Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստան աշխարհ, փրկության արև... Գագոյին տեսար

Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստան աշխարհ,  փրկության արև... Գագոյին տեսար
20.01.2017 | 01:28

Հանրապետության բոլոր լրատվամիջոցները օրերս տարածեցին երկրում 2017 թվականի սենսացիոն իրադարձությունը` խոշոր գործարար, խոշոր բարերար, խոշոր ֆիզիկական ուժի տեր մարդ, խոշոր հայրենասեր, խոշոր հարկատու, երբեմնի մարած, բայց չհանգած խոշոր քաղաքական գործիչ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի վերադարձը երկրի լճացած քաղաքական դաշտ:

Չեմ պատրաստվում որևէ գուշակություն անելու, թե նրա վերադարձով ինչ կփոխվի երկրի քաղաքական կյանքում, կամ չվերադառնալու պայմաններում ինչպես կտուժի երկիրը, և ոչ էլ պատրաստվում եմ չարամտորեն հիշելու այն պիտակները, որ իշխանական վերնախավում մեծից մինչև փոքր ասվում էր Գագիկ Ծառուկյանի հասցեին: Պարզապես կարելի է փաստել և մխիթարվել, որ, իրոք, քաղաքականությունը անբարոյականություն է, իսկ անբարոյականին մերկանալուց հետո կույսի դեր խաղալու համար ընդամենը մի փոքր դերասանություն է պետք և մի քիչ էլ շպար: Թե ինչով է պայմանավորված հարգարժան Ծառուկյանի վերադարձը, թողնենք այդ խաղի կազմակերպչին և խաղացող Ծառուկյանին: Սակայն խոսքս ուղղված չէ նրանցից և ոչ մեկին: Խոսքս ուղղված է ժողովուրդ կոչված զանգվածին, որի անդամներից յուրաքանչյուրն առանձին-առանձին վերցրած մի բանական գլուխ է, բայց հավաքվելով հրապարակում՝ նրանցից յուրաքանչյուրը կորցնում է բանականությունը, ինչի արդյունքում ժողովուրդը վերածվում է ամբոխի, որը ոչ միայն ծարավի է արյան, այլև պատրաստ է սեփական սմբակների տակ տրորելու ամեն ինչ, մանավանդ եթե ծայրահեղ լարված է նրա սոցիալ-տնտեսական վիճակը: Եվ երբ այդ վիճակում հայտնվում է հերոսը, ամբոխը պատրաստ սպասում է հերոսի հրամանին, և եթե այդ հերոսը մի ավանտյուրիստ է, ուրեմն մեծ ողբերգությունից չես խուսափի:


Ասելիքս այդ մասին էլ չէ: Երբ 2015 թվականի փետրվարին տեղի էր ունենալու մեծ իրադարձություն, և դժվար էր գուշակել, թե ինչով կավարտվի այն, և երբ ժողովուրդը պատրաստ սպասում էր հերոսի խոսքին, երեկոյան հարևանիս տանը լսում էինք հեռուստաալիքներից մեկի հաղորդումը, մոլեգնած հարևանս նայելով ինձ ասաց.
-Տես վաղն ինչ է կատարվելու: Վաղը Ազատության հրապարակում հավաքվող հարյուր հազարները կպարտադրեն նախագահին հեռանալ պաշտոնից:
Ես դառը ժպտացի: Նա թունդ շարունակեց.


-Խնդա, վաղը զանգի ձայնը կլսես:
Նրա ոգևորությունը փոքր-ինչ մարելու համար ասացի.
-Մինչև վաղվա հանրահավաքը շատ ժամանակ չի մնացել: Ասեմ, որ այդ հանրահավաքը չի կայանալու:
-Ի՞նչ ես խոսում,- մատը տնկելով՝ համակ ատելությամբ ավելացրեց,- կտեսնես:
Ես այդ «կտեսնեսի» մեջ ավելի շատ ատելություն զգացի իմ հանդեպ, հավանաբար, այն բանի համար, որ նրա նման մոլեռանդ չէի: Հարևանիս ասացի.
-Հասկացիր և հիշիր ժողովրդական խոսքը՝ կատվի վազքը մինչև մարագն է: Կրիմինալի մեջ թաղված ոչ մի օլիգարխ չի կարող ժողովրդին իր հետևից տանել:
Հաջորդ օրը հարգարժան Ծառուկյանի հրաժարականի խոսքերը սառը ցնցուղի տպավորություն թողեցին ոգևորված հարևանիս (և ոչ միայն հարևանիս) վրա:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Այսօր ես (և ոչ միայն ես) ինչո՞ւ, ինչպե՞ս հավատամ, որ այդ հաղթանդամ մարդու վերադարձով պիտի փոխվի մեր քաղաքական դաշտը: Երբ ժողովուրդը պատրաստ էր լսելու և գնալու նրա հետևից մինչև վերջ, բայց այդ «հսկա» մարդու մեջ չգտնվեց համարձակության մի փոքր կաթիլ, և նախագահի առաջին իսկ «փը՜խկ» անելուց նահանջեց՝ սևացնելով իրեն:
Ի՜նչ իմանաս, թե անցած տարիները ինչ դաս են տվել նրան, և ինչքան է արիացել այդ մեծ օլիգարխի ոգին, և հերթական «փըխկի» ժամանակ նա ինչպես կդրսևորի իրեն:
Խոսքս այսօր ուղղված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր, իշխանության մեջ իշխանություն լինելով հանդերձ, ոչնչով աչքի չեն ընկել և այսօր փորձում են օգտվել ժողովրդի համընդհանուր դժգոհությունից և կուսակցություններ, ալյանսներ են ստեղծում:


Հարգարժան գեներալ, անկեղծ ասեմ` քո նկատմամբ տածած անսահման մարդկային հավատս կորցրի քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ օրերին զոհված, բահով կռված տղաների արյունը քո ու քեզ նմանների խղճին է մնում: Ավելի շատ էր պետք ուշադրություն դարձնել բանակի խնդիրների վրա, ինչը, ցավոք, չերևաց չորսօրյա պատերազմի ժամանակ: Որ գեներալ էիր և նախարար, ոչինչ չարեցիր, հիմա քաղաքական դաշտ մտնելով ի՞նչ ես ակնկալում: Ես՝ որպես քաղաքացի ընտրող, քեզնից ոչինչ չեմ ակնկալում: Հիմա ժամանակդ շատ է, ուրախացիր և կենտրոնացիր քո ընտանիքի վրա:


Վարդան Օսկանյանին պարզապես կասեմ՝ դու, որ Քոչարյանի հետ չկարողացար ոչինչ անել (չէ՛, ինչո՞ւ, Ղարաբաղը դուրս մղեցիք բանակցություններից), հիմա առանց նրա ի՞նչ պիտի անես:


Եվ ոչ միայն արդեն իսկ արու քաղաքական գործիչներին եմ ասում, այլև բոլոր նրանց, ովքեր դատարկ դհոլի պես թմբկահարվում և մարում են: Ինչո՞ւ, որովհետև նրանց չի հերիքում իսկական քաղաքական գործչին հատուկ հատկանիշը՝ մանևրել, բայց երբեք չկորցնել դեմքը: Նրանք դեմք չունեն, նրանց պարզապես կերակրատաշտ է պետք: Ավաղ, ինչը բացակայում է մեզ մոտ արդեն քսան տարուց ավելի:
Դե եկ ու ցնծա՛, Հայաստան աշխարհ, դեռ չկա փրկող անհատը:

Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ