«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Դրանք ազդեցություններ են, բայց չեն որոշում` հայկակա՞ն է եկեղեցին, թե՞ ոչ»

«Դրանք ազդեցություններ են, բայց չեն որոշում` հայկակա՞ն է եկեղեցին, թե՞  ոչ»
17.01.2017 | 12:08

«Մարաշլյան» ֆոտոստուդիայի հրապարակած ընտանեկան լուսանկարը, որտեղ հայուհին իր օտարերկրացի սևամորթ ամուսնու և երեխայի հետ է՝ հայկական տարազներով, բուռն քննարկումների պատճառ դարձավ: Բազմաթիվ հարցեր բարձրացվեցին` ո՞րն է հայկական ընտանիքը, ինչպե՞ս ենք վերաբերվում խառն ամուսնություններին և այլն: «Հայի գեն» վերտառությունը ստացած քննարկումները թևակոխեցին մեկ այլ փուլ, երբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, խոսելով վերոնշյալ թեմայի մասին, բարձրացրեց հռետորական հարցեր` հայկական մշակույթի ներկայացուցի՞չ են Փարաջանովն ու Սայաթ-Նովան, հայկակա՞ն են արդյոք Լոռու քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող եկեղեցիները: «Լոռվա մարզի հուշարձաններում կան քաղկեդոնական եկեղեցիներ, և հայերը դա համարում են ազգային ժառանգություն, ու մտքներով անգամ չի անցնում, որ դա, օրինակ, բյուզանդական մշակույթի տարրեր ունի կամ վրացական եկեղեցի է»,- ասել է Զարուհի Հովհաննիսյանը:


Վերականգնող-ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, անդրադառնալով վերջին դիտարկմանը, խորհուրդ տվեց նախ և առաջ կարդալ, ուսումնասիրել և իմանալ` ինչ է քաղկեդոնականությունը. «Մենք ժամանակին հեթանոս ենք եղել, քրիստոնեական փուլ ենք անցել, տիեզերաժողովներ են եղել, մի կարճ շրջան (633-726 թթ.) քաղկեդոնական ուսմունքի տիրապետության ժամանակաշրջանում ենք եղել: Չեմ ուզում մանրամասնել պատմական եղելությունները, սակայն ասել, թե եկեղեցին քաղկեդոնական դավանանքին է պատկանել կամ այդ շրջանում է կառուցվել, ուրեմն հայկական չէ, տգիտության դրսևորում է»:


Զարուհի Հովհաննիսյանը նկատել էր, որ Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները բյուզանդական օրինակով են արված: Ստեփան Նալբանդյանի կարծիքով` եթե Զարուհի Հովհաննիսյանը դատողություններ է անում որմնանկարներում բյուզանդական ճարտարապետության տարրերի մասին և այդքան քաջատեղյակ է բյուզանդական պատմությանը, պետք է իմանա, որ հայկական ճարտարապետության ազդեցությունը շատ է բյուզանդականի վրա: Ինչո՞ւ պետք է մեր ճարտարապետության վրա բյուզանդականի ազդեցությունը չլինի. «Դրանք ազդեցություններ են, բայց չեն որոշում` հայկակա՞ն է եկեղեցին, թե՞ ոչ: Ախթալայի նշանավոր վանական համալիրը (Պղնձահանք) կառուցվել է որպես առաքելական եկեղեցի, 8-րդ դարում վերափոխվել քաղկեդոնականի, հետագայում՝ նորից առաքելականի: Որմնանկարները կատարվել են, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Պետք է պատմությունը կարդալ: Կարևոր է, թե եկեղեցին երբ է կառուցվել, ով է կառուցել և ինչ նպատակով: Եթե կառուցել են հայերը` մեզ համար, ուրեմն հայկական է, եթե կառուցել են հայերը վրացիների համար, վրացական է: Հազարավոր նման օրինակներ ունենք: Հայ ճարտարապետ Թոդոսակը Վրաստանի Ջվարի (Սուրբ Խաչ, 7-րդ դար) նշանավոր տաճարի հեղինակն է, բայց Ջվարին վրացական է, կառուցվել է վրացիների համար: Միջնադարյան նշանավոր ճարտարապետը բազմաթիվ մզկիթներ է կառուցել, այդ թվում՝ Սուլեյմանիե մզկիթը, որի նախատիպը Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն է: Սինանը ազգությամբ հայ է, բայց կառույցները մուսուլմանական են»:

Ճարտարապետն ընդգծեց, որ քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող բոլոր հուշարձանները, թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ մեր երկրի պատմական սահմաններում, կառուցել են հայերը՝ հայերի համար: Անդրադառնալով «Հայի գենի» մասին քննարկումներին՝ ասաց, որ շատերն էին վրդովված. «Մարդու իրավունքն է, կարող է ամուսնանալ ում հետ ուզում է, բայց նման համեմատություններ անելը ծայրահեղ տգիտություն է: Վրացիները վայնասուն են բարձրացնում, որ Տայքի, Անիի հուշարձանները քաղկեդոնական են, ուրեմն վրացական են: Ես նույնիսկ կարծում եմ, որ միտումնավոր են այս օրինակները մեզանում հանրայնացնում: Ցավում եմ, որ նման դատողություն անողը ճարտարապետների ընտանիքից է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ