Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Թրամփը և՛ Բաքվում, և՛ Ստամբուլում ուներ բիզնես կենտրոններ, առևտրային պալատներ»

«Թրամփը և՛ Բաքվում, և՛ Ստամբուլում ուներ բիզնես կենտրոններ, առևտրային պալատներ»
20.01.2017 | 01:04

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարության ընթացքում Սիրիայում սպասվող փոփոխությունների, Իրանի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության կոշտացման պարագայում հնարավոր զարգացումների, ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման, առճակատման հնարավորության և աշխարհաքաղաքական այլ հարցերի շուրջ է մեր զրույցը աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի պատվո հյուպատոս ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
Հիշյալ ակադեմիան, որը միջազգային գիտական կենտրոն է և գործում է Մակեդոնիայի ազգային ակադեմիայի հետ համատեղ` միջազգային գիտական ծրագրի շրջանակներում, իրականացնում է գիտական հետազոտություններ` կապված աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Այն այժմ կենտրոնացած է հատկապես Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր զարգացումների ուսումնասիրման վրա:

-Մեր զրույցը սկսենք կարևոր մի հարցով. Դոնալդ Թրամփի իշխանության գալով Սիրիայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
-Անկասկած, դրական` Սիրիայի համար: Միացյալ Նահանգների նոր վարչակազմը, որը շատ շուտով գալու է իշխանության, հիմնականում աջ պահպանողականներից է բաղկացած: Աջ պահպանողականներն Իրաքից հիանալի դաս քաղեցին: Միացյալ Նահանգներն այլևս պատրաստ չէ իր բյուջեից ծախսեր կատարելու` այլ պետություններում իշխանափոխության համար: Այդ մասին Թրամփը նույնիսկ բացահայտ հայտարարեց: Գունավոր հեղափոխությունների, «Վարդերի», «Կակաչների» և նմանատիպ հեղափոխությունների համար ԱՄՆ-ն էլ պատրաստ չէ գումարներ հատկացնելու: Այսինքն` Սադամ Հուսեյնից, Քադաֆիից հետո Իրաքում, Լիբիայում տեղի ունեցածը և առկա վիճակը նրանց համար հիանալի դաս են: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը դեռ չի հրաժարվի Հոնկոնգում, այսպես կոչված, «անձրևանոցների» հեղափոխությունից` ուղղված Չինաստանի կառավարության դեմ:
Վստահ եմ, որ Թրամփի նախագահության օրոք Սիրիայում կարելի է ակնկալել լուրջ առաջընթաց խաղաղության հաստատման ճանապարհին: Վստահ եմ, որովհետև Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբին թեև ամեն ինչ արեց, որ Թրամփը լինի հրեական լոբբիի հսկողության տակ` ի դեմս նրա ավագ դստեր` Իվանկայի ամուսնու, որն օրթոդոքս հրեա է, Նյու Յորքի հրեական համայնքի ղեկավարի որդին, և որը նախընտրական շտաբում լուրջ դերակատարություն ուներ, սակայն երբ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները սկսեցին Թրամփին տեղեկատվություն տրամադրել, Թրամփը հասկացավ, թե ինչ օձ է տաքացնում իր կրծքի վրա: Իմ ունեցած տեղեկության համաձայն, նա կանչել է իր փեսային, ասել` ես իմ աղջկան շատ եմ սիրում, բայց, տղա ջան, դու, որպես հրեական համայնքի մասնագետ և փորձագետ, կարող ես լավագույն դեպքում ակնկալել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Միացյալ Նահանգների շահը ներկայացնող հատուկ բանագնացի պաշտոնը:
Երկրորդ, ինչը նույնպես կարևոր հանգամանք է. նույն Իվանկան վերջերս Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ, Թուրքիայի իշխանությունները փորձել են Իվանկային կաշառելու միջոցով շահագրգռել Թրամփին, նրան վերածել թուրքամետ գործչի, բայց չեն հաջողել: Թրամփը և՛ Բաքվում, և՛ Ստամբուլում ուներ բիզնես կենտրոններ, առևտրային պալատներ, սակայն մոտ 4 ամիս առաջ իր ամբողջ բիզնեսը ողջ աշխարհում վաճառել է մոտավորապես 4,5 մլրդ դոլարով, որպեսզի որևէ երկրից կախման մեջ չլինի, ինչը շատ լավ գրավական է:
-Այնուամենայնիվ, Թրամփի առաջին պաշտոնական այցելությունը նախատեսված է Իսրայել:
-Կարող եմ ասել հետևյալը. Թրամփի վարչակազմը երբեք չի խաղա Նեթանյահուի կամ Իսրայելի հատուկ ծառայությունների դուդուկի տակ: Հիշեք իմ բառերը:
-Վստա՞հ եք…
-Անկասկած, որովհետև ես դեռևս 2005 թվականին Իրաքում առիթ ունեցել եմ անձամբ հանդիպելու Ջեյմս Մետիսին (հայտնի է «Մադ Դոգ», թարգմանաբար` «Կատաղած շուն» մականվամբ), որը հունվարի 20-ից` ԱՄՆ նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո լինելու է ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը: Կարող եմ ասել, որ նրանք քրիստոնեական արժեքներ դավանող մարդիկ են: Երկրորդ. երբ նա Աֆղանստանում կոտորում էր ջիհադականներին, ասում էր` ես ձեզ կոտորում եմ, որովհետև դուք կանանց նկատմամբ ունեք հետադիմական, կոպիտ վերաբերմունք, դուք ծեծում եք ձեր կանանց, և ես դույզն-ինչ չեմ ափսոսում` կոտորելով ձեզ նման ջիհադականներին: Աջ պահպանողականների մեջ կա դրական հատկություն, վտանգ է առաջանում այն ժամանակ, երբ աջ պահպանողականներն անցնում են Իսրայելի լոբբիի տրամադրության և ազդեցության տակ` ի դեմս Քոնդոլիզա Ռայսի, Դիկ Չեյնիի, Դոնալդ Ռամսֆելդի, Փոլ Վուլֆովիցի, Ռիչարդ Պյոռլի, որոնք էլ հենց իրականում մեծ դերակատարություն ունեցան Իրաքի դեմ պատերազմի սանձազերծման, Իրաքն ավերելու գործում, ի դեմս Հիլարի Քլինթոնի, որն առանցքային մեղսակցություն ունեցավ Լիբիայի ավերման գործում:
-Թրամփը հայտարարել է Իրանի և Չինաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշման մասին, մասնավորապես` միջուկային գործարքից հրաժարվելու, նոր պայմաններով Իրանի միջուկային ծրագրին անդրադառնալու մասին, ինչը հասկանալիորեն խիստ ու բուռն արձագանքի տեղիք է տվել Իրանում, նույնիսկ եվրոպական մի շարք երկրներ են դրան դեմ արտահայտվել: Ի՞նչ եք կարծում, հունվարի 20-ից հետո Թրամփն իսկապե՞ս կվերանայի այդ գործարքին ամերիկյան կողմի մասնակցությունը, հակաիրանական նոր պատժամիջոցների կամ ինչ-որ այլ քայլերի կդիմի՞:
-Կարծում եմ, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված այդ գործարքը Թրամփը չի չեղարկի, կարող են որոշակի կետեր ԱՄՆ-ի կողմից փոփոխության ենթարկվել, ընդամենը: Այսինքն` հնարավոր է, որ Թրամփն աշխարհաքաղաքական որոշ խաղեր տա, որպեսզի սիրաշահի հրեական լոբբիին, Իսրայել իր այցելության ժամանակ հայտարարություններ անի կամ համաձայնագրում մի կետ փոխի, բայց ոչ ավելի: Իրանի առնչությամբ միջազգային համաձայնագիրը, որը կնքվել է 5+1 ձևաչափով, չի ենթարկվի լուրջ փոփոխության:
-Հնարավո՞ր է, որ Թրամփի պաշտոնավարության օրոք Իրանի և Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քայլերն այնքան կոշտ լինեն, որ հանգեցնեն ռուս-ամերիկյան սուր դիմակայության:
-Ոչ, կարծում եմ, Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կփորձի Չինաստանի և Ռուսաստանի հետ առանձին-առանձին խաղալ, պատժել և սիրաշահել: Թրամփը երկուսի հետ կխաղա առանձին-առանձին, մեկի նկատմամբ կօգտագործի տնտեսական պատժամիջոցներ, մյուսին կսիրաշահի: Կասկած չունեմ, որ Թրամփը Միացյալ Նահանգներ ներկրվող չինական ապրանքների համար 25-45 տոկոս դրույքաչափով մաքսատուրք կսահմանի, ինչը հիմա ընդհանրապես բացակայում է: Նա, բիզնեսմեն լինելով, կպաշտպանի Միացյալ Նահանգների բիզնեսմենների շահերը, կաշխատի իրականացնել նոր աշխատատեղեր ստեղծելու իր նախընտրական խոստումը, ինչի համար և ընտրել են նրան: Թրամփն արդեն հայտարարել է, որ այն արտադրությունները, որոնք Քլինթոնի և Բուշի օրոք գլոբալիզացիայի, այսինքն` հրեական այդ գաղափարախոսության արդյունքում տեղափոխվել են Չինաստան, հետ է բերելու, և նա կանի այդ քայլը, չկասկածեք: Որքանով կստացվի, չգիտեմ:
Թրամփը Ռուսաստանի հետ կաշխատի առանձին, կոշտ, բայց հստակ ու գործընկերային հարաբերություններ կլինեն, այսինքն` չի լինի այնպես, ինչպես Քերիի և Լավրովի հանդիպումների պարագայում, կհանդիպեն երեք անգամ, կպայմանավորվեն ու ոչ մի բան չեն անի: Թրամփը Պուտինի հետ կհանդիպի մեկ անգամ, հստակ կպայմանավորվեն և կանեն գործողություններ, ես վստահ եմ դրանում:
-Իսկ Իրանի հետ կապվա՞ծ… Կարո՞ղ են ԱՄՆ-Իրան հարաբերություններն այն աստիճանի սրվել, որ Ռուսաստանը ստիպված լինի լրջորեն միջամտել, թեկուզ դրա գինը լինի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների էական վատացումը:
-Ո՛չ, իհարկե, ոչ: Շատերի համար գաղտնիք բացեմ. այժմ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը գնում են լուրջ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական դաշինքի կնքման, ինչից հետո այդ դաշինքի անդամներից յուրաքանչյուրի հետ գործ ունենալը կնշանակի գործ ունենալ ամբողջ դաշինքի հետ: Չինաստանը սկսել է իրանական Ղազվին քաղաքն ադրբեջանական Աստարա քաղաքի հետ կապող Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությունը, որպեսզի Հյուսիս-Հարավ երկաթուղին աշխատի, դրա միջոցով Իրանի երկաթուղին և Պարսից ծոցի իրանական Բենդեր-Աբաս նավահանգիստը կկապվեն Ռուսաստանի երկաթուղիների հետ: Ժամանակին Վլադիմիր Յակունինը սրիկայի նման խաբեց հայերին` Մեղրիից Իրան երկաթուղի անցկացնելու գործում, որը Հյուսիս-Հարավ երկաթուղու մյուս տարբերակն էր: Նա խաբեց նաև ռուսներին, պարսիկներին: Հիմա չինացիները վերցրել են նշածս երկաթգծի շինարարությունը և այդ գործը կտանեն առաջ Ռուսաստանի թույլտվությամբ, որովհետև դրա դիմաց Ռուսաստանը Չինաստանից «ստացավ» Պակիստանի չինական Գվադար նավահանգստում առանձին լոգիստիկ սեգմենտ: Այդ նավահանգիստը Ռուսաստանին թույլ է տալիս ռուսական ապրանքները Բոսֆորի նեղուցով, Դարդանելի նեղուցով, Սուեզի ջրանցքով տեղափոխելու փոխարեն, միանգամից հասցնել Հնդկաստան, հարավասիական այլ երկրներ: Կարծում եմ` շուտով կլսեք նաև Իրան-Չինաստան ռազմական համագործակցության մասին` կապված ռազմական մատակարարումների հետ:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների սրմանը, երկու պետությունների առճակատման հնարավորությանն ընդհանրապես, ապա հայտնի իմաստնությունն ասում է` երբեք մի ասա երբեք: Չեմ բացառում: Հիմա դժվար է ենթադրել, պատկերացնել կամ հասկանալ, թե Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան աշխարհաքաղաքական ինչ ստոր խաղ, սադրանք կարող են անել, որը կհանգեցնի այդ իրավիճակին: Այսօր միայն այդ պետություններին ձեռնտու չեն ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը և բարեկամությունը:
-Թրամփի վարչակարգի օրոք Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ի՞նչ խնդիրներ կունենա:
-Հիմնականում` երկու խնդիր. մեկը՝ կապված Սաուդյան Արաբիայի, մյուսը` Իսրայելի հետ: Մենք շատ ենք հայհոյում Ջոն Քերիին, բայց վերջինս մի քանի անգամ բացահայտ հայտարարել է, որ Իսրայելը համարում է ամենամեծ ապարտեիդի երկիր, ռասիստական երկիր:
Միացյալ Նահանգները, Օբամայի վարչակազմը 2016-ի հուլիսին տվեցին Իսրայելին այն, ինչ ուզում էր Բենիամին Նեթանյահուն: ԱՄՆ-ը Իսրայելին տվեց 30 միլիարդ դոլարի անհատույց դրամական օգնություն առաջիկա 10 տարվա համար: Կարծում եմ, Իսրայելը Միացյալ Նահանգներից ստանալու բան էլ չունի: Դա վերջին լավությունն էր հրեական համայնքին` ի դեմս Հիլարի Քլինթոնի, որ արվեց, որպեսզի Իսրայելը, հրեական լոբբին պաշտպանեն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Դրանով է պայմանավորված նաև այն, որ Ռուսաստանի, Հայաստանի և հատկապես ԵՄ-ի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները պաշտպանում էին Հիլարի Քլինթոնին, որովհետև հիմնականում դրանք գտնվում են հրեական կապիտալի ազդեցության տակ: Կարծում եմ, Թրամփը Իսրայելին կամ հրեաներին տալիք չունի, նա մաքուր ձեռքերով կսկսի իր հարաբերություններն Իսրայելի հետ, ինչը շատ լավ է: Դրանից հետո ինչպիսին կլինեն զարգացումները, այս պահին դժվար է միանշանակ ասել:
Թրամփի համար թիվ մեկ խնդիրը Սաուդյան Արաբիան է: Կարծում եմ` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի գործի` Կոնգրեսի հետաքննությունը, որի նկատմամբ նախագահ Օբաման վետոյի իր իրավունքը կիրառեց, Թրամփը կթարմացնի, կբացի ի դեմս հանրապետականների, և Սաուդյան Արաբիային մեղավոր կճանաչեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների համար, ինչից հետո տասնյակ միլիարդավոր դոլարների տուգանք կներկայացվի Սաուդյան Արաբիային և Պակիստանին:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3782

Մեկնաբանություններ