Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Թշնամիները»

«Թշնամիները»
20.01.2017 | 00:03

ՈՒրբաթն իմ օրն է սովորաբար՝ 3-ամյա թոռնիկիս՝ Մաքսին, մանկապարտեզից տուն բերելու: Մի քիչ շուտ էի տեղ հասել, դեռ ժամանակ կար երեխային վերցնելու: Հեռվում կանգնած ծխում էի և դիտում նրա ու ընկերների տղայական չարաճճիությունները, թե ինչպես են խրտնած այծիկների պես տրտինգ տալիս, թռչկոտում ուրախ գոռում- գոչումներով, քրտնաթոր, ամեն մեկի ձեռքին մի-մի ավտոմատ, կարճափող հրացան՝ թավալգլոր էին լինում ձյան երես դեռ չտեսած, կարճ կտրած կանաչ խոտածածկի վրա:

Մաքսս իր հասակակից պարարտ գերմանացի տղաների մեջ մի տեսակ ամենափոքրը երևաց աչքիս… Սիրտս ճմլվեց: Տղաներից մեկը, որն ավագի դերն էր ստանձնել և խաղի կանոնները թելադրողն էր, հանկարծ ոստյունով ցատկեց խաղերի համար հատուկ փորված փոսի մեջ, ավտոմատն ուղղեց մանկապարտեզ շտապող ծնողների կողմն ու գերմաներեն բարձրաձայն գոռաց..
-Թշնամինե՜րը, թշնամինե՜րը… Դը-դը-դը-դը՛…
Մյուսները, Մաքսն էլ նրանց հետ, արագ հետևեցին նրա օրինակին՝ նույնությամբ կրկնօրինակելով: Գերմաներեն հնչած բառը, թերևս, անծանոթ էր Մաքսին, բայց գտավ ելքը, ավելի ճիշտ, օգնության հասավ մայրենին.


-Թիշմանինե՜րը, թիշմանինե՜րը…,- հազիվհազ իր թոթովախոս հայերենով արտաբերեց բառը:
-Ռո՜ւսը, ռո՜ւսը…- ձայնը գլուխն էր գցել ավագը, որն արդեն հասցրել էր տեսնել նաև ինձ:
-Ռո՛ւսը, ռո՛ւսը,- կրկնում էր Մաքսը, բայց հանկարծ քարացավ մի պահ, երբ դիմացը տեսավ ինձ: Տեսնել էր պետք այն խելակորույս վազքը, որով սլանում էր դեպի ավագը: Հասավ նրան, ձեռքի ավտոմատով հարվածեց ոտքին ու շանթահար ճչաց.
-Դեբի՛լ, ինքը ռուս չի, ինքն իմ Հովիկ պապիկն է, չգիտե՞ս…


Անսպասելի հարվածի ցավից տղան սկսեց մղկտոցով լաց լինել, Մաքսս էլ, հոգու ցավից, այնպես ձայնակցեց նրան, որ «կրկներգն» իր մոտ հաստատ ավելի լավ ստացվեց:
Համարյա վազելով հասա երեխաներին, հանգստացրի լացող տղային, գրկեցի իմ փոքրիկ հերոսին ու համբուրեցի քաղցրահամ արցունքները: Մանկան ջինջ հոգու պես քաղցր էին, անապական այդ արցունքները անուշ-անուշ…
Վերադարձի ճանապարհը լուռ ընթացանք:


Մանկությանս բամբազե տաբատով թախծոտ երազը սահեց, լղոզվեց ավտոմեքենայիս հայելուն, որի միջով ուշադիր հետևում էի իմ Մաքսի խռով դիմապատկերին:
(…-Դու գերմանացի ե՞ս, թե՞ մերոնքական…
-Տղե՛րք, գերմանացինե՜րը… Դը-դը-դը-դը՛…)
Անցել են, ա՜խ, երազիս պես անցել են, ու դեռ չեմ էլ հասկացել՝ ճի՞շտ եմ խաղացել մանկությանս փոշոտ խաղերը, թե՞ սխալ:
ՈՒզում էի բացատրել, ասել, բայց…


-Մաքս ջան, իսկ ես պապիկիս չեմ տեսել: Ես պապիկ չունեմ, գիտե՞ս…
Աչքերով լսում էր ինձ, աչքեր, որոնք անհամբեր նաև պատասխանի էին սպասում...
-Գնացել է, որ ինձ մանկապարտեզից տուն տանի...


Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ
Գերմանիա

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ