Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Որքան սրտանց է ապաշխարությունը, այնքան առատաձեռն է ողորմած Աստված

Որքան սրտանց է ապաշխարությունը, այնքան առատաձեռն է ողորմած Աստված
17.01.2017 | 12:02

Մեղքն ունի երեք բաղադրիչ. գործողությունը, դրդապատճառը և մեղքի գործակիցը՝ մարդու հոգևոր գիտակցության մակարդակը. որքան այն բարձր է, այնքան մեծ է գործակիցը, այնքան ծանր է մեղքը, այնքան դաժան՝ հատուցումը, և որքան սրտանց է ապաշխարությունը, այնքան առատաձեռն է ողորմած Աստված:


Եսավը մի աման ոսպապուրի հետ փոխեց իր անդրանիկության իրավունքը, որը, չնայած իր զղջմանն ու դառն արցունքներին, չկարողացավ վերստանալ (Ծննդ. 25.29-34, 27. 28 - 38):
Նինվեի բնակիչները, հեթանոս լինելով, լսեցին կենդանի Աստծո պատգամաբերին՝ Հովնանին, զղջացին և քուրձ ու մոխրով ապաշխարեցին. նրանց հաջողվեց խուսափել երկնային պատժից (Հովն. 3): Հուդայի՝ հրեական երկու պետություններից մեկի արքա Եզեկիան, երբ մերձիմահ հիվանդացավ, չհուսահատվեց ու չչարացավ, այլ սրտանց աղոթեց Տիրոջն ու դառնորեն արտասվեց. Տերը լսեց նրա աղոթքը և ոչ միայն առողջացրեց նրան, այլև տասնհինգ տարով երկարացրեց նրա կյանքը (20.1-11): Հիսուս վստահեցնում է, որ մահացու ելքով պատահարների ենթարկվող մարդիկ ավելի մեղավոր չեն, քան ողջ մնացածները, սակայն բոլորին էլ Աստված շնորհում է ապաշխարության ու դարձի հնարավորություն (Ղուկ. 13.1-9):

Մարդու կյանքը որոշումների և ընտրությունների շղթա է, և մարդու ամեն հաջորդ քայլ նախորդի տրամաբանական շարունակությունն է: Եթե մարդը որոշում է կայացնում և ընտրություն է կատարում՝ վտանգելով իր ապագան, ապա հետագա քայլերը միայն մոտեցնում են մարդուն այդ վտանգին: Մարդն ընդունում կամ մերժում է որևէ բան, անկախ դրդապատճառներից, այդ որոշումը կարող է ճակատագրական լինել, այդպիսի քայլ է ճշմարտության մերժումը (Ղուկ. 14.15-24): Քրիստոնեությունը քարոզում է, որ մարդու որոշումները ճիշտ է ուղղորդել դեպի անձի փոփոխություն՝ իրականացում, որովհետև այս կյանքը պատրանք է, ոմանց համար՝ քաղցր երազ, ոմանց համար՝ մղձավանջ, իսկ իրական կյանքը Աստծո հետ է, այդ կյանքի հնարավորությունը և սկիզբը տրվում են մկրտությամբ, որի հնարավորությունն էլ տրվում է խոնարհամտությամբ, որովհետև խոնարհությունն է բոլոր շնորհների դուռը, մարդը խոնարհ է այնքանով, որքանով որ նրա համար անտեսանելի հավիտենական իրականությունն ու արժեքները գերակա են տեսանելի և անցողիկ իրականության նկատմամբ: Մարդկային կյանքի ողբերգությունն այն է, որ իր ամենօրյա՝ լայն ճանապարհով դեպի կորուստ խելահեղ ընթացքի մեջ (նեղ ճանապարհը վերելքի զառիթափ ճանապարհ է) մարդը շատ հազվադեպ է անդրադառնում իր ընթացքի ուղղությանը, շատ քիչ է կշռադատում իր ընդունած որոշումներն ու կատարած ընտրությունը, բայց չէ՞ որ հենց դրանցից է կազմվում մարդկության պատմությունը. դա մեծագույն ողբերգություն է, որով սնվում ու չի հագենում դժոխքի ամենակուլ որովայնը: Մարդն ապրում է իր կյանքը, զբաղվում է իր գործերով և... դրա համար պետք է հաշիվ տա այդ կյանքը շնորհողին: Մարդն ունի Աստծո հետ հաղորդակցվելու և նրան ճանաչելու բոլոր հնարավորությունները, այսուհանդերձ, եթե նա հրաժարվում է այդ հնարավորությունները օգտագործելուց, ապա հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրում է ինքը, որովհետև այսօր չկա մի մարդ, որ չի լսել Հիսուսի մասին կամ չգիտի՝ ինչ է Եկեղեցին: Եթե մարդը հավելյալ ջանք չի թափում՝ իրացնելու իր՝ բանական էակ՝ մարդ լինելու իրավունքը, ապա թող ոչ մեկին չմեղադրի: Մարդկային առաքելությունը ունի երկու՝ ընդհանուր և մասնահատուկ բնույթ: Բոլոր մարդիկ, որպես բանական ու ճանաչող էակներ, առաքելություն ունեն քննելու, ճանաչելու և իմաստավորելու իրենց շրջապատող աշխարհը, իրենք իրենց ու իրենց կյանքը, և ամեն մի մարդու տրվում է այդ առաքելությունը իրականացնելու յուրօրինակ կերպ, յուրատիպ միջավայր և յուրահատուկ պայմաններ:


Կյանքի և մահվան շուրջ «ավանդական» պատկերացումները արդարացված չեն. «կյանքի թելը» երբեք չի կտրվում: Մահը մարդկային հոգու՝ մեղքով Աստծուց հեռացած, օտարացած կարգավիճակն է, կյանքը՝ հավերժական ցնծությունը, Աստծո սուրբ ներկայության մեջ:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ