայմանավորված ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի բացակայությամբ, նույն բժշկական ծառայության համար բազմակի գներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկեր, բարձր ստվերայնություն առողջապահական հաստատություններում:

Թեև առողջապահության նախարարը համակարգում հրապարակավ հերքում է կոռուպցիան, վարչապետը համարում է, որ գործող բարձր ստվերայնությամբ, ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգի ցանցում նպատակայնության, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում է պետք: Այսինքն՝ եղածը չկա, նոր ենք ձևավորում: Միայն մեկ օրինակ եմ նշում՝ առողջապահությունը, պատկերացնելու կատարված աշխատանքի ծավալն ու առաջարկվող տարբերակները: Կա մի մեծ հարց՝ ինչպե՞ս: Պատասխանը լողում է օդում:


Հունվարի 13-ի ուրբաթ օրը վարչապետին առաջադրվում էին սկզբունքային ու իրադարձային հարցեր, պատասխաններում նա չափազանց հաճախ էր ասում. «Մենք ուզում ենք ձևավորել մեր տեսլականը», «ֆիքսենք մեր անելիքները», «ձևավորում ենք պրոֆեսիոնալ թիմ՝ հայրենասեր, պարկեշտ, պատրաստակամ», «կազմում ենք բարեփոխումների ծրագիրը, որի արդյունքում կձևավորենք մեր ստրատեգիան, թե ուր է գնալու մեր երկիրը»՝ ստեղծելով տպավորություն, որ ոչ թե 100 օրն էր ամփոփում, այլ խոսում էր առաջիկա 100 տարվա պաշտոնավարման մասին: 100 օրում անհեթեթ է շոշափելի արդյունքներ ու տեսանելի փոփոխություններ ստանալ ամենազարգացած, հաղորդակցուղիներ ունեցող, անպատերազմ ու էներգակիրների բնական պաշարներով հարուստ երկրում, որ բացի ամեն ինչ ունենալուց, չունի քաղաքական խնդիրներ՝ սա հասկանալի է: Այնուհանդերձ՝ ստեղծվում էր ու ամրապնդվում տպավորությունը, որ Կարեն Կարապետյանը տեխնիկական վարչապետ է, որ ինչ խոստումով էլ եկել է՝ սիմվոլ, ոգի, վարչապետ ընտրություններից հետո և այլն, ինչ նպատակով էլ եկել է՝ փոփոխություն, դրայվ, երազ, հեքիաթ և այլն, բախվել է խնդիրների, որ հեռվից այլ տեսք, տեղում՝ այլ բովանդակություն ունեն: Տեխնիկական վարչապետ լինելուց բացի՝ Կարեն Կարապետյանը անսահման մենակ վարչապետ է՝ ունի ընդամենը մի քանի համախոհ կառավարությունում՝ իր կարծիքով պրոֆեսիոնալներ, ու՝ վերջ: Համակարգը նրան չի ընդունում ու պայքարը համակարգի ու նրա միջև է՝ կամ/կամ-ի սկզբունքով:
2016-2017-ին պետապարատում ընդհանուր առմամբ 2900 մարդ կկրճատվի՝ ասաց նա: Աշխատակիցների թիվը 22961-ից կկրճատվի 20059-ի, այդ թվում՝ նախարարների և գերատեսչությունների աշխատակազմերում՝ 598-ով, (5793-ից՝ 5195), պետական կազմակերպություններում ու ընկերություններում՝ 2304-ով (17168-ից՝ 14864)։

Օպտիմալացումով պետական կառույցներում ծրագրվում է խնայել տարեկան 5 մլրդ 360 մլն դրամ։ «Շատերը կարող են ուշադրություն դարձնել հարցի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի կրճատմանը։ Բայց մյուս կողմից մենք ավելի արդյունավետ պետական ապարատ կունենանք, գործառույթների կրկնությունը կվերանա, իսկ դա նշանակում է, որ պետական մեքենան ավելի արագ կշարժվի»՝ բացատրեց վարչապետը։ Որևէ մեկը չի կարող առարկել, որ նա ճիշտ է, իսկ ի՞նչ են անելու կրճատվածները, թեմա է, չէ՞: Նրանց համար որևէ ծրագիր կա՞:


Այս տարվա առաջին ասուլիսում վարչապետը նաև հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը Հայաստանի արտաքին պարտքի մեծացումով լավագույն լուծումը չէ: «Հյուսիս-Հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք, բայց դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ»՝ ասաց նա և փորձեց կանխել հետագա հարցերը. «Այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ»: Նա անհանգստացած չէ նաև Բաքվի՝ Վրաստանի գազատարի 25 տոկոսը ձեռք բերելու ցանկությունից և այն կարծիքին է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չի տուժի՝ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում: «Մենք պե՞տք է աշխատենք անվտանգության ուղղությամբ: Իհարկե: Բայց այս պահին սպառնալիք չկա: Նույնիսկ եթե Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ցանկանա այդ 25 տոկոսը գնել, ոչ մի սպառնալիք չկա: Դա վերահսկիչ փաթեթը չէ: Իսկ գազատարի վթար կարող է լինել ցանկացած դեպքում: Բայց մեր տներում մշտապես գազ կլինի: 90-ականներից հետո ոչ մի դեպք չի եղել, որ այլ կերպ լինի: Այնպես որ, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի»,- հանգստացրեց նա՝ հիշեցնելով, որ արտակարգ իրավիճակի դեպքում գազի կրկնակի ուղի ունենալու հարցը Հայաստանը շարունակում է քննարկել Իրանի և Թուրքմենստանի հետ:


Իր լավատեսական տրամադրությունը Կարեն Կարապետյանը տարածեց նաև Ղարաբաղի վրա՝ Արցախի հարցով չի կայացվելու որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը»՝ ասաց ու անտրամաբանական համարեց մեկնաբանել, թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները. «Վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որ այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»: Իսկ փոխզիջո՞ւմը: «Նայած ինչ ու ինչի դիմաց ենք զիջում: Երբ ժամանակը գա, կարելի է խոսել այդ մասին: Փոխզիջման առարկա կարող են լինել ոչ միայն տարածքներ, այլև կարգավիճակ և շատ այլ բան: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը որոշում կկայացնի, որին մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Դա այնքան մեծ պատասխանատվություն է, որ ես չեմ տեսնում մեկին, որը կարող է միայնակ նման որոշում կայացնել»:


Բնականաբար՝ նրան լրագրողները պիտի տանեին քաղաքական դաշտ: Պարզվեց, որ նա չգիտի՝ կլինի՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում. «Վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է օրերի քանակի սահմանափակմանը, որ լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ես ցուցակում չեմ լինի»՝ ասաց նա ու հաստատեց, որ իր աշխատանքով կքարոզի ՀՀԿ-ի օգտին: Ի՞նչ է մնում ուրիշ անել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հարցին՝ «Կարո՞ղ եք երեք հիմնավորում նշել՝ ինչո՞ւ պիտի Ձեզ հավատա միջին վիճակագրական հայը», վարչապետն առաջարկեց պատասխանել ինձ: «Ես վարչապետ չեմ» առարկությունը չընդունեց. «Եթե ես վարչապետ եմ, պիտի պատասխանե՞մ, գուցե ես յոթը գիտեմ: Դուք որոշեք՝ եթե գտնում եք՝ կա պատճառ, կա, եթե չեք գտնում՝ չկա»,- ինտելեկտուալ պատասխան տվեց վարչապետն ինձ, բայց հավարտ ասուլիսի, այնուամենայնիվ, ասաց. «Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում անել, մենք գիտենք՝ ումով ենք անելու, ու մենք հետևողական ենք լինելու»:


Հընթացս պարզվեց, որ նա կմերժի ՀՀԿ շտաբը գլխավորելու առաջարկը: Եթե ստանա: Պարզվեց, որ կմնա վարչապետ, եթե «այդպիսի հնարավորություն ունենամ, եթե մենք արդյունավետ աշխատենք: Ես հակված եմ մնալ»: Սա թերևս գլխավորն էր ասուլիսում՝ համարյա քաղաքական հայտարարություն հույժ անքաղաքական վարչապետից, որ գուցե ունի ամեն ինչ, բայց չունի ժամանակ: Եվ՝ խելամտություն չասելու, որ Երևանում որևէ անձնական հետաքրքրություն չկա իր կյանքում: Տեխնոկրատի համար, որ հավակնում է Հայաստանի վարչապետ լինել ու մնալ, անձնական հետաքրքրություն պիտի լինի Հայաստանը: Գոնե հավուր պատշաճի: Այլապես՝ «պատահաբար» կարող է կորցնել Կրեմլի աջակցությունը, եթե ձախողի Հայաստանում իշխանությանն այլընտրանք դառնալու ու համաժողովրդական աջակցություն ձեռք բերելու առաքելությունը: Վարչապետ, որ համարում է՝ դիմադրություն լինելու է ամեն օր, իսկ ինքը չի դիմադրում: Գուցե որոշել է հաղթել Ջավահառլալ Ներուի տարբերակով, բայց ՀՀԿ-ն Մեծ Բրիտանիան չէ՝ կարող է չհասկանալ, ՀՀԿ-ում խորհրդային կարգեր են: Ինչ եղավ դրա՞յվը: Շաբաթվա վերջին վարչապետը հոգնած, հիասթափված, համառությանն ու լավատեսությանն ապավինած մարդ էր՝ գրպանում Մոսկվա վերադարձի տոմսը, պարզապես նշված չէ ժամանակը: Պատահում է, եղել է, որ նաև Լոնդոն են վերադարձել:

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ